Mkrtich Armen

Ավազակի երգը

1

Կարանտինը գտնվում էր բլուրի վրա՝ փշալարերով շրջապատված։ Այն ծառայում էր նաեւ որպես բաշխիչ կայան։ Բաղկացած էր երեք բարաքներից՝ դասավորված այնպես, որ դրանց արանքում գոյացել էր մի փոքրիկ բակ։ Չորրորդ կողմում փշալար դարպասն էր։

Ոչ մի հարմարություն չուներ կարանտինը՝ ոչ հագուստի եւ ոտնամանի կարկատման արհեստանոց, ոչ բուժկայան, միայն արտաքնոցի երեք տնակներ՝ բարաքների ծայրերին։ Եվ պետք էլ չէին ուրիշ հարմարություններ, քանի որ կալանավորներն այդտեղ պահվում էին ընդամենը յոթ֊տասը օր եւ ուղարկվում նշանակված վայրերը։ Շտապ կարիքների համար կար մի բուժակ, որն ապրում էր ցանկապատից դուրս, եւ կար ամուր դռներով ու լուսամուտներով մի մեկուսարան, որը նույնպես դրսումն էր։

Կալանավորներին այդտեղ բերում էին ոչ միայն աշխարհից՝ ուղարկելու համար ճամբարները, այլեւ ճամբարներից՝ ուղարկելու համար ուրիշ ճամբարներ։

Յուրաքանչյուր ճամբարի պետ, առիթից օգտվելով, ազատվում էր իր բալաստից։ Ուղարկում էին աշխատանքից հրաժարվող քրեականներին՝ հանելով նրանց մեկուսարաններից, ուղարկում էին հլու֊հնազանդ աշխատող, բայց ուժասպառ եղած քաղաքականներին՝ դուրս գրելով փոքրիկ հիվանդանոցներից։ Ուղարկում էին նաեւ այնպիսիններին, որոնք ե՛ւ ուժեղ էին, ե՛ւ աշխատանքից չէին հրաժարվում, բայց ունեին մեծ ժամկետներ՝ 15 եւ ավելի տարի։ Ճամբարների պետերը վախենում էին, թե մի օր նրանք կփախչեն։ Ուրեմն թող ուրիշները կրեն նրանց պատասխանատվությունը։

Առաջին օրը լիք֊լցվեց բարաքներից մեկը՝ թե՛ ներքեւի եւ թե՛ վերեւի պառկելատեղերով։ Առանց բացառության բոլորը քրեականներ էին։ Դա ձանձրալի էր։ Ոչ ոքի չէր կարելի պլոկել, որովհետեւ ոչ ոք ոչինչ չուներ։ Ձանձրույթը փարատելու համար սկսեցին ծեծել ամենախեղճերին եւ ապա զբաղվեցին ազարտային զանազան խաղերով։ Տանում եւ տարվում էին խուզարկությունով անցկացրած իրենց դանակները։ Հետո սկսեցին խաղի մեջ դնել մեկն իր աստծուն, որը ոչ ոքի հարկավոր չէր, բայց մյուսը տարավ կատակի համար, երկրորդը դրեց իր մականունը՝ «Ոսկեցե», որը դուր էր գալիս բոլորին։ Իսկ երրորդն առաջարկում էր իր փոքր ժամկետը փոխել ավելի մեծ ժամկետի հետ, իհարկե, փոխելով նաեւ անուն֊ազգանունները։ Յուրաքանչյուր տարվա դիմաց նա պահանջում էր մի տուփ ծխախտո։ Բայց ոչ ոք ծխախոտ չուներ եւ բոլորը ծխում էին միակ խոտե ներքնակը, որն իր հետ բերել էր հիմարի մեկը։

Երկրորդ օրը, երբ քրեականները բարաքում պառկոտած ու նստոտած, մտածում էին, թե ինչպես անցկացնեն այդ նոր օրը, ներս ընկավ արտաքնոցից վերադարձող մեկը եւ բղավեց, որ գալիս են «հալից ընկածներ»։

Ամբողջ բարաքը թափվեց դուրս։ Բոլորը նետվեցին դեպի փշալարերը։

Ներքեւում, բլուրի ստորոտում, ամեն կողմ փռված էր անտառը։ Այնտեղից դուրս էր եկել եւ թեք վերելքով դանդաղաքայլ բարձրանում էր «հալից ընկածների» մի ոչ մեծ խումբ՝ պահակներով ու շներով շրջապատված։

Ուրախության վայրենի աղաղակները դուրս պրծան գողերի, խուլիգանների, բռնաբարողների եւ մյուսների կոկորդներից․

Հիտլերներ են գալիս…

Հալից ընկածներ…

Ապրեցինք…

Եվ նայեցին իրար, փաթաթվեցին, գրկախառնվեցին, քաշքշվեցին ուրախությունից, եւ նորից քարանալով, նայեցին փշալարերի արանքներով՝ ինչպես սարդերն են ոստայնի միջով նայում մոտեցող ճանճերին։

Ճամբարից դուրս, դարպասի դիմաց, գտնվում էին պահականոցի եւ կարանտինն սպասարկող անձնակազմի մի քանի փոքրիկ տնակները։ «Հալից ընկածների» խումբը, բարձրանալով բլուր, ուղղվեց դեպի դարպասը։ Ուղեպահակները կանգ առան։ Կալանավորները, երկու օրվա ճանապարհից ուժասպառ եղած, իսկույն նստեցին գետնին։ Շները՝ նույնպես։

Տնակներից մեկից դուրս ելավ բուժակը, որն անցյալում եղել էր անասնաբուժարանի ֆելդշեր։

Հիվանդներ չկա՞ն, հարցրեց նա։

Չկան, պատասխանեց մոտակա ուղեպահակը՝ բոլորի փոխարեն։ Անասնափուժարանի ֆելդշերը նորից մտավ տնակ՝ իր գործերին։

Ուղեպահակների պետը, կալանավորների ֆորմուլյարները ձեռքին, թակեց կարանտինի պետի լուսամուտը։ Դուրս ելավ զինվորական համազգեստով ու գլխաբաց մի մարդ։ Մոտեցան նաեւ տեղի պահակներից մի քանիսը, եւ սկսվեց բանտարկյալների հանձնման֊ստացման սովորական եւ ձանձրալի արարողությունը։

Դրա վերջանալուն անհամբեր սպասում էին թե՛ դրսում եւ թե՛ ներսում։ Դրսում՝ որպեսզի վերջապես ուտելիք ստանան։ Ներսում՝ որպեսզի նրանց թալանեն։

2

«Հալից ընկածների» խումբը տեղավորեցին քրեականների դիմացի դեռ դատարկ բարաքում։ Ճաշի համար շուտ էր, ուստի բաժանեցին միայն չորսհարյուրգրամական հաց, որը մարդիկ կուլ տվեցին իսկույն։ Բայց կուլ տվեցին դժվարությամբ, տագնապով, որովհետեւ նկատել էին քրեականների գիշատիչ հայացքները՝ նրանց հագուստների վրա ուղղված, եւ ամեն վայրկյան սպասում էին նրանց ներխուժմանը։ Բայց աշխարակների վրայից երկու պահակները հսկում էին եւ թույլ չէին տալիս նրանց՝ մոտենալ քաղաքականների բարաքին, եւ նրանք չեկան։

Նրանք եկան մութն ընկնելուց հետո։ Եկան ամբողջ կազմով՝ բացառությամբ ամենախեղճերի։

Մտնելով ընդարձակ եւ դատարկ բարաքը, որի մի անկյունում ծվարվել էին ժամանածները, նրանք կարգադրեցին ազդու կիսաձայնով․

Սո՛ւս…

Դիմադրողներ չեղան, բայց եկածները, կարգի համար, հանվեցնելուց առաջ ծեծեցին մի քանիսին։ Տալով նրանց իրենց ճամբարային քրքրված հագուստները, վերցրին աշխարհի հագուստների վերջին մնացորդները, որ դեռ պահպանվել էին նրանց վրա։ Սպիտակեղենը խլեցին առանց, իհարկե, փոխարենը տալու։ Եվ չունեին էլ։

Ներքեւի տախտակներից մեկի վրա երեսն ի վեր պառկած, թալանվելու իր հերթին էր սպասում Խարկովի կոնսերվատորիայի դասատու, արդեն ծեր Պավել Անդրեեւիչ Շեւչենկոն՝ մեծ կոբզարի ազգանվանակիցը։

Մի քանիսն անցել էին նրա մոտով եւ ուշադրություն չէին դարձրել վրան։ Իր բանտարկության համարյա երեք տարիների ընթացքում Շեւչենկոն թեթեւացել էր աշխարհի հագուստների ց եւ այժմ պառկած էր ճամբարային քրքրված համազգեստով։

Ապա, Հիտլեր, վեր կաց…

Շեւչենկոն բարձրացավ՝ առանց անգամ նայելու, թե ով էր հրամայողը։ Եվ միայն դրանից հետո նայեց քրեականին։

Կանգնած էր քսանչորս֊քսանհինգ տարեկանի չափ մի երիտասարդ՝ խոշոր դիմագծերով, չար, համարյա դաժան դեմքով։ Իսկ այդ դեմքի վրա, անսպասելի կերպով, կապույտ խաղաղ աչքեր՝ ինչպես Շեւչենկոյինը։

Նրանց աչքերը հանդիպեցին միմյանց։ Քրեականը շուռ տվեց հայացքը, բայց ասաց նույն հրամայական տոնով․

Տուր դանակը։

Ի՞նչ դանակ, զարմացավ Շեւչենկոն, ես դանակ չունեմ։

Հանդիր, ես ինքս կգտնեմ…

Շեւչենկոն հասկացավ եւ ուժ գտավ քմծիծաղելու։ Դանակը պատրվակ էր։ Դե ի՞նչ, շնորհակալություն գոնե դրա համար։ Դա էլ մի տեսակ քաղաքավարություն է…

Հանվելիս կոնսերվատորիայի դասախոսն աննկատելի կերպով հատակին գցեց դրամի այն փոքրիկ գումարը, որը նա պահում էր իր հագուստի ծալքերում՝ «սեւ օրվա համար»։ Ո՛վ մարդկային լավատեսություն, որ դեռ լրիվ սեւ չես համարում այդ օրերը։ Թե՞ մարդկային հոռետեսություն, որ պասում ես է՛լ ավելի սեւ օրերի…

Դանակ չկա, հագնվիր, կարգադրեց քրեականը՝ նրա հագուստներն ուշադիր տնտղելուց հետո։

Շեւչենկոն իսկույն նկատեց, որ սվիտրը, որը նա հագնում էր վերնաշապիկի տակ, մերկ մարմնի վրա, այլեւս չկար։ Նրա համար անհասկանալի էր, թե ի՞նչ կերպ եւ ո՞ւր չքացավ դա իր աչքերի առաջից։ Ուժ գտավ հիանալու քրեականի ձեռքերի ճարպկությունից։

Բաժանվելուց առաջ նրանց աչքերը նորից հանդիպեցին եւ քրեականը գոռաց․

Ի՞նչ ես նայիչներդ չռել վրաս, Հիտլեր։

Նա բարձրացրեց ձեռքը՝ ծերունուն խփելու համար, բայց, չգիտես ինչու, չխփեց եւ գնաց։

Բարաքում թողնելով մի երկու տասնյակ գջլոտված մարդկանց, քրեականները դուրս ելան խմբով, հագնված ավելի տաք եւ ավելի վայելուչ։

Մի քանի օր հետո, սակայն, այն հագուստների զգալի մասը կվերածվի հացի, կարտոֆիլի, գուցե եւ խոզաճարպի

Այն քրեականին, որը տարվել էր իր աստծուն, մոտեցավ մյուսը, որը տարել էր, եւ առաջարկեց․

Խաղա՞նք։ Դու դիր թեւիդ տակի վարտիքը, իսկ ես՝ քու աստծուն։ Գուցե ետ գրավես։

Ինչի՞ս է պետք աստվածը։

Ամեն բանից բացի, նա չէր ուզում զրկվել իր նոր մականունից, որն ստացել էր երեկ․ «Իր աստծուն տանուլ տված մարդ»։

3

Երրորդ բարաքը դեռ դատարկ էր։ Դա ներքին փշալարերով անջաված էր մյուս ամբողջ ճամբարից։ Պարզ էր, որ կանանց համար էր։

Երրորդ օրը, վաղ առավոտյան, տարածվեց ուրախ լուրը․ նանիք են եկել…

Քրեականները, «հալից ընկածներից» խլաթ հագուստներով, դուրս թափվեցին եւ մոտեցան դարպասին, որի այն կողմում սկսվել էր կանանց հանձնում֊ստացումը։

Դուրս էին եկել նաեւ «հալից ընկածները»՝ քրեականների տված պատառոտված հագուստներով, եւ նույնպես նայում էին կանանց՝ վախենալով տեսնել նրանց մեջ իրենց հարազատներին, որոնց որտեղ լինելու մասին շատերը լուր չունեին։

Դատարկ բարաքում, իր տախտակի վրա պառկած, վերին տախտակի տակին էր նայում եւ մտածում Շեւչենկոն։ Բոլոր մյուսների նման նա եւս ահա տասը օր էր, ինչ չէր ածիլվել։ Ի՞նչ արտահայություն կար նրա դեմքի վրա՝ դժվար էր ասել․ այնտեղ կային միայն մազեր։

Ահա բավական ժամանակ էր, ինչ նա լսում էր մի սքանչելի երգի ձայն։ Երգում էր մի տղամարդ՝ հոգեբուխ ու սրտառուչ։ Երգում էր այնպիսի մի բացառիկ տենորով, որպիսին աշխարհում անգամ չես հանդիպի հաճախ։

Երգը որոշակիորեն գալիս էր քրեականների բարաքի կողմից։ Այդ էր ամենաանհավատալին։ Շեւչենկոն, որ երգի առաջին իսկ հնչյուններից խելահեղ ցանկություն էր զգացել գնալ եւ տեսնել երգչին, այժմ զսպում էր իրեն՝ այդ տեղում պառկած։ Ինչպիսի՜ հիասթափություն, եթե հանկարծ տեսնես, որ դա երգում է որեւէ ավազակ, հենց թեկուզ, ասենք թե, նա, որը երեկ պլոկեց քո վրայից սվիտրը։

Ասում են՝ չար մարդիկ երգ չունեն։ Դա սխալ է։ Չար մարդիկ երգում են եւ այն էլ՝ հաճախակի։ Բայց դա երգ չէ, այլ երգի բռնաբարված եւ հոշոտված մարմին, անճանաչելիորեն այլանդակված։ Ով գոնե մի անգամ լսել է չար մարդու երգը, նա չի մոռանա երբեք այդ դժոխային ոռնոցը…

Բայց այժմ երգը հնչում էր հրաշալի։ Եղանակը ծանոթ էր Շեւչենկոյին, եւ նա հեշտությամբ որոշում էր, որ երգում է մի անմշակ, բայց բնականից արտասովոր կերպով օժտված մի ձայն։

Լսում էր Շեւչենկոն ու լալիս։ Լալիս էր, որովհետեւ այդ ձայնն արտասովոր ձայն էր։ Լալիս էր, որովհետեւ ծերունիները լինում են թուլասիրտ։ Լալիս էր նրա համար, որ ահա երեք տարի է, ինչ նա զրկվել է աշխարհից եւ զրկված պիտի մնա էլի յոթ տարի՝ եթե ոչ ընդմիշտ… Լալիս էր նրա համար, որ երեկ նրանից խլեցին սվիտրը, վերջին իրը, որը նրան դեռ կապում էր աշխարհի հետ…

Քիչ հետո, սակայն, նա սրբեց արցունքները եւ վճռեց․ կգնա քրեականների բարաքը, կտեսնի երգչին…

Խնամքով թաքցնելով իր փոքրիկ գումարը պատառոտված հագուստի ծալքերում, նա ելավ դուրս։ Ի՞նչ գործ ունի այդպիսի ձայն ունեցող մարդը քրեականների մոտ…

Բարաքը դատարկ էր։ Քնելատեղի վրա անգործ նստած, երգում էր սվիտրի հափշտակողը…

Տեսնելով ընդոստ ներխուժած Շեւչենկոյին, ավազակը կտրուկ ընդհատեց երգը՝ պատրաստվելով կռվի։ Բնազդական շարժումով շոշափեց դանակը շալվարի գրպանում։

Շեւչենկոն մի պահ քարացավ իր տեղում, ապա հարձակվեց նրա վրա եւ բռնելով ուսերը, ցնցեց, հուզված․

Շնորհակալություն, ապո՛ւշ, շնորհակալություն, դժբա՛խտ…

Դու, ի՞նչ է, շշմե՞լ ես, սառած հարցրեց ավազակը։

Ուժ պիտի ունենայի, որ գցեի քեզ ոտքերիս տակ, ծեծեի, դողդողացող բռունցքները սեղմելով, ասաց ծերունին։ Այսպիսի աստվածային ձայնով ընկնել ճամբար… Ո՛ւխ…

Եվ նա, թափ առնելով, բարձրացրեց ձեռքը՝ խփելու համար։

Հաղթանդամ երիտասարդը, որը կարող էր մի ձեռքի կողմնակի հարվածով տապալել ծերունուն, կծկվեց տեղում՝ սպասելով հարվածի։

Շեւչենկոն չխնայեց նրան եւ շառաչուն մի ապտակ հասցրեց երեսին։ Եվ նստեց նրա մոտ։

Երիտասարդը չշարժվեց տեղից։

Մի՞թե լավ եմ երգում, հարցրեց նա քիչ հետո։

Ավանակ… Լա՜վ է երգում… Սոբինով դուրս կգար քեզանից։ Ի՞նչ գործ ունես սրանց մեջ, սրենց հետ…

Գիտե՞ս ինչ, ծերուկ… ասաց հանկարծ երիտասարդը՝ բավական մտածելուց հետո։ Քաշվիր էստեղից՝ քանի տեղն է գլուխդ։ Քիթդ մի խոթիր՝ եթե բան չես հասկանում երգից…

Հասկանում եմ, ապուշ, ես երգի դասատու եմ Խարկովի կոնսերվատորիայում…

Նա հենց այդպես էլ ասաց «եմ», եւ ոչ թե՝ «էի»…

Երիտասարդի կապույտ ու խաղաղ աչքերը մի պահ փայլեցին նրա չար դեմքի վրա, ապա կասկածը նորից մթագնեց դրանք․

Կվերադարձնեի քո սվիտրը, բայց տարվել եմ… Էնպես որ, մի չարչարվիր։

Էհ, ավազակ դու, ավազակ, վիրավորված վեր կացավ կոնսերվատորիայի դասատուն։ Մի՞թե ես սվիտրի համար եմ ասում։ Երբ գալիս էի այստեղ, ես ի՞նչ գիտեի, թե դու ես երգողը…

Եվ քայլեց դեպի դուռը։

Շեւչենկոյի բացատրությունը, վերջապես, հասավ երիտասարդի գիտակցությանը։ Նա վեր ցատկեց տեղից, վազեց դեպի դուռը, ծածկեց, մեջքը դեմ տվեց դրան․

Մարդ եղիր, ծերո՛ւկ… Դե, ներիր ինձ։

Սվիտրի համա՞ր, այս անգամ հեգնեց ծերունին ինքը։

Մարդ եղիր՝ ասում եմ քեզ, ի՞նչ գործ ունի էստեղ սվիտրը…

Շորթեցիր ինձանից, որ իսկույն տարվես, ամոթ քեզ… գլուխն օրորեց ծերունին։ Գոնե կհագնեիր ինքդ, բարձր օձիքով, արդեն ձմեռ է, ցուրտ… Ինչի՞ համար ես նստած։

Երիտասարդը տվեց քրեական օրենսգրքի հոդվածի համարը։

Չեմ ուսումնասիրել ձեր դասագիրքը, արհամարհանքով ձեռքը թափ տվեց ծերունին։ Ինչի՞ համար ես նստած։

Բանկ եմ կտրել։

Գրպանահատ ես, եզրակացրեց Շեւչենկոն։ Ժամկե՞տդ։

Վեց տարի։

Ինչքա՞ն ունես։

Մի տարու չափ։

Շեւչենկոն նայեց նրան՝ ինչպես հրաշքի։ Ոչ, նախանձ չկար նրա հայացքի մեջ, այլ անհույս թախիծ։ Ահա մի մարդ, որը մի տարի հետո գնալու է ազատության… Երջանիկ մարդ…

Ծերունին, նրան այնքան մոտիկ կանգնած, մի պահ իրեն պատկերացրեց նրա փոխարեն, նրա մաշկի տակ, եւ սարսափը պաշարեց նրան, որ նորից ելնելու էր այնտեղից, մտնելու էր իր մաշկի տակ, նորից իր վրա էր վերցնելու յոթ տարվա, հավիտենականության պես երկար, բազում փորձանքներով լի ժամկետը…

Բայց ինչո՞ւ մտածել բանը պրծածների մասին…

Լսիր ինձ, աղերսանքով դիմեց նա ավազակին։ Ես քեզ խնդրում եմ, հենց որ ազատվես մի տարի հետո, գնա Խարկով, ուղղակի կոնսերվատորիա։ Ասա, որ ես եմ ուղարկել քեզ… Մի վախենա, իմ կոլեգաները գիտեն, որ ես անմեղ եմ։ Կանչիր մի անկյուն եւ ասա, որ ուղարկել է Շեւչենկոն, Պավել Անդրեեւիչը… Մի՛ կորցնից ձայնդ։ Այսինքն՝ ոչ թե դու, այլ մեր արվեստը… Այո…

Շեւչենկոն կանգնած էր, իսկ քրեականը նստել էր եւ ականջներն առել բռունցքների մեջ։

Դու գիտե՞ս, որ ես իժ եմ, հարցրեց նա հանկարծ։

Գիտեմ։

Ուրեմն, ներիր ինձ սվիտրի համար, ծերո՛ւկ։

Էլի սվիտրը։ Դու ասա, խոսք տալի՞ս ես, որ կգնաս Խարկով։

Ես իժ եմ ու իմ տեղն էստեղ է, կրկնեց ավազակը։ Գիշերը, օրինակ, մենք հարձակվելու ենք կանանց բարաքի վրա, որ քեֆ անենք, հասկացա՞ր։ Ես արդեն մի տարի լրացուցիչ ժամկետ եմ ստացել էդպիսի բաների համար։ Գուցե էլի կստանամ՝ եթե պահակը չխփի ինձ աշտարակի վրայից։ Իսկ դու ասում ես սովորելու մասին…

Աստված իմ, ավազակ, իսկակա՛ն ավազակ… Բայց դու կարող էիր…

Ոչինչ չէի կարող։ Վերջ։ Ծխել ուզո՞ւմ ես։ Աշխարակի վրայից մնացուկ են նետել ինձ։

Ես ծխող չեմ, գլուխն օրորեց կոնսերվատորիայի դասատուն՝ անթարթ նայելով նրան եւ մտածելով ծխախոտից շատ հեռու բաների մասին։

Կին ուզո՞ւմ ես, առանց հեգնանքի, ավազակավարի անկեղծ, հարցրեց երիտասարդը։ Եթե դեռ ձեռք չես քաշել էդ տեսակ բաներից՝ գիշերը քարշ տամ, բերեմ քեզ մոտ…

Շեւչենկոն լռեց մի պահ եւ ասաց ցավով․

Ո՞րտեղից է գալիս քո ձայնը… Ձայնը հոգու հայելին է, իսկ քո հոգին լիքն է կեղտով…

Ինչո՞ւ կեղտով, ծերուկ, ժպտաց քրեականը։ Ես քեզ ուզում եմ լավություն անել։ Իսկ կարելի՞ է մեկին լավություն անել՝ առանց մի ուրիշին վատություն անելու…

Ինձ ոչինչ հարկավոր չէ։

Դու իմ խոսքերին մի նայիր, թե քարշ կտամ, կբերեմ։ Ինքը կգա։ Նրանք էլ սոված են մեզ պես…

Լռիր վերջիվերջո, բարկացավ ծերունին, դու վիրավորում ես իմ ամենանվիրական զգացմունքները։

Ի՞նչ ես ուզում ինձանից, տարակուսեց երիտասարդը։ Ես չեմ հասկանում։

Մի՛ կորցնիր ձայնդ, երիտասարդ։

Իսկ դրանից ի՞նչ օգուտ քեզ, հիմար մարդ։

Ինձ՝ ոչ մի։

Չեմ հասկանում ես ձեզ, հառաչեց քրեականը։ Մեկ՝ մեր երկիրն եք ուզում ծախել ֆաշիստներին, մեկ՝ մտածում եք ուրիշի ձայնի մասին։ Դու Հիտլեր չե՞ս միթե։

Բան չես հասկանում, երիտասարդ, հառաչեց ծերունին։ Կհարցնես իմ կոլեգաներին կոնսերվատորիայիում, նրանք ամեն ինչ կպատմեն քեզ։ Խոստանո՞ւմ ես։

Երիտասարդը դանդաղ գլխով արեց։

Դրսից լսվեց քրեականների ձայնը։ Թե՞ միշտ էր լսվում, բայց նրանք ուշ դարձրին միայն հիմա։ Քրեականն սթափվեց, ասաց շտապ․

Իսկ հիմա գնա՛, ծերուկ, թող չտեսնեն մեզ իրար հետ։ Կծիծաղեն մեզ վրա։ Լսիր, քանի մենք այստեղ ենք, ամեն օր ճաշի ժամանակ ճաշամանդ տուր ինձ, ես քեզ համար երկու բաժին կստանամ։ Ճաշ բաժանողը մերնոցից է, ազնիվ գող։ Հիմար կլինես եթե դա էլ մերժես։

Չեմ մերժում, գլուխս պտտվում է հյուծվածությունից։

Վերջապես, երիտասարդը գոհ զգաց իրեն, որ գոնե որեւէ բանով կարող է օգտակար լինել «ծերուկին»։

Խոստացիր նաեւ, որ չես մասնակցի գիշերային հարձակմանը։

Էդ չեէավ, ծերուկ, դու արդեն շատ բան ես պահանջում, նույնիսկ բարկացավ ավազակը։ Ուզեմ՝ կմասնակցեմ, ուզեմ՝ ոչ։

Խնդրում եմ քեզ, աղերսեց նորից ծերունին եւ դիմեց խորամանկության։ Եթե քեզ մի բան պատահի կամ դու նոր ժամկետ ստանաս, այլեւս ոչ ոք չի կարողանա պատմել իմ կոլեգաներին իմ մասին…

Քրեականը ձայն չհանեց։

Ուրեմն խոստանո՞ւմ ես, պնդեց ծերունին։

Գնա, ծերուկ։ Մեզ մոտ էդպես չի լինում, որ բոլորը գնան մի գործի, իսկ մեկը մնա։ Եթե կարողացա՝ կհամոզեմ, որ ոչ մեկս չգնա։ Դա ուրիշ բան։ Դե գնա՛, գնա՛… Հա, լսի՛ր… Շնորհակալություն։ Հասկացա՞ր… Շնորհակալություն։ Ուրիշ բան չե՞ս ուզում։

Ուզում եմ… Ծերունին սրբեց աչքերը։ Երբ դառնաս երգիչ, երգիր մի անգամ ռադիոյով, ինձ համար։ Ասա, որ երգում ես Շեւչենկոյի պատվերով։ Գուցե ես լսեմ այստեղ։ Երեք տարի հետո, հինգ, յոթ, երբ ուզում է լինի։ Ես այստեղ եմ… Եթե չմեռնեմ…

Ճոճվելով ծերությունից եւ հուզմունքից, նա ելավ դուրս։

4

Հաջորդ առավոտյան, երբ շարքի կանգնեցրին կալանավորների առաջին խումբը՝ ուղարկելու համար, Շեւչենկոն մոտեցավ շարքերին, գտավ ավազակին եւ մեկներ նրան իր սվիտրը․

Վերցրու… Գնեցի։ Վերցրու եւ հագիր, որ կոկորդդ չմրսեցնես…

Ավազակն իր չար դեմքով նայեց շուրջը կանգնած քրեականներին եւ ապա իր կապույտ աչքերի խաղաղ հայացքը դարձրեց ծերունու վրա…

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Before the sunrise
Before the sunrise
Play Online