Michael Nalbandian

Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը

Հիմի է՞լ խոսենք, եղբարք, հիմի՞ էլ,
Երբ ընտանեկան երկպառակությամբ
Ուրիշ բան չունինք, բայց իրար դավել,
Եվ սարսափելի ազգուրացությամբ
Մեր նախնյաց ուխտը ոտքով կոխել ենք․
Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ քաջն Վարդան,
Վաթսուն հազարից, հազարով մնաց,
Մինչ մնացել էր պարսից լոկ մատյան
Գունդը՝ մեր վաթսուն հազարի դիմաց,
Երբ մեր վատությամբ՝ ո՜ղջ կորուսել ենք․
Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ օտարից շատ
Մենք ենք մեր ազգի արյունը խմում․
Մոխրատնով լցինք Դվին, Արտաշատ,
Ծխի մեջ կորավ խաչն եկեղեցուն,
Երբ այս ամենը մենք կատարել ենք․
Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ հրապարակում
Պարսիկը առակ արել է հային․
«Եթե ասորու նման աշխարհում
Չկա մի վատ ազգ, բայց, քան ասորին,
Է՛լ վատ է հայը», մենք այս տանո՜ւմ ենք․
Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ իշխանություն
Ծախում է անարգ հացկատակներին,
Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխին
Եվ մեզ կարծում են հող իրենց ոտքի,
Ու մենք մեզ կոխող ո՜տքը լիզում ենք․
Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ Լուսավորչի
Բնիկ ժառանգի թևերը կտրած,
Անարգ պարսիկը՝ այս ու այն թեմի՝
Կարգում է տեսուչ ըստ յուր չար մտաց
Եվ մենք դեռ «կեցցե՛ արին» գոռում ենք։
Հիմի է՞լ խոսենք։

Հիմի է՞լ խոսենք, երբ ձեռք ենք տալիս,
Երբ ողջունում ենք մենք այդ չքերին։
Որ դրան շուն են, և մեզ տեսնելիս՝
Շուտ դիմակները դնում երեսին,
Այդպիսիներին դարձյալ պատվում ենք․
Հիմի է՞լ խոսենք։

Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլ
Ամոթի սուրբ ջուր, որ բերան բանանք։
Ո՛չ, թե չենք ուզում հողից հող կորչիլ,
Թշնամու արյունով մեր թրին ջուր տանք։
Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք,
Ապա թե խոսենք։

Be the first who will comment on this
Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

Vardanank
Vardanank
Play Online