Michael Nalbandian
Բանաստեղծ
Նմանություն
Քանի բանաստեղծն չունի մուսայից
Մի բան երգելու հատուկ հրաման,
Նորա քնարը միշտ մունջ է մնում,
Ինքը անհոգի, անզոր ու անձայն։
Բայց երբ երկնքից կը փայլի հոգուն
Անաղոտ լույսը պայծառ արևին,
Նա կմոռանա բոլոր աշխարհը,
Այլ չի պատկանիլ նա այս աշխարհին։
Գրիչը ձեռին թղթի դաշտումը
Կվազե արագ, ինչպես եղջերու,
Ո՛չ ոք չէ կարող նորա հակառակ
Իզուր փորձ փորձել կամքը կոտրելու։
Նա այն ժամանակ սուր ունի հատու,
Կըրակ է թափում այրող բերանից․
Մուսան նորանով խոսում է մեր հետ,
Սիրտ է զմայլում նորա երգերից։
Նա այն միջոցին ոչինչ այլ բան չէ,
Բայց եթե թարգման մուսայի խոսքին,
Նորա ասածը, որ նա լսում է,
Մեզի բաշխում է զինչ գոհար անգին։
Ոչինչ դատավոր, ոչինչ իրավունք
Չեն այնքան սուրբ, ճիշդ, ջինջ, քան հայելի,
Որքան դատաստան բանաստեղծ հոգուն
Մի բան ասելում՝ թե չար, թե բարի։
Ողջ մին է նորան՝ եթե թագակիր,
Եթե սոսկական քաղաքացի լոկ․
Պատճառ՝ ուղիղը խոսելից հետո
Պետք է սպասել դառնալու մերկ, բոկ։