Maro Margaryan
Լցված լռություն
Ահա Մարո Մարգարյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի տրամադրված հատվածի (էջ 290-344) բոլոր բանաստեղծությունները՝ ըստ հերթականության.
Լույսն առաջին
Քո մեջ հորդող
Դու առաջին
Ջերմ ալիքը
Մեզ հաղորդող,
Դու բոլորին
Ձիգ դեպի վեր,
Դեպի արևն
Առաջնորդող
Լեռան ճամփա:
ԼՌՈՒԹՅՈՒՆ
Լցված լռություն,
Սերերով շքեղ, կարոտներով փակ,
Եվ արևների կտորներով տաք.
Լցված լռություն,
Ստեղծումների ակունք լուսեղեն,
Ու թանկ պահերի
Խորունկ սրբավայր,
Լցվիր դու այդպես իմ երգերի մեջ,
Ծիածաններով կամարակապիր,
Աստղալույսերի սլացքով հավերժ
Եվ անափների ափերով բոլոր
Տողերն իմ չափիր
Ու ներդաշնակիր անհնարն ամեն՝
Սառույց ու կրակ,
Հրացոլք ու ձյուն
Քո մեջ, քեզանով,
Քո արևածին, քո արևացայտ նորություններով,
Քո ծովածավալ խորություններով
Լցված լռություն...
Հրդեհը մարեց ու հողմը անցավ,
Արդեն նայում ես դու ցավին՝ անցավ.
Եվ ժպտացողին` ապակու նման՝
Պաղ ու անժպիտ
Հոգսերն ավելի նկատվող դարձան,
Խճողված ու խիտ:
Չեն թեթևանում նրանք էլ արդեն
Սիրելիների հայացքով բարի՝
Ամենաանգին լույսով աշխարհի.
Խաղաղված արդեն,
Արդեն խաղաղված,
Ու խուլ են խփում զարկերակներդ,
Եվ ծուխ է դարձել
Այնքան լուսարձակ աստղածին սերդ.
Ու քայլում ես դեռ
Կամա-ակամա,
Իմաստ ես փնտրում
Մնացած անսեր
Օրերի համար:
Շատ իղձ ու երազ անավարտ մնաց,
Ու շատ բան կյանքում թողիր դու թերի
Եվ ժամանակը խիստ ու սրընթաց
Քեզ խոշոր բաժին տվեց հոգսերի
Գործն անսահման է, կարիքներն անթիվ
Եվ իզուր վատնած ուժերն իմ տկար.
Էլ մի վրիպի, մի սխալվի, սի՜րտ,
Սխալն ուղղելու ժամանակ չկա:
Կյանքս ամբողջ պատմություն է
Սխալների
Սկիզբ դրած լավ գործերի,
Թողած թերի.
Ազնիվ ու ճիշտ ճամփաների,
Հետո ծռած.
Ըմբոստացած կեղծիքի դեմ,
Հետո լռած.
Զոհաբերած կարևորը
Չնչին բանին
Շիպ շիտակը, վեհն ու խորը՝
Անպիտանին․
Ինչո՞ւ, ինչո՞ւ,
Ի՞նչ էր եղել․
Ո՞վ էր շաղել, ի՞նչն էր շեղել՝
Ընթացքն ուղիղ ով էր ծռել
Ո՞վ էր կեղծել,
Ի՞նչն էր պղծել,
Չեմ ջոկում էլ ես լավ ու վատ.
Մորս կաթը արդար էր շատ՝
Մայրս ինձ լավ էր ստեղծել:
Ես հազար անգամ խոստացել եմ ինձ
Ոչ մի պայմանով էլ չսխալվել,
Սխալվել եմ ես հենց հաջորդ քայլից
Ու մանկան նման նորից եմ տարվել:
Խաբվել եմ իսկույն արտաքին փայլից,
Հիացել անսիրտ ժպիտներով սուտ,
Նոր սխալի մեջ բռնել եմ ես ինձ,
Նորից երդումներ թափել անօգուտ:
Նորից նախատել ու նորից դատել,
Նորից ինքս ինձ հույսերով պատել
Եվ այսպես անվերջ, և այսպես անվերջ։
Ուսուցչուհու պես խոժոռել եմ խիստ,
Աշակերտի պես չոքել իմ առաջ
Ու սիրտս բացել:
Հազար ձևերով հսկել եմ ես ինձ,
Բայց խոսքս պահել չեմ կարողացել։
Դեղին տերևն ընկավ քարին.
Ոչ մի շշուկ չլսվեց,
Աշուն իջավ ողջ աշխարհին,
Ոչ մի շշուկ չլսվեց:
Ծառի տված բերքն ու բարին
Մառաններում քաղցրացավ,
Տաք անկյունում վառարանի
Մոռացվեցին ցուրտ ու ցավ:
Քանի անգամ գարունն ուզեց
Աչքը բացել ու ժպտալ,
Ձյունը նստեց ծաղկած ծառին՝
Ոչ մի շշուկ չլսվեց:
Խենթանալու չափ ուժգին է բուրում
Չոր խոտի դեզը.
Ախ, որովհետև դալար ժամանակ
Ծաղիկ է եղել.
Ու թեև թոշնած,
Ու թեև տրտում,
Բայց դեռ ծաղիկներ
Ունի իր սրտում:
Ու որքան կուզեն թող փարթամանան
Մոլախոտն անբույր,
Անծաղիկ սեզը,
Խենթանալու չափ ուժգին է բուրում
Չոր խոտի դեզը։
Անձրև է գալիս
Խոր ծովի վրա,
Անձրև է գալիս.
Ջուրը թափվում է
Ջրերի վրա,
Ալիքներն ուժգին
Իրարով տալիս.
Անձրև է գալիս:
Իսկ հեռու ափին,
Այրվող քարափին
Շոգն է ծանր իջել,
Չի ուզում զիջել՝
Ու ոչ մի կաթիլ,
Ոչ մի ջրի թել․
Այրվում է ափը,
Անարցունք լալիս.
Անձրև է գալիս,
Խոր ծովի վրա
Անձրև է գալիս...
Անձրև չեկավ ժամանակին,
Այրվեց հողը, խամրեց այգին,
Հիմա անձրև չի հարկավոր,
Գալիս է նա, անվերջ գալիս,
Փարվում է նա այրված այգուն,
Մորմոքում է, տխուր լալիս,
Մերթ մաղում է նա համր ու լուռ,
Փշրվում է, ցայտում, ցողում,
Մերթ մղկտում սրտակտուր,
Հորդում է ողջն ու ողողում,
Հեղեղում է իրար տալիս
Գետ ու լճեր նա ահագին,
Բայց ի՞նչ օգուտ հիմա այգուն,
Անձրև չեկավ ժամանակին:
Ինչ-որ տպում է
Անձրևն ապակուն,
Ու հարվածում են
Կաթիլները թեք:
Ինչ-որ խփում է,
Խփում իմ հոգուն
Ու շփշփում է
Մանր ու ահաբեկ։
Վշտեր կան միգոտ,
Խոհեր կան մանրիկ
Խփում են անվերջ
Պաղ անձրևի պես
Միգապատում են
Շուրջդ ամեն ինչ
Եվ շիջում հոգուդ
Կրակները կեզ:
Ամրացիր, իմ սիրտ,
Հաղթիր ինքդ քեզ.
Եվ օգնիր դու ինձ,
Այս մանր ու մաշող
Պաղ անձրևներից
Խենթանալու չափ
Ձանձրացել եմ ես:
Լիճն անտառ է նկարել,
Ճյուղք ու տերև գիրկն առել,
Ու բարկ շողերն արևի
Պաղ ջրերի մեջ վառել:
Գեղեցիկ է, գեղեցիկ,
Ինչպես երազն աղջկա,
Գեղեցիկ է, գեղեցիկ,
Ինչ որ և՛ կա, և՛ չկա...
Իսկ ես վաղուց, շատ վաղուց
Անցել եմ այդ օրերից.
Ու չի կարող հրդեհել
Անհուր կրակն ինձ նորից։
Լավ է լուցկու մի հատիկ՝
Մի կայծ թեկուզ, բայց կրակ,
Քան թե ամբողջ մի արև
Պաղ կապուտակ
Ջրի տակ:
Ծիծաղում են կակաչները,
Դաշտը կարմիր չիթ է հագել
Թևաթափ են կակաչները,
Այդ քամին է հարկ հավաքել։
Մեկ է, երբեք չի կարող նա
Ալ հրդեհը ձեր հանգցնել.
Ոչ բույր ունի հիմար քամին,
Ոչ դալար շիվ, ոչ գույն ու ձև.
Ծիծաղում են կակաչները
Ընկած, պառկած ու կիսաթև.
Թեկուզ ընկած, թեկուզ պառկած,
Դաշտը կարմիր չիթ է հագել:
ՔԱՐԸ
Հրաշք ես դու
Իմ լեռների սուր կատարին,
Ուսին՝ արծիվ, սրտում` կրակ,
Շրթին կակաչ ու մարգարիտ:
Ձկուն ես դու, աշխարհաշեն
Իմ պարզ եղբոր ձեռքերի մեջ,
Երբ դնում է նա քեզ ելնող
Տան ճակատին՝
Դառնում ես խիղճ,
Դառնում ես խոհ,
Դառնում խոյանք իմաստալից:
Չքնաղ ես դու՝
Աղբյուրի տակ
Սիրագորով, սիրաշշուկ,
Երբ ջրերը
Ալիք-ալիք
Շոյում են քեզ ու խշխշում:
Սոսկալի ես, երբ լինում ես
Ապրող մարդու
Պաղ կրծքի տակ,
Այստեղ ես դու իսկապես քար,
Լուռ անհաղորդ,
Անհուր ու փակ:
Մեր հին ավեր ջաղացի քար,
Քո հին փառքը հիմա չկա,
Անհուր, անջուր, անուժ, տկար,
Մեր հին ավեր ջաղացի քար:
Մարդ էլ ընկնի, ընկնի այդպես՝
Այդպես հզոր, վեհ ու բարի,
Չարին անվարժ, համր ու անշարժ
Հիշատակ իմ հոր աշխարհի:
Ցորեն հացի արդար վկա,
Օրեր տեսած, դարեր տեսած,
Բազմախորհուրդ, բազմանկար,
Դու անցած մեծ կյանքի բեկոր,
Մեր հին ավեր ջաղացի քար:
ՔԱՄԻՆ
Պատուհանիս տակ
Հեծում է քամին,
Դուռ ու լուսամուտ
Ծեծում է քամին,
Ի՞նչ ես կամենում,
Խենթ իմ բարեկամ,
Լուռ խաղաղության
Այս միակ ժամին:
Գիտես՝ քո խելքին
Շատ հարմար եմ ես,
Որ թևեր առած
Հույզ ու բառ եմ ես,
Որ սիրում եմ ես
Փարվել բոլորին,
Թռչել ամենուր
Քեզ պես անդադար,
Քեզ պես անհանգիստ
Ու սրտակտուր:
Բայց ես խելագար,
Քո ուժը չունեմ,
Քո միրաժները,
Քո մուժը չունեմ,
Ես ինձ եմ հույզի
Հողմերին մատնում,
Ես ինձ եմ մենակ,
Ես ինձ եմ վատնում:
ԾՈՎԸ
Ի՞նչ ես վշշում, ի՞նչ ես թշշում
Ու պարզ ջրերդ պղտորում.
Ինչ ես քո խենթ ալիքներով,
Սեպ ժայռերի սիրտը փորում:
Ինչ ես եղել տակն ու վրա
Ու ափ նետում հսկա քարեր,
Ինչն է այդպես քո անհնար
Ու այդքան մեծ սիրտը վառել:
Սևացրել ե՞ն նախանձից մի
Բարերարի,
Թե՞ վաստակդ տարիների
Ջուրն են ածել.
Մեծացրե՞լ են մի անազնիվ
Անարդարի,
Թե՞ ընկերդ ամենամոտ
Տված խոստումն է ուրացել:
Ի՞նչ է եղել, որ չես կարող
Քո ափերում լուռ սպասել,
Ի՞նչ է եղել, որ չես ասում,
Ու չես կարող նաև չասել:
Մի կողմից արևն իր լույսը փռեց,
Մյուս կողմից իրերն ստվերներ հագան:
Լույսն անգամ իր հետ ստվեր է բերում,
Էլ ես ինչ ասեմ մարդուն մուժով լի,
Հակառակ իրեն ու հակասական:
Եվ երազներով քո հիմարացած,
Եվ անհնարին իղձերին գերի,
Խենթացիր այդպես տեսնելու համար
Ալեկոծ աշխարհն առանց ստվերի։
ՁՅՈՒՆ, ՄԻ ԻՋԻՐ
Ձյուն, մի՛ իջիր իմ վարսերին,
Ա՜խ, ես այնքա՜ն ջահել եմ դեռ,
Մինչև հիմա կյանքի վերից
Երազներով սահել եմ դեռ:
Երեկ էր լոկ, որ ես ճերմակ,
Զույգ ժապավեն էի կապում,
Իսկ դու այսօր ճերմակ-ճերմակ
Սառույցներ ես դեմս կապում:
Եվ ինչո՞ւ ես դու շտապում
Պաղ փաթիլներ վրաս թափում,
Մի տե՜ս, որքան կայծ ու կրակ,
Կանաչ-կարմիր երազանքներ,
Մի տե՜ս, որքան կարոտ ու սեր
Հոգուս խորքում պահել եմ դեռ:
Ձյուն է գալիս
Թեթև, թեթև,
Մաքուր, ինչպես
Մանկան երազ․
Աստղ է դառնում
Արծաթաթև
Ու թափվում է,
Թափվում վրաս։
Տե՛ս, ինչքան է
Եկել, եկել,
Ողջ աշխարհը
Ճերմակ ներկել
Տե՛ս, ինչպես է
Անափ դառել,
Աշխարհը ողջ
Գիրկը առել:
Բայց չի հանել
Նա ոչ մի ձայն,
Նա ոչ մի ձայն,
Ոչ մի շշուկ.
Ու որքան ծառ
Պիտի ծաղկի,
Որքան արտեր
Կանաչաշուք,
Որքան սերմեր
Պիտի ծլեն,
Որքան կանաչ
Տերև ու թուփ:
Ու չի հանի
Նա ոչ մի ձայն,
Նա ոչ մի ձայն,
Ոչ մի շշուկ,
Միշտ այդպես է,
Այդպես է նա,
Ծով բարիքներ
Կտա հողին,
Լուռ կհալչի
Ու կգնա:
Ձյուն է գալիս
Թեթև, թեթև,
Մաքուր, ինչպես
Մանկան երազ.
Աստղ է դառնում
Արծաթաթև
Ու թափվում է,
Թափվում վրաս:
Ծմակի վերից,
Թանձր ստվերից,
Ծառերին փռած լճակի նման,
Հանկարծ ծիծաղող
Երկնքի կտոր.
Մի կես քայլ անեմ՝
Թեթև մի շարժում,
Եվ ժպիտը քո կցնդի շուտով:
Ինչ անեմ ես քեզ՝
Քեզ, մի պատառիդ,
Հերիք չէ իմ կույր կարոտի համար,
Երկինքն ափեափ,
Դու ծմակի մեջ՝
Մի տերևի չափ։
ՈՂԿՈՒՅԶ
Փարվել ես դու շիկնած հողին,
Փոքրիկ ողկույզ իմ խաղողի,
Տերևներ ես վրադ քաշել,
Իբր դու չես, իբր չկաս:
Իբր այդպես համարեք, թե
Մի ողկույզ է կյանքին պակաս,
Բայց որքան էլ խոր թաքնվես՝
Ձեռքը մարդու գտնում է քեզ
Եվ դնում է արևի տակ
Հիացմունքով պարզ ու շիտակ:
Ա՜խ, մարդկանց էլ թե փնտրեին
Ստվերներում թաքնված խոր՝
Կլինեին գուցե ոմանք
Ավելի թանկ ու բախտավոր։
ՄՈՐԻ
Կածանը փոքրիկ
Ծածկվել է սեզով,
Առուն տերևով,
Խրճիթը՝ դեզով։
Այս քարակտոր
Արահետներում
Ո՞վ է կորցրել
Ասա՛ ինձ, քեզ ո՞վ,
Իմ սիրուն մորի,
Իմ անուշ մորի...
Մեկն էլ քեզ նման
Մոլորած ահա,
Մոլախոտերի
Թանձր ստվերում,
Ծանր կորուստի
Կսկիծը պահած՝
Աշխարհին կարոտ
Ու սեր է բերում:
Դու իմ սրտաձև,
Իմ կարոտաձև,
Իմ փոքրիկ արև
Անշեղ ու ամուր,
Ինչպես ես քարի
Պաղ սիրտը քամում,
Այդպես իմ սիրուն,
Այդպես իմ բարի
Քո փոքրիկ լույսին
Միշտ հավատարիմ
Քաղցրություն քամիր
Ապառաժ քարից,
Ու մոլախոտի
Կոշտ փշերի մեջ
Քո չնաշխարհիկ
Լապտերը վառիր։
ՄՈՐԻ
Մորի, մորի, կարմիր մորի,
Թաքնվել ես տերևի տակ.
Մորի, մորի, կարմիր մորի,
Լռիկ-մնջիկ ու գլխահակ,
Մի՞թե հեշտ է փոքրիկ մեկին
Լինել այսպես պարզ ու շիտակ,
Քամել քարից հյութն այդ համեղ՝
Այդքան անուշ բուրմունքը տաք:
Մորի, մորի, կարմիր մորի,
Լռիկ-մնջիկ ու գլխահակ,
Եվ ինչպե՞ս ես դու կարմրում
Այդքան թանձր ստվերի տակ:
Հաճախ այնպես հոգնում եմ ես
Ու ծերանում ասես մեկեն,
Ու թվում է, շատ հեռվից եմ,
Անչափ հեռվից այստեղ եկել:
Ու թվում է, ուժերս ամեն
Թողել եմ ես ողջ իմ ճամփին,
Եվ անուժ եմ հասել այստեղ
Այս օրերին թարմ ու անգին:
Բայց մի մանկան ուրախ մի կանչ,
Մի ծաղկող ծառ, հատիկ ցորեն,
Դառնում եմ այլ ու անճանաչ,
Ծնվում եմ ես ասես նորեն:
Եվ ուզում եմ բացվեն բոլոր
Փեղկ ու տանիք, դուռ ու պատեր,
Ու կանչում եմ աշխարհով մեկ՝
Ես չեմ փոխվի,
Չեմ ծերանա,
Ես չեմ հոգնի, հարազատնե՛ր:
Օրորում է կարոտը դեռ,
Ինձ օրորում,
Հավատում եմ ես միշտ հույզին
Ու երազին:
Դեռ ժպտում է ինձ թթենին
Կանաչ շորում,
Հավատում եմ ես միշտ հույզին
Ու երազին:
Ունկ չեմ դնում ես իմ համր
Սրտի ցավին,
Ունկ չեմ դնում ես խոհերիս
Նյութած դավին,
Չեմ կարող ես չհավատալ
Լույս ու լավին,
Օրորում է կարոտը դեռ,
Ինձ օրորում:
Աչքի են ընկնում ճերմակ թելերը,
Կյանք իմ փոթորկուն ու սրտաբուխ,
Չէ՞ որ լոկ երեկ, միայն երեկ էր
Դեռատի էիր թեթև ու թուխ:
Ու ցավ չէ այնքան, որ արդեն թեքել
Ու կարճանում է կյանքի ուղին,
Ցավ է, որ նոր ես դու խելքի եկել
Եվ հազիվ ես դու քայլում ուղիղ:
Ցավ է, որ կյանքը քանի գալիք է,
Ո՛չ գին գիտես, ո՛չ կշիռ ու չափ,
Երբ ճանաչում ես քո անելիքը
Հոգնած ես արդեն և ուժաթափ:
Եվ մնացած քիչ այս թանկ օրերին
Նախատում ես քեզ ինքդ հիմա,
Որ օրերն անգին քամուն ես տվել
Հատիկ չունեցող հարդի նման:
Եվ ուզում ես դու գոռալ ու կանչել,
Հասկացնել բոլոր ջահելներին,
Բայց գիտես, նրանք չեն հասկանա քեզ,
Քանի չեն հասել այս օրերին:
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
George Gurdjieff
Song of the Aisors
Lilies
Play Online