Maro Margaryan

Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է

Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել,
Ծածկվել են ձյունով ժամանակից շուտ,
Բայց կրակն իրենց դեռ չեն անթեղել:
Նրանք պարզապես կարճ ժամանակում
Անցել են երկար, երկար ճանապարհ՝
Սերմնացաններ, որ հողի փոխարեն,
Հերկել են սառույց, ակոսել են քար.
Եվ հոգիներում գանձեր ու գանձեր,
Որ դեռ չեն պեղել:
Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել:

Ստվերում չեմ կարող մնալ,
Արևին էլ չեմ դիմանում
Ճամփաս դժվար ու անհնար,
Չգիտեմ, թե ուր է տանում:
Ջահել էի, փնտրում էի,
Ընկնում էի` սխալվում.
Դյուրաբեկ ու դալար էի,
Ճկվում էի ու ծալվում,
Ծալվում էի մինչև գետին,
Ու վեր խփում շեղակի,
Հիմա ծալվել էլ չեմ կարող,
Կոտրվում եմ ուղղակի:

Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:
Անգին օրերի վատնումին իզուր,
Խենթ քամիների մատնումին իզուր,
Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:
Խստախոս եղիր՝ նախ ինքդ քեզ հետ,
Ջուրը մի թափիր քիչ ունեցածից
Մի քանի քայլ է մնում քեզ հազիվ,
Անհուր, անիմաստ հատնումին իզուր
Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:

Հանգել են օրվա ձայները բոլոր,
Լռել են զնգուն գույները շքեղ,
Արևն առել է շողերն իր վերջին
Ու անհետացել,
Զով ստվերները հյուսվել են իրար
Ու լուռ խտացել։
Ոչ մի չար շշուկ աշխարհի վրա՝
Չի եղել ոչինչ, չի լինելու վատ.
Ամբողջ աշխարհը թող հանգստանա,
Ես հոգնած եմ շատ:

Հազիվ, հազիվ կարողացա
Պահել փշուր կրակ անմար,
Եվ չըպաղել:
Հազիվ, հազիվ կարողացա
Մորս տված պատկերն իմ պարզ
Չաղավաղել:
Այսքանով էլ պարտական եմ
Քեզ խոր իմ սեր,
Իմ լույս կարոտ:
Այսքանով էլ պարտական եմ
Քեզ, իմ անտես հզորություն,
Իմ նախատված,
Իմ անկարող:

Մենք ակոսեցինք մեր սիրտը հոգնած,
Փշրած սերերի սուր բեկորներով
Եվ ատելությամբ անստորագիր.
Եվ չարտահայտած ցասումի սեպեր
Նյարդերի խորքում:
Ջանացինք խաղաղ ժպիտով ներկել
Մռայլը հոգու,
Եվ ապավինել անտարբերության
Զենքին՝ խլությամբ ամենակարող.
Եվ գուցե եղանք
Հարկադիր համեստ,,
Ակամա ներող:

Մի խուլ սրտաղաց, որ մանրում է քեզ,
Մանրում ու մանրո՜ւմ.
Բարձունքներ լուսե իր հոգում թաղած,
Հոգսերի ձյունից սմքած ու պաղած,
Եվ դժվա՜ր, դժվա՜ր ճանապարհների
Կշկուռ ու կապով,
Իղձերի շքեղ և երազների
Տերևաթափով,
Մի խուլ սրտաղաց, որ մանրում է քեզ,
Մանրում ու մանրո՜ւմ,
Ծվարած հոգուդ ծալքերի մեջ խոր...
Իսկ աշխարհն այսպես
Մեծ ու բախտավոր:

Հրդեհը մարեց ու հողմը անցավ.
Արդեն նայում ես դու ցավին անցավ,
Եվ ժպտացողին
Ապակու նման՝ պաղ ու անժպիտ:
Հոգսերն ավելի նկատվող դարձան,
Խճողված ու խիտ
Չեն թեթևանում նրանք էլ արդեն
Սիրելիների (հայացքով բարի՝
Ամենատաքուկ լույսով աշխարհի,
Խաղաղված արդեն,
Արդեն խաղաղված
Ու խուլ են խփում զարկերակներդ,
Եվ ծուխ է դարձել
Այնքան լուսարձակ աստղածին սերդ:
Ու քայլում ես դու
Կամա-ակամա,
Նոր ելք ես փնտրում
Ու նոր ապավեն
Մնացած անսեր օրերի համար:

Այդքան փշրված, աջ ու ձախ ցրված,
Այդքան անզգույշ
Ամեն մի քայլով․
Խաբված այդքան շատ և այդպես ներող
Եվ դյուրահավատ,
Եվ դյուրահավատ...
Ու սիրտ ու հոգի
Այդպես շռայլող,
Այդքան անհարկի ավերումներով,
Այդքան անկոտրում,
Անմիտ լավատես,
Այդքան անիմաստ՝ հավելումներով
Ու տարվող այդպես
Ամեն սուտ բառով,
Սրտումդ այդքան
Կրակ ու կարոտ
Նետած քեզ իզուր, խփած պատե-պառ,
Զառնված անվերջ
Քարափ ու քարով,
Ո՞վ է այդպես խենթ,
Անհիմն շռայլ
Քեզ աշխարհ բերել.
Եվ ո՞ւմ համար է մորմոքում հոգիդ
Դու ո՞ւմ չես ներել...

Երբ խոհերը լուռ
Տողեր են դառնում
Եվ կայծկլտում են նյարդերիդ բոլոր
Ծալքերում քնատ,
Ու ելնում ես դու
Հոգնած ու գունատ,
Այրված ու մթին լապտերի նման,
Որ մթագնել էր մի ակնթարթում,
Խամրում ես դու էլ
Դժվար ու դանդաղ.
Նատում ես լռին,
Թերթում ես դու քեզ՝
Ինքդ քեզ կարդում:
Դառնում ես անցած-դարձած օրերին
Ողջ գիշերն արթուն.
Օրերի փակված էջերն ես բանում
Ու լուռ ընթանում... Օրերի ճամփով,
Մինչ լուսաբացն է ընդառաջում քեզ՝
Կապույտների մեջ,
Արևով ներկած.
Ու նստում ես դու,
Նատում ես նորից ու միտք ես անում՝
Թե մարդը որքան դանդաղ է այրվում
Ու որքան երկար:

Եվ հիմարավուն այս բարությունը՝
Որ ոտքս հաճախ խփում է քարին,
Գլուխս՝ պատին,
Ու մի նոր խորշոմ գումարում նորից
Իմ վաղուց արդեն հոգնած ճակատին,
Եվ հավատը այս
Պարզ ու մանկամիտ
Ու պայծառատես՝
Որ թողնում է ինձ
Կապույտ փուչիկը ձեռքի մեջ պայթած
Երեխայի պես.
Եվ ետ ու առաջ մղելով անվերջ
Շրջում է տարին...
Հետո դառնացած ես միտք եմ անում
Ու չեմ հասկանում
Թե որն է բարին:

Սրտիդ վնաս են բարձրությունները,
Դու ապրիր խաղաղ ստորոտում.
Ձյունի շերտեր են ու ցուրտ է վերը,
Դժվար է շնչել բարձր օդում:
Իչի համար են այս մղումները,
Եվ կայծակների քմահաճ դերը,
Ու վեր ելնելու հաշիշ ու տենդ:
Եվ ինչ են անում այն կատարները
Սառույցների մեջ արձանացած,
Ի ցույց աշխարհին քարացած վերը,
Հնար էլ չունեն նայելու ցած:
Եվ ի՞նչ են արել ամպերը իրար,
Կուտակվել սև-սև ու որոտում,
Սրտիդ վնաս են մեծ-մեծ բառերը,
Մեծանունները, մեծարանքները,
Դու ապրիր խաղաղ ստորոտում:

ՄԻ ԹԱՆԿ ԲԱՐԵԿԱՄԻ

Անհաշտ, աններող, աննկուն ու պինդ,
Ուղիղ՝ բոլոր ծուռ ճամփեքի դիմաց.
Ի՞նչ է պակասել աշխարհի մեջ ինձ,
Ես նոր եմ, նոր եմ հասկանում հիմա:
Այդքան ջերմ, այդքան սակավաժպիտ,
Դաժան խոսքերով բարի քեզ նման,
Ի՞նչ է պակասել աշխարհի մեջ ինձ,
Ես նոր եմ, նոր եմ հասկանում հիմա:
Գոլ ժաիտներ են իմ շուրջը քամած,
Փոքրիկ ու չնչին առ ու ծախերի
Ցանց է միգամած.
Ու թմրել եմ ես, թմրել ակամա,
Ինքս էլ ոչինչ չհասկանալով,
Շարքի մեջ ընկած անսիրտ գնալով,
Ո՞ւր եմ ընթանում, չգիտեմ հիմա
Անսպասելի աատակի նման,
Արթնացրու դու ինձ,
Արթնացրու դու ինձ:

ՄԻ ԱՐՁԱՆԱՑԻՐ

Մի արձանացիր,
Դիմացիր փառքին, փառաբանումին,
Քեզնից դուրս եկած թռչող անունին,
Գովասանքներով լցված քո ունկին,
Անգործ մնացած մերկ հավատների
Կույր պաշտամունքին,
Որ կամենում են քեզանով լցնել
Անսահմանների դատարկն, իմացիր
Եվ անհագության
Քաղցը հագեցնել...
Եվ դեռ դիմացիր,
Եվ դեռ դիմացիր`
Արձանի համար դիրքին ու տեղին,
Ու տեղ չճարած տխմար հեղեղին,
Կուրծք տուր, դիմացիր,
Մի արձանացիր:
Քանի ապրում ես, շնչում ես՝
Դեռ կաս,
Քանի տաք արյան ալիքներով է
Մարմինդ ներկած,
Քանի նյարդերդ չեն լցվել կիրով,
Քանի չեն խեղված,
Քանի չեն խցված,
Քանի քարով չեն ձևերդ գծված,
Մի արձանացիր,
Մի արձանացիր,
Հերիք է արդեն,
Հերիք է արդեն,
Արձաններով է աշխարհը լցված:

Ծանր է նստել ինքդ քեզ հետ,
Ու լուռ գլուխ թեքել.
Խորհել՝ ինչ ես դու սպասել,
Եվ ինչ է դուրս եկել:
Խոստովանել թեկուզ և քեզ,
Թեկուզ և ուշ այդպես,
Որ պակաս է ուժդ եղել,
Քան ինքդ էիր կարծում,
Որ զիջել ես ճիշտը հաճախ,
Շեղվել ինչ-որ հարցում.
Եվ շիկնում ես ինքդ քո դեմ
Ամոթից ու ցավից,
Երբ առագաստն արդեն թողել,
Երբ իջնում ես նավից:

Օրեր կան, որ ծերանում ես
Մեկեն տասը տարու չափ,
Սայթաքում ես ասես հանկարծ
Ու գլորվում ափնթափ,
Օրեր կան, որ ծերանում ես
Մեկեն տասը տարու չափ:
Վայրկյաններ կան այնպես դաժան,
Հարվածներ կան այնպես խոր,
Կսկիծներ կան անակնկալ,
Վշտեր անհուն ահավոր՝
Մեկեն այնպես ես քարանում,
Որ չես ջոկում ցուրտ ու տապ,
Անհնար է թվում արդեն
Ամեն թռիչք, ամեն թափ:
Օրեր կան, որ ծերանում ես
Մեկեն տասը տարու չափ.
Մարդը կապրեր հազար տարի,
Չլինեին օրերն այդ:

Նոր տարազի համար
Անհարմար եմ արդեն.
Ծանր եմ դարձել ինչ-որ,
Ու դանդաղաշարժ:
էլ չեմ կարող խղճիս
Նոր ծանրություն բարդել,
Իզուր այսքան փորձերն
Ու փորձանքներն այսքան,
Միևնույն է, կրկին
Մնացի ես անվարժ,
Մնացի ես անվարժ
Հարթ ու հեշտի համար,
Եվ սերերի անսեր՝
Սիրտ ու հոգի քամած:
Ու չտրվեց ոչինչ
Իմ հոգու մեջ քանդել,
Դրսից փխրուն դարձա,
Ներսից դարձա ամուր,
Ներսից դժվար ու դիք
Եվ ավելի անթեք․
Նոր տարազի համար
Անհարմար եմ արդեն:

Մանկան ժպիտի
Նման
Սուրբ մի բան
Ջնջում է բոլոր
Վշտերը հոգուս.
Ու կանգնած եմ դեռ,
Ու դեռ չեմ չոքում:
Մի լույսի կոհակ
Միշտ արդար հունով,
Արևի մի թել
Ստվեր չընդունող.
Իմ կարոտի մեջ,
Իմ հոգու խորքում
Մութը ջնջելով
Բարձրանում է վեր.
Ու պահում է ինձ,
Պահում է ինձ դեռ:

Ափսոս, ափսոս
Իմ կրակե ծաղիկներին,
Ափսոս, ափսոս
Իմ երգերին, կորած լռին
Ափսոս, ափսոս,
Որ ինձ հետ եմ միայն խոսում,
Հազար ափսոս,
Որ միայն ես եմ ափսոսում...

Կես դար էր պետք, որ իմ կողքից
Քայլողներին ես ճանաչեմ,
Կես դար էր պետք վարժվելու ինձ,
Որ սիրելի դեմք տեսնելիս,
Չշփոթվեմ ու չամաչեմ,
Որ չշիկնեմ մանկան նման՝
Ասելիքս չմոռանամ,
Որ չփլվեմ աջ ու ձախից՝
Կանգնեմ ամուր ու անզիջող,
Բռնած ուղիս
Ուղիղ գնամ:
Որ անարժան հարազատին
Չտամ ամբողջ ուժ ու կորով,
Որ չկորչեմ մանր ու չնչին
Հոգսերի մեջ բազմահոլով,
Որ կարենամ խոստովանել,
Թե հոգնել եմ կեղծ ու վատից՝
Փակված ու խուլ հոգիներից
Մշտադարան,
Անամոթից անընկրկում
Ու անվարան,
Շողոքորթից,
Շաղակրատից,
Որ կարենամ այսքան շատից
Անեղծ լույսի մի շիթ շահել
Եվ երկրային իմ աստծու՝
Իմ զավակի հոգում արդար
Խորունկ պահել։

ԼԱՎԻ ԿԱՐՈՏ

Լավի կարոտ, լավի կարոտ՝
Գեղեցիկի, սրտի, հոգու:
Աշնանամուտ է դռան մոտ,
Ձյուն-ձմեռն է շուտով չոքում:
Լավի կարոտ, լավի կարոտ,
Ինչո՜ւ արդեն դու չես մարում,
Դրսից ձյուն է մաղում կամաց,
Իսկ դու ներսից հուր ես վառում:
Լավի կարոտ, լավի կարոտ,
Դարձրել ես ինձ երեխա,
Խփել անվերջ լեռ ու քարով,
Ճերմակում եմ արդեն ահա,
Նորից հրդեհ, նորից վառոդ:
Լավի կարոտ, լավի կարոտ,
Հագեցրե՞լ ես դու երբևէ
Սիրտը մարդու.
Եվ ինչո՞ւ ես դու միշտ այդպես
Մշտամորմոք ու մշտարթուն,
Այդպես առատ, այդպես հորդուն,
Եվ մինչև ո՞ւր, մինչև ո՞ւր ես,
Ասա՜, դու մեզ առաջնորդում,
Լավի կարոտ, լավի կարոտ:

ՄԵԶ ԱՅԴ Է ՄՆՈՒՄ

Երբ ամեն իղձ ու երազանք՝ հալած,
Կրակն իր վերջին
Շողերն է մարում,
Եվ քամին դեղնած տերևների հետ,
Հրաժեշտի հին
Մի վալս է պարում,
Ամեն, ամեն ինչ
Կորցրած արդեն,
Մարդն իմաստուն է իրեն համարում,
Եվ դրանով է սփոփում իրեն
Ու մխիթարում:
Այսպես ենք ահա՝
Երբ տաք լուսեղեն գույների վրա
Ժամանակն իր պաղ
Մոխիրն է ցանում,
Սիրտ ենք տալիս մեզ՝
Փորձում ամոքել
Ու դեռ չչոքել,
Բացատրում ենք ու մեկնաբանում՝
Մեզ այդ է մնում:

ԿԱՐԵՆԱՅԻՆՔ

Կարենայինք մենք ամեն ինչ
Ժամանակին գնահատել,
Կարենայինք.
Փուչ անպետքից լավը զատել,
Լավն ազատել
Կարենայինք,
Փակ աչքերով չգնայինք
Մի սխալից դեպի մեկը,
Չթողնեինք ուղիղ ճամփան
Ու չընտրեինք ծուռն ու թեքը:
Ասենք սխալ ով չի արել,
Ով է կյանքն իր անթեք տարել,
Միայն թե ճիշտ ժամանակին,
Սխալ ճամփան ճշտով հատել
Կարենայինք:
Մեր մեղքերը ուրիշներին
Չփաթաթել կարենայինք,
Մեր անհոգի քայլի համար,
Մեզ նախատել
Կարենայինք,
Արդար, ազնիվ, օտարի պես,
Մեր հարազատ
Որդուն դատել
Կարենայինք։
Կարենայինք չկորցնել
Մեր մեջ եղած վեհն ու թանկը,
Թանկ պահեինք այսքան գորովն,
Այսքան ուժերն,
Այսքան ջանքը,
Որքան պիտի շահեր կյանքը՝
Կարենայինք:
Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Generations, 2023
Generations, 2023
Play Online

Support us! Buy our art based products from online shop