Levon Khechoyan

Ուսուցիչը

Երկու հարյուր կիլոմետր եկել էինք բեռնատարով, էլի չորս հարյուր կիլոմետր պիտի անցնեինք։ Բեռնատարի երկաթե թափքը հարել էր մեր կողերն, ու մենք ամբողջ մարմնով ջարդոտված էինք։ Բեռնատարը, առանց ընթացքը դանդա ղեցնելու, անցնում էր անկամուրջ գետերի, քարուքանդ փոսերի, անորոշ հոտ արձակող հրկիզված գյուղերի, փոշու եւ ճանապարհի եզրերը բռնած գաղթականների քարավանների միջով։ Ոչ մեկին չէինք վերցնում, առանց խտրականության` ծեր լիներ, թե մանուկ։ Մեզ դուր չէր գալիս, որ նրանք այդպես հապշտապ հեռանում էին։ Նույն ընթացքով լեռնոտ զառիվայրեր ու մի քանի շրջադարձեր էլ անցանք, հրամանատարը ես չէի, բայց մեքե նայի խցիկը ծեծեցի, որ կանգնի։

Նրա դատարկ ուսապարկը մինչեւ հետույքն էր հասնում, մյուսներին ետ էր թողել ու նրանցից շատ էր առաջ անցել։ Նիհար, երկար ոտքերով լոք տալով քայլում էր` արագ֊արագ, շտապելով։ Հրամանատարը ես չէի, բայց ասի․ «Փաստաթղթերդ ցույց տուր», եւ ասացի․ «Բա ինչո՞ւ հեռանալու թույլտվություն չունես»։ Մենք արդեն անցնում էինք թշնամուց վերցված տարածք ներով, նույն տեղում երկար կանգնել չէր կարելի, վարորդը շտապեցնում էր։ Ասաց․ «Կիսլովոդսկ եմ գնում, ուսուցիչ եմ, գիշերն ուզում եմ թռչել Կիսլովոդսկ, քույրս այնտեղ մահացել է, ուզում եմ թաղմանը հասնել»։ Տղաներն ասացին․ «Խաբում է, թող ոտքով գնա»։ Այդ տարածքներում, երկարող օրվա, խանձ ված բլուրների ու թանձրացող ստվերների մեջ մարդ թողնել չի կարելի, հրամանատարն ասաց․ «Թող նստի»։ Տղաներն ասացին․ «Չէ»։

Նա անվարժ բարձրանում էր թափք, մեզանից ոչ մեկը չօգնեց, նրա շալվարի կարերը քանդվեցին։ Մենք այնպիսի դիրք ընդունեցինք, որ նրան առաջամասում տեղ չլինի։ Նրան ուսերով ու մեր երկաթե հանդերձավորումների մեջ սեղմելով` քշում էինք ետ։ Տղաներից մեկը, պառկած տեղը իբրեւ շրջվում էր, զինվորական չոր կոշիկներով խփեց նրա սրունքի ոսկրոտ տեղին։ Նա գնաց ու կծկվեց թափքի հետնամասում։ Քամին մեր տակի ծղոտե մղեղը պտտեցնում, պտտեցնում եւ ուղիղ խփում էր նրա դեմքին։

Մենք գիտենք, որ ուր որ է, նրա աչքերը կարմրելու են։ Մեզանից շատերի աչքերն էին բորբոքված երկար անքնությունից ու մղեղի դիմահարությունից։ Մենք նրա խնդրագին ծխախոտ ուզելը բանի տեղ չդրինք։ Սլացիկ քամին մեզ խանգարում էր նրա հետ խոսել, բայց տղաներից մեկը գոռալով ասաց․ «Մենք այդքան երկար այնտեղ էինք, դու երիտասարդ ես ու թողած գնում ես։ Մեկ է, քեզ իջեցնելու եմ մեքենայից, հենց հասանք մեր տարածքը` գիշեր լինի, թե ցերեկ, առաջին կանգառի ժամանակ իջեցնելու եմ մեքենայից»։ Ասաց․ «Քույրս մահացել է Կիսլովոդսկում»։ Իբրեւ քամին խանգարում է` գոռացինք․ «Խաբում ես, բոլոր փախչողներն էլ այդպես են ասում»։ Գոռալով ասացինք․ «Խաբեբա, դու ոչ մի ուսուցիչ էլ չես»։ Չգիտեմ ով, մեզանից մեկն ասաց․ «Տականք»։ Մենք բոլորս լսեցինք, ինքն էլ լսեց ու էլ ծխախոտ չուզեց։ Մեզանից մեկը պառկած տեղից բարձրացավ, ծնկաչոք գնաց մեքենայի հետնամասը ու նրան մոտիկ զինամթերքով արկղը հեռացրեց ոտքերի առաջից։ Նա արդեն բորբոքված, արնակոխ աչքերը խոնարհեց։ Մի վերնաշապիկով էր, ու սլացիկ մեքենայի հարվածող քամին թափքի հետնամասում էր պտտվում, որտեղ նա էր նստած։ Մենք գիտեինք, որ նա մրսում էր, մեր տաք մուշտակները, որ մեր տակն էինք գցել, նրան չէինք տալիս։

Տղաներից մեկն ասաց․ «Ուսապարկը չստուգե՞նք, կարող է ոսկի֊մոսկի էլ գողացած լինի»։ Ձորի հարեւանությամբ ու երկու մերկ սարերի արանքում հանկարծ մեքենան կանգնեց։ Մեզանից ոչ մեկը այդպիսի տեղեր չէր սիրում։ Վարորդն ասաց․ «Դողը թողեց, այսպես երկար գնալ չի լինի, ստիպված այստեղ պիտի փոխենք»։

Զենքերով թափքից ցատկեցինք ու մեքենան շուրջանակի պաշտպանության տակ առած` դիրքավորվեցինք։ Վարորդը փութ կոտորեն դողն էր փոխում։ Մենք հեռվից, մեր դիրքերից, տեսնում էինք, որ նա էլ է թափքից չարչարվելով, անվարժ իջնում, հետո գնաց ու վարորդի դիմաց, որ կողմերից որ վտանգ կար, մի քարի նստեց։ Նա այդպես նստած էր, հետո տղաներից մեկն ասաց․ «Էդ ձեռքը ինչի՞ է վերեւ պարզել»։ Հեռադիտակով նայողն ասաց․ «Մատների վրա զատիկ է նստեցրել, զատիկի հետ է խաղում»։

Փոխհրամանատարն ասաց․ «Չգնա՞մ ու դրան խփեմ, էդքան սիրտ ունեիր` չհեռանայիր։ Գնամ փամփուշտակալը վրեն դատարկեմ»։ Հրամանատարը մեզ վրա գոռաց, ասաց․ «Վերջ տվեք ծխելուն, ծխախոտի հոտը գցել եք, չե՞ք տեսնում քամին ծուխը էն կողմ է տանում»։ Փոխհրամանատարը չէր հանդարտվում, Գուրգենը սապոգը հանել, գլաքարով կրունկը հարող մեխն էր ծեծում։ Հրամանատարն ասաց․ «Այ տա…», հետո գոռաց․ «Հագիր սապոգդ, այ տա…»։ Փոխհրամանատարն այլեւս չբարձրացավ պառկած տեղից, զենքը դրեց գետնին, շրջվեց մեջքին` ձեռները գլխի տակ այնքան նայեց արեւին, մինչեւ աչքերից արցունք եկավ։ Արամն ասաց․ «Էդ Հրոյին նայեք, նրան ծխախոտ է տվել»։ Մի ծխախոտ էլ վարորդի բերանին կար։

Մենք էլ չէինք ծխում, ոչ էլ խոսում էինք, բայց նեղվում էինք արեւի հարվածից, երբ մեջընդմեջ դադարում էր սարերի միջով հոսող միջանցիկ քամին, մի տեսակ կծող շոգ էր իջնում ու անվստահություն առաջացնում մերձակա լուռ ձորերի ու երկու լերկ, անթռչուն սարերի նկատմամբ, բոլորս էլ գիտենք, թե ինչ բան է շուրջկալը։ Հետո վարորդը զգույշ գոռաց, մենք եկանք, անաղմուկ բարձրացանք թափքը։ Նա դարձյալ ուզում էր առաջամասում, մեր մեջ նստել, «տականք» չասացինք, բայց ասինք․ «Ուրեմն թողել ու գնում ես, վախկոտ։ Այդպիսի ուսուցիչ կլինի՞»։ Տղաներից մեկը մյուսին լուցկի էր նետում, նա ծնկաչոք երկուսի մեջտեղն էր, կպավ դեմքին։ Առանց ծպտուն հանելու` գնաց մեքենայի հետնամասը` իր տեղը։

Հետո, երկար ճանապարհի ընթացքում, պաղ քամին ու մղեղը դիմահար խփում ու խփում էին նրան, ու ճակատին քրտինքի կաթիլներ շարվեցին։ Մեր բժիշկը առաջամասում նստածներիս ասաց․ «Ներքին օրգանների հիվանդություն ունի, պաղը չի կարե լի նրան»։ Մենք բոլորս աչքներս փակ պառկած էինք, ու լռությունն այնպես իջավ, թվաց` բոլորս քնած ենք։ Բժիշկն ինքն էլ ալարկոտ էր, անգործունյա, քնածի պես։ Մի քանի օր առաջ թշնամու նշանառուն մեր ջոկատի Մուրադին խփել էր, ինքը ոչնչով չկարողացավ օգնել, դրա համար էլ ոչ մի տագնապ չկար նրա ձայնի մեջ, երբ ասաց․ «Նրան պաղը չի կարելի, ցավի նոպաներ կսկսվեն»։ Հետո այդպես, համարյա քնած, ծեծված կողերի վրա շուռ ու մուռ գալով, գնացինք ու գնացինք, հասանք մեր տարածքը` լեռնոտ, ամենացուրտ գոտին, ու մեքենան կանգնեց աղբյուրի մոտ։ Անմթերք մառանապետ֊խոհարարը դարձյալ հայտարարեց․ «Սուխարի, շարվեք, երկուսին` մի սուխարի»։

Արդեն վերջին տասնյոթ օրը նա այդ նույն հայտարարությունն էր անում, դրա համար էլ նրան մի կծու հայհոյանքով անուն էինք դրել, ինքը լսում ու չլսելու էր տալիս։ Պաքսիմատից զզված` հաց էինք ուզում։ Պաքսիմատը անախորժակ, մի կերպ ծամում ու ջուր էինք խմում։ Մեքենան հեռվում էր, մենք նրան մեքենայի վրա էինք թողել, իջել, եկել էր մեր մեջ։ Ուսապարկից մի կտոր հաց էր հանել, ասաց․ «Երկու օր ոտքով եկա, էսքան մնաց…»։ Գուրգենը` Մուրադի դպրոցական ընկերը, նրան թիկունքից հրեց, ասաց․ «Հացդ առ գնա, ես քո…»։ Գուրգենը նրան չհայհոյեց, ոչ էլ նրա մորը, անմիջապես ու միանգամից նրա պարզած հացին հայհոյեց։ Երբ մենք կռվում էինք, Մուրադը` նրա ամենամոտ ընկերը, գնացել էր մեզ համար հաց բերելու, եւ նրանց նշանառուն խփել էր նրան, ու Գուրգենը, երբ հացի անուն էր լսում, անմիջապես հայհոյում էր հացին։ Երբ ասում էի` հաց հայհոյելը մեղք է, իմ մեղք ասածին էլ էր հայհոյում։ Ասում էր․ «Ձեզանից ոչ մեկի գործն էլ չի, ինչքան սիրտս ուզի` պիտի հայհոյեմ։ Պրծանք, գնացինք, վերջ»։ Ճանապարհից վերցվածը գնացել, մեքենայի հակառակ կողմն էր կանգնել, մենք նրան չէինք տեսնում, բայց գիտեինք, որ այնտեղ է։ Տղաներից` չգիտեմ ով էր, ասաց․ «Գնամ, տեսնեմ, հանկարծ դողի վրա միզած եղավ` սատկացնելու եմ»,– ասաց․ «Հրամանատար, չարգելես, ես դրան սատկացնելու եմ»։

Արդեն մթնում էր, մենք բարձրանում էինք մեքենան, նա հակառակ կողմից թիկն տված դողին` հաց էր ծամում։ Գուրգենը թափքից նրան ասաց․ «Քեզ չասի՞նք մեր տարածքում հենց առաջին կանգառից ոտքով ես գնալու»։ Պարզ տեսանք` մրսում էր, ճակատին առատ քրտինք կար։ Ասաց․ «Քույրս Կիսլո վոդսկում մահացել է…»։ Հետո ուսապարկն ուսեց, ուզում էր գնալ։ Ջոկատի տղաներից ամենաբոյովը չթողեց, բռնեց նրա վերնաշապիկի օձիքից ու վերեւ քաշեց։ Նա ինքն էլ ձեռքով թափքից կառչեց, օգնում էր բոյովին, իրեն բարձրացնի։ Բոյովը օձիքից հարմար չէր բռնել ու չէր էլ բռնում, խեղդրտելով ու նրա վերնաշապիկի օձիքի կոճակները կտրտելով էր վերեւ քաշում։ Ասաց․ «Վեր ընկիր տեղդ»։ Հետո մութն ընկել էր, ու մենք չէինք խոսում, Մուրադի դագաղի շուրջը պառկել էինք ու, երեւի մեզա նից կեսից ավելին, անքուն գիշերներից հետո թմբիրի մեջ էր` այտուցված կող ու կոնքերի վրա։

Մեքենայի հետնամասից տնքոց, թե հեծկլտոց լսվեց։ Մենք նրան չէինք տեսնում, նրա նստած տեղը սեւ, նշմարելի զանգված էր։ Մեզանից մեկը մթան մեջ խոսեց․ «Բժիշկ,– ասաց,– էնտեղ կին ասածը մտքովս չէր անցնում, հիմա ոնց որ թե լրիվ տղամարդ եմ, էդ ինչի՞ց էր»։ Ասաց․ «Գլուխը ինչի՞ համար է, դու մտածիր»։ Հետո նորից պարզ լսեցինք նրա լացի ձայնը, մենք դարձյալ չէինք տեսնում, նրա նստած տեղը սեւ, ծալծլվող, նշմարելի զանգված էր։ Մութ տեղը խոսողն ասաց․ «Բժիշկ, պաղը ինչի՞ չի կարելի ուսուցչին»։ «Բոլորիդ արդեն ասել եմ, համ էլ խոսելու ցանկություն չունեմ»։ Մեզանից մեկը գնաց, ուսուցչի ձեռքից բռնած բերեց մեր մեջ, մութ էր, ու չիմացանք ով էր։ Բայց երբ բացում էինք աչքներս, ուսուցչի նստած տեղում դարձյալ զանգվածաձեւ մեկը կար, ու չգիտեինք, մեզանից մեկը հաստատ գնաց, նրա ձեռքից բռնած բերե՞ց մեր մեջ, թե՞ մեքենայի հետնամասում նստած մութ զանգվածը նա էր։

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Portrait of Sos Sargsyan
Portrait of Sos Sargsyan
Play Online