Lazaros Aghayan

Խիզախը կամ Աներկյուղը

Էլել է, չի էլել՝ մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ մեծանում է՝ լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.

― Ա՛խ, ինչպե՜ս կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ի՛նչ բան է երկյուղը։

Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.

― Ես ուզում եմ տեսնել, թե ի՛նչ բան է երկյուղը․ եթե այդպիսի արհեստավոր կա՝ ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։

― Որդի՛, երկյուղը ո՛չ արհեստ է, ո՛չ արհեստավոր,― ասում է մայրը,― այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա. եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն՝ քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։

― Մա՛յր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,― ասում է տղան,― ուզում եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…

― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։

― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։

― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։

Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում էր.

― Գնում եմ երկյուղ փնտրելու։

― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ո՛չ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը։

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր, ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները, ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջեմեջ սյուներ թողնելով, որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք, զաղեք, քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ի՞նչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, և բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա՛ այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

- Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,- հարցրեց նրան ավազակապետը,- ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։

Աներկյուղը պատասխանեց.

- Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։

Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.

- Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։

- Բայց ես ուզո՛ւմ եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե՝ ի՛նչ բան է վախը։

- Եթե այդքան ցանկանում ես՝ մեզ մոտ կաց և կտեսնես։

- Շատ շնորհակալ կլինեմ,– ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։

Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ, և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզն այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ, և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ՝ նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը՝ սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։

- Այս տղան մեզ շատ պետք կգա,– ասաց ավազակապետը մյուսներին։- Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։

Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո, նրա աներկյուղությունը փորձելու համար, ավազակապետն ասաց նրան.

- Այս քանի օր է՝ փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն թե՝ այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին։

Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։

Երբ լավ մթնեց՝ Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը (թևը), տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է՝ նա, փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.

- Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավակա՛ն է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի, բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։

Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։

- Ասացի, որ էլ չե՛մ տալ, խելք ունես՝ ձեռքդ ե՛տ քաշիր, թե չէ՝ կրակով կայրեմ։

Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ՝ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը իրան չճանաչի։ Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։

- Օ՜… այդպես բան չի լինիլ,– ասաց նա,– երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։

- Կարելի է,– ասաց Աներկյուղը՝ չիմանալով, թե ի՛նչ բան է աչքին երևալը.– ուրեմն, եթե վախն այդ է՝ ես նրա գլխին լավ օյին դրի։

Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը։ Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով, երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։

Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ՝ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ՝ ավազակապետի սիրտը կասկած ընկավ, և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ի՛նքն է և ո՛չ ուրիշ մարդ…

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

The knight woman
The knight woman
Play Online