Husik Ara

Քաղաք` 782 թվով գաղտնագրված

Օրենքների գրքի հին ու առաջին ձեռագրերում
տեսա քաղաք՝ 782 թվով գաղտնագրված:
Հսկաների ժամանակն էր երկրի վրա,
իսկ երկնքում իշխում էին բազմաթիվ աստվածներ.
նախաստեղծ էր տոմարը և օրացույցում հաշվարկն էր ուրիշ:
Ընթերցումների նորագույն մեկնությամբ կարդում եմ ահա.
«Այս քաղաքը հոյակապ կառուցեցի ես`
արքա աստվածային մեծության և նվաճված երկրների.
սիրո ու արբունքի աղյուսներով շարեցի պատերը
և շրջանաձև պատեցի խաղաղության պարիսպներով.
քեզ՝ ձեռակերտ բուրմունք, հարդարեցի այնքան,
որքան գեղեցկությանդ սահմանն էր թույլ տալիս:
Քո աշնան վերջին տերևը նկարեցի սիզամարգին ընկած
և սահող ամպիդ ընթացքը դաջեցի ժայռին`
հավաստելով, թե իմ քաղաքում ոչինչ չի կորչում.
քեզ այսպես հրաշալի իմ շուրջը կառուցեցի»:
Բայց մինչև իրականությունն այդ արքայաբար գրված,
քո ժամանակը առասպելից է գալիս, քաղա՛ք.
առեղծվածի ուրվապատկերով քո անվիճելի տեսքն է արտացոլվել
հին գրերում հիշատակված Մասիս կամ Արարատ լեռան հայելու մեջ:
Աշխարհը դեռ նոր էր սկսվում,
երբ ալեմորուս Նոյը առաջինը քե՛զ տեսավ երկրի վրա
ու տապանակիր լեռան թաց լանջից Աստծուն ավետեց.
«Երևա՜ց, հո՜ղը երևաց»:
Հենց այդ փրկության կանչն էլ դարձավ քո անունը:
Քաղաք, դեռ ջրհեղեղի ջրերով մաքրված,
որ պիտի շնկշնկայիր որպես նախաստեղծ առավոտ.
բայց տոմարն է հիմա ուրիշ և օրացույցում այլ հաշվարկ է:

Share Button
Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

Saint Malo
Saint Malo
Play Online