Hrant Matevosyan

Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ

Ես ինձ համարում եմ այն բացառիկ երջանիկներից մեկը, ով բարեբախտություն է ունեցել ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցը լինելու, այլև վայելելու մեծ արձակագրի և մեծ մարդու մտերմությունն ու վստահությունը: Առաջին հայացքից հասարակ, մատչելի թվացող նրա արտաքինի տակ թաքնված էր տիեզերածավալ մի հոգեաշխարհ, որտեղ կեղծ ու անբարո մարդը երբեք մուտք գործել չէր կարող: Շատերը գուցե պնդեն, թե ճանաչել են Հրանտ Մաթևոսյան մարդուն, բայց համոզված եմ՝ ճանաչել են այնքան, ինչքան միայն աչքը կարող է տեսնել կամ ականջը՝ լսել: Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը: Յուրաքանչյուր բառը պիտի հնչեր սեփական ձայնով: Վախենում էր մեռած բառերից: Վերջին տարիներին ժուռնալիստի աշխատանքը մի երևույթ բացահայտեց ինձ համար: Մարդիկ կան՝ խոսում են սահուն, հաճելի, բայց երբ այդ խոսքը դարձնում ես գրավոր, տակը ոչինչ չի մնում, որովհետև ասելիք չկա, չկա երկյուղածություն բառի նկատմամբ: Ամբողջը ծեծված մտքերի ու ավելորդ բառերի անհարկի կրկնություն է: Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուրիշ էր՝ երբ գրավոր էիր դարձնում, պարզվում էր՝ ոչ մի ավելորդ բառ չի ասված: Ոչ կարող ես պակասեցնել, ոչ ավելացնել:
Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը: Ցուրտ ու դժվար տարիներին նրան դիմողը երբեք ձեռնունայն չէր հեռանում: Տալիս էր անգամ նրանց, ովքեր ստանալուց հետո չէին հապաղում չարախոսել: Մի օր, երբ եկա մոտը, զգացի՝ տրամադրությունը բարձր էր: Միանգամից աչքի զարնվեց, որովհետև հաճախակի էր անտրամադիր լինում: «Նոր կոստյում եմ հագել, – ժպտաց, – տեսա գրպանում տասը դոլլար կա: Մեկին կտամ»:
Համեստ էր ու խոնարհ զարմանալու աստիճանի, ինչը հատուկ է մեծերին, ինչպես մեծամտությունը՝ ապաշնորհներին: Հիմա, երբ չկա, նոր կզգանք իր կարիքը, կտեսնենք բաց մնացած իր տեղը: Իր խոսքը, իր ասելիքն անմիջական էր՝ իր գյուղի, իր դրկիցի, իր ազգի մասին, առանց ավելորդ ջղաձգությունների, առանց ծռմռվելու, առանց օտարամեծարության: Նա բավարարված և հպարտ էր իր նախնիներից ստացած ժառանգությամբ և իրեն տրվածով ելավ համաշխարհային ասպարեզ ու մի աստիճան վեր բարձրացրեց պապերից և նախապապերից ժառանգածը: Մինչև վերջին բջիջը հայ էր, լոռեցի, միևնույն ժամանակ՝ լիարյուն աշխարհաքաղաքացի: Նա համամարդկային երթին միանալու համար երբեք չփոխեց տարազը, մտավ այնպես, ինչպես կար՝ հայ, լոռեցի, ահնիձորցի Իգնատի զավակ: Եվ աշխարհը ճանաչեց ու ընդունեց հենց այդպիսին:
Գրական աշխարհին առնչվելու առաջին իսկ օրվանից երազում էի ծանոթանալ, զրուցել հետը, մոտիկից ճանաչել՝ պաշտում եմ իր գրականությունը: Երազանքս, չնայած ուշ, բայց իրականացավ Գրողների միության նախագահ դառնալուց հետո: Առաջին իսկ հանդիպումից մտերմացանք: Հաճախ և երկար զրուցում էինք: Այնքա՜ն բաց ու անպաշտպան էր կյանքի դեմ: Ինչպես անապատում քայլող Հիսուսը: Թվում էր, թե աշխարհի ամենաերջանիկ մարդը պիտի լիներ, բայց մեծ հոգում մեծ տառապանք կար: Խորհրդային միության փլուզումից հետո մի հսկայական աշխարհ էր ավերակվել: Ասես, ճանապարհը կորցրած ուղևոր լիներ:
Ուշ հասկացա, որ հարկավոր է գրի առնել նրա մտքերը, փոխանցել ապագա սերունդներին: Ափսոս ուշ գործի դրեցի ձայնագրիչը: Այնուամենայնիվ, չեմ կասկածում, որ ներկայացրածն էլ բավական է՝ մեծ հայորդուն գոնե մի քիչ ավելի ճանաչելու, մի քիչ նրա հոգուն առնչվելու համար:

06. 08. 1999թ.
– Ովքե՞ր են եղել Ձեր գրական ուսուցիչները:
– Ամենամեծ տպավորությունս... Համարյա երեխա էի, ձեռքս կոտրել էի, պառկած էի հիվանդանոցում: Այնտեղ էլ հանդիպեցի երկու տիտաններին միատեղ՝ կարդացի «Տարաս Բուլբան» Բակունցի թարգմանությամբ: Դա հոյակապ էր: Բայց պիտի ասեմ, որ առաջինն Ակսելը չէ: Առաջինը Չեխովն է՝ Ստեփան Զորյանի վրա իր ազդեցությամբ: Զորյանը գրականություն է բերում Լոռվա բնապատկեր, բարբառ, բարբառի երանգ: Նա նաև հիշեցնում է Թումանյանին, մի եզրով հարում է թումանյանական աշխարհին, ինչը իմ հայրենիքն է, իմ բարբառը: Այդքանով, թերևս, Ստեփան Զորյանը:
Ավելի շատ հակված էի դեպի պրոզա, թերևս պատճառը հենց այդ էր: Պրոզան ինձ ավելի մեծ բանաստեղծություն էր թվում, քան բանաստեղծությունն ինքը: Պրոզայի հանդարտապատումը, կերպարների շարժը լանդշաֆտով. այդ ամենի մեջ մի ձգող գաղտնիք կար՝ մութ լանջեր, ո՛չ արևոտ... էդ ամբողջը Զորյանից արտածվում էր մի տարօրինակ միությամբ: Զորյանի պատմվածքները հուշում-հիշեցնում էին: Նրա խոսքի տակից հոսում էին իմ մանկությունից մտապահված կանաչ լանջերը, ծանոթ անունները, ծանոթ շեշտերը: Բայց որպեսզի չափազանցություն չստացվի, պիտի ասեմ, որ այնքան էլ լիարժեք ուսուցիչ չի եղել... Երկու հատոր կարելի է կազմել, որտեղ անընդհատ առկա է Չեխովի ազդեցությունը: Չնայած մի քանի գործերում համարյա թե հաջողվել է դուրս գալ, ջարդել շրջանակները: Դրանք հայ գրականության գլուխգործոցներ են՝ «Ծիրանին», «Ծովանը», «Խնձորի այգին», «Պատերազմը»:
Եթե անձնական գրադարան կազմելիս լինեի, առնվազն երեք հատոր իրենից կդնեի՝ Թումանյանի մասին հուշերը և պրոզայի բավականին մասը: Որպես ծնողի, հոր, հարազատի՝ կարող էի որդեգրել իր վերաբերմունքն առ պատմությունը: Մեծ մարդ էր՝ խելացի, խղճով, գեղեցիկ: Երբեք խիղճը չէր կորցնի: Բարձր, մտավորական անձնավորություն էր:
Այնքան էլ շատ չեն եղել մեր հանդիպումները՝ ոչ ես էի անամոթ, որ խուժեի իր կյանք, ոչ էլ ինքն էր հավակնոտ, որ կարծեր, թե ամեն եկող իր որդին է, քարը, որի վրա նստած էր, համարեր իր մասը: Այդքան ուժեղ մարդ չէր: Մտավորական, գեղեցիկ անձնավորություն էր: Պիտի կարծեմ, թե առաջին ճիշտ բառերն իր մասին նաև ես ասացի՝ մահվան առիթով:
Տարիներ առաջ էր: Ընդմիջման պես մի բան եղավ: Այստեղ նստած էինք: Թերևս հենց այստեղ, որտեղ մենք նստած ենք: Ես Մնձուրի էի հայտնագործել և ուզում էի ամեն կերպ քարոզել, որ իմանան: Այդ ժամանակ մեռյալ վիճակ էր, մասնավորապես Պոլսում: Ոչ միայն մենք, անգամ դաշնակցական Բեյրութն այնքան էլ լավ չէր ունկնդրում հարմարվողական Պոլիսը և պոլսեցիական գրականությունը: Դա Շահնուր կլիներ թե Մնձուրի... մի խոսքով՝ ինչ վերաբերում էր պոլսեցիական գրականությանը: Այդ պատճառով Մնձուրին շատ ուշացումով մտավ մեր գրականություն: Պատահական երկու պատմվածք էի գտել, և սիրտս պայթում էր, որ ահա այդ մարդը մեզանում չկա: «Սովետական գրականություն» ամսագրին առաջարկեցի: Իր գրականության մասին հղումը կարծես թե կար՝ Ստեփան Կուրտիկյանն ամսագրի մեջ սփյուռքի գրականության տեղեկագիր էր հրապարակում գրախոսությունների տեսքով: Ես այդ ժամանակ «Գրական թերթի» աշխատակից էի, մի քիչ էլ հեղինակություն ունեի Կուրտիկյանի առաջ՝ երկար տարիներ որպես գրաշար, սրբագրիչ, մի ժամանակ էլ որպես աշխատակից իր կողքին էի եղել: Բարձրացա նրա առանձնասենյակ՝ Մնձուրի անունով հեղինակ կա: Զորյանը Կուրտիկյանի կողքին նստած էր: Ասացի՝ Մնձուրի անունով հեղինակ կա: Տարբեր տեղերից երեք պատմվածք եմ ջոկել: Արժե, որ մեզանում հրապարակենք ու ծանոթանանք, ճանաչենք: Տեսա այդ մարդու դեմքի, չեմ ասի քար, անտարբերությունը, բայց ուղղակի իր համար բացարձակապես գոյություն չուներ: Չարության երանգ հայտնվեց խոսքիս մեջ: Ստեփան Զորյանը բազկաթոռի մեջ նստած՝ լուռ նայում էր: Ասացի՝ հեղինակ է: Կուրտիկյանը սեղանի դարակից հանեց Մնձուրու նամակները: Փոքր, նեղ շերտերի վրա նամակներ էր գրել, աննման ձեռագիր ուներ: Տեսնում եմ, որ ձեռագիրն իր մոտ է, ու այդ մարդը բացարձակապես չգիտի՝ ինչ ասել է Հակոբ Մնձուրի: Անզոր աջ նայեցի՝ Ստեփան Զորյանին: Նա զգաց, որ իրենից օգնություն եմ հայցում և իր ծանր խոսքն ասաց. «Մնձուրին մեր լավագույն գյուղագիրն է»: Տեսա, որ գիտի: Սքանչելի մարդ էր: Մեկին չէր վիրավորի, ակտիվորեն խառնված էր գրական աշխարհին: Անունները չտալով, ասաց՝ ավելի լավ է, քան այսինչ-այնինչ հռչակավոր անունները: Այդ անունների մեջ չկար Բակունցի անունը, քանի որ նրա նկատմամբ վերապահ վերաբերմունք ուներ, և հուսանք, որ սխալվում էր:
Ակսելը վարպետ էր, կար, բայց ամենից առաջ կար Գուրգեն Մահարի՝ աշխույժ, գեղեցիկ, պահպանողական, որ իմ մանկությունը լցնում էր: Կար նաև Ստալինյան մրցանակների արժանացող գրականությունը՝ նույնքան նողկալի, որքան պատերազմական, որպես թե հուշապատումներ՝ այնուամենայնիվ ուղղակի կեղծ գրականությունը, որն իր վատ թարգմանությամբ կլանում է ման-կությունը, և որից մարմնի մեջ ոչինչ չի մնում: Ահա այդ գրականությունը կար, և կար նրա հարակից հայ գրականությունը, որ ես մերժում էի: Եթե ռուսները վարպետորեն սյուժեներ սարքելով կարողանում են քեզ կլանել, մերոնք այդ էլ չունեն:
Այդ ընդհանուր ֆոնի վրա Մահարու հայտնությունը շատ գեղեցիկ էր, նաև «Մանկությունը և պատանեկությունը»: Սիբիրից վերադառնալու առիթով հատընտիր հրատարակվեց: Կարծեմ հրատարակիչներն ու խմբագիրները Վահագն Դավթյանն ու Հրանտ Թամրազյանն էին: Հիանալի հավաքածու էր: Իմ գիրքն այդ էր, երբ ես եղբորս՝ Հրաչիկի հետ վարձով էի ապրում Այգեստանի փողոցում: Մեր առաջին գնումը, որ արեցինք, երկու դարականոց սեղան էր, որ և՛ հացի, և՛ մեր գրքերի սեղանն էր: Մեր չնչին աշխատավարձը տալիս էինք գրքերի: Կարծեմ առաջին գիրքս Սուրեն Աղաբաբյանինն է եղել, որ մենագրություն էր Ստեփան Զորյանի մասին: Մտածում էի գրադարան ենք հավաքելու, չհաջողվեց: Հետո թերթվող, մաշվող, ընծայվող գիրք դարձավ Գուրգեն Մահարու՝ արձակագրի, բանաստեղծի գիրքը: Դրանից հետո Մահարու բանաստեղծությունները չեմ կարդացել:
– Գուրգեն Մահարին, որպես արձակագիր, որևէ ազդեցություն ունեցա՞վ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի սկզբնավորման վրա:
– Սկզբնավորման հարցում անպայման պիտի ունենար, չէր կարող չունենալ: Վարակիչ մի բան կար իր գործերում՝ երեխայական անմիջականությունը, աշխույժ ոճը և այլն... չէր կարող չունենալ: Բայց թե ինչ ասել է պրոզա՝ այդ գիտակցության ձևավորման հետ Մահարին պիտի դուրս մնար և մնաց: Իմ գուրգուրած պրոզան խաղաղ պատումի պրոզան է՝ ռուսական, հայերենում՝ Շիրվանզադեն, մի քիչ, մասամբ թումանյանական արձակը: Նրա հանգիստ պատումը: Թումանյանը եզակի է, որ գիտի՝ ինչ ասել է արձակ, ինչ ասել է էպիկա, ինչ ասել է պոեզիա, լիրիկա: Եզակի գիտակ է: Եվ Զորյանի՛ մեջ այդ գիտակցությունը կար: Նա գիտեր՝ ինչ ասել է պրոզա...
Բակունցը «Կարմրաքարը» գրելը դադարեցրեց, որովհետև պատմվածքի ոճով վեպ էր գրում: Վիպերգություն չէ՝ վեպ: Եվ ստիպված ընդհատեց: Սքանչելի կտորներ կան: Այնուամենայնիվ, վեպի ժանր չէ: Վեպ չէ: «Խաղաղ Դոն» չէ: Էպոխան նույնն է: Էպոխայի հարցում նման է, հավակնություն ունի այդ ամբողջ ժամանակաշրջանն ընդգրկելու, բայց իր մեջ չի մշակված դեռևս էպիկական հայացքի հռչակագիրը: Ձեռագիրը դավաճանում է...
Թերևս այս երեքը եղան իմ առաջին ուսուցիչները՝ Մահարին, Բակունցը, Զորյանը: Հետո արդեն տարիքդ առնում ես. վատ կրթություն ես ստացել, գրական վատ դաստիարակություն, լեզուներ չիմանալով՝ քո հայրենիքի սահմաններում մենակ ես մնացել: Իսկ աշխարհում ավելի խոշորները կային, որ պետք է լինեին, բայց չեղան իմ կյանքում, որովհետև տարիքդ առել ես, կարծրացել, ընկալունակությունդ արդեն այն չէ... Մնացածն արդեն հոտառությամբ:
Սիրածս մեծագույն գործը «Հաջի Մուրադն» է՝ համաշխարհային արձակի գագաթը: Տոլստոյի «Կազակները» նույնպես: Բայց շատ ավելի «Հաջի Մուրադը», որ կարծես քարագրություն լինի՝ ճշգրիտ, ամբողջ ժամանակն ընդգրկած: 150 տարվա Չեչնիան այսօրվա Չեչնիան է: Նաև «Կրեյցերյան սոնատը» մեծ գործ է: Պուշկինի պրոզան նույնպես: Պուգաչովի պատմությունը մեծ արձակ է: Ուղղակի սիրահարված եմ՝ մարդ կարողանա իրեն ռեժիմի ենթարկել և բանաստեղծից դառնա արձակագիր, ենթարկվի ժանրի պահանջներին: Ենթարկվի բանաստեղծության, լիրիկայի, էպոսի, հեքիաթի, պատմագրության, արձակի պահանջներին, որոնք որպես ինքնին գոյություններ, ինքնին ներկայություններ, իրենց դիկտատն ունեն, և պետք է ականջ ունենաս ընկնելու այնտեղ: Այդ պատճառով է, որ ես ժամանակին այդպիսի արտահայտություն արեցի, որ թերևս մեր լեզուն արձակի լեզու չէ: Ես իրավունք ունեի այդ արտահայտությունը նետելու, որովհետև եթե ազգային լեզվիդ, հայերենիդ բարձրագույն նվաճումները, գագաթներն են «Վերք Հայաստանին», «Երկիր Նաիրին», Դերենիկ Դեմիրճյանը, և այլն, և այլոք, որտեղ էպիկական պատումը չկա, ես ստիպված եմ մտածել, որ թերևս մեր լեզուն պրոզայի լեզու չէ, որ թերևս մեր մարդը չի կարող գետափին նստել և կրակի կպչելուն սպասելով՝ իր կողքի հարևանին մի սիրուն պատմություն պատմել: Մերոնք աֆորիկ, պատկերալի, կարճ արտահայտություններով միմյանց կցկտուր արտահայտություններ են անում: Ինչպես թուրքը կնստի և իր հարևանին երկար մի պատմություն, նաղլ կպատմի, արաբը մի նաղլ կպատմի, ռուսը իր կողքի ընկերոջը երկար պատմություն կպատմի, կարծես թե մեր լեզուն այդ հատկանիշը չունի: Դրա համար էլ ես ասել եմ, որ թերևս մեր լեզվի հատկանիշը չէ էպիկական, խաղաղ պատումը: Ձգտումս, խաղաղ պատումի երազս այդ է, և չեմ կարծում, թե այդ ուղղությամբ որևէ առաջընթաց քայլ է եղել: Կռիվս անընդհատ խաղաղ պատումի արձակ ստեղծելն է, հանգիստ, առանց մակդիրների, մակդիրների քչությամբ, զուտ բայով և գոյականով, հանգիստ ընթացքի գործեր: Թերևս մի քանի էջ ունենամ հաջողված:

09. 08. 1999 թ.
– Խորհրդային ժամանակներում ստեղծված ընկերությունը շարունակվո՞ւմ է, թե՞ կայսրության անկման հետ վերջացավ: Դա անպայման ինչ-որ մեծ բանի կորուստ է:
– Չեմ ասի, թե Խորհրդային Միությամբ՝ որպես մեծ հայրենիքի ընկալումը ի սկզբանե ունեի, և հարազատությունն էր, որ ուղղակի արտածվում էր այդ հասկացությունից ու կրողներից՝ ռուսներից, ուզբեկներից, վրացիներից և այլն: Բարեկամության և թշնամանքի միասնական, խառն զգացում կար: Կար նաև ազգային ինքնությունը չկորցնելու զգաստություն: Երբեք չէի մոռանում ազգային պատկանելությունս և չէի կարող մոռանալ: Կայսրության փլուզումից հետո էր, որ իսկապես մեծ ու բարի հայրենիք կորցնելու ծանր գիտակցությունը պիտի ունենայի: Կայսրությունն այնքանով էր թշնամի, որքան յուրաքանչյուր պետություն թշնամի է իր քաղաքացու խնդրին: Ինչքան որ ամեն մի անհատ, ինչ պետությունում էլ լինի, թշնամանքի և բարեկամության մեջ է նրա հետ:
Մոսկվայում առաջացավ մեր ընկերների խմբակը, որը հետադարձ հայացքի վերաիմաստավորում չէ: Մի շատ սիրուն խմբակ էր. միասին խմում էինք, միմյանց համար ցավում, հիասթափվում, միմյանց գրածը կարդում և միմյանց պաշտպանում էինք:
– Դա մեծ բան է:
– Դա բավականին մեծ բան էր՝ վրացի Ռեզո Գաբրիաձեի, Անդրեյ Բիտովի ընկերակցությամբ: Ուղղակի բախտի թելադրանքով հավաքվել էինք մի հարկի տակ: Եթե անգամ ամերիկացիների, եվրոպացիների կրակոցների վրա հիանում էինք, մտածում էինք, թե մեր երկիրը չարի թագավորություն է, եթե անգամ ծաղրում-հրճվում էինք, այդուհանդերձ, մի գեղեցիկ բան մեզ միավորում էր: Հրճվում էինք, չհասկանալով, որ մենք ենք այդ իմպերիայի կրողները: Իմպերիան յուրաքանչյուրիս մեջ էր՝ այդ մեծ մարդը, մեծ երկրի քաղաքացին: Պատահական արտահայտություն եմ հիշում, որ մոլդովացին ինձ ասաց. «Պատմության թելադրանքն է, որ երբևէ մենք եղել ենք նաև մի ուրիշ իմպերիայի քաղաքացի: – Նկատի ուներ Օսմանյան իմպերիան: – Այնտեղ՝ իմպերիայում, միասին էինք, հիմա էլ ենք միասին»: Այդ գիտակցությունը կար: Եվ, իհարկե, նվաճումներն էի իմը համարում՝ միասնական կյանք էր, կրոնի միասնություն էր: Եվ վերջապես այս հարցին կարելի է ճիշտ պատասխան գտնել՝ արևելքցի ենք բոլորս: Բոլորս՝ հայերն ու ռուսները, ուկրաինացիներն ու ադրբեջանցիները, մոլդովացիներն ու վրացիները, մի ընդհանուր հատկանիշ ենք դրսևորում: Չնայած բոլորս այս աշխարհի, այս երկրի զավակներն ենք Ավստրալիայի, Ամերիկայի, ամբողջ աշխարհի հետ, այնուամենայնիվ մի քիչ այլ ժողովուրդ ենք: Մեր մշակութային կուռքերն այստեղ են: Առաջ, մեղա Աստծո, Շեքսպիրին ուրանանք, ես չգիտեմ՝ ում ուրանանք, նոր մնացածներին... Հարազատության զգացում ես առաջինների հանդեպ եմ տածում: Սակայն, ասեմ, որ բարձր թռիչքների դեպքում ազգային տարազը բոլորի վրայից ընկնում է: Այս դեպքում, գուցե թե, մի ավելի հայ հայտնվի մի ամերիկացու հանդերձանքով, քան Հայաստանում հայրենի հանդերձանքով: Մեծ թռիչքների դեպքում պիտի ասես, որ Դոն Կիխոտն ավելի հայ է, քան այստեղի իրական դոնկիխոտները, ավելի հայ է անգլիացիների Համլետը, քան մեր այստեղի համլետները...
Չնայած թուրք-ադրբեջանցի թշնամիները, վրացիները միշտ դավաճանել են մեզ, միշտ չես հասկանում, թե ինչպես են դավաճանել: Եվ պետք էր, որ դավաճանեին՝ նախ մտածում են իրենց հացի մասին: Եվ չնայած նրանք շատ արյուն են տարել, շատ մարդ են իրենց մեջ ձուլել, իշխել, ենթարկել, այդուհանդերձ ես չեմ կարողանում ուրանալ այդ եղբայրություն ասածը, որը չգիտես ինչ է՝ իմպերիայի համաքաղաքացո՞ւ, եղբայրության կրողի՞, արևելցու եղբայրությո՞ւն... գեղեցիկ մի բան կա: Այնուամենայնիվ, մենք կոնգլոմերատ, փոքրիկ հանդիպումների ժամանակ եղբայրական մի ընտանիք ստեղծել էինք: Կարծում եմ միմյանց նպաստեցինք, որ առաջանանք. Անդրեյ Բիտովն առաջացավ մեր աչքի առաջ: Կարծում եմ մի քիչ էլ մենք նպաստեցինք: Ռեզո Գաբրիաձեն առաջացավ, ես առաջացա, Ստալինգրադում՝ Գրինկովը... Դա ընտանիք էր: Երանի նրանց, ովքեր, թեկուզև դիկտատորական, խաղաղության պայմաններում էին ապրում: Երանի նրանց, ովքեր Չինգիզխանի առաջացման ժամանակ չէ, այլ իշխանության պայմաններում էին ապրում: Եվ ոչ երանի նրանց, ովքեր, թեկուզև չինգիզխանյան, կայսրության անկման պայմաններում են ապրել: Ահա մենք այդ կայսրության, թեկուզև այդ կոչեինք չարիքի թագավորություն, փլուզման պայմաններում ենք ապրում: Ոչ երանի մեզ:
– Այսինքն տարբեր ազգերի խառնարանում գոյություն ունեցող մթնոլորտը նպաստում էր ազգերից յուրաքանչյուրի թռիչքին:
– Դրանք ասված բաներ են, բայց, ըստ երևույթին, արժեր հիշեցնել: Դա կայսրություն էր, գաղափարախոսություն, որ 70 լեզվով գրականություն էր տպագրում: Կուլտուր-ազգային ավտոնոմիայի գաղափարը մարմնավորվել, վարչական տեսք էր առել: Աշխարհում այդպիսի բան չի եղել:
Վլադիմիր Սանգի անունով իմ հասակի տղան, այն ժամանակ 30-ամյա Վլադիմիր Սանգին, որին նվիրված է Չինգիզ Այթմատովի «Չալիկ շունը» վիպակը, սախալինյան փոքրաթիվ ազգերից մեկի ներկայացուցիչն էր: Կարծեմ երեսուն հազար էին: Միասին բիլիարդ էինք խաղում Մոսկվայի հանրակացարանում...
– Ո՞վ էր... Գրո՞ղ էր:
– Սանգին էր, այո՛... Եկել էր այդտեղ սովորելու: Իրենց Մեսրոպ Մաշտոցն էր՝ այբուբեն էր հորինել այդ երեսուն հազարանոց ցեղի համար, վեպ էր թարգմանում: Այդպիսի բան մարդկային պատմությունը չի տեսել:
Բայց որովհետև հիմա, այս նեղ ժամանակներում անհնար է ապրել, այդ հանգամանքը մեզ փոքրացնում, մանրացնում, գավառացնում, աշխարհից կտրում է: Աշխարհից կտրված, ինքն իր մեջ: Սա ցեղասպանություն է, ազգասպանություն: Առանց նոր հանրության, միության, ֆեդերացիայի, թե կոնֆեդերացիայի, կամ ուղղակի բարիդրացիական հարաբերությունների, չենք կարող ապրել: Շատ հանդուրժողականություն, շատ խելք, շատ միտք, շատ ջանք է պետք, որպեսզի առաջանա մի հուն, որտեղ դու քեզ կարող ես զգալ մեծ տերության քաղաքացի... Դեմոկրատիայով, ժողովրդավարությամբ, մեծ գաղափարներով, մեծ գաղափար արթնացնող, անհատի կարողությունների բացահայտող, ինչի ճնշումը իմպերիայի կործանման պատճառ դարձավ: Ամբողջ երկիրը դարձել էր ճնշված հոգիների, զսպված կարողությունների գերեզմանոց... Գերեզմանոց էր դարձել, մինչև որ պայթեց:
Տա Աստված, որ ես թուրք մտավորականին սկսեմ ընկալել եղբայրության այնպիսի զգացումով, որ ունեի Վասիլի Բիկովի, Նոդար Դումբաձեի հետ: Մինչև հիմա էլ որ կարդում եմ, աչքերս լցվում են... Երթուդարձ լինի, գնալ-գալ լինի, տղայավարի միասին նստենք, այնտեղ՝ իրենց երկրում, ծաղրենք իրենց ծաղրածուներին: Շատ գեղեցիկ զգացում էր... Մի օր... Թերևս հենց երեքով էինք՝ Անդրեյ Բիտովը, Ռեզո Գաբրիաձեն, ես՝ ֆուտբոլ էինք նայում: Ֆուտբոլի առիթով հիշում էինք ուրիշ ֆուտբոլ: Ռեզոն ասաց՝ Տրապիզոնի թիմում մի խաղացող կա... Տրապիզոնի թիմը վրացիներ են: Ասինք՝ ինչո՞ւ են վրացիներ: Տրապիզոնի թիմում ինչո՞ւ պիտի վրացիներ լինեն: Ասաց՝ որովհետև վրացիների պես կարողանում են գեղեցիկ տարվել: Տարվել, ասում է, որովհետև ցիցկո են, տուտուց են, ցատկում են գեղեցիկ, սիրուն՝ վրացու նման են: Այստեղ կարևորը՝ եղբայրական զգացումը կար հանդեպ ուրիշ ազգերի, ժողովուրդների: Եթե կարողանանք ազգային կոմպլեքսը հաղթահարել, այդպես նայել ուրիշներին...
– Դրա համար պիտի ուժեղանանք, հզորանանք: Քանի դեռ թույլ ենք, չենք կարող:
– Իհարկե, Ռեզոյի բազան, ինչպես և իմ բազան, իմպերիան էր: Այդ բազայի վրա կարելի էր այդպիսի շռայլ արտահայտությունների գնալ, այդպիսի դատողություններ անել: Ուղղակի դեռ չգիտենք, թե ինչ ենք կորցրել:

14. 09. 1999 թ.
– Էնպե՜ս եմ կարոտել երկրիս ձայների՜ն, ռիթմի՜ն, բույրերի՜ն, որ ինձ համար ուղղակի կյանք են եղել: Երկիր ասելով հասկանալի է՝ Լոռին: Ձայնե՜րն իսկապես... Հացի՛ պես... Ոնց որ քաղցածը հացին կարոտած է լինում, ես էդպես՝ էդ քաղցը, էդ պակասը: Վախենամ, որ արդեն անդարձ է...
Գիտեմ, որ ամեն հարաբերվելիս ուրիշ է, կենդանություն է գալիս մեջս: Կենդանություն ասեմ, քանի որ էսօրվա իմ վիճակը կենդանության հետ զուգահեռ գոյություն ունի, նաև՝ անհարիր: Գուցե նա ուրիշ ներկայությունից է: Բայց գիտեմ, որ կյանքն այդ է, գիտեմ, որ իր կենդանի ներկայությունը, իր թաքուն շշուկը, շշունջը իմ մեջ ինձ հուշել է, որ կենդանի մի երկու տող ստեղծել եմ: Այլապես գալիս են ուրիշ մակարդակի հարաբերություններ, գալիս են գրքային տողեր...
Էնպե՜ս եմ կարոտել հո՜րս, մո՜րս ձայնին... Հորս ձենի՜ն, բույրի՜ն, ձեռքի՜ն... Մշակ, աշխատած ձեռի ծանրությունն ուսիս վրա: Խոշոր, սիրուն ձեռք ուներ... Եվ էր անվաստակ... Անվաստակ է՛ն իմաստով, որ տունը ոչ մի բան չէր եկել, բայց աշխատած էր... էդ երեկոները՝ ջանք թափած, քրտինք թափած էդ երեկոները... Օրն էր էդպես ավարտվում: Օրն էր ապրվում էդպես...
Ժամանակն ուրիշ էր: Օրվա հույս կար: Երեխայից ալևոր, փոքրից մինչև ալեհեր էդ բնությանը կապված էին: Երեխան զգում էր, որ ինքը աշխարհի ստրուկը չի, որ դրանց օգնությունը գեղեցիկ մի բան է: Բայց հեռու, որ կա որպես հեռավոր մի զորություն, որպես Աստծո հեռավոր մի զորություն: Թող լինի օգնությունը, էդ բարեկամությունը, բայց կենդանի Աստվածը էդ մեր արտի մեջ է, էդ կանաչ դաշտի...
Էնպե՜ս եմ կարոտել էդ արտի ծփանքին: Քամին արտի վրայով խաղալո՜վ-խաղալո՜վ գնում էր՝ էդպես էր կենդանի կյանքը... Նորից տեսնելո՞ւ ենք...
Ես ինձ բախտավոր եմ համարում՝ էդ շրջանը տեսել եմ, որ ամբողջ մարդկության պատմության ծագերից մինչև մեր օրերը ողջ գեղջկական կյանքը վերցրել է իր մեջ, և ես տեսել եմ: Եվ էնպե՜ս կուզենայի... Ինչպե՜ս եմ խղճում իմ երեխաներին, իմ թոռներին, քաղաքում ծնված էս փոքրերին, որ չեն իմանալու ինչ է արտը, ինչ է մղեղը, ինչ է եզը, ինչ է հողի բույրը, ինչ է տարածության ազատությունը, խղճում եմ, որ գետնի վրա տեղ չունեն... Որ չեն տեսել զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց...
Ահա... Ահա այդպես... Վահագնաձորում, Շահալլվի ձորում... Սովետներից առաջ ուրիշ անուն է ունեցել էդ ձորը, որով Թումանյանը պարծենում էր, թե էդ տեղերով թշնամին չպիտի անցնի: Շահալլվի ձորն էր, էն նեղ կիրճը... էնտեղ... Արթնացել եմ գնացքի մեջ: Առավոտվա ժամն էր: Դեմի անտառով, երբ էնտեղից գնում ես՝ աջ թևով, անտառի մեջ ամպերը դանդա՜ղ, ձորն ի վե՜ր, լանջերն ի վե՜ր, խոնավ, անտառոտ լանջերն ի վե՜ր բարձրանում էին: Ես գիտեմ, որ էդ օրն եմ բանաստեղծ դառել: Էդ օրն եմ լիցքավորվել, լցվել...
Մի ժամանակ շատ ընկալունակ էի: Ապարան հասնելուց հետո, դարիվարելուց հետո ձայնս սկսում էր փոխվել, ներսս, բովանդակությունս սկսում էր լիցքավորվել ուրիշ բանով: Եվ այնքա՜ն գեղեցիկ էր: Շատ լավ էր ամենի հետ հարաբերությունը՝ հողի, մորս, շան, կովի: Դռանը նստած կովերի՝ ծանր, որ իրիկունը էդպես խաղաղ նայում են: Շունը... Տարբեր մեքենաներով էինք գնում: Էնպես որ մեքենայի, շարժիչի շխկոցը չի եղել, որ ասենք շունը դրանից ճանաչում էր: Մեր տունը գյուղի վերևի ծայրին էր: Մինչև ներքև երևի մի երկու կիլոմետր տեղ կա: Էնպես, մեկ էլ տեսնեմ որտեղից-որտեղ՝ Հրանտը եկա՜վ, հայ հասե՛ք, էս ո՞ւր եք գնում, գալիս ե՜մ... Ա՜, էս ո՞ւր էիր կորե՜լ...
Երանի նրանց, ովքեր դեռ էդ փոքր հայրենիքն ունեն: Երանի նրանց, ովքեր դեռ գլխին ծնող ունեն՝ թեկուզ հաշմ, թեկուզ անկողին ընկած: Այնուամենայնիվ ունեն: Իր համար աղոթող ունեն: Երանի նրանց, ովքեր որևէ տեղ տնկած մի ծառ ունեն կամ մի շուն են թողել՝ պիտի գնան: Երանի նրանց, ովքեր ոտի տակ մի հարյուր մետր գոնե հող ունեն:
– Այսքանից հետո արժե խոսել Աստծո մասին, տիեզերքի մասին: Տիեզերքի անսահմանության մասին:
– Տիեզերքի սահմանը մեր խելագարությունն է:
– Իսկ անսահմանությո՞ւնը:
– Անսահմանությունը մեր անզորությունն է:
– Իսկ Աստծո գոյությո՞ւնը ինչպես եք պատկերացնում:
– Աստծո գոյությո՞ւնը... Աստծո ներկայությո՞ւնը... Աստծո ներկայությունը մեր անզորության գիտակցությունն է, աշխարհի ընկալման առջև մեր անզորության գիտակցությունը և մեր վիթխարի ընկալումների զորությամբ հանդերձ՝ վիթխարի հատված մեր ընկալումների շրջանակից: Հանգում մի այլ գոյության, որ մեկնում է կարողությունների սահմաններից դուրս... Դա Աստվածն է: Եվ շատ հաճախ նաև մեր ներկայությունը, մեր գոյությունն աշխարհում:
Հողը, կյանքը, բնությունն ինքը, ջուրն ինքը շնչում են կենդանությամբ: Ձգտում են երկրի կենդանության, չգոյից գոյ դառնալու, ներկայություն դառնալու: Քարն ինքն օժտված է խոսելու: Դրա համար քայքայվում է, մամուռ է հայցում իր վրա, ճաք է տալիս, տնքում է և մեկ էլ տեսար ծառ դարձավ: Ահա: Ձգտում է դեպի կյանքը: Մենք էլ այդպես: Մենք էլ ծառ էինք, մամուռ էինք, հող էինք միջավայրում: Մենք էլ, ահա այդպես, նրանց շարունակությունն ենք: Այդպես հողը միտված է խոսելու, լսելու, երաժշտավորվելու, երգավորվելու, մտածելու, ժխտելու, փլուզվելու իմաստուն ձգտումի, այրման... Այս ամբողջն այրում է: Այրման ձգտում...
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա,–
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա,–
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երկրի, երկնքի՜ պես անհու՜ն-անհու՜ն,–
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Եղիշե Չարենց, տասնվեցամյա պատանի...
– Ո՞րն է եղել Ձեր առաջին գրական փորձը:
– Հիշում, անշուշտ հիշում եմ: Ուրիշ փորձեր էլ եղած կլինեն, որոնց չարժե անդրադառնալ: Բայց առաջին հիշվող փորձը, որ մինչև հիմա էլ կարոտով եմ մտաբերում, նաև հաջողություն էր, տպագրվեց մյուս գործերից ավելի ուշ, ամսագրային տարբերակով: Չգիտեմ ինչո՞ւ, որոշ ժողովածուներից դուրս մնաց:
Առաջին տպագրվող գործն էր, որի վրա կենտրոնացա ու բավականին երկար ժամանակ աշխատեցի, և՛ պատանեկան անփորձությունը կար, և՛ նաև՝ պատանու սերս, ինչը ոչնչով չի փոխարինվի: Անչափ թանկ գործ է: Այդ գործի ամսագրային տարբերակի վրա կարծես թե նաև շտկումներ էի արել, լուսանցքներում աշխատել էի, բայց ամսագիրը չքացել է: Կնոջս կխնդրեմ, որ գտնի, և կվերատպեմ: Փոքր գործ է, բայց շատ կարևոր է ինձ համար: Ինչքան հիշում եմ՝ շատ կարևոր էր, վերադարձի թեման էր:
– Պատմվա՞ծք էր:
– Պատմվածք էր: Երևի թե քսան-քսանհինգ էջանոց: Տպավորություններս մանկությունից էին գալիս: Գործող սուբյեկտն էլ ես էի: Ուրիշ բան էի գտել: Հորեղբայր ունեի՝ փոքր հորեղբայր, որին ես չորս տարեկանից եմ հիշում: Հաստատ չորս տարեկան էի, որովհետև ֆիննական պատերազմն էր, նա արդեն գնացել էր: Այն եմ հիշում, որ նրանց դռանը կով էին մորթում՝ ա՛յս հորեղբայրս էր: Էդ կովը մորթել էին, երեխա էի, տպավորվել էր: Կնոջը, աղջկան թողեց, գնաց պատերազմ: Հետո ֆիննականը հաջողությամբ վերջացրել էր, բայց դեռ չզորացրված՝ Երկրորդ համաշխարհայինն սկսվեց, և ասացին, որ Երանոսին խփել են: Այդ էր վերջը: Ձմռան ցուրտ գիշերներին կինն էր գալիս մեր տուն, և մեր ջահել մայրը, որ դարձյալ փոքր երեխաներ ուներ, հյուրընկալում էր նրան: Մի փոքր երեխա ուներ՝ մահացավ, գալիս քնում էր մորս ծոցում: Երկար համբերեց, երկար տարավ, սպասեց: Գյուղում շատերը շատ շուտ ամուսնացան, այրիացան, երեխաները որբացան: Նա երկար մերժում էր բոլորին: Երբ եկան ուզելու, եկավ մեր տուն և լաց լինելով ասաց՝ ի՞նչ անեմ: Կանայք, բարեկամները հորդորեցին, որ գնա: Նա էլ ասում էր՝ գնում եմ Դսեղ, բայց էն քարին կանգնած նայում եմ՝ տենամ գալիս ա թե չէ, թևն ընկնեմ ու գամ էստեղ՝ իմ տուն... Տունը, որ շինել էին՝ չորս պատերը, ծածկը... Սակայն ծածկի մի կողմը տախտակը խփած էր, մյուսը չէր հասցրել, գնացել էր բանակ: Եվ, ուրեմն, մի օր սատանի քամին մեր այգուց պտտվելով ծառերի միջով գնաց, մտավ տանիքը: Մտավ ու ամբողջ աղյուսը բարձրացրեց: Ու էս տունը փլվեց էսպես: Էդպես կրամիտը վրան ջարդվեց... Ուրիշ բաներ էլ տեսանք...
Ես մտքով իրեն շատ-շատ էի սիրում: Եվ նրան չսպանեցի. մտքով համաձայն չէի, որ նա սպանված լիներ: Իր վերադարձն էի տեսնում... Այդ վերադարձն իմ վերադարձն էր. ես, տասնհինգ տարեկան, եկել էի Երևան և ամեն անգամ մտքով, այդ ճանապարհով դարձյալ հայրենի տուն էի գնում: Նրա վերադարձով իմ վերադարձն էի տեսնում՝ դեղնած դդումը, հավը, աքլորն այնտեղ, դեղին կատուն չափարի վրա, խնձորենին... Ինքը կապված էր, ոնց ես էի կապված: Գերանը դռանը, կնոջ չարչարանքը, կնոջ անուշ ձեռքերի չարչարանքը գերանի վրա: Կանացի ձեռքը չէր զորել ճղոտել, պատռոտել՝ կողքերից անօգնական կրծած էր: Ինքը պիտի գա, գերանը պատռոտի... Էդ ծածկոցը, էդ թախտը, էդ կինը... Մեր կալերը կային՝ Որսի կալերը, կանայք կային, որոնք Որսի կալերում հավաքված էին, որ խնդային՝ թե եկա՜վ... Այ էդ վերադարձն էի վերադարձնելու և մյուս օրվա բարի լույսը, որ կարծես ոչինչ չի պատահել, որ այդ տունը պահպանվել է: Մեղքեր եղել են կնոջ կյանքում, իհարկե: Բայց հանրակացարանից, պատերազմից, կեղտից, ախտից այնպիսի զզվանք կար, որ ահա այստեղ բարոյականության այդքան փոքրիկ խաթարումը չի կարող ավելին լինել, քան էդ դդումը, էդ կատուն, էդ տունը, էդ լռությունը, էդ խաղաղությունը... Ահա այսպես: Առաջին լուրջ գործս այդ եմ համարել և տպագրել եմ:
– Վերնագիրը «Վերադա՞րձ» էր:
– «Հովսեփը վերադառնում է բանակից»: Բայց հիմա եթե վերատպեմ՝ «Վերադարձ» կդնեմ: Այդ գործը տպագրեցին, որովհետև «Ահնիձոր» ակնարկը տպագրվելուց հետո ինձ ինստիտուտից հեռացրին: Երկու տեղ էի աշխատում, մի տեղից նույնպես հեռացրին, մնաց մի տեղը: Փոքր աշխատավարձ կար: Այդտեղից չհեռացրին, որովհետև արդեն երեխաս ծնվել էր և վարձով էի ապրում: Մի կերպ ապրում էինք: Այլևս չէին տպագրում, ռադիոյով չէին հաղորդում, բոլորը մերժում էին: Շատ վեճեր էին գնում, հուսահատության պես բան կար, ուղղակի նողկալի էր: Վերջապես «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում սրբագրիչ ընդունեցին: Մի օր էլ մեկն անսպասելիորեն ասաց՝ բան չունե՞ս, բեր տպագրենք: Պատճառը եղել էր այն, որ Բեյրութի դաշնակցական կենտրոնն իմ այդ արգելված նյութն ուշադրության էր առել և հեռու-հեռվից պաշտպանության տակ վերցրել: Մյունխենի ռադիոյով հարձակվել էին սրանց վրա, թե ինչպես 37-ին, այսօր էլ երիտասարդներին... Եվ այլն... Մի քանի այսպիսի հոդվածներ, մեկ էլ տեսնեմ սրանք այստեղ սկսեցին մեղքերը քավել: Հատկապես առաջարկեցին տպագրել սփյուռքի համար տպագրվող «Սովետական Հայաստան» ամսագրում: Ահա այդպես էր, որ վերականգնվեցի: Հետո Բեյրութից ինձ պաշտպանող այդ հերոսը եկավ այստեղ: Ես «Գրական թերթում» աշխատանքի էի ընդունվել: Հրաշալի գրաշար էի, օրական 20 էջ շարում էի, երկու սխալ կամ լիներ, կամ՝ ոչ: Նաև նյութերը խմբագրելով էի շարում: Դոկտոր Փափազյանը հայտնվեց այստեղ, և պարզվեց, թե ահա ում շնորհիվ է, որ իմ իրավունքները վերականգնվում են, ում շնորհիվ է, որ այդ գործը տպագրվել էր: Դոկտոր Փափազյանը դաշնակցական բյուրոյի անդամ էր: Հեռվից ազդեցին, և ահա երկրորդ գործն էլ տպագրվեց: Ահա այդպես...
– Իսկ առաջին ամենալավ գործը ո՞րն է, որից գոհ էիք:
– «Օգոստոս» պատմվածքը: Շատ լուրջ է մտածված, ավանդական սյուժե է, և մնացած բաներին տուրք չի տրված: Իմ մտածողությանը հարիր է՝ պատկերների հարադրմամբ, որոնք միմյանց չեն խանգարում, միմյանց համար և պաուզա են, և հարադրություն, միջավայրը ամբողջացնում են: Եվ շատ սիրուն միջավայր է արած. տանձը կաթեց, շոգ է, էդ չոր տունը, էդ խոտը... Դիալոգը նույնպես գեղեցիկ է: Լավ գործ է, արվեց ու դրան զուգահեռ նաև շարունակվեց «Ալխո» պատմվածքը:
Ուրիշնե՞րն ինչպես առաջացան... Ստույգ հիշում եմ՝ Զորայր Խալափյանի գրամեքենան վերցրի և բաներ էի գրում: Կարողանում էի այդպես: Սպասում էի, որ խմբագրությունից բոլորը գնան, գիշերները նստում, աշխատում էի:
Մի 104 էջանոց վիպակ կար: Շատ կարևոր էր՝ իմ տագնապները կորչող բնության և մեր կապի մասին: Այդ տագնապները կային, դրա վրա էր կառուցված: Խմբագիրս կարդացել էր Այթմատովի վիպակն ու իմ գործի անունը դրել «Ձիու աչքը»... Այդպիսի գուրգուրված սյուժեներ կային, որ պահում էի: Դրանցից մեկը «Ալխո» պատմվածքը, դարձյալ իմ «Նարինջ զամբիկը» ու մյուսները: Իհարկե, որպես վիպակ լավ կառուցված չէր, բայց հրաշալի պատառիկներ կային, որոնցից դուրս գրվեց «Մեսրոպ» պատմվածքը, «Ալխոն» և էլի ուրիշներ: Կարելի է ասել, որ էդ 104 էջը նույնությամբ գործ դարձավ, չնչին բան դուրս մնաց: Դուրս մնաց այն գլխավոր կապը՝ որ աղետ է սպառնում մեզ, որովհետև երկրի հետ մեր կապերը կորցրել ենք: Ասֆալտը փռվել է մեր ներբանների ու երկրի ձայների միջև: Երևան քաղաքի վրա չարացած էի, նրա մասին չէի մտածում: Մտածում էի Անիի մասին: Զուգահեռ մտածում էի, որ երբևէ գրելու եմ Անիի մասին, թե մարդկային անբարոյականությունն այնքան շիկացավ, որ քաղաքը կործանվեց, որ մենք այնքան անբարո ենք, որ մեզ նույնպես աղետ է սպասում: Չգիտեմ կարողացա՞ անել, թե չկարողացա... Եվ, ըստ երևույթին, միտքս փախավ դեպի փրկված մարդկություն, պեյզաժ, գյուղական աշխատանք, կարևորվեց գյուղացու աշխատանքը, որը որպես սոցիալ-քաղաքական հարց՝ կար: Իսկապես, որովհետև ժողովուրդ ենք կորցնում: Կամ գուցե թե ես սխա՞լ էի: Ինձ քննադատեցին, ես պիտի հաստատեի իմը: Եթե աննկատ մնար «Ահնիձոր» ակնարկը, եթե վայրենաբար չջախջախվեր, ամսագիրը չհավաքեին, չվառեին, չարգելեին, թերևս ես ուրիշ ուղիով գնայի և ուրիշ բաներ փնտրեի: Բայց նրանց՝ ինձ խփած տեղին, նրանց ռմբահարած տեղին ես տեր կանգնեցի՝ ի հեճուկս իրենց: Այդպիսով, առաջացավ քիչ թե շատ գյուղագիր Հրանտ Մաթևոսյանը: Այլապես կիսատ էր մնացել, նաև ուրիշ գործ՝ քաղաքային: Ես քաղաքի տղա էի ի վերջո՝ տասնչորս տարեկանից եկել էի և այստեղ էի: Այլապես ես քաղաքի ռիթմերն էի որսալու: Բայց էդ ռմբահարումը, որ նաև պետական քաղաքականություն էր, որովհետև գյուղացին, որպես մանր կոոպերատիվ սեփականատեր, պիտի դրանից նույնպես զրկվեր և հավասարեցվեր բանվորին, պիտի լիներ հողի վրա բանվոր, ինչպես որ քաղաքում, գործարանում բանվոր է: Այդ պատճառով կոլխոզները ջախջախվեցին, որովհետև կոլեկտիվ սեփականության ձև էին, և սովխոզներ կազմակերպվեցին: Մի խոսքով... Գյուղում կատարվող ամեն բան ցավ էր, ամեն փոփոխություն ցավով էի տանում, և պիտի արձագանքվեր: Հետո մեկ հեկտարի վրա մեկ օրով ապրած կյանքը բավական է, որ ամբողջ կյանքդ նվիրես դրան և անվերջ գնաս ու գնաս... Դեռ չխոսելով պատմության մասին, քո ապրածի մասին:
– Ինչպիսի՞ն է Հրանտ Մաթևոսյանի գրելու տեխնոլոգիան: Մեկը գրում, ավարտում է, հետո սկսում վրան աշխատել, մի ուրիշը օրերով բառեր է փնտրում, նախադասություններ կառուցում:
– Էսօրվա գրողներից մեկն ինձ մի գեղեցիկ բան սովորեցրեց. տետրակի մի էջում գրել, մյուսն ազատ թողնել, սպիտակ էջում գրանցումներ անել, որոնք հետո գնան առաջին էջ... Գիտեմ, որ շատ մաքուր գրված էջերն անպետքության նշան են: Եթե միանգամից գրվել է, եթե չի աշխատված, ես սարսռում եմ ու գիտեմ, որ ինչ-որ մի վատ բան կա: Հաճախ, նույնիսկ հանիրավի, միջամտում եմ, բայց ոչ խճճելու, շատացնելու, պաուզաներ անելու... Ոչինչ չգիտեմ... Գրամեքենայով չեմ կարող աշխատել: Մի գործի վրա երկու անգամ նստելով, տասնվեցերորդ էջ դուրս եկա և սարսափով տեսա, որ ոճս փոխվել է, ուրիշ բան է դառել՝ մեքենան ուրիշ բան էր հուշել: Այդտեղ էլ ավարտվեց, և այդ հիանալի գործը փչացավ: Թողեցի, բայց կարոտով հիշում եմ, չգիտեմ, գուցե երբևէ կարողանամ անդրադառնալ: Միայն գրիչով:
Ինչպես ցանկացած գործ, գրական երկն էլ պիտի գրվի միանգամից, առանց ընդհատվելու և հետո պիտի ընթերցվի ու վրան աշխատվի: Այդպես է արվել՝ ընթացքում աշխատել եմ: Նախորդ օրվա արածն էսօր սրբագրել, առաջ եմ շարժվել: Ոչ բարվոք կյանքի պատճառով մեծ գործերն ընդհատվել են, և ամեն անգամ շատ դժվար է եղել անդրադառնալը: Արդեն այլ գործ ես անում, գիտես, թե ինչի համար, որը քեզ համար հրճվանք ու գյուտ է, որովհետև վաղվա բաները սարքել ես, բան ունես գրելու: Իսկ ընդհատվածն ահա մոռացվում է, մարմինդ մարում է իր մեջ, դժվար է նորից վերածնել նոր մարդու որակով:
– «Կանաչ դաշտը» իմ սիրելի գործն է:
– «Կանաչ դաշտը» տղայիս համար պատմեցի և պատմելու ժամանակ ինքս սարսռացի՝ տեսա շատ գեղեցիկ մի բան կա, որ պիտի անպայման գրել: Բայց երբ սկսեցի գրել, էն, ինչը որ պատմելիս ինձ հուշեց, որ ես սա անպայման պիտի գրվածք դարձնեմ, էդ չգտա: Ուրիշ բան, որ սիրուն է արված, և ընթերցողն արատը չի նկատում, ուրիշ բան, որ լավ է գրված և լուսապսակի բացակայությունը ոտքի վրա չես նկատում: Լավ է պատմված, լավ լեզու կա, որովհետև նաև լեզվի համար եմ այդպես արել, որովհետև երեխաների համար եմ արել և լեզու, ռիթմ եմ սովորեցնում: Սիրո արտահայտություն է նաև՝ երեխայիս համար էի պատմում, լավագույնն էի պատմում: Սակայն ինչ-որ բան կորավ: Ափսոս, որ կորավ:
– Շատ լավ գործ է: Մի ավելորդ բառ, ավելորդ կապակցություն հնարավոր չէ գտնել:
– Հա, մի երկու մանկական գործ, կարելի է ասել, ստացվել է: «Իմ լեռներն» էլ վատ գործ չի: Էդ էլ մի շնչով գրվեց: Շատ դժվար գրեցի «Պատիժը» պատմվածքը:
– Դժվար պիտի գրվեր: Բավականին բարդ գործ է:
– Հա, որ գնում է խոտ բերելու, չէ՞:
– Այո, դժվար գործ է, բայց շատ լավն է:

28. 09. 1999 թ.
– Ի՞նչ է ձեզ համար բառը:
– Բառը ես չեմ ընդունում... Երբ տեքստի մեջ հանդես է գալիս որպես փրկարար: Միշտ խուսափել եմ դրանից: Տեքստը պիտի ուժեղ լինի, ոչ թե մի բառը փրկի ողջ տեքստը: Բոլոր բառերը պիտի լինեն հավասարազոր: Բառի փրկարար զորությունն ամենից շատ օգտագործում էր Գուրգեն Մահարին: Դալի-դոլի շարադրանքից հետո մեկ էլ տեսնում էիր հայտնվեց մի փրկարար բառ, որը փրկեց ողջ էջը: Եվ էդպես՝ բառի, արտահայտությունների շնորհիվ տեքստեր էին, որ փրկվում էին: Իսկ ճշմարիտ, մեծ արվեստագետները բառ չունեն, բառը նրանց համար նշանակություն չունի: Հովհաննես Թումանյանի տեքստում բառը նշանակություն չունի, բառերն այնքան ճշգրիտ են գտնված, որ ոչ մեկը չի առանձնանում: Կարծես թե էդպես գորշ բառերի շարան է, բայց որը առաջացնում է վառվռուն, մեծ պատկեր: Բառերը, իրենք լինելով գորշ, աննշանակ, առաջացնում են նշանակալից տեքստ: Ես չգիտեմ՝ ինչ գրող եմ, բայց լավ ընթերցող եմ և լավ գրականագետ էի ի սկզբանե: Դավանել եմ ոչ թե բառի կուլտուրային, այլ տեքստի, ամբողջի կուլտուրային, միշտ վառվռուն բառերը մարել եմ, դուրս գցել տեքստից:
Թումանյանի «Գիքորի» մեջ այդ բառը չկա, բառն ամբողջ «Գիքորն» է: Այս ամենից ելնելով՝ քեզ համար մի ճշմարիտ հղում եմ անելու: Արամ Իլյիչ Խաչատրյանին, որ նաև մեծ երաժշտագետ էր, հարց էին ուղղել «Գայանե» բալետի մասին: Խոսքը «Սուսերով պարի» մասին է: Բալետմեյստերն առաջարկել էր, թե ինչ-որ բան չի հերիքում, արի մի պատկեր գտնենք: Նա հետո էդ նշանավոր «Սուսերով պարի» մեղեդին գրել էր և կյանքի վերջում ասում էր՝ երանի գրած չլինեի: Դա բալետը փչացրեց... Դա հենց բառն է: Փոքրիկ տեքստ է, առանձնացավ և բալետի էպիկենտրոնը տեղափոխեց իր վրա:
– Ինչպե՞ս կբացատրեք, որ բոլորը նույն բառերը համադրելով կարող են գրել նույն նախադասությունները: Տեքստը կգրվի, բայց պատմվածք չի ստացվի: Սակայն շատերից մեկի գրածն ստացվում է, պատմվածք է դառնում, հանճարեղ գործ:
– Որովհետև աշխարհն ինչքան օբյեկտիվ, այնքան էլ սուբյեկտիվ ներկայություն է: Որովհետև Աստծո հայացքի ներքո այլ երկիր է առաջանում, սատանայի հայացքի ներքո՝ մի այլ բան: Որովհետև պարզվում է, որ իրականությունը չէ գրականության օբյեկտը, այլ ինքը՝ գրողն է: Օբյեկտն ընկալող սուբյեկտի մասին է քո հարցը: Իրականությունը կար և՛ Թումանյանի առջև, և՛ իր ժամանակակիցներից շատ-շատերի: Թումանյանի առջև դա վերածվում է մի չքնաղ, իրական գրական աշխարհի, մյուսների հայացքների տակ իրականությունը մեռնում է, չի վերաճում գրականության: Այդ հայեցող սուբյեկտները չեն զորում վերաճեցնել գրական իրողության:
– Ստեղծագործելիս նկարչից, քանդակագործից, երաժշտից, գրողից էներգիա է փոխանցվում նրանց ստեղծածին: Այլ խոսքով՝ ստեղծագործությունը մշտապես գտնվում է ստեղծագործողի էներգետիկ դաշտի ազդեցության ոլորտում: Ես նկատի ունեմ ֆիզիկապես, ոչ երևակայական: Հետաքրքիր է Ձեր կարծիքը:
– Թերևս այդ է թափանցում ստեղծագործության մեջ և այդ է, որ ստեղծում է այն գրական, երաժշտական իրականությունը, որն արդեն ասացի: Այդպես առաջանում է Մարտիրոս Սարյանի Հայաստանը, այդպես՝ Հակոբ Հակոբյանի Հայաստանը: Իրենց էներգետիկ դաշտի ներկայությունն է: Մյուս կողմից էլ՝ մեզ համար իրենք նաև բացահայտողներ են՝ նոր իրականության: Հետո մենք միանում ենք նրանց հայացքներին:
– Եթե տիեզերական մասշտաբներով մտածենք, մարդը, նրա աշխարհ գալը, կյանքը կարծես թե անիմաստ են: Մարդն ինչո՞ւ է աշխարհ գալիս, ինչո՞ւ գնում: Ի՞նչ պիտի անի, որ ճիշտ ապրի: Նրա դերը:
– Եթե ճիշտն ասենք, մարդը կատարվում է, ոչ թե կատարում: Այդքանով քեզ թվում է, թե անիմաստ է: Բայց նաև ի զորու է, ինչպես գտնում են որոշ կրոնական ուղղություններ, ինչ-որ չափով ազդել: Այնքանով, ինչքանով որ արարած է, նաև արարող ուժեր կան իր մեջ: Այդքանով անիմաստ չէ: Ես կարծում եմ, որ Աստված նաև մարդու մեջ կա: Ի վերջո, եթե էսպես է դրված՝ Աստված և իրականություն, Աստված և մարդ, արարած և արարող, այնուամենայնիվ հիմքն արարածն է... Այդ հայացքների տերն եմ, որդեգրել եմ մեր նախնիների վերաբերմունքը: Մարդու մեջ բացահայտվում է ամբողջ տիեզերքի զորությունը:
– Ի՞նչ եք կարծում, մարդը հոգի՞ է և մարմի՞ն: Ինչպե՞ս եք վերաբերվում հոգու անմահության գաղափարին:
– Ժամանակին խոկումներ եմ ունեցել: Ուրիշ անգամներ լավ պատասխաններ եմ տվել: Ես համարում եմ, որ ողջ տիեզերքն անկենդան է և միտում է կենդանության: Անկենդանը կենդանության է միտում, և այդ ջանքը միասնական է: Հոգին ես կապում եմ հողի հետ, անկենդանի հետ, որ արևի տակ, արևի զորությամբ, լույսի, քամու... Մի խոսքով՝ ողջ կենդանին միտում է հոգևորվելու, հոգի առնելու, դեպի կենդանություն: Ես չեմ ուզում մտածել, որ իսկապես հող է, իսկապես մեռյալ է, հոգին վերևից կաթում է ու կենդանացնում: Այլ, որ անկենդանի հատկանիշն է կենդանանալ, հոգևորվել և ոգևորվել: Անկենդանի հատկանիշն է, որ մամուռ կապի, միկրոբներ ունենա, վերաճի, դառնա սունկ, սունկը մի ուրիշ բան, մի ուրիշ բան սահմանի, որ կենդանու ու անկենդանի սահմանում է, որպիսին ծովաստղն է և ձգտում է դեպի հոգին: Աստծո աշխարհի հատկանիշն է, իր էությունն է, իր մարմնացումն է դեպի կենդանին: Ոչ ոք և ոչինչ չի ուզում մեռած լինել: Բոլորը միտում են արթնանալու, հոգի դառնալու:
– Ուզում եք ասել, որ կենդանությունը հոգու հատկանի՞շն է:
– Ոչ, կենդանությունը անկենդանի հատկանիշն է: Անկենդանը միտում է կենդանության:
– Ամենաշատը ի՞նչը չեք սիրում մարդու մեջ:
– Բռնակալը: Նրանք աշխարհի այլանդակությունն են: Նրանք իրենց պատասխանը պիտի ստանային մինչև աստվածանալը: Բայց քանի որ մարդը նաև ստրուկ է, կատարող, ենթարկվում է, պաշտում, պաշտամունք ու կուռք դարձնում, և այլևս առաջին վերաբերմունքն աղավաղված է: Այդ արդեն երկրորդ շրջան է: Բայց առաջին պահ, երբ նա իր նմանին ենթարկել է իրեն, այդ պահի վերաբերմունքն ամենաճիշտն է: Այդ պահի վերաբերմունքը ես չեմ կորցնում: Բռնությունն ամենաարգահատելի երևույթն է:

15. 06. 2001 թ.
– Արձակագիրների մեծ մասը երիտասարդ տարիքում գայթակղվել է բանաստեղծություն գրելով: Դուք երբևէ գրե՞լ եք բանաստեղծություն:
– Պոեզիան էլ պետք է հասուն լինի: Արձակագրի, դրամատուրգի, պոետի, բոլորի ժանրերը պետք է հասուն լինեն: Միմյանցից միանգամայն հեռու մարզեր են, բայց միմյանց ազգակից, հարևան, միմյանց հետ հարաբերվող տիրույթներ են, բոլորն էլ գրողի հավասար զավակներ են: Թերևս առաջնեկը բանաստեղծությունն է: Օժտված մարդը պետք է կարողանա երեք մարզում էլ հաջողել: Իհարկե, գեղագիտությունն ինձ բանաստեղծության երևույթով է հրապուրել: Մի աշխարհ՝ Տերյանի բանաստեղծությամբ, Թումանյանի բանաստեղծությամբ...
Բանաստեղծություն գրելու մի քանի փորձեր արել եմ, բայց դա վաղ պատանեկության տարիներն էին: Հետո արձակը, թվում է, իր ժլատ գեղեցկության երանգով հմայեց... Ձեռքս կոտրվել էր, հիվանդանոց էի ընկել: Բուժքույրը հիվանդանոցի գրադարանից գիրք բերեց, որտեղ մի բան ջնջված էր: Հետո հասկացա, որ Ակսել Բակունցի անունն էր: Գոգոլ էր թարգմանել: Իմ մեջ Գոգոլը բախտավոր եղավ: Ես դեռ ռուսերեն չէի կարդում: Հայերեն ընտիր թարգմանություն կար: Հետո Մոպասան, Չեխով, Տոլստոյ... Շատ քիչ էի կարդում: Դեռ ընթերցողն իմ մեջ տարբերակված չէր: Եվ առաջնորդ չունեի՝ հանձնարարող, որ ընտիր գրականություն առաջարկեր: Ի վերուստ տրված հոտառությամբ հաղթահարելով ամեն ինչ՝ պարզապես կարդալու անհագ ծարավը, կամաց–կամաց սկսեցի ուշադրություն դարձնել գեղագիտությանը: Բախտավոր էի այնքանով, որ ազատության ժամանակը եկավ: Չարենց հայտնվեց՝ իր վիթխարի ու մեծ աշխարհով, Բակունցը եկավ, Թոթովենցը...
– Նար-Դոսի արձա՞կն ինչպիսին է: Հատկապես լեզուն:
– ճշմարիտ արձակ է, բայց այնուամենայնիվ՝ մանրապճեղ է: Հանդուգն չի, ցածրաթռիչք է, անկումների ու թռիչքների սահմանագծերին ընթերցողը չի առնչվում...
– Իսկ ի՞նչ կարծիքի եք արձակագիրների երիտասարդ սերնդի մասին: Կստեղծվի՞ ժամանակի գրականությունը:
– Այդ մասին շատ է խոսվել: Ես փոքր տարիքի մարդ չեմ, բայց մինչև հիմա էլ բոլոր գրքերում՝ և հայերեն, և օտարազգի, միշտ առաջնորդ եմ փնտրել՝ քաջ, խորագետ, ով իմ առջև աշխարհ կբանա, թեկուզև դժոխք լինի: Ահա ես առաջնորդ եմ փնտրում: Եթե ասեի այդ առաջնորդն ունեմ, չափազանցված կլիներ: Բայց ընդունակ մարդիկ են եկել, որոնք իրենց արձակով տարածություն են գրավում: Ցավալիորեն, հատկապես արձակում, այդպիսի անունները քիչ են: Դարձյալ, չարացնելով հիմարներին, Լևոն Խեչոյանի անունը տալով, պիտի ասեմ, որ նրա գործերից մի քանիսը մի քայլ առաջ են: Ցավալիորեն, նա հավասարաչափ ուժով արված ամբողջական գործ չունի:
Այդ առումով եզակի է Դեմիրճյանի «Վարդանանքը»: Այս տարիքում նա ինձ պատանի ընթերցող դարձրեց: Անսահմանորեն շատ էջերի վրա անսահմանորեն ճիշտ շարադրանք: Թե չէ հայ գրականությունը թերթում ես սրտի տագնապով, թե ահա էջը շրջելու ես և սխալի հանդիպելու, սուտ քարոզի, հրապարակախոսության և այլն: Էջ-էջի հետևից կուտակվում էր այն դրվագը, այն մեծությունը, ինչն իսկապես գրականությամբ պարապող մարդուն մեծ է դարձնում: Այդ կարողությունը, ցավալիորեն, չդրսևորեցին մեր ժամանակակիցները, ինչպես Վերնատան գրողներն ունեին. Թումանյանը, Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը: Վերջինս մեծ գրականագետ էր: Նրա գրածների մեջ ինձ հարազատ այնպիսի բաներ կան, որ կարծես ես եմ գրել: Այդ կայունությամբ գրականությունը և հայրենիքը հայացքի առջև պահելը նպատակ դարձրած, պատվախնդիր մարդիկ, աշխարհի ամբողջ մշակույթը յուրացնելով, մի բան էլ իրենք են փորձել ավելացնել: Այդպիսի պատվախնդրությամբ մարդիկ չկան: Կան մարդիկ, որոնք հանդուրժելի են, կարծես թե կարողանում են լուծը քաշել: Սա վերաբերում է և՛ ավագներին, և՛ համեմատաբար կրտսերներին:
– Ձեր ստեղծած հերոսները կենդանություն են ստանում և ապրում իրենց կյանքով: Միշտ զգո՞ւմ եք նրանց գոյությունը, կարոտո՞ւմ եք, թե՞ գրելուց հետո մոռանում, նոր ծնվողի կյանքով եք ապրում:
– Դրանք շատ ավելի չարածներիս մեջ են, քան արածներիս: Թեև կուզենայի, որ այդպես չլիներ: Այդ վերաբերմունքը թերևս նրանից է, որ միտքս ավելի շատ անելիքիս վրա է դեռ, քան թե արածիս: Անելիքն այնքան շատ է, որ չնչին մի բան է արածս: Այս հզոր, մեծ, անընդգրկելի աշխարհի առաջ ջանք ենք թափում, ինչ-որ տկար փորձեր անում՝ գրկել անընդգրկելին, մեծ տարածքներ, մարդկանց մեծ քանակ, թերևս ամբողջ հայ ժողովրդին, բայց ավարտուն չեն: Հիմա չեմ խոստովանում, բայց երևի երբեմն ինչ-որ բան ստիպել է խոստովանել, որ տկար եմ: Այս կյանքի առջև մեր արածը, ոչ միայն իմ արածները, չնչին փորձեր են:
Ամեն ինչ տրամադրությունից կախված է: Ի վերջո, Սարյանի նկարչությունը հայոց ամբողջ աշխարհը չի ընդգրկում: Այնուամենայնիվ, դա մի նկարչություն է, որը և՛ ընդգրկուն է, և՛ կերպար է պարտադրում, և՛ աշխարհ է բացում: Դա նրա աշխարհն է՝ Սարյանի ստեղծած աշխարհը: Այսինքն, Սարյանը մարդկանց հայացք է պարտադրում՝ որ նրա սիրող, գուրգուրող հայացքով նայես: Եվ նրանով սիրելի է դառնում այդ աշխարհը: Եթե ես էլ կարողանամ իմ հայացքը պարտադրել իմ ընթերցողին՝ մարդու, աշխարհի, հայրենիքի նկատմամբ, ինչպես մեծերը՝ Սարյանը, Չարենցը, կարողանամ այնպես անել, որ ընթերցողի համազգացում ունենամ, ընթերցողի դաշնակիցը լինեմ՝ ստեղծագործական համագործակցությունը կլինի...
Միշտ այդպես է լինում: Քուչակը, Սայաթ-Նովան հայացք են պարտադրում, ճիշտ վերաբերմունք են պարտադրում իրենց ընթերցողին՝ միասին ստեղծագործելով այս մեծ աշխարհի մասին: Այդպես է առաջանում գրողի և՛ երկարակեցությունը, և՛ անմահությունը:
– Դուք շատ համեստորեն եք արտահայտվում Ձեր ստեղծագործությունների մասին, թյուր կարծիք ունեք, այդպես չէ: Ձեր գրականությունն ունի իր ընթերցողը՝ մի ամբողջ ժողովուրդ:
– Կարող եմ հակառակն ասել:
– Հակառակն ինչո՞ւ ասել, եթե այդպես չէ...
– Շնորհակալություն: Բայց եկեք մի քիչ բացարձակված խոսենք: Աշխարհին մենք ներկայացանք ոչ Վահագն Դավթյանի, ոչ Համո Սահյանի, ոչ էլ Պարույր Սևակի պատկերներով: Թվում է, թե ահա այդ աշխարհի ընթերցման բանալին երեսունհինգից հետո եկած գրողների աչքերով ենք կարողանալու տեսնել, բայց դրանք Չարենց չեն: Ինչ լավ է, որ մեր ժամանակում Չարենցը կար: Եվ Չարենցն էր պատասխանում: Նաև ես չէի, որ ժամանակին կարողանում էի առաջնորդ դառնալ: Դարձյալ Չարենցն էր: Ե՛վ քսանական թվականների մեջ, և՛ արդիական առասպելների, և՛ «Խմբապետ Շավարշի» մեջ...
– Այդ ամենը նաև ժամանակի հետ է կապված: Ժամանակի մի փոքր հատվածի մեջ՝ կատակլիզմների: Անպայման Չարենցը պիտի պատասխաներ մեծ հարցադրումներին: Արվեստագետն արձագանքում է իր ժամանակին: Ժամանակները փոխվել են: Համո Սահյանը, Հրանտ Մաթևոսյանը, բոլոր վերջին շրջանի մեծերը նորից գալու են առաջին պլան: Մի՞թե պարզ չէ, որ ներկա ժամանակաշրջանում Ձեր արձակը, Համո Սահյանի զուլալ պոեզիան իրենց տեղում չեն, ճշգրիտ գրականությունը ոչ մեկին չի հետաքրքրում: Հետաքրքրում է ավելի մարտական, զորեղ, հատու, ինչ-որ այլ տեսակի գրականությունը: Եվ երիտասարդ ստեղծագործողները գրում են ժամանակի պահանջով:
– Տա Աստված, որ կարողանան ստեղծել «Մաքուր, լուսավոր մի անկյուն»-ի նման մի բան, մաքուր աշխարհ, որտեղ որ ընթերցողը կարողանա տեղափոխվել... Համազավթման, ընդգրկման մտադրություն չի ունեցել մեզանում Հակոբ Մնձուրին, բայց պատկերների մի շարք է բերել, որ իսկապես համապատկերն է ամբողջ նախաեղեռնյան շրջանի արևմտահայ կյանքի: Ֆեոդալական ժամանակների աշխարհ է ստեղծել, իսկապես պատկերների մի ամբողջ շարան է բերել, որոնք քո մեջ տպավորվում են՝ կարծես շարժման մեջ են, կարծես շարժանկար են: Վերլուծություն չկա: Միայն պատկերներ են, որտեղ ակտիվ վերաբերմունքը քեզնից է պահանջվում: Միայն ամուր և կայուն պատկերներ, որոնք համայնապատկերն են դառնում ամբողջ անցած հարյուրամյակի արևմտահայ կյանքի: Կորած մի ամբողջ աշխարհի: Փիլիսոփան կարծես թե հեղինակի մեջ թույլ է, բայց գեղագետը՝ հզոր: Փիլիսոփայությունը պահանջվում է քեզնից՝ նրա բերած պատկերներով: Այսինքն՝ դո՛ւ պետք է եզրահանգումների գաս:
– Երբ գրականությունը քարոզում է առաքինություն, մարդկայնություն, խաղաղություն, սեր, մեր ժամանակների համար կարծես թե արժեք չունի: Հիմա մարդիկ դրա մասին չեն մտածում: Այսօր, ասենք, գռեհկաբանական գրականությունն է հետաքրքրում: Ֆալոսապաշտական գրականությունը մարդիկ ընդունում են, մրցանակներ են շնորհվում: Դա, սակայն, մաքուր գրականություն չէ: Ես ընդունում եմ նրանց գրական տաղանդը: Սակայն այդ ճանապարհը տաճար չի տանում: Այս ամենն անցումային ժամանակի հետ է կապված, ժողովրդի հոգեվիճակի հետ: Այսպիսի երևույթներ կան, այդ պատճառով էլ Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի գրականությունը, մեծ արժեքներ ստեղծած գրականությունը կարող է տվյալ պահին արժեզրկվել: Ի վերջո, Հիսուսին էլ խաչեցին, որովհետև պատրաստ չէին ընդունելու նրա գաղափարախոսությունը, բայց հետո եկավ և գրավեց աշխարհը: Նույնն էլ ճշմարիտ, մեծ գրականությունը:
– Դժգոհելու առիթը ոչ թե այն է, թե ինչու են այդ մասին արտահայտվում, այլ այն, թե ով է այդքան մակերեսային: Հար և նման իրավիճակներ և՛ Դոստոևսկին է արել, և՛ Չարենցը՝ «Պատմության քառուղիներով», բայց սիրով են առաջնորդվել: Եվ ահա մտնում ես քեզ համար անծանոթ, խորթ, մերժելի մի աշխարհ, որտեղ դու առաջնորդ ունես: Եթե դժգոհ եմ մեր նորերից՝ ահա սրա համար, մակերեսային կյանքի պատկերը բերելու, մակերեսայնության և անզորության, խեղճության համար: Խեղճություն է դա ի վերջո: Զորությունն է պակասում, որ այդ մակերեսը կարողանան քերել ու հասնել ամենատակերի մարդ-աստծուն, որովհետև Աստված երկնքում չէ, Աստված մարդու մեջ է: Ամենատակերից, ամենախորքերից է մարդը Աստծուն հանել, հեռացրել, երկնքում բնակեցրել: Այդ աղբի և շփոթվածության մեջ մարդ կա, այլապես չէինք լինի մինչև հիմա: Քանի՜ անգամ մարդը կանգնել է կատակլիզմների առջև և կարողացել է եզրով անցնել, շրջանցել: Իր միջի այդ Աստվածը, իր միջի Քրիստոսը նրան տարել է, այդուհանդերձ, բարության, սրբության, համբերելու, սիրելու, ներելու ճանապարհով:
– Նոր ժամանակների ստեղծագործողները նաև կարծես վերաբերմունք չունեն: Պարզապես նկարագրում են: Մեկը նայում է օտար պատուհաններից ներս, գողանում ուրիշների ինտիմ կյանքի գաղտնիքները: Դա ստոր արարք է: Բայց հեղինակն ընթերցողին չի ասում՝ վատ է, մի անի: Նա ուղղակի ականատեսի մանրակրկիտ դիտողականությամբ նկարագրում է: Բայց չէ՞ որ դա գրականություն չի դառնում: Չէ՞ որ ստեղծագործողը պարտավորություն ունի մարդու, Աստծո առաջ:
– Մտածում են, թե իրենք այլ են, նա այլ է: Կարծում են իրենք հեռվում են կանգնած: Իսկ գրականության մեջ միակ ճշմարիտ պատասխանը մեկն է՝ գրողը բոլորի մեջ է: Ճշմարիտ գրականությունն այն է, որ միայն մեկ հասցեատեր ունի՝ ինձ, միայն ինձ: Եթե կարդում ենք ու ասում՝ սա իմ մասին չէ, այլ՝ հարևանիս, նշանակում է գործի ճշգրտությունը մոտավոր է: Եթե պատկերների մեջ ինձ չեմ տեսնում, նշանակում է, որ դա ճշմարիտ գրականություն չէ: Դրանք ուղղակի ռեպորտաժներ են. էլի նշենք՝ անուններ կան, թվում է, թե հարաբերվում են արևմտյան գրականությանը, ինչպես մեր խեղճուկրակ շատ նկարիչներ. իրենց թվում է, թե աբստրակցիոնիզմի են աբստրահում, սյուրռեալիզմի են աբստրահում, այնինչ դա ուղղակի իրենց խեղճությունն է: Դա զորեղ աշխարհայացքի բացակայությունն է: Զորեղ է այն գրողը, ով աշխարհայացք է բերում: Մեծ են նրանք, ովքեր Աստծո հայացք ունեն և աշխարհ են բերում: Եթե աշխարհայացք չեն բերում, բացում, եթե աշխարհայացք չունեն, լոկ պատկերաքաղը ոչ մի բան էլ չի կարող տալ:
– Ձեր հերոսները թելադրու՞մ են իրենց կամքը, թե՞ կարողանում եք մինչև վերջ հսկել իրադարձությունների ընթացքը:
– Երանելի վիճակ կլիներ, որ շատ քչերին է տրված: Իրենց կամքը թելադրում են: Իմ ձախողումների մեծ մասը ես վերագրում եմ հենց դրան: Իրենց կամքով են գնում: Նոր սահմաններ են ոտք դնում, և այն, ինչ մտածել էիր նախապես, քո կամքով պետք է անեիր, որպես ճարտարապետ, ինժեներ-շինարար կառույցին քո կամքը պարտադրեիր, չի ստացվում: Շատ դեպքում ողնաշարը կառույցի ընդհանուր պատկերը կորցնում է: Աստված ուժ տա, իսկապես որևէ կերպ գործը գլուխ բերվի: Սա վիճակ է, որին անդրադարձել է Ֆոլքները, ձախողումները բացատրելով դրանով՝ ընդգրկել անընդգրկելին: Այնուամենայնիվ, գործերը կիսատ են մնում: Միշտ ջանում ես կորցրած ռիթմդ լրացնել կամ թույլ տված սխալդ, գործիդ արատը ծածկել, թաքցնել հաջորդ գործում: Եվ հնարավոր է, որ առաջանա հաջորդ արատավոր գործը, որովհետև իսկապես հերոսները խաղատիկնիկներ չեն: Նրանք պետք է իրենց կամքով, իրենց ամբողջական կյանքով ապրեն և պարտավորեցնում են: Մի օրինակ բերեմ. հայ քրիստոնյայի, հայ գրողի իմ ցանկությամբ մարդասպանը, ահա, մարդ սպանելով, իրեն է սպանել, և ֆիզիկական, մարմնավոր նրա մահն ուղղակի ժամանակի խնդիր է: Պետք է որ մարմնով քայքայված, տկար, խեղճուկրակ մեկը լիներ: Նույնիսկ մարմին չի, կյանք չունի, պահանջ չունի: Եվ սատկացնելու կարիք էլ չկա: Այդպես էր պատկերը: Գնացել էին վրեժ հանելու և տեսել էին, որ տկար ու ողորմելիի մեկն է: Ես, դեպքերից հիսուն-վաթսուն տարի հետո իրեն հարցրի՝ ինչի՞, նա ապրո՞ւմ է: Մարդ էր սպանել: Մեր շրջանում էր: Մի րոպե լռեց, ապա ասաց՝ բա սատկել ա՞: Պարզվեց, որ չի սատկել, նպատակադրված, իր կամքով, իր համար տղամարդու տղամարդկությունով սպանել է և իր համար շարունակում է ապրել: Այդ ես պարտավոր էի զգալ, ոչ թե քրիստոնյայի ցանկությունը վերագրեի մեկին, ով այլ կյանքով և այլ ցանկություններով է ապրում: Լավ, ճիշտ դաստիարակության դեպքում ես պետք է իմանայի, իմ պլանները կառուցեի այդ իմացության վրա: Դա ինձ այլ խորքերի կտաներ, քան այն դեպքում, որ ես մտածում էի՝ չի կարելի սպանել, որովհետև մարդ սպանելով դու ինքդ քեզ ես սպանում: Չէ, նա իրեն կողք է դրել և տղամարդ է եղել: Սպանություններն էլ մարդու ներաշխարհի երևույթներ են և այնտեղ նույնպես պահանջվում է այրականորեն դուրս գալ: Շատ քիչ ուսուցիչներ եմ ունեցել, խանդով, նախանձով հետևել: «Հաջի Մուրադը» կարդա և տես ի՜նչ մաքառում է մինչև վերջ: Նաև սպանվելուց հետո, անգիտակից մարմինն է մաքառում՝ ապրելու, լինելու, Երկրի վրա կայանալու համար:
– Հեթանոսական հզոր կենսասիրության, մարտականության կատաղիություն կա կերպարում:
– Շատ կուզենայի, որ մեր տասնհինգ-քսան տարեկան երեխաները, հայ մեծերի և այդպիսի մեծ գործերի ընթերցումով ձևավորվեն, կարողանան խորքեր ընդգրկել: Դրա համար էլ ասացի, որ ուսուցիչներ չեմ ունեցել: Վատ գրականություն են տվել՝ մակերեսային, որը ոչ մի բան չի սովորեցնում, բնություն չեն սովորեցրել, դրա համար շատ բան է մեզանում դատարկված: Մենք մեր ժամանակի հետ, զուտ այդ աղավաղվածության պատճառով, զուտ այդ կուսակցականության, պռատության պատճառով շատ մարդկային մի վեպ չենք կայացրել, կյանքն այդ տառապանքն առել-թափել է, չկայացած գրականությունը մահացած է ծնվել և սերունդներին անցել: Ափսոս, որ դրա վրա ջանք է թափվել, որ դրանք կարդացվել են, և չեն կարդացվել «Հաջի Մուրադը» և նման գործեր: Համենայն դեպս՝ ուսուցիչներ չեն եղել դրանք:
– Հայերիս քրիստոնեության ընդունումը կարծես թե սխալ ճանապարհով գնաց: Մեր հեթանոսական շրջանի ազգային ժառանգությունը համարյա գլխովին ոչնչացվեց՝ մեհյանները, տաճարները, ազգային ավանդույթները, նույնիսկ բանավոր ասքերը, լեգենդները մոռացության մատնվեցին՝ մտածված կերպով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
– Այդ հարցը շատ ավելի շուտ՝ քսան–երեսուն տարի առաջ, ընկերներիցս մեկը դնում էր, որ յուրաքանչյուր հեղափոխություն ավերվածություն է: Եվ քրիստոնեությունը՝ նույնպես: Միաժամանակ ակտիվ թշնամանքով նայել պետք չէ: Միգուցե ճշմարտություն է կամ միակ ճշմարտությունն է, որ հեթանոսական շրջանի մշակույթը գլխովին ոչնչացվեց և եկավ նոր մշակույթ: Քրիստոնեության հեղափոխական ուսմունքի ավերիչ ուժը ժառանգել և իր դեմ դուրս գալ՝ նույնը կլինի, ինչ որ իրենք արեցին: Շատ թանկ, մեծ բան ոչնչացրին, և հաստատեցին իրենցը: Հասարակության պայմանավորվածությունն է, որ ահա ներկա մշակույթն առաջադրվել է որպես այդ մշակույթի վճար. առաջացել է Մաշտոց, Խորենացի, Նարեկացի, շարականներ, Սայաթ-Նովա... Մեծ, հիանալի մշակույթ է առաջացել և պետք է գուրգուրանքով, սիրով վերաբերվել՝ առանց ծագման ակունքներին անդրադառնալու:
– Երբ ստեղծագործական պրոցեսի մեջ եք լինում, ցերեկն ստեղծագործում եք, քնած ժամանակ երազով կամ ինչ-որ ձևով շարունակվո՞ւմ է այդ պրոցեսը, թե՞ ընդհատվում է՝ ցերեկը նորից սկսվելու համար:
– Ջահել ժամանակների հուշեր են: Հախուռն հունի մեջ դա եղել է: Բայց վաղուց արդեն չունեմ: Այդ մոլությունը, այդ տենդը, այդ ստեղծագործելու մոլուցքը, անջատվելու-միանալու զորությունը՝ անջատվելով իրականությունից՝ միանալ մարդկային ավելի մեծ մի աշխարհի հետ և այդ աշխարհի հետ լինել, զառանցել, ապրել, հիանալ, հրճվել, ծիծաղել... Ես վաղուց չունեմ: Բայց դա երանելի վիճակ է: Գրողի դժբախտ վիճակ է, որ երիտասարդության հաշվին է արվում: Ուրախությամբ տանելով առտնին հոգսերը, աղքատությունը: Եվ ամենազարհուրելին, որ ահա քո այդ ջանքն ու տառապանքը քեզ հաճույքով չեն տրվում: Ուղղակի երիտասարդության հաշվին անում ես: Տա Աստված, որ դարձյալ կարողանամ հարաբերվել այդ զառանցանքին և աշխատել:
Երբեմն, որպես իրական աշխարհի, կարոտով եմ անդրադառնում կիսատ մնացած գործիս, որ վիթխարի մի աշխարհ է, վիճակ, որտեղ, ահա, հերոսներ, մարդիկ, փոքր, մեծ ջանում են քարից դուրս գալ և իրական կյանքով ապրել: Սիրում եմ, իսկապես, նրանց: Սիրում եմ, ինչքան իրական կյանքում իրական մարդկանց չեն սիրում, որովհետև նա իսկապես յոթ երկնքով ստեղծված է, նրա մեջ իսկապես Աստծո մաս կա: Այնտեղ մենակ ես չեմ, Աստված ինձ հետ է: Երբ որ մայրը քուն ու դադար չուներ, ջանում էր նրանց քարից զատել, որ երկրային շնչով ապրեն, շնչեն... Ամենաշատ սիրածս Շուշան անունով մի աղջնակի պատկեր է, որ տասը-տասներեք տարեկան է և տիրություն է անում իր մոր վրա, հոր, եղբոր վրա: Աղջնակ է, որ տիրուհի է: Ես իրեն այնքան եմ սիրում, ինչքան ուղղակի հայ իրականության մեջ կնոջը, աղջկան, աղջնակին, ոչ մեկին այդպես չեն սիրել: Ես անպայման պետք է քարից, անհայտությունից նրան դուրս կորզեմ:
– Ո՞վ է Հայը:
– Այդ հարցին պատասխանում է Հայ գոյը և ամբողջ մեր պատմությունը: Ովքե՞ր ենք, ո՞ւր ենք գնացել մեր ամբողջ պատմության ընթացքում, ի՞նչ ենք տվել աշխարհի մշակույթին, քաղաքակրթությանը, արվեստին: Ամբողջը միացնում ենք, մի պատկերի ենք բերում և տալիս հայի բարոյական գնահատականը: Մանդելշտամի մի բնութագրումը կա, որն ուրիշ անգամներ խրախուսանք է թվացել: Բնազանցական ամեն ինչից խորշող, իրենից վանող, իրերի աշխարհին հավատացող մարդ է հայը: Նրա համար քարը քար է, Արագածն՝ Արագած: Եվ բնազանցական ամեն ինչը վանող, խորշող: Հեղափոխության և անկումների աշխարհից փախած մեծ բանաստեղծն այստեղ հայտնվել էր իրերի, իրականության աշխարհում և պաշտամունքով հմայվել երկրի, հողի, մարդու առջև: Բնազանցականը մերժող ժողովրդի մեջ: Գնահատականը ճշմարիտ եմ համարում, որովհետև հիշում է քո և իմ բոլոր մեծ դրսևորումները՝ Սարյան կլինի, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան թե ուրիշ որևէ մեկը: Աշխարհը սիրող, գուրգուրող, կառուցողական ինչ-որ մի բան կա մեր մեջ: Մեր մարդը մինչև վերջ չի ընկնում՝ վախենում է: Եվ մինչև վերջ չի բարձրանում: Մակբեթ չի դառնում՝ մինչև հատակն իջնելով, ինչպես նաև չի գնում վերսլացումների, բայց նաև Մագելլան չի դառնում: Չի ընկնում մինչև հատակը և չի էլ բարձրանում ամենավերևը: Այդ մարդն է հայը: Դա ապացուցվում է իր ճարտարապետությամբ, իր երաժշտությամբ, իր նկարչությամբ, իր բանարվեստով: Մեր ստեղծագործողը, անհատը քանի անգամ է հարաբերվել բնազանցության աշխարհին և քանի անգամ է այդ աշխարհը թողել իր հետաքրքրությունների շրջանակներից դուրս: Սարյանը կլինի, Թումանյանը թե Արամ Խաչատրյանը...
– Հայերն ուրիշ պետություններում բարձր մակարդակի արվեստագետներ, զորավարներ են դառնում, բայց իրենց երկրում, իրենց ազգի մեջ չեն կայանում:
– Գարեգին Նժդեհը որտե՞ղ առաջացավ:
– Նժդեհը մեկն էր, բացառություն: Իսկ քանի՞ Նժդեհներ եղան Բյուզանդիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում...
– Շատ անգամներ եմ հանդիպել, որ ուղղակի մեղքը գցում են ազգի վրա, փաստորեն արյան վրա՝ թե որակը որակ չի... Տաղանդի վրա: Տականքի վերաբերմունքն առ իր ծնող ժողովուրդը: Դա տականք մարդն է, որ իր անկման պատճառը, մեղքը գցում է իր ծնողի վրա: Նժդեհը սրան ուշադրություն է դարձրել՝ որ երբ ինքը լիրբ է, ասում է՝ մայրս է լիրբ:
– Կներեք, բայց դա ճիշտ հարցադրում չէ:
– Չէ, ճիշտ հարցադրում չէ: Ակունքներին եթե անդրադառնանք, մեր երգն ենք երգելու, մեր երգը չենք երգում, երբ որդեգրում ենք թուրք սուլթանի վերաբերմունքն առ ռուս ժողովուրդը և ռուս ցարի կողմից՝ առ թուրք ժողովուրդը: Թագավորների վերաբերմունքը միմյանց նկատմամբ որդեգրելով, խոսում ենք նրանց լեզվով՝ նրանց մասին, մեկի լեզվով՝ մյուսի մասին: Պետք է մեր լեզուն գտնենք և մեր թուրքահայի վերաբերմունքն առ ռուսաց կայսրը լինի հայի և ոչ թե թուրքահայի վերաբերմունք, ռուսահայոց վերաբերմունքը լինի ոչ թե ռուսահայի, այլ հայի վերաբերմունքն առ Թուրքիան և թուրքաց սուլթանը: Ահա այս մասին է խոսքը, որ իսկապես օտար դուդուկի տակ պարել ենք: Այս դեպքում է, որ երգել ենք «Ստամբուլը պիտի դառնա արյան ծով» ռուսաց թագավորի, կազակության երգը: Դա էլ մեր ողբերգության պատճառ է դարձել: Ասենք, լավ՝ մեր շահը համընկնում է նրա շահերի հետ, շատ ճիշտ խոսք է: Հետո նրանք ետ են քաշվել, և մենք մնացել ենք հզոր թուրքի դեմ մեն-մենակ:
– Մնացել ենք հարվածի տակ:
– Այո, մենք մնացել ենք հարվածի տակ: Ուրիշ հարց, որ ահա այդ որդեգրումը մեզ բոլորովին այլ կերպ է պահում իրականության հանդեպ, քան եթե զուտ մենք մեզ մենակ զգայինք: Ես միշտ այդ մասին խոսել եմ և միշտ կարող եմ պնդել, որ խաբվելը խաբվել, բայց արդեն նոր որակի մարդ է կանգնած ասպարեզում՝ բարձրահասակ, աշխարհի մեծ գաղափարների հետ հարաբերված, չխեղճացած: Դա այնքան իրական, նյութական ներդրում էր հայ մարդու աշխարհում, ինչքան զորական, նյութական մեծ օժանդակություն կլիներ հայ մարդուն: Ահա, խոսքը նույնքան նյութական օժանդակություն է, կշռելի օժանդակություն է, ինչքան զորական օժանդակությունը, ինչքան, ասենք, գնդապետ Կորոլկովի պատվախնդիր պահվածքը՝ Սարդարապատն ինքը փրկեց փաստորեն: Կազակական իր փոքրիկ գնդով, իր գնդի մնացորդներով շուռ եկավ ու խփեց: Եվ, ահա, նրա շուրջը համախմբվեցին բոլորը:

– Ցեղի շնորհները գենետիկ կապով սերնդեսերունդ փոխանցվելով՝ արտահայտվում են այդ ցեղի մի ներկայացուցչի միջոցով: Դուք ումի՞ց եք ժառանգել գրողի տաղանդը՝ մո՞ր, թե՞ հոր կողմից, ո՞ւմ եք պարտական Ձեր տաղանդի համար:
– Մորս կողմից: Սովորական դեպքերն այնպե՛ս էր տեսնում, այնպե՛ս էր պատմում... Շատ սիրուն մի երկու պատկեր հիշում եմ: Ավետիք պապի մեծ ընտանիքը հավաքվում էր՝ հարսները և տալերը: Մենք՝ երեխեքով, ներկա էինք լինում և լսում գյուղի ամբողջ թատերացված կյանքը հարսների կատարմամբ: Ամբողջ գյուղի տնազն անում, ամբողջ գյուղը ներկայացնում էին: Շարժումներից բոլորը ճանաչվում էին: Եվ հենց այդտեղ ստեղծվում էր դրաման, կոմեդիան: Հենց խալիչայի տորքի տակ, գործելով, հոգնելով, շորորալով՝ կանայք էին ստեղծում: Դրա համար, երբ Վահագն Դավթյանը Չոբանյանին մի բան էր պատմել, կրկնելով, որ մեր միջնադարյան ամբողջ երգն արհեստավորներն են ստեղծել, ես պատկերացնում էի, որ ահա, այդ խալիչաների տակ, կանայք նստած երգել են: Եվ այդ հայրենները ժողովուրդն է ստեղծել: Ես տեսնում էի այդ ժողովրդին՝ իմ հորաքույրներին, հորեղբայրների կանանց, որոնք իսկապես ստեղծում էին մեր պատմությունները: Տղամարդկանց մեջ էլ, իհարկե, պատմողներ կային, բայց հիմնականում կանայք էին: Լեզուն կանայք են ստեղծում: Հիշենք Պուշկինին. իր լեզուն իր դայակն է ստեղծել:

Հովիկ Վարդումյան, «Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ»,
«Վան Արյան» հրատ., Երևան, 2003 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Divination with a cup of coffee
Divination with a cup of coffee
Play Online