Hrant Matevosyan

Ոչ ոք պիտի գիտենա, որ իր հետ չեմ

«Ահա հայտնվեց, ահա հեռանում է ինքներդ եք տեսնում թե ով» - իր ինքնակենսագրական գրքի անունն է։ Մեզ մնում է վկայել, թե անցորդը՝ ինքը, այս տանջված ու խեղճ ադամորդու և, ուրեմն, գրականության բարձրյալի պատգամախոսն էր։ Եկավ անցավ և դեռևս չգնացողներիս, առայժմ հիացած մնացողներիս թողեց ձեռ ի բերան՝ թե ի՜նչ ազնիվ նյութերից է գնդված մայր երկիրը, ի՜նչ զավակների է ընդունակ և որպես մարդկության ու մարդկայնության հայրենիք դեռ ինչքա՜ն է արժանի ճախրելու տիեզերքում։
Իր խոսքն ու դավանանքն է՝ մտքի և խղճի ցուցադրում լինելուց առաջ գրականությունը խոստովանություն է. այլ խոսքով՝ գրականությունն այն է լինելու, ինչ որ ինքդ ես։
Դարձյալ իր խոսքն է՝ «Ոչ ոք պիտի գիտնա, թե ես իր հետ չեմ». այլ խոսքով՝ ինքդ քեզ տեսնում ես ամենի ու ամենքի մեջ՝ պատանիների ու աղջիկների, կանանց ու տղամարդկանց, կենդանիների ու ծառերի, մանուկների ու ծերերի, և ինքդ քեզ նայում ես նրանց միջից, ավելի ճիշտ՝
Բայց ո՜վ կտար էն վայելքը, որ ինքս ինձ էլ չզգայի
Ու հալվեի՜, ծավալվեի, ամենքի մեջ լինեի։
Լավ գրքեր շատերն են գրում. յուրաքանչյուր ոք կարող է գոնե մի լավ գրքի հեղինակ լինել՝ իր կյանքը. բայց այնպիսի գրքեր, որ ժամանակակիցների ու հետնորդների համար աշխարհայացքային նշանակություն ստանան, հազվագյուտներին է տրված, և Սարոյանն այդ հազվագյուտների մեջ եզակի էր։
Նա հեգնում ու խեթում էր գրականության այն օրենսդիրներին, ում համար մարդուց՝ մեր բոլորից ու յուրաքանչյուրից վերն ու լրիվը իրենց պատկերացումն է մեր մասին, և ովքեր տապակվում են իրենց ազգային-դասային-ցեղային-դավանանքային նախապաշարումների մեջ և ջանում են սրբագործել այն, ինչը իրենց իսկ կարճ մտքի ծնունդն է։ Այդտեղ նա ծիծաղում էր, որովհետև այդ օրենսդիրները նրան պատկերանում էին ոչ թե որպես մայրորդիներ, այլ ուղիղ Աստծու բերանից ելածներ։
Եվ դարձյալ իր գրքից է. «Գրում էի ներգաղթողների անգլերենով. դա վայրագություն էր լեզվի հանդեպ, հրատարակիչները սարսափած ետ էին քաշվում, բայց ես այդ էի, և նրանք ի վերջո տեղի տվեցին»։ Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ լրացրեց. «Ես ճնշվածների կողմն եմ. եթե այդ ներգաղթողները՝ իմ հայրը, հորեղբայրը, ազգականներս, մշեցիները, բիթլիսցիները, Ամերիկայի մեջ արհամարհված մարդիկ չլինեին, թերևս գրեի ո՛չ նրանց մասին և ազգանունս էլ Սարոյա՛ն չթողնեի, ինչպես մեր հայրենակից մեկը՝ որ շնորհալի գրող էր, բայց իր ազգությունից խուսափեց. իր ցեղը, ծնողներին, ազգությունը թաքցնող որևէ մեկը չի կարող ճշմարիտ գրող լինել»։ Եվ, օրեր անց կամ առաջ, գոհունակության թեթև ժպիտով՝ «Գիտե՞ս, ճապոն տղայոց մեջ կա՝ որ անուն Արամ է. իմ գիրքերես առած են»։ Այդպես։
Հորժամ քնարս իմ ցրտանա՝
Սիրույն տալով վերջին բարև -
Երթամ ննջել զիմ Կիլիկիա՝
Աշխարհն, որ ինձ ետուր արև։
Բոլոր սերերը մարելուց հետո ցրտած քնարով միակ անմարելիին դառնալը շատ ու շատ նուրբ հոգիների վերջին ճախրն է, բայց ահա հե՛նց սկզբից, հե՛նց պատանեկան հպարտ հասակում, երբ ամբողջ աշխարհն է գրկաբաց մայր ու սիրուհի թվում, ետդարձի ճանապարհ բռնել դեպի «արնավառ Հայաստան յարը»՝ սա արդեն եզակիորեն եզակի շնորհ է, սա արդեն սերտաճում է հանճարի բուն էությունից, այսինքն թե այդ ճանապարհը լքելը հրաժարումն կլիներ գրականության բուն խորքերը տանող ճանապարհից։ Նա անընդհատ հայրենիքի ճանապարհին էր։ Կարճ՝ հայրենիքը նա ճշմարիտ գրականության ճանապարհին գտավ, և խիզախ, անկասեցնելի հոգու, ոգեկան այդ ձեռքբերումն ար֊դեն անկապտելի էր որպես մեծ գրականության էություն։
Եվ, իհարկե, դեպի հայրենիք այդ շարունակական, անվախճան, անընդհատ սկսվող և երբեք ավարտվող ճախրը պիտի ավարտվեր գեղեցկորեն նույնքան շիտակ, ինչպես իր ողջ կյանքն ու գործն էր, մի վայրէջքով՝ աճյունը հայրենի հողին ի պահ տալով. մարմինը, ուր ինքն էր բնակվում, հայրենի երկնքից աճյուն դարձած պիտի իջներ հայրենի հողին։

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

Komitas. Last night
Komitas. Last night
Play Online