Hrant Matevosyan

Սպիտակ թղթի առջև

Աշխարհի բնակչությունը երեքուկես միլիարդ է, մի հիսուն տարի հետո կլինի յոթ միլիարդ, մի ութսուն տարի հետո՝ տասնչորս, իսկ հայտնագործվելիք նոր ամերիկաներ չկան։ Ատոմային ռումբերի թիվը աշխարհում շատ է ատոմային ռումբի «արժան» քաղաքների թվից։ Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհնչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը, դրանք մի ամբողջ երջանկություն են։ Ռազմական փոստի դարեհյան հեծյալը քշած գնում էր երեք օր, երեք օրվա մեջ հանդիպում էր մի մարդու, գլխարկը հանում էր և բարևում սրտի խորքերից, բարո՛վ տեսանք։ Դիլան դայի մարդը ապրեց յոթանասուն թե հարյուր տարի, հիշողության արևոտ հովիտներում կար մի Սոնա, մի անակնկալ նվիրումն, որ հուշերի տափարակում հառնում էր վիթխարի, անհամեմատելի, ցանկալի՝ որպես անապատի աղբյուր։ Մորթվող մի աքաղաղ էր, տասը զույգ աչք,- ամեն մեկիս հասնում էր մի փշուր միս, մսաջրի համը և հարևանի հարցը՝ հավ էիք մորթե՞լ, հիմա ամբողջ աշխարհում միակ ձև է դարձել թռչունների կերակրման հոլանդական խելացի ձևը. ունելիով բռնում են սագի վզից՝ կտուցը բացվում է, շերեփով լցնում են փորը՝ ուզի թե չուզի մարսելու, գիրանալու, ծանրանալու է. միսը շատանալու է - բոլորը կարող են ուտել մի-մի սագ։ Բտում ու կերակրում են պոմիդորը, տանձը, ձուկը, կարտոֆիլը, կովը,- բոլոր պայմանները կան, որ մի քանի տարի հետո Երկրի վրա մի մարդու հասնի մի կանգնելու տեղ միայն։ Ես կարոտում եմ դարեհյան ժամանակներին։ Բոլոր գրողները կարոտում են դարեհյան ժամանակներին։ «Կուզենայիք ապրած լինել երեկ, ապրեիք վաղը, թե՞ այսօրը ձեզ բավարարում է» հարցին ճապոնական երիտասարդության ճնշող մեծամասնությունը պատասխանել է՝ երե՛կ։ Ես ասում եմ՝ վա՛ղը. վաղը մենք կլինենք հարգանք ներշնչող քանակով ևս։ Վաղը Միավորված ազգերի կազմակերպությունը որոշելու է խելացիորեն, մարդավայել, գիտակցաբար դադարեցնել բնակչության աճը աշխարհում... 1941 թվականի հունիսի երկրորդ շաբաթում, անհեռախոս մեր խուլ գյուղում, նվաղեց մի պառավ ու գուշակեց արյուն, կոտորած, սով։ Խորհրդի նախագահը նրան գոմում փակեց խաբեության համար և մի շաբաթ հետո, հունիսի 22-ին, գնաց ռազմաճակատ՝ գոմի բանալին գրպանում։ Հիմա խոսում են բիոհոսանքների անպայման գոյության մասին։ Վայ թե եղել է մի բարձր քաղաքակրթված աշխարհ մի մեծ աղետից առաջ. վայ թե սոդոմ-գոմորը առասպել չէ։ Ճապոնիայում ցեմենտից ու ապակուց բազմահարկ գերեզմանատներ են կառուցում, Ճապոնիայում անհող պոմիդոր են աճեցնում, Նահանգների երիտասարդության կեսից ավելին զինակոչման ենթակա չէ սրտի ճարպակալման պատճառով, Չինաստանի առաջին ռազմա-օդային ուսումնարանի սաները, չնայած իրենց չինական ֆանատիզմին, թռիչքը տանել չէին կարողանում սննդի միօրինակության պատճառով,- այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։
Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։ Եվ մինչև հիմա այն է արել, որ փշուր-փշուր, փշուր-փշուր ինչպես գրանիտից՝ կերտել է Քրիստոս, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել է կուռք, սիրելի է դարձրել Հունաստանը, Պարսկաստանը, Իսպանիան, հին կանեփի դաշտ Ռուսաստանը դարձրել է աշխարհին գրականություն տվող Ռուսաստան։ Առանց «Աբու-Լալա Մահարու» անապատը կլիներ միայն ավազուտ։ Մարդատյաց աշխարհը մարդասիրացրել է։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,- Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։
Թրքական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը խաղաղեցնում էր չեթեական ու քրդական գյուղերը, ոմանց խաբում էր, ոմանց կախում, թամբի վրա օրորվում էր գյուղից սար, սարից անտառ, անտառից՝ ժայռագլխի մենավոր վանք, ուր պիտի որ ապաստանած լինեին մի քանի տաքգլուխներ, իսկ մոտիկ քաղաքում քաղաքային խորհրդի եվրոպացած լակոտները մի տարի թե չորս տարի նստել էին ու ննջում էին մի կիսահարցի վրա։ Թրքական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը օրորվում էր թամբի վրա սարից անտառ, անտառից՝ մենավոր վանք, մեկ էլ հանկարծ գնդապետին սաստիկ դուր չեկան քաղաքային խորհրդի լաքած լակոտները. նժույգն ասպանդակեց թրքական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը, քշեց-գնաց, ճանապարհին ձին պայթեցրեց, տակն առավ ուրիշ նժույգ, սալահատակը կարկտահարելով գնաց, սանձերը տվեց դեմը կտրող ժամապահի ձեռքը, մաուզերը քաշած փափուկ-փափուկ բարձրացավ աստիճաններով, դռները ոտքով ետ շրխկացրեց ու գնդակահարեց Փարիզը տեսած այդ լակոտներին, որոնք չորս տարի նիրհի մեջ շուռումուռ էին տալիս մի հարց։ Ոստիկանական ջոկատը կրակեց նրա վրա, ինքը՝ նրանց վրա, վիրավորվեց ինքը, վիրավորեց ու սպանեց նրանցից շենքում, ինքը մեկ օր մենակ էր։ Ապա արյունաքամ եղավ, եկան թևերից բարձրացրին, դուրս էին տանում, մեկ էլ՝ բարակ բեղերով լեյտենանտը թե՝ «դե գնա, գնա, շուն շան որդի»։ Վիզը ոլորելով ետ նայեց գնդապետը աստիճանների վրայից՝ լաքած մի լակոտ էլ աստիճանների գլխին կանգնած այդ լեյտենանտն էր։ Գնդապետը տխուր ժպտաց, հետո միանգամից դուրս քաշեց ատրճանակը սապոգի ճտքից ու մեկ-երկու-երեք-յոթ՝ շարեց նրա ճակատին։
Այս պատմությունն ինձ դուր է գալիս. այստեղ մարդը նախնական ու մոնումենտալ է. բյուրոկրատիզմի սարդոստայններում խճճված, բյուրոկրատական ապարատի ուռճացումը անկասեցնելի ժանտախտի պես մի բան՝ ես այս պատմության մեջ տեսնում եմ պարզ համակրանքներ ու հակակրանքներ. սա իմ կարոտներից է։ Այս պինդ ու կլոր զրույցից գուցե թե ստացվեր պատմվածք, վեպ կամ վիպակ։ Պետք է խցկվել սրա մեջ, խարխափելով, խարխափելով գնալու, գտնելու, բացարձակելու սրա փիլիսոփայական հզորությունն ու գեղարվեստի թևերը։ Բայց գուցե չունի՞ փիլիսոփայական հզոր լիցք,- է, ոչինչ, ալքիմիայից ո՞վ է տուժել։ Կմնա անշավիղ լանջերով իր ճշմարտությանը գնացող գրողի տառապանքը. այդ արդեն գեղարվեստն է։ Աշխարհը հարստանում է այդ ազնիվ ճիգով։ Գրականությունը աշխարհի ազնվանալու տառապալից ճիգն է։ Դա գրականության կոչումն է ի ծնե։ Ինչպես ստրկորդիները ծնվում են ստրկության մեջ, այդպես ամեն մի գրող հայտնվում է թիապարտի նստարանին։
Շատ բարի, բայց ինչո՞ւ «թրքական պատժիչ գումարտակի»։ Դե, թրքական։ Ինչո՞ւ հատկապես թրքական։ Հատկապե՛ս չէ, պարզապես թրքական։ Ինչո՞ւ թրքական։ Դե որովհետև թրքական, պատմել են, որ այդ պատահել է Թուրքիայում։ Թե՞ 1915 - թվականի մասին ուզում ես բան ասած լինել։ Դժվար է 1915 թվականի մասին չխոսելը, բայց դժվար է գեղարվեստով խոսելը։ Չէ՛, ավելի լավ է գրիր՝ հնդկական պատժիչ գումարտակի... Համաձայն եմ. հնդկական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը թամբի վրա օրորվում էր գյուղից սար, սարից...- Ինչո՞ւ հնդկական։- Է, Դո՛ւք ասացիք։ - Չէ, հնդիկները մեր բարեկամներն են, ավելի լավ է գրիր «պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը»։- Է, օդո՞ւմ։ Առանց այդ էլ ես չգիտեմ՝ այս պատմությունը արձակ բանաստեղծության ձևո՞վ գրեմ, թե կոպիտ արձակի, գնդապետի անունը Հասան կարելի՞ է դնել, թե այդ անունը կհիշեցնի հայտնի հեքիաթի Աբու-Հասանին, և գնդապետն այդպիսով կկորցնի իր հպարտ շուքը, գնդապետը լա՞վ մարդ էր, թե Փարիզը տեսած տղաներն էին մարդասեր, խելոք ու անվճռական. գնդապետին լեյտենանտը պատահաբա՞ր հայհոյեց, թե կռվել էր, հաղթել էր ու հոխորտաց հաղթողի պատվանդանից, պատմեմ որպես եղելությո՞ւն, թե բովանդակությունն արդեն մասամբ հեքիաթային է, եղելություն ձևի մեջ կդառնա բոլորովին հեքիաթ. ինչպե՞ս անեմ, որ իմ պարբերության շեշտը կարողանա վերցնել նրա ձիու վարգը, քառատրոփը, սրտի պայթյունը, թառանչը. ինչպե՞ս անեմ, որ բնանկարը փռվի գործողությունների հետ, որ խարկված միջին Անատոլուն մնա հիշողության մեջ՝ երբ ես ինքս չեմ տեսել այդ խարկված միջին Անատոլուն, որ ես մոռանամ իմ հայրերի դահճին նրա ցեղակից լինելը և հարգեմ նրան որպես նյութ՝ ինչպես քարտաշն է հարգում որձաքարը. որ զսպեմ գեղեցիկ բառերի հրապուրանքը. որ շոշափել կարողանաք լեյտենանտի վայրկենական շփոթմունքը՝ երբ ատրճանակ տեսավ գնդապետի ձեռքին։ Ինչպե՞ս ասել, որ մեռնող գնդապետի համար աշխարհը խլացավ ու կուրացավ՝ երբ ես մեռած չկամ, ասեմ առանց այդ բառերի, որովհետև դրանք միայն բառեր են, իսկ խլանալու և կուրանալու զգացողությունները երևի բոլորովին ուրիշ կապեր ու կապակցումներ են պահանջում,- կարելի է գլուխ կոտրել և գուցե դարձյալ ոչինչ չստացվի։ Եվ հիմա էլ ժխտվում է հումքը. քանդակում է քանդակագործը, բայց քանդակում է կավից,- ես ի՞նչ անեմ, երբ մերժվում է կավը, այբուբենը, հիմքերի հիմքը։
Իսկ դու, գրիչ վերցնելով, հանդգնել ես մեծ Թումանյանի դեմ, ասել ես՝ «Պատրանքը» լավ բանաստեղծություն է, բայց թերի է, ես հիմա արարելու եմ կատարյալը։ Իսկ դու մրցակցության մեջ ես աշխարհի մեծերի հետ...
Համագումարը գրողի փոխարեն, իհարկե, չի կարող գրել, բայց ի զորու է անելու գրելուն հավասար պատվաբեր մի բան. ստեղծել այն մթնոլորտը, որի մեջ գրողն իրեն կզգա այս երկրի տերն ու պատվախնդիրը, որպեսզի սպիտակ թղթի դեմ գրողը նստի ոչ թե որպես առաջադրանք կատարող աշակերտ, այլ որպես անհայտությունից գրականության ու կյանքի բարդ խնդիրներ բացահայտող ուսուցիչ։

«Գրական թերթ», 14.10.1966թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Dec 27 1965
Dec 27 1965
Play Online