Hrant Matevosyan

Քո ազատության սահմանները մինչև իմ ազատության սահմաններն են

– Պրն. Մաթևոսյան, կարծում եք՝ կարո՞ղ ենք այսօր ասել, թե գրող Մաթևոսյանը զբաղվում է քաղաքականությամբ:
– Քաղաքականությամբ եթե զբաղվում էլ եմ, ապա շատ սիրողական մակարդակի վրա է իմ այդ քաղաքականությունը: Շատ հաճախ առաջնորդվում եմ զուտ արտաքին տպավորություններով: Որևէ շարժման, կազմակերպության, կուսակցության անդամ չեմ, երբևէ չեմ եղել և չեմ լինելու: Թեկուզև որևէ կուսակցություն կարողանա խաբել, թե հենց ինքն է ազգային համակ շահերի ընդգրկողը, ես դարձյալ պիտի վերապահությամբ նայեմ և անձի իմ ազատությունը պիտի ջանամ չենթարկել իրեն: Չեմ կարող ասել, թե ես քաղաքականությամբ եմ զբաղվում: Իսկ եթե այդպիսի տպավորություն առաջացել է «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված երկխոսությունից, որ լույս աշխարհ եկավ նստաշրջանից անմիջապես առաջ, այդ երկխոսության մի պարբերությունից, ուր ես պնդում էի, թե մենք բոլորս պետք է համախմբվենք կամային մի մարդու շուրջը, և այդ մարդը տվյալ դեպքում Վլադիմիր Մովսիսյանն էր, ապա հիմա էլ այն կարծիքին եմ, որ պետք է խմբվենք մի մարդու շուրջը. թշնամին չպետք է կարողանա մեր մեջ գժտության ցեց գցել: Էսօրվա մեր վիճակն այնպիսին է, որ պառլամենտ-պառլամենտ չպիտի խաղանք: Այնինչ խաղում ենք: Մեր բառապաշարում արծարծվող շատ բառեր այստեղ, մեզանում չեն ծնվել, բերվել են քաղաքակիրթ յուրաքանչյուր անձի և ընտանիքի պաշտպանությունն ապահոված երկրներից և բոլորովին չեն արտահայտում մեր քանդուքարափ երկրի այսօրվա վիճակը: Վայրենի բան եմ ասում, բայց կարելի է նույնիսկ համակրանքի ցույցեր անել հօգուտ նրանց, ովքեր իրենց մեջ առաջնորդի, դիկտատորի կարողություններ ունեն, ովքեր կարող էին ստանձնել ժողովրդի հնարավորինս անկորուստ երթի գլխավորումը վաղվա օր, մի ժողովրդի, որին չի լքում փախուստի տրամադրությունը:
– Դուք ուզում եք ասել, որ Մովսիսյանը ամենևին կապ չուներ Ձեր ասածի հետ, Դուք մեկ մարդու շուրջը համախմբվելու գաղափարի մասին եք խոսել:
– Երեկվա գործիչների մեջ, բնական է, Մովսիսյանը և առաջին հերթին հենց Մովսիսյանն էր լինելու այդ կազմակերպիչը: Իրենց հավաքույթներում բոլորովին ուրիշ տղաներ իրենց մեջ և՛ մովսիսյաններ, և՛ ավելին են տեսնում:
– Խորհրդարանից դուրս տարբեր կարծիքներ, գնահատականներ կան նստաշրջանի աշխատանքների մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքները:
– Տարբեր կարծիքները այդպես էլ պիտի լինեին: Ինչպես որ ժողովրդական միտքը, համաժողովրդական զգացմունքը իր հորինած աստվածների ու հերոսների հետ էր իր փրկությունը կապում, այստեղ էլ, ահա, այդ փրկության հույսը ժողովուրդը կապում էր խորհրդարանի հետ: Այնինչ խորհրդարանը իր ժողովրդի միս ու արյունից է: Խորհրդարանը իր ժողովրդի հետ տեղապտույտ է տալիս, բաժանում է ժողովրդի և՛ հոգսերը, և՛ ելքի հույսերը: Խորհրդարանը իր ժողովրդից ավելին չէ:
– Դուք իշխանությունների փոփոխություններով այնքան էլ ոգևորված չեք կարծես: Այս կարծիքը պայմանավորված է «Խորհրդային Հայաստանում» տպագրված Ձեր հարցազրույցով: Իրո՞ք այդպես է:
– Ես մի ժամանակ միտք ունեի այդ հարցազրույցներից մի ժողովածու կազմել և հրապարակել: Հետո տեսա, որ այդտեղ պետք է լինեն միայն այն հարցազրույցները, որոնք իմ գրչի տակով բառ առ բառ անցել են: Բանավոր հարցազրույցները իմը չեմ համարում, եթե ես գոնե չեմ խմբագրել: (Այս հարցազրույցը տպագրելուց առաջ ներկայացրել ենք հեղինակին – Է. Բ.): Ձեր նշած հարցազրույցում, այնուհանդերձ, իմ մտքերից մի քանիսը մնացել են, որոնցից ես չեմ հրաժարվում: Այնտեղ ի՞նչ մտքեր կային, որ Ձեզ այդ եզրակացությանը բերեցին:
– Ամբողջ հարցազրույցն այդ տպավորությունն էր թողնում:
– Բայց այն ժամանակ խորհրդարան չկար, դեռ նոր կառավարություն չկար: Երևի իմ դժգոհությունը հեղափոխություններից է առհասարակ:
– Դուք նկատի ունեք շարժո՞ւմը...
– Այո, դժգոհությունը՝ հեղափոխությունից, շարժումից: Եթե երբևէ հարց լինի նոր կուսակցություն ստեղծելու և այդ կուսակցությանն անդամագրվելու, ինձ կհրապուրեն միայն պահպանողականները: Հեղափոխությունները ես ուղղակի չեմ ընդունում: Կարծում եմ, որ ամեն մի հեղափոխությունից հետո երկրներ են ավերակվել, որոնք հետագայում ոտքի են կանգնել, ուշքի են եկել տասնամյակներ հետո միայն: Նույնը մեզ հետ եղավ, նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Խորհրդային Միությունը: Շարժումների հետևա՞նք է այն, ինչ տեղի ունեցավ, կազմակերպությունների «աշխատա՞նք», թե՞ ինքնին փլուզում՝ չգիտեմ, գիտեմ միայն, որ տասնամյակներ հետո ենք ուշքի գալու:
– Սփյուռքահայ գործիչներից մեկն ասում էր, որ եթե ՀՀՇ-ն ընդունվի գյուղացիության կողմից, ուրեմն այն արդեն արմատներ և ուժ ունեցող կազմակերպություն է: Գիտենք, որ գյուղերում ՀՀՇ-ն պարտվեց, նրա թեկնածուները չանցան: Դուք, որպես գյուղացի, ինչպե՞ս եք բացատրում այս պարտությունը, ՀՀՇ-ի չընդունվելու փաստը:
– Ես գիտեմ, որ շրջկոմները տեղերում իսկապես խանություններ էին դարձել, և գյուղն էլ իրենց կալվածքն էր: Այդ կալվածքում, իսկապես, նրանց ազդեցությունն անհաղթահարելի էր: Սովորաբար ես իմ բերանը անեծքի համար չեմ բացում և անեծքի խոսքեր ես երբեք չեմ ասել: Ես ուղղակի ասացի, որպեսզի գիտենաք պատճառների ակունքից իմ տեղյակության մասին: Գյուղացիությունը միշտ էլ պահպանողական է եղել: Եթե զեմստվոյի ընտրություններին հայ գյուղացիության մասնակցությանը նայես (եթե ուրիշ աղբյուրներ չփնտրես էլ և յոլա գնաս «Արմյանսկի վեստնիկի» բերած տվյալներով), կտեսնես, որ մեր հարևան ժողովուրդները, հատկապես վրացիները, շատ ակտիվ են եղել, ադրբեջանցի գյուղացիների շահերը իրենց բեկերն են արտահայտել, մերոնք՝ գրեթե անտարբեր: Հիմա էլ, կարծում եմ, վերջին անգամ էին անտարբեր: Ցնցումները նրան շարժման մեջ են դրել, աղքատությունն ու իր շահերի գիտակցումը նրան հիմա կքաշեն քաղաքականության ոլորտ: Եվ տա Աստված, որ գյուղացիական կուսակցության նման մի բան ստեղծվի, որը կարողանար ամորտիզացնել բախումը գյուղացիության և ռադիկալորեն տրամադրվածների:
– Ձեր ստեղծագործության հերոսները հակադրության մեջ են խորհրդային կարգերի հետ: Գյուղի ներդաշնակությունը խախտվել է ռուսական տիրապետության տարիների ընթացքում: Դրա արտացոլումը կա և՛ Ձեր գործերում, և՛ Բակունցի ու Թումանյանի պատմվածքներում: Այժմ հնարավորություն է ստեղծվել ազատվելու այդ ռուսական ազդեցությունից: Սակայն Դուք, կարծես ի հակառակ դրան, պահպանողական կեցվածք եք ընդունել: Ո՞րն է պատճառը:
– Ե՛վ Բակունցի, և՛ իմ, և՛ ուրիշների, մանավանդ Վասիլի Բելովի, Ռասպուտինի ստեղծագործություններում էլ կա արտացոլումը ամբողջատիրության բերած ճնշման, որ գյուղի շահերը արտահայտողներիս հակադրության մեջ էր դնում կարգերին և կառավարությանը: Այսօրվա իմ ոչ ակտիվությունը երևի թելադրված է վերը նշված հոգսով, որ ամեն մի հեղափոխություն, ամեն մի շարժում փլուզվում է դարձյալ գյուղացիության վրա: Ես իմ խորանում աղոթում էի երկրի համար, այն ղեկավարի համար, որը դանդաղ, բարեփոխումների միջոցով, առանց ցնցումների երկիրը կանցկացներ նոր ժամանակներ: Այնպես որ, դա բացատրվում է միայն իմ ունեցած վախով, որ առկա նվաճումները, առկա մակարդակը, եղած աշխատանքը չկորցնենք, մի խոսքով՝ որ էդ կիսաքանդ գոմերը, չաշխատող մեխանիզացիան, փչացած տրակտորները փոխվեն կամաց-կամաց և ոչ թե այդ էլ կորցնենք:
– Այսինքն Ձեր մեջ երկյուղ կա, որ ունեցածն էլ կարող ենք կորցնել:
– Այո, արդեն կորցնում ենք և վայ թե էլի կորցնենք: Եթե կյանքի բնազդը մեզ չտիրապետի, իսկ այդպիսի տագնապ բոլորս պետք է ունենանք, որովհետև գյուղը այլևս ոչ Բակունցի, ոչ էլ իմ տեսած գյուղն է: Ներողություն եմ խնդրում, էն վաստակաբեկ, վաստակաշատ մարդիկ, գիտեմ, դարձյալ էն հին խղճով աշխատում են: Բայց ամբողջության մեջ գյուղացին շատ է փոխվել: Չեմ ուզում բառը գործածել, բայց անհնար է՝ գյուղը այլևս այն չէ, որի հետ բոլորս հույս էինք կապում, մարդիկ փչացել են:
– Այսօր Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ: Ձեր կարծիքով՝ ժողովուրդը ո՞ւմ ետևից կգնա, ավելի ճիշտ՝ ո՞ր կուսակցությունը կկարողանա ժողովրդին տանել իր ետևից:
– Գուցե ես հին մարդ եմ կամ մի ձև ինձ չի լքում, ինձ վերցրել է իր կաղապարի մեջ և չի թողնում այդ մասին մտածել ազատորեն: Գուցե: Կարծում եմ, որ կուսակցություններ ասած բաները, առհասարակ, հնացած կատեգորիաներ են, և իրենք չէ, որ պետք է լինեն կյանքի առաջնորդները: Բոլոր կուսակցություններն էլ բոլոր ժամանակներում տառապել են մի ծանր հիվանդությամբ: Դա կուսակցական էգոիզմն է եղել: Երբ պատմությունը թերթում ես, Դաշնակցությունը, որ թվում է՝ թևերը լայն բացել էր և կարող էր ասել, թե ինքը ազգի կուսակցությունն է, բայց նա էլ համայն ազգի կուսակցությունը չէր, ազգային շահերը չի կարողացել լրիվորեն առնել իր թևերի տակ: Մեզանում կառաջանա՞ Ձեր ասած կուսակցությունը թե ոչ, չգիտեմ: Երևի կուսակցությունների ամբողջության մասին պիտի խոսել: Եվ կուսակցությունների համագործակցության, նրանց փոխհանդուրժման մասին: Իսկապես շատ ճշգրիտ բառ է եկել՝ բազմակուսակցականություն: Պետք է միմյանց հանդուրժենք, ընդունենք, քանզի միայն միասին կկարողանանք ընդգրկել այն անընդգրկելին, որ կոչվում է կյանք: Ոչ մի կուսակցություն և ոչ մի անհատ, ամենահանճարեղ մարդու միտքն անգամ լայնածավալ կյանքի վրա լինելու է ուղղակի միթևանի մի բան: Դա Մարքս կլինի, ի՞նչ իմանամ, Լենին կլինի թե ով, դրանք բոլորը պիտի միայն մի պահ կյանքի մի եզրը կարողանան շոշափել: Ուրեմն կեցցե բազմակուսակցականությունը: Կեցցեն բազմաթիվ կուսակցությունների փոխհանդուրժումը և համագործակցությունը:
– Պարոն Մաթևոսյան, Դուք ինքներդ ձեզ հակասեցիք: Քիչ առաջ խոսում էիք «դիկտատորության» գաղափարի մասին, իսկ...
– Մի դեպքում ելա ընդհանրապես աշխարհի փորձից, մի դեպքում՝ Հայաստանի ներկա վիճակից, աչքիս դեմ հառնեց աղետով կործանված, փախստականներով լցված մեր երկիրը: Կամ գուցե դարձյալ հին կերպա՞րը խոսեց իմ մեջ, ժողովրդական առաջնորդ մի Անդրանիկ զորավար:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս ոչ հստակ պատկերացումը Ձեր քաղաքականությամբ չզբաղվելու, ավելի ճիշտ՝ սիրողական լինելու արդյունքն է:
– Չգիտեմ: Ռուս մի գրողի ստեղծագործության մեջ աղջնակի կերպար կա՝ նա միմյանց նկատմամբ տածվող մարդկանց ատելությունից ինքն է դողում: Այդ ատելությունը ոչ թե իրենն է, այլ մարդիկ իրար ատում են, բայց կողքի կանգնած՝ ինքն է դողում, թշնամանքը իր միջով է անցնում: Հիմա՝ ես էլ այդ վիճակում եմ, այս գզվռտոցի մեջ բոլոր հարվածները նախ ինձ են հասնում:
– Վերը նշված հարցազրույցում, երբ խոսք էր գնում տեսության անաղարտության մասին, Դուք նշել էիք, որ «լավ է, որ գնացինք մաքուր սոցիալիզմ ստեղծելու ուղիով»: Ի՞նչը նկատի ունեիք այդ ասելով. մեզ մոտ կառուցված սոցիալի՞զմը, թե՞ կառուցվելիք սոցիալիզմը:
– Ինչքան հիշում եմ՝ պիտի որ խոսք եղած լինի ուղղափառության, ուղղափառ սոցիալիստների դոստոևսկիական քննադատության մասին, մտքի իմ համակարգում «սոցիալիզմը» այլ ֆունկցիա հազիվ թե ունեցած լինի: Բայց եթե խոսք եք բացում սոցիալիզմի մասին առհասարակ՝ կեցցե նացիոնալիզմով չաղարտված սոցիալիզմը, որ մեզանում երկօրյա կյանք անգամ չունեցավ:
– Երևի շուտ է այսօր ասել, որ մենք դժվարագույն ժամանակներ ենք ապրում: Դրանք, հնարավոր է, դեռ առջևում են: Հնչում են կոչեր՝ դիմելու այս կամ այն երկրի օգնությանը: Վերցնենք աղետի գոտին: Մենք սպասում ենք, թե դրսից եկածները երբ են տուն կառուցելու: Մինչդեռ աղետի գոտում հազարավոր հայ շինարարներ չեն ուզում իրենց իսկ տունը կառուցել: Աղետի գոտու այսօրվա վերականգնումը ձախողելու մեղքը միայն մերն է...
– Լիովին համաձայն եմ: Կորուստները նվաճումներից մեծ են լինում օգնության դեպքում: Ժողովուրդը դարձյալ դիմազրկված է լինելու, օտարված է լինելու իր հայրենիքից, իր հոգսերից: Եթե երկրաշարժը պատահեր անկախ Հայաստանում, և կառավարությունը լիներ իր երկրի տերը, աղետի գոտին արդեն վերականգնված էր լինելու: Ինձ համար՝ կեցցե այն կառավարությունը, որը դիմելու է ոչ թե օգնությունների, այլ իր ուժերը ոգեկոչելու:
– Պարոն Մաթևոսյան, այդ հարցազրույցում Դուք նշել եք, որ մենք չունենք ազգային ծրագիր, նպատակ: Ո՞րն է այդ ծրագիրը, ի՞նչ նպատակների մասին էր խոսքը: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ ծրագիրը:
– Բոլորս ուղղակի ամեն օր, ամեն ժամ, եթե էդպիսի պարապ օր ենք ունենում, փրկության պես մի բան է լինում, երբ Վանը, Կիլիկիան, մեր անցյալը չենք հիշում, և դա յուրաքանչյուրիս համար փրկված օր է լինում: Անընդհատ տապակվում ենք էդ հոգսերով և ոչ մի ելք չունենք: Լավագույն դեպքերում, մտքի թռիչքի պահին, ենթադրում եմ, թե գուցե հետագայում ֆեդերացիայի պես մի բան առաջանա՝ Թուրքիա, Հայաստան, Քուրդիստան: Դա հումանիզմն է, որ իմ մեջ խոսում է, բանաստեղծն է, որ խոսում է, և ոչ թե քաղաքագետը: Ահա այս նկատի ունեի: Ազգային հեռանկար տուր ինձ, և փոքր-ինչ կարողություններով օժտված բանաստեղծս կվերաճեմ Թումանյանի, կդառնամ Թումանյան: Որովհետև Թումանյանի դեմ ազգային հեռանկար կար, վաղվա փրկված Հայաստան կար, և պատահականություն չէ, որ մշակութային մեր տիտանները ծնվել են հենց այդ ժամանակ, երբ իրական Հայաստանը չկար, բայց Հայաստանի հեռանկարը կար:
– Ձեր քաղաքական հայացքների մասին մենք շատ անորոշ պատկերացում ենք կազմել գեղարվեստական գործերից, հարցազրույցներից: Ձեր հստակ քաղաքական հայացքները չեն երևում ոչ մամուլում և ոչ էլ այլ տեղեր: Ավելին ասեմ, ազգի լավագույն գրողներից մեկը շարժման ժամանակ «չխոսեց», և հանկարծ նա որոշեց և դարձավ պատգամավոր:
– Առաջին անգամ, երբ նստեցի խոսք գրելու, որպեսզի հրապարակում ելույթ ունենամ, գրեցի այն, ինչը որ այսօր, երկուսուկես տարի հետո, ասում են ուրիշները: Գրեցի. «Սիրելի ժողովուրդ, դժբախտաբար մեր երկրի ղեկավարը մեզ հետ թուրքերեն խոսեց»: Սա կարելի՞ էր ասել, չէ՛ր կարելի: Սա նշանակում է հեռանկարից զրկել, դատապարտել, սրացումների տանել: Եվ ես մեզ տեսնում էի մի վիճակում, որտեղ ամեն մի շարժում ավելի էր ճահճախեղդ անելու: Ես բացարձակապես անշարժության էի կողմնակից, համարձակություն չունեցա ասել, թե եկեք գործադուլ չանենք: Համարձակություն չունեցա, վախեցա ասել՝ մի ելեք ցույցերի, այս ամբողջը ուղղվում է մեր դեմ: Ես այս կարծիքին եմ եղել, ուրիշները գուցե սա սխալ են համարում, բայց ես այդպես էի մտածում:
– Հիմա ասում եք, որ ճիշտ եք արել, որ լռել եք, բայց այն ժամանակ գուցե Ձեր խոսքի կարի՞քը կար:
– Հիմա ասում են՝ գրողը ազգի իղձերի արտահայտիչն է: Ասում են՝ լավ են այն գրողները (չեմ բաժանում այն միտքը, որ ազգի լավագույն գրողը ես եմ), ովքեր ժողովրդի բերանից խոսքը խլում են: Այսինքն, այն խոսքը, որ ժողովուրդը պիտի ասեր, մի օր առաջ գրողն է ասում: Այդպիսին է եղել Թումանյանը, Չարենցը: Ուրիշ հարցազրույցներում ասել եմ, ուղղակի ես իմ ժողովրդի ցավերով եմ տապակվել և նրա հետ տեղապտույտի մեջ եմ եղել: Ես էդ իմաստուն խոսք ասողը չեմ եղել: Լավագույն դեպքում այնպիսի զարհուրելի պատկերներ եմ տեսել, երբեմն մտածել եմ, որ ժողովրդի առաջը ընկնեմ և նահանջի տանեմ, փախուստի տանեմ էս երկրից: Դա կարելի՞ էր հրապարակել: Չէ՛ր կարելի: Այսօր էլ՝ իրականը սա է: Մի կողմից ելքի դռները բացել են, մյուս կողմից փեշները թափ են տալիս, վախեցնում են:
– Դուք ուզում եք ասել, որ Սիլվա Կապուտիկյանը և Զորի Բալայանը Գորբաչովի հետ հանդիպելուց հետո, երբ եկան և ժողովրդին ճշմարտությունը չասին, ճի՞շտ էր:
– Եթե ճշմարտությունը ասեին, այն բախումը, որ Բաքվում եղավ, Հայաստանում կլիներ: Հիմա ես իմ խղճի վրա մեղք զգա՞մ, որ ժողովրդին այդ բախմանը չեմ տարել:
– Օրեր շարունակ Դուք նստաշրջանում եք, գրելու համար ժամանակ գտնո՞ւմ եք:
– Ոչ, բացարձակապես: Ականջս լի է խելոք և հիմար աղմուկով: Երբեմն կարողություններ եմ տեսնում, որոնք փառահեղ ելույթներ են ունենում, իսկ մնացյալ ամեն ինչը, մի աղմուկ դարձած, ականջներիս մեջ է և չգիտեմ ինչքան ժամանակ է պետք, որ ականջներս մաքրվեն, և աստվածային թրթիռը, Աստծո էջը... Թումանյանի քառյակը հիշո՞ւմ ես.
Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
Ականջներս, աչքերս դեռ ինչքա՜ն են մաքրվելու, որպեսզի կարողանամ աստվածային տեքստը նորից կարդալ:
– Ուզում եք ասել, որ ինչ-որ տեղ զղջացե՞լ եք պատգամավոր դառնալու համար:
– Այո: Այն, ինչ պիտի անեի, էլի կանեի: Շփումներ կունենայի մարդկանց հետ: Մի հինգ հոգի հերոսների պես մի լավություն կանեին, գյուղին տրակտոր կտային: Ես էս հնարավորություններն էի մտածում: Էդքանը զուտ գրող լինելով էլ կարող էի անել:
– Խորհրդարանում տարբեր հանձնաժողովներ են ձևավորվել: Որևէ հանձնաժողովում աշխատելու ցանկություն չունեի՞ք:
– Շատ տեղեր կարող էի աշխատել, բայց գրականության հաշվին: Կենսոլորտի հանձնաժողովում կարող էի աշխատել, և առաջադրել էին ինձ, վերջին րոպեին հանեցի: Ուրախ եմ, որ Սամվել Շահինյանը անցավ: Ագրարային հանձնաժողովում կարող էի աշխատել: Մի հանձնաժողով կա, որ չի ստեղծվել՝ զուտ փախստականների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի համար ես դեռ պիտի պայքարեմ, պիտի ստեղծվի այդպիսի հանձնաժողով:
– Դուք համաձա՞յն եք կառավարության քաղաքական գծին, նրա կողմից առաջ քաշվող դիրքորոշումներին:
– Դա իրատես քաղաքականություն է: Կառավարությունը չի կարող առճակատման գնալ: Պիտի մեր կառավարության վիճակի մեջ մտնենք: Չպիտի մոռանանք ինչ պայմաններում ենք, երբեք չմոռանալով նաև մեր կորուստները... Կարճ ասեմ՝ մեր հայրենիքը Թուրքիայում է: Ո՛չ այդ պիտի մոռանանք, ո՛չ էլ պիտի մոռանանք այն «թյուրիմացությունները», որ կարող են պատահել: Մի օրվա մեջ հանրապետությունը կարող է ոտնատակ տրվի: Կարող են սադրանքներ ծագել: Այս իմաստով էլ՝ ես իսկապես իմ կառավարության հետ եմ: Եվ եթե, ասենք, իմ փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ արտահայտություն է գտնում՝ հրճվանքից ուղղակի սիրտս ճխլվում է: Ասենք, երբ անկախության համար գործընթաց բառը գտնվեց:
– Բայց այդքան էլ կարծես ճիշտ չէ հռչակել գործընթացի սկիզբը: Գուցե պիտի լիներ ուղղակի գործընթացը:
– Չգիտեմ, այդ գուցե իրենք կասեն: Իսկապես ես մի մարդ եմ, որին սիրուն ու բարձր մակդիրները չեն հուզում: Ես այդ պոետը չեմ: Այդ երգերը չեն հրապուրում ինձ: Չնայած սասունցիների կարոտի, պանդխտության երգերը ինձ շատ են քաշում, բայց ես հայր եմ արդեն, նաև ինչ-որ չափով ազգի համար եմ հայր:
– Երբ Հռչակագիրը ընդունվեց, անկեղծ ասած, հավատս չէր գալիս, թե մենք այդքան հեշտությամբ պոկվեցինք ռուսական կայսրությունից և...
– Եթե ես Ռուսաստանը լինեի՝ դարձյալ հեշտությամբ չէի թողնի: Սուլթանի օրագրություններում, խոսքս Աբդուլ Համիդի մասին է, ասվում է, թե իր՝ սուլթանի համար անհանգստացնող երևույթ է, որ Կովկասում ցարը կապիտալ ներդրումներ է անում, փող է դնում, երկրամասն, այսինքն, յուրացնում է, իմպերիա է ստեղծում: Առաջացել է մի պատմական միավորում, որը քանդելը շատ դժվար է, անհնար է: Ինձ թվում է՝ վերջը լավ կլինի: Իսկապես կործանվել է մի վատ բան: Ընթացիկ կորուստները մեզ սարսափեցնում են, տագնապը բոլորիս մեջ կա, բայց դեպի... դեպի Ամերիկա ենք գնում, դեպի Եվրոպա ենք գնում: Եվրոպան մի կողմից գալիս է, մյուս կողմից մենք ընդառաջ ենք գնում:
– Իսկ Ղարաբաղի հա՞րցը:
– Ղարաբաղը Կենտրոնը մեզ չի տա, եթե նրա հետ ենք հույսներս կապում: Կենտրոնը թույլ չի տա, որ Ղարաբաղի գլխից մի մազ պակասի, ոչ էլ Կենտրոնը Ղարաբաղը մեզ կտա: Ղարաբաղի կողքին Ադրբեջանում դեռ պիտի առաջանան Թալիշի հարց, լեզգիների, քրդերի և էլի շատ հարցեր: Ղարաբաղը Կենտրոնի ձեռքին խաղաքարտ է, որով խփում է և՛ մեր գլխին, և՛ Ադրբեջանի: Եթե բանակցությունների գնանք, համաձայնության գանք, երկուսս էլ մի մեծ ցավից ազատված կլինենք այս առաջընթացի ճանապարհին:
– Այս դժվար ժամանակներում կարծես մոռացվել է արվեստը, գրականությունը:
– Չէ, պատկերացնում եք, լավ տղաներ կան: Ինչպես, ասենք, եղեռնը Թումանյանի համար կործանարար եղավ, Չարենցի համար՝ հնոց, թրծարան, թրծեց: Այդպես էլ հիմա: Երիտասարդություն կա, որ գրական գործը չի մոռացել: Գրական մամուլում շատ լավ հրապարակումներ են լինում:
– Պարոն Մաթևոսյան, իսկ հողի հարցը ինչպե՞ս պետք է լուծվի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դրա լուծումը:
– Շատ դժվար, անչափ դժվար է: Հեշտ ու հանգիստ, աղայական շռայլությամբ չի կարելի ասել, թե հողը վերադարձնենք գյուղացուն ու վերջացնենք: Իսկ եթե հող չկա՞: Ապարանի ամբողջ հարթավայրը եթե վերադարձնես՝ երկու ֆերմերի բաժին է, իսկ մնացած գյուղացիությո՞ւնը: Պրոֆեսոր Մանասարյանի պնդումը, թե պիտի գուրգուրենք և՛ առողջ կոլխոզը, և՛ առողջ սովխոզը, և՛ մնացած բոլոր լավ ձևերը, ճիշտ է: Այդ բոլոր ձևերը պիտի փորձենք:
– Եղած լավը պահելով՝ պիտի ուրիշ ձևե՞ր փնտրենք:
– Կոլխոզը բռնապետություն է, ասում են՝ եկեք քանդենք, իսկ Ճարտա՞րը, Ղարաբա՞ղը, իսկ եթե այնտեղ համայնքի այդ ձևը նրանց հողին կապված է պահել: Եթե մարդկանց մի խումբը կարողացել է լեզու գտնել և վատ չապրել, ինչո՞ւ քայքայենք: Պիտի ընդառաջենք և անընդհատ թողնենք տեղերում իրենց նախաձեռնությանը: Միանշանակ պատասխան այստեղ լինել չի կարող: Սակավահող երկիր ենք, նույնիսկ կարող է պատահել, որ հողը ազգային սեփականություն հայտարարենք: Մարդու ազատության հիմնահարցից պիտի ելնենք և նայենք հնարավորություններին: Թե չէ, ասենք, Սևանը՝ սևանցիներին, Կալինինոյի բերրի սարահարթը՝ իրենց, իսկ ե՞ս, իսկ դո՞ւ:
Քո ազատության սահմանները մինչև իմ ազատության սահմաններն են: Հողի հարցն առանձին հարց է: Այս մասին մի ուրիշ անգամ կխոսենք:

Հարցազրույցը վարեց Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
«Հայաստանի Հանրապետություն», 13.10.1990 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

The girl and the moon
The girl and the moon
Play Online