Hrant Matevosyan

Լույս, որ անվանում ենք խիղճ

Նրան անհնար է պատկերացնել գրասեղանի առաջ։ Ես նրան տեսնում եմ կոշկակարի իր զնդանը ծնկների արանքում և մեխերը շրթունք֊ներով բռնած (այդպիսի մի կերպար նա ունի. աստված Միքայել անունով կոշկակար է դարձել և ծառայության մտել Սիմոն վարպետի մոտ). ահեղ գլուխը գործի վրայից դռանն է դարձրել, ուր կնոջ ազատությանը կամ, ասենք, ռուս-ճապոնական պատերազմին կոմսի վերաբերմունքը հարցնելու է հայտնվել արևմտյան որևէ լրագրի աշխատակիցը, հրճվանքով հայտնվել ու քրտնելով զղջում է, քանի որ կոմսի ծանր հայացքի մեջ արդեն տեսնում է իր ճիշտ գնահատականը՝ շառլատան։ Նրան տեսնում եմ մատները ձիու փորքաշի տակ խցկելիս՝ մշակը պի՞նդ է թամբել, խոտհարքում փայտե գդալով՝ որ ինքն է իր ծուռտիկ, աշխատած, ուժեղ մատներով կռտոցել, կվասի բրդոշ ուտելիս, ռուսական իրենց սպիտակ արևի մեջ լորու հաստ տախտակից փեթակ կապելիս, հարևան գյուղացու խրճիթը նրա հետ սարքելիս, և նրանց երկուսի կցկտուր, համարյա թե լուռ խոսակցությունը շրջապատում ոչ ոքի համար հասկանալի չէ, ոչ ոք տեղյակ չէ այն ջերմությանը, որ նրան տալիս է հասարակ մարդու հետ այդ հասարակ ընկերությունը։ Շունը նրա վրա չէր հաչի, ձին քացի չէր տա, փարիսեցիները չէին գերեվարի, վրձինը ձեռքին Լեոնարդոն կկարմրեր ու կսպասեր նրա հավանությանը, սահմանային փակոցագերանները կբարձրանային նրա հայտնությունից դեռ շատ առաջ, նրա՝ հողերի, մարդկանց ու կենդանիների մեծ ստեղծիչի առաջ, նրա՝ հոգնած երկրի այդ մեծ անցորդի... և մախաղավոր ծերունու այդ պատկերը նույնպես նրա ստեղծածն է՝ նրա բոլոր կերպարներից մեզ համար ամենասիրելի կերպարը, իր՝ Լև Տոլստոյի կերպարը, ամենավիթխարին, ում ստեղծումն ու սրբագրումը խլեց նրա ամբողջ ժամանակը, ամբողջ տաղանդն ու գյուղացու նրա ամբողջ աշխատասիրությունը։ Իր այդ կերպարը նա, ժամանակների միջով ինքը իրեն ասես մեծ ճամփորդության ուղարկելուց առաջ, ստուգում, փորձում ու դարձյալ էր ստուգում։
Այդ ծերունուն ահա անհնար է պատկերացնել գրասեղանի առաջ նստած։
Հարյուր և ավելի հատորանոց նրա գործը՝ իր ժամանակի նրա այդ քննությունն ու դատը, գրած չի թվում, այլ ասած, և նրա աշխարհը գրքերով չի ներկայանում, այլ պատկերներով, որ լեցուն են լույսով, շարժումով, բույրով, տարածությամբ, ձայներով ու խոհերով։ Գրքերը՝ կազմը, շրիֆտը, վատ թարգմանությունը, լավ թարգմանությունը, բնագիրը, շարահյուսությունը, ծանոթագրությունը, չեն կարողանում նրա աշխարհը գիրք դարձնել. մոցարտյան մեղեդու թրթիռով կյանքը խուսափում, հորդում, ճախրում, խաղում, ծավալվում և հրաժարվում է մտնել գիրք ու փակվել, չնայած ավելի քան հարյուր տարի է անցել և կարծես ժամանակն էր, որ այդ կյանքը սիրելի լիներ արդեն որպես գիր ու մշակույթ։
Աստծու նման, իր վերևից նա ասում է՝ և լույս է լինում, ճիշտ ընտրած բառերով նա խոսում է՝ և լույսի բացատը, յասնայա այդ մեծ պոլյանան, ընդարձակվում է, և լուսավոր այդ մեծ հովտում նրա բառերի հետ հայտնվում են երեխաներ, կենդանիներ, ծաղիկներ, որոնք մոտավորապեսության ու այսպես կոչված վերաիմաստավորման թշնամի իրենց ստեղծիչից նշանակված են լինելու միայն ծաղիկ, միայն կենդանի ու միայն երեխա... նրա բառերի հետ բորբոքվում են կրքեր, ծավալվում են իրադարձություններ, և ինքն այդ ամենքի ու ամենի տերն է ու լավ գիտի այդ իրադարձությունների բոլոր շերտերը, կրքերի պատճառները՝ գոյի բոլոր ելևէջումները, տիրակալի ինքնամեծար ամբարտավանությունից մինչև սպանված մարդու ողնուղեղային զգացողությունները, դեռահասի, մի տեսակ, ծաղկային-բուսական արբունքից, պառավ իշխանուհիների վերջին ծեքծեքումներից, մեռնող ձիու հնազանդ սպասումից, ջահել զամբիկի արյան չարաճճի խայտանքից մինչև բանական մարդու ողբերգական կռիվը աստծուց նախանշված իր կոչման դեմ։
Նա չանհատականացված շներ չունի, աննկարագիր ձիեր չունի, ձիու, շան, գայլի, նապաստակի, մարդու, շքախմբի, զորաբանակի անդեմ-մեխանիկական շարժում չունի, դրանք բոլորը՝ վազքը, անձրևը, այսինչ օրվա լուսաբացը, ծառը՝ բոլորը կերպարներ են։ Նա չի գործածում ամբոխ, ժողովուրդ, զանգված բառերը, ինչը գրողի նրա տկարության կամ ապահովված կոմսի նրա քամահրանքի ու թաքուն վախերի մատնիչը կլիներ, ամբոխ բառը նրա համար չկա. անուն առ անուն, հոգս առ հոգս, ճակատագիր առ ճակատագիր նա գիտի նրանց բոլորին, և նրանք բոլորն իր զավակներն են, ցանկացած պահի կարող են ֆոնից զատվել, առաջանալ, զբաղեցնել իշխան Բալկոնսկու, հայր Սերգիի կամ Խոլստոմեր ձիու տեղը՝ վերջիններին մղելով դեպի ֆոն և այդպիսով կրկին մատնանշելով, թե ֆոնը ամբոխ չէ, այլ բալկոնսկիներ։ Տաղանդի ու կարողության հարց լինելուց առաջ սա աշխարհայացքի հարց է, սա մարդասիրության հարց է, եթե մարդասիրությունն, իհարկե, նույնպես տաղանդի ու կարողության հարց չէ։
Ոչ թե ուրիշ մեկի, այլ նրա պատումի եզրագիծն է բեկվում, ծոց տալիս ու մեջ առնում պատահական գնդակով մթի մեջ պատահաբար խփված զինվորի խեղճ կյանքը՝ գյուղը, ծնողներին, գործակատարի հետ լրբացած կնոջը. եզրագիծը թեքվում, ձգվում, Հաջի Մուրադի գործի ետևից հասնում է Պետերբուրգ, ներառում փառակալած աչքերով նայող ու չտեսնող ցարին՝ պալատական օրիորդների այդ հաջողակ ֆավորիտին ու երկրի վատ տիրոջը, և պարզ է դառնում, որ Կովկասի դժվար աճած անտառները կհատվեն, չեչենների աղքատիկ ու խնամված աուլները կավիրվեն, զինվորները պատահական գնդակներից կընկնեն։
Նրա մարդիկ, իրերը, երևույթները, կենդանիները չեն վերջավորվում իրենց ֆիզիկական սահմաններով՝ շողարձակում են, և դա նրանց ներքին հատկանիշն է։ Այդ շողարձակումը, լույսի այդ անընդհատ թրթիռը նրա տարածությունների վրա, նրա կենդանիների ու մարդկանց շուրջը այդ լուսապսակը վերաբերովի՝ վերևից բերովի չէ, դա քրիստոնեության կամ մահմեդականության շաղած լույսը չէ, դա երկնային տիրոջ առաջ հավատավոր հոտի պսակադրումը չէ, դա խաբկանք, տեսիլ, հանուն բարձր ինչ-որ բանի խաբեություն ու քարոզ չէ, դա գոյի բնույթն է, և այդ բնույթի բացահայտիչը Տոլստոյն է։

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Motherhood
Motherhood
Play Online