Hrant Matevosyan

Կայանանք մշակութապես

– Վարպետ:
– Վարպետդ պայմանականորեն ընդունեցինք:
– Լավ: Կան գրողներ, որ խուսափում են իրենց ժամանակից, խուսափում են օգտագործել ժամանակին ու տեղին բնորոշ ատրիբուտներ, նույնիսկ իրենց ժամանակի անունները տալ իրենց հերոսներին, դիմում են այլաբանությունների և այլ միջոցների, ըստ երևույթին՝ նպատակ ունենալով հավերժության մեջ տարածել իրենց ստեղծագործությունը: Ըստ Ձեզ, այսկերպ հնարավո՞ր է ձգել ստեղծագործության կյանքը:
– Այդ բոլորը մոտեցման կետեր են, և բոլոր կետերն էլ խոշոր այնքան հաջողություն են արձանագրել, որ մեկի կամ մյուսի դեմ խոսելը նեղմտություն կլիներ. կարելի է խոսել միայն մեր նախապատվությունների մասին, և ես ազնիվ եմ համարում իրականի, վավերականի, քո տեղի և քո ժամանակի վրա սևեռվելը. սևեռվես և քո տեղի և քո ժամանակի մեջ տեսնես բոլոր ժամանակները և ամբողջ աշխարհը: Պատմական այն պահը, որի մեջ դու ապրում ես, իր մեջ ունի պատմության, նաև ապագայի բոլոր պահերը: Այն պահը, որի մեջ դու ապրում ես, որի զավակն ես, իր մեջ ունի քո պապերի ու նաև քո թոռների կյանքը: Իհարկե, սևեռվելով իրենց ժամանակի վրա, ոմանք կարող են մնալ ակնարկագիր, փաստագիր, լրագրագիր: Այս կարգի գրողներին ինչի մեջ էլ մեղադրես, գոնե անազնվության մեջ մեղադրել չես կարող, իսկ դա արդեն լավ է. քաղաքացիական պարտաճանաչություն կա, խիզախություն նաև:
– Այսինքն՝ շնորհ, տաղանդ է պետք՝ այսօրվա մեջ երեկն ու վաղը տեղավորելու համար:
– Քաջություն ու քո և քո ժամանակի առջև պատասխանատվություն է պետք, այո, որպեսզի այսօրվա մեջ քեզ Մովսես Խորենացի, քո ժամանակակիցներին Արշակ կամ Վարդան Մամիկոնյան տեսնես, այլ ոչ թե քեզնից ու քո ժամանակից խուսափելով՝ դեգերես անժամանակ ժամանակներում ու անտարածք տարածություններում:
– Պարոն Մաթևոսյան, վերացավ սովետական գրաքննությունը, որից այնքան դժգոհում էին արվեստագետները, ի՞նչ փոխվեց, և արդյո՞ք փոփոխությունը շահեկան է:
– Այդ հարցի վրա տատամսում եմ, հիշելով, թե ինչ չարչարանքով, ինչ տառապանքով գլուխ եկավ իմ գրեթե յուրաքանչյուր հրապարակումը, իմ կյանքի լավագույն ժամանակի մեջ ինչքան ժամանակ ու ուժ խլեց: Բայց միևնույն ժամանակ մտածում էի, որ մեղքը նաև իմն է, որ եթե իմ գործը ձվի չափ կատարյալ, անթերի, փակ ամբողջություն լիներ, ոչ ոք չէր հանդգնի խցկվել մեջը: Ես մի քիչ այլ կերպ եմ դատում. հասարակությունը պիտի օգնի գրողին առաջանալ, եթե գրողի բերանով հասարակությունն է արձանագրում, ուրեմն հասարակությունն էլ պիտի օգնի գրողներին, այլ ոչ թե խանգարի, որովհետև գրականությունը քմայքոտ, դժվար տեղ է, ուր հաջողում է հազար փորձողից մեկը, թերևս՝ ոչ մեկը, և ահա, օգնող է հարկավոր, ոչ թե խանգարող: Երևի պետք է սահմանազատել երկու բան՝ գրաքննություն, այնուամենայնիվ, հարկավոր է, բայց իր տեղը պիտի իմանա, չխանգարի: Ռուսաստանում գրաքննություն միշտ եղել է, կոմունիստները ժառանգել էին: «Կրեյցերյան սոնատի» հրապարակումը Պոբեդոնոսցևը կանգնեցրել էր, «Հաջի Մուրադը» հետմահու հրապարակում է: Հիմա, այս ամենի կոպիտ վայրենությունը հիշելով հանդերձ է, որ ես այդուամենայնիվ կարծում եմ, որ օտար աչքը, կողմնակի աչքը մեր գործի վրա պետք է: Կար, ահա, Թոմաս Վուլֆը և կար Մաքսվել Պերկինսը: Վուլֆի ձեռագրակույտից վեպ է զատել, վիպակ ու պատմվածք է առանձնացրել: Վուլֆ լինենք և ակնկալենք մեր Պերկինսին: Խանգարել՝ ոչ, պատիժ՝ իհարկե ոչ, բայց թող բոլորս հասկանանք՝ երկկողմանի ինչ-որ պատասխանատվություն պետք է լինի: Տպագրվելը, հրապարակվելը հեշտացել է, մեր ձեռը բռնող չկա, բայց մենք լակոտներ չենք, գարաժների պատերին գրող չենք, որ մտքներովս անցածը հրապարակ հանենք, ուրեմն ինչ-ինչ հսկողություն հարկավոր է: Գոնչարովը՝ «Օբլոմովի» հեղինակը, գրաքննիչ էր, Սունդուկյանը, կարծեմ, նույնպես...
– Այսինքն, չարգելող, սակայն որոշակի մակարդակ ցուցանող, ճաշակ ապահովող գրաքննիչ:
– Այդպես է, սինոդի պես մի բան:
– Վերադառնալով Ձեր գրականությանը՝ սովետական գրաքննությունն այնուամենայնիվ վնասե՞լ է:
– Շատ և միշտ:
– Եղե՞լ է, ասենք, որ այս կամ այն ֆրազը գրելիս ստիպված հաշվի եք առել գրաքննիչին, գրելիս զգացել եք նրա լուռ ներկայությունը և բառը տարել եք ուրիշ տեղ կամ հանել եք ընդհանրապես:
– Սովետական գրականություն ասված հասկացության համապատկերը հավատաքննիչի ծանր շունչը իրենից հեռացնելու, այդ ջանքի հետևանքով աղարտվելու, աղավաղվելու, անլիարժեք, կես ուժով, իրեն կես ճշմարտությամբ դրսևորելու պատկերն էր: Երկիրը՝ խոսքինը, մերը՝ բանինն էր լինելու – բանակինն էր: Բանակով երկիր չեն շինում, երկիրը, նաև բանակը, բանով են շինում. «Ի սկզբանե էր Բանը»:
Մեր պռատ բանի, անազատ, ճնշված խոսքի երկիրն էր և փլվեց:
Ինձ թվում է՝ կոպիտ չի լինի, եթե տարբերակենք այսպես. եթե ոչ գրաքննիչ, ապա գոնե խմբագիր, կողմնակի, երկրորդ աչք բոլորիս ու յուրաքանչյուրիս է հարկավոր: Ասում եք՝ մեր էպոսի վիպերգողը գրաքննիչ չի ունեցել, ասում եմ՝ ունեցել է, ունկնդիր փոքրերը թույլ չէին տալիս անպատշաճություն, անպարկեշտություն զառանցել:
– Եվ այն հանգամանքը, որ դաշտը կտրուկ բացվեց, և ազատ աշխարհի «անպատշաճ-անպարկեշտ» ազդեցություններն անարգել հորդեցին ներս, վտանգավոր եք համարում, այո՞:
– Ազդեցությամբ՝ ռուսերենն ուզեց իր Շեքսպիրն ունենալ և ունեցավ՝ Պուշկին. հայերենն ուզեց իր Պուշկինն ունենալ և ունեցավ՝ Թումանյան. այլև՝ նոր ժամանակներն ուզեցին իրենց «Պատերազմ և խաղաղությունն» ու Թումանյանն ունենալ և ունեցան՝ «Խաղաղ Դոն», Եղիշե Չարենց. անգլերենի Ամերիկան երկու հարյուր տարի ձգտում էր ունենալ իր՝ ոչ անգլիական, ամերիկյան անգլերենի գրականությունը և ունեցավ: Օրինակները շատ են: Լեզուները, ազգերը, ժամանակներն ունեն այդ կայուն պատվախնդրությունը՝ վերակերտվել և ստեղծել իրենցը: Ես ու դու մեզ ապավեն ենք ունենալու ընթերցող ընտրանու այն կայուն քանակը, որը մեզնից պահանջում է ոչ այն, ինչ այսօր մատուցում է մասսայական կուլտուրա ասված սուռոգատը, որի մասին կամ դեմ չարժե խոսել, անտեղի է:
– Փառք Աստծո, երիտասարդության մեջ էլ կա այդ ընթերցողը. մի ժամանակ վստահ չէի, բայց վերջերս, երբ շփվեցի ուսանողության հետ, կարծիքս փոխվեց: Հետաքրքիր է, որ լավ ընթերցողները մեծ մասամբ աղջիկներն են:
– Որովհետև օջախի պահպանման պատասխանատվությունը Աստված իրենց է վստահել:
– Գուցե: Թե՞ տղաները մաղվեցին բիզնեսի ոլորտներում, փող աշխատելու մտահոգություններով...
– Թերևս: Բայց ասացիր աղջիկներ, և հուշի ջերմ մի ալիք սիրելի անուններ բերեց. Թումանյանի Մարիամ իշխանուհուն, Չարենցի Արմենուհի Տիգրանյանին, Դոստոևսկու Աննա Գրիգորևային, Տոլստոյի դստերն ու կնոջը՝ խանդի ու գրականության պատվի ասպետուհիներ, առանց որոնց այդ մեծություններն այն չէին լինելու: Հիմա, թերևս, նույն դեպքն է – խանդի ու պատվախնդրության մեր գիմնազիստուհիները մեզնից ակնկալում են անդավաճան նվիրումն գրականության՝ մեր խղճի գրականության:
– Դրանից ելնելով ինչպե՞ս եք նայում այն խնդրին, երբ գրողը ներկայացնում է կյանքն այնպես, ինչպես տեսնում է, և մյուսը՝ երբ գրողը կոմպրոմիսի է գնում, թաքցնում է իր տեսած իրականությունը, զարդարում է, որպեսզի լավատեսություն հաղորդի ընթերցողին:
– Ընթերցողի քո փորձը քեզ չի՞ ասել, թե ինչ անհագությամբ է կարդացվում «կյանքը՝ ինչպես կա», բայց և իրենից հետո ի՜նչ ամայություն է թողնում: Ես այդ հիացումն ու ուղղակի կողոպուտն ապրել եմ:
Ինձ համար շատ սիրելի են գրողի անհավակնոտ վկայագրերը, վավերագրությունները: Անգրագետ մարդկանց իրենց ապրած կյանքի պատմությունները շատ սիրելի են: Հիմա էլ գրակա-նությունը երևի այդ ճանապարհով է գնալու: Ամերիկացիների գրականությունը դեռ երեսուն տարի առաջ շրջվեց դեպի վավերագրությունը,– վիետնամյան օրագրություններ և այլն,– առաջացավ նոր ժուռնալիզմ անվանյալ հոսանք: Մենք, եթե վերլուծության ու վերացարկումի զորությունը չունենք, պետք է ունենանք գոնե կյանքն արտագրելու խիզախությունը:
– Այնուհանդերձ, Դուք ընդունո՞ւմ եք, որ գրողը հանուն մեծ նպատակների, ասենք, իր երկրի ապագայի, սերնդի և այլնի, ճշմարտությունը մինչև վերջ չասի, տեսածն աղավաղի, թե՞ իսկական գրողն այնուամենայնիվ պետք է հետևի ճշմարտությանը, ինչ գնով էլ լինի:
– Գրականությունը, հիշենք Չարենցի «Տաղ՝ ձոնված խիզախ ճանապարհորդին»-ը, ճանաչումի ընթացք է և ոչ թե ճանաչվածի բաշխում, որ գտնվածի այսինչ մասը հրապարակ հանվեր, այսինչը՝ թաքցվեր: Ճանապարհ ես ընկնում ընթերցողիդ հետ և որոնում, գտնում կամ չես գտնում, ճանաչում կամ չես ճանաչում ընթերցողիդ հետ: Հետ: Եթե ընթերցողը չեկավ քեզ հետ՝ նշանակում է գրող չես, ճամփա չես ելել, ոչինչ չես փնտրում և լավ կամ վատ ոչինչ չես գտնելու: Դոստոևսկու հետ մեր իսկ վարքի ու հոգու մեջ չարքեր ենք գտնում և մեր իսկ գյուտի վրա հրճվում. այդպես՝ սարսուռով ֆիզիկոսները հրճվեցին, երբ ճեղքվող ատոմի մեջ մահվան դեմքը տեսան: Բայց կարո՞ղ էին չճեղքել: Մենք կարո՞ղ ենք ճշմարտության բացահայտումի եզրին կանգ առնել և մեզ զրկել գյուտի հրճվանքից...
– Դոստոևսկին որոնումի հանդգնությամբ համակեց ոչ միայն գրականության, այլև ուրիշ ոլորտների «ժողովուրդների»:
– Եզրով, անընդհատ եզրով, սահմանները ցնցահարելով էր գնում և ընդարձակեց ոչ միայն գրականության սահմանները:
– Իսկ երկրի, ազգի մեծ կամ փոքր լինելը նշանակություն չունի՞, ուզում եմ ասել՝ եթե Դոստոևսկու կամ նրա պես մեկ ուրիշի չչափավորվող ազատությունը վտանգավոր չէր անծայրածիր ու բազմամիլիոնանոց Ռուսաստանի համար, մեզ համար կարո՞ղ էր վտանգավոր լինել:
– Իհարկե, անազատության այդ շնորհը և արատը մեր գրականության վրա կա. Խորենացուց սկսյալ մեր գրողը պետականության վերականգնման հոգսը իր վրա է առել, երկրի ապագան, առաջանալիք պետությունը ապաստանել է մեր գրականության մեջ: Քաղաքական միտքը գրողից շատ ուշադրություն է տարել, և մաքուր գեղարվեստի ոլորտում կամ գեղարվեստի մաքրության ոլորտներում կորուստներ, անշուշտ, տվել ենք. ավանգարդայնությունը, որ մեր երաժիշտը, մեր նկարիչը, մեր գրողն էր ունենալու, բացահայտվել են ուրիշների մեջ, այնպես որ մտածում ես նույնիսկ քո միավորի վեհերոտության մասին, բայց դե՝ պատմությունն է, ոչ թե անձը, ճակատագիրն է, երկիր չենք ունեցել, ցար չենք ունեցել, Բորիս Գոդունով չենք ունեցել, որպեսզի Բորիս Գոդունովի պատմությունը պուշկինորեն բացահայտեինք, մեր Բորիս Գոդունովին մենք այլ հայեցակետից ենք նայել, պետականության բացակայությունը մեր հանճարը ետ է քաշել, զսպել:
– Այս դեպքում կարելի՞ է ասել, որ Նարեկացին մի քիչ ապաքաղաքացի էր, քաղաքացիության զգացումի, հայրենիքի զգացումի պակաս է ունեցել, որովհետև կարդում ես ու չես տեսնում իր երկրի համար մտահոգ հային, քաղաքացուն:
– Ուրիշ առիթով այս մասին խոսել եմ:
Իմպերիան փլուզվեց, կորցրինք իմպերիայի քաղաքացու ստատուսը, ահա այս փոքր երկիրը այդ կարգավիճակի կորստով զրկվելու է նաև վստահ, տիրական, բարձր ձայներից, որ ունեին Նարեկացին, Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը: Իսկ Նարեկացին... Նարեկացին էլ համաշխարհային քրիստոնեական իմպերիայի որդին էր, իր իմպերիան ձգվում էր Իրանից մինչև Եվրոպա, ինքը դրա մի մասն էր:
– Ասել կուզի՝ քրիստոնեական իմպերիայի համար անելով անում էր նաև իր քրիստոնեական հայրենիքի համար:
– Բելինսկու ճշգրիտ բանաձևումը կա՝ «Պուշկինը պատասխան կանչն է Պետրոս Մեծի»: Հարյուր տարվա վրայով Պուշկինը և Պետրոսը փոխկանչերի մեջ են, հզոր այդ տարածքների սահմանասյուները Պյոտրը խփել է և կոչում է՝ իր և ռուսաց լեզվի այդ տարածքներին բովանդակություն հաղորդել, հարյուր տարի հետո Պուշկինն է ահա նրա կանչին պատասխանում՝ իր «Փոքրիկ ողբերգություններով», «Պոլտավայով», «Պղնձե հեծյալով», «Դոն Ժուանով», իր Պուգաչովի պատմությամբ... Այդպես էլ Նարեկացին: Նաև միշտ չմոռանանք, որ Նարեկացու Հայաստանը հզոր Հայաստանն էր, Արծրունիների Վասպուրականը կար, Բագրատունիների Շիրակ-Գուգարքը, ազգային զարթոնքի շրջան էր, այլև տարածաշրջանի բոլոր կամ գրեթե բոլոր տերություններն այն անքակտելի միության մեջ էին, ինչը այսօր կոչում ենք մշակութային դաշտի նույնություն:
– Ասում են՝ օպերան մահացող արվեստ է: Այս կարծիքի մեջ ռացիոնալ սաղմ կարծես թե կա, ճիշտ է, օպերային թատրոնները գործում են, հետաքրքրվողներ, սիրողներ կան, բայց ասես թանգարանային նմուշ լինի՝ նույն դասական օպերաները հանում են, ցուցադրում և նորից պահում, նոր օպերաներ եթե գրվում էլ են, առանձնակի հետաքրքրություն չեն առաջացնում, չեն մտնում այն թանգարանային կազմի մեջ: Նույնպիսի մի բան կարո՞ղ է սպառնալ գրականությանը:
– Ոչ, օպերան ապրում է. նոր օպերան գրվում թե չի գրվում՝ բայց հինը նորովի մատուցելու մարդկության ճիգը նույնպես գնահատելի է: Իսկ ինչ վերաբերում է գրականությանը... Գրականությունը նոր-նոր, հազիվհազ իր լեզուն գտել է, իր նոր հատորի միայն առաջին մամուլներն է գրել, ի՜նչ փակվելու մասին է խոսքը: Գրականությունը լեզվի հատկանիշն է և կմեռնի միայն լեզվի հետ, երբ լեզուն չի ուզենա գրականություն դառնալ, այսինքն՝ լավագույնս դրսևորվել:
– Յուրաքանչյուր ժամանակ իր զգացմունքները, իր մտքերը գրականորեն արտահայտելու կարիքը կունենա, այո՞:
– Իհարկե: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ժողովուրդն ինչքան է սիրում խոսքի գեղեցկությունը, կռիվ է, մահախոսք է, թե ես ինչ գիտեմ ինչ է, թե հենց էնպես զրույց, ո՜նց են ուզում իրենց ֆրազը ճկուն, տարողունակ ու սպառիչ լինի: Ուրեմն սա ժողովրդի միտվածությունն է դեպի արվեստով արտահայտվելը, և մինչև գրի, տպագրության գյուտը՝ լեզուն է աշխատել, և վատ չի աշխատել, համենայն դեպս գրի մեր գրականությունից ոչ վատ: Տառերը չճանաչող մարդիկ կան, սրբացած դեմքեր են դեմս գալիս, որոնց գործը դա չպիտի լիներ, բայց ձգվում են դեպի կուլտուրա, բարձր, գեղեցիկ մի բանի են ձգտում: Էլ ինչու էինք խոսելու գրականության վերջի մասին, երբ գրականությունը այդ ձգտման ամենաբարձր, ամենադժվար, ամենաճշգրիտ, ամենագտնված դրսևորումն է:
Աշխատավոր մի ծերունի՝ հորս տարիքի ու հորիցս էլ մեծ, հարյուր տարվա իր տան անսվաղ պատերը տեսնեիր ինչով էր զարդարել՝ Վիսոցկի, Վազգեն Վեհափառ, Սախարով, Կոմիտաս, Ամերիկայի նախագահ, Չարենց, Հովհաննես Թումանյան...
Եվ թե սրանք ինչեր են ասել կյանքի ու Հայաստանի մասին... «Հրանտ ջան, էդտեղ դու էլ կաս», և թե միութենական ամսագիրն իմ մասին ինչ է ասել: Թախտի գլխից առաստաղ՝ ամբողջ երեք խուլ պատ: Ինքը հիմա չկա, պապենական հին տանը հիմա ծոռները կամ թոռներն են, և վստահ լինենք, որ հին պատկերների վրա սոսնձում են իրենց Սարոյանն ու Չարենցը:
– Հեռուստատեսությանը հետևո՞ւմ եք, որակը, ճաշակը Ձեզ բավարարո՞ւմ են:
– Դուր չի գալիս, ոչ: Մենք միշտ ուսի վրայով ետ ենք նայել՝ այս բանը կարելի՞ է անել, այս բանը կարելի՞ է ասել, Մոսկվան թույլ կտա՞, Պոլիսը, Շահ Աբասը, թագավորը թույլ կտա՞... Հիմա չկա Մոսկվան, չկա Պոլիսը, թագավորը չկա, թագավորությունը քեզ են տվել, ուրեմն դու ա՞յդ ես, ուզածդ ու արածդ այդքա՞նն էր...
– Ուրեմն թագավորի կարիք կա՞:
– Ուրեմն թագավորի կարիք կա, եթե չենք զորելու ինքներս մեր առջև որպես թագավորի առջև ծառայել:
Ոգևորության շրջանում շատ ծանր խոսակցություն ունեցանք ես և բարձր պաշտոնների մի մտավորական: Երաշխավորված անձ էր, իր պատգամավորության առիթով Ալավերդի էինք գնացել, գնացինք և այնտեղ ընկերությունը մի կողմ դրինք, նստեցինք ու խոսեցինք, ասացի՝ լավ, Մոսկվան գնաց, համակարգը չկա, երեկ անփույթ էինք, ասում էինք՝ վրիպում կունենանք՝ Մոսկվան կճշտի, – այսօր դու կարողանալո՞ւ ես քո մեջ արթնացնել այն հզորությունը, այն վերջին ինստանցիան, որից այն կողմ միայն Աստված է: Ասաց, որ ինքն այդ կարողությունն ունի: Ինքը ունի, ես ունեմ, հանրապետության նախագահը ունի... Սակայն պարզվեց, որ չունենք, պարզվեց, որ այնուամենայնիվ վերևի կարիք զգացվում է, մի ուրիշ, ավելի վերևի կարիք: Եվ մեղավորը մենք ենք: Եթե երկիր ենք, եթե եթեր ենք ստանձնել, եթերը պիտի այնպես պահենք, որ վերևի կարիք չզգանք:
– Որքան էլ դեմոկրատիայից խոսենք, գոնե այս շրջանում ուժեղ ձեռքի կարիք կա: Եթե մի գերմարդ գտնվե՞ր...
– Անցումը միշտ ուժեղ անհատականության վրա է դրվում: Որպեսզի անցումը կարգավորված լինի՝ ուժեղ անհատականություն է անհրաժեշտ, վճռականության գործոն: Ահաբեկված, ցաքուցրիվ, արդեն-արդեն կորչող մեր երկրորդ հանրապետության համար այդ ուժեղ անհատականությունը Մյասնիկյանը եղավ. որպես արտահայտված իդեոլոգ՝ Տրոցկի չէր, Շահումյան չէր, վառվռուն որևէ մեկը չէր, ուղղակի իր անձը դրեց խեղճուկրակ այս հայրենիքի կենտրոնում և կործանվող մեր տան համար միջնասյուն եղավ, և իր նշանակությամբ նա հիմա ավելին է, քան տեսությամբ ու գաղափարախոսությամբ անհատականացած բոլոր-բոլոր դեմքերը: «Այսինքն ինչի ենք անտեր, Ալեքսանդր Ֆեոդորովիչի նման տեր ունենք գլխներիս» (Մահարի–Չարենց):
– Գրականությունն էլ ուժեղ անհատականությունների տեղ է՝ Սարոյան, Ֆոլքներ...
– Սարոյանը լավ ծիծաղում էր, չէ՞, Ֆոլքների և առհասարակ գաղափարականների վրա. «Բիլ Ֆոլքներ, եթե այդ սպիտակ աղջիկ կերթա այդ նեգր տղային և նեգր տղան կգա այդ սպիտակ աղջկան, դուն անոնց արանքը ի՞նչ գործ ունիս»: Հզոր պատմվածքներ ունի Ֆոլքները, սուտը սաղացնել գիտեր, երեխայի ընկալումը անել գիտեր, գիտեր պաուզան ինչ է: Այ, ում էինք Վարպետ ասելու:
– Տեսակետ կա, թե Հեմինգուեյը մեծ գործ չի գրել և պատճառն այն է, որ ձախողվելուց վախենում էր: Բայց այդպե՞ս է որ:
– Ինձ Հեմինգուեյը շատ է տվել. համարիր իմ երիտասարդության ընկերն է, ես չեմ կարող համաձայնել, թե մեծ գործ չգրեց: Այսօր, եթե վստահելու կարիք ունեմ, եթե գրող եղբոր կարիք ունեմ, իրեն եմ հիշում:
Ամերիկյան կերպարը, ամերիկյան այդ ես-ի դավանանքը... այն, որ դու ես ամեն ինչ, աշխարհի, տիեզերքի ուժը քո մեջ է, որ դու գերմարդ ես, որ կարողություններդ անսահման են, որ ընկնելուդ մեղավորը դու ես, վերելքների պատասխանատուն դու ես: Հեմինգուեյի գրականությունը, ամերիկյան մեծերի գրականությունը երևի մեծ է նրանով, որ ամերիկանիզմի գաղափարին մի բան բերել են, բոլորը միասին ծեփել են այդ մեծ Ամերիկայի, ամերիկացու կերպարը: Մերոնցից էլ երևի մեծ են նրանք, ովքեր կարողացել են հայի հայկականության գաղափարը մարմնավորել:
– Այնուամենայնիվ, սովետների օրոք մեր մշակույթը ծաղկում ապրեց, հենց՝ ազգայինը, որքան էլ ասեն ռուսականացում, ազգայինի ճնշում, կեղծ ինտերնացիոնալիզմ և այլն:
– Զազրախոսություն է, անցած հեռացած քողի ետևից խիզախ քարնետուկ ու ճոթռաբերան հայհոյանք է: Պատմության մեջ եզակի, միակ անգամ կուլտուր-ազգային ավտոնոմիայի գաղափարը մարմնավորվել էր պետության ձևով, լավագույն ձևով: Պատկառանք կար քո մշակույթի նկատմամբ նաև իմպերիայի շնորհիվ: Այո, իմպերիայի գաղափարախոսությունն էինք կարծես թե զարդարելու, մենք այն զարդանկարիչն էինք, որ պիտի ավետարանը զարդանախշի, բայց մեր զարդանախշը այնքան հարուստ եղավ, որ ավետարանի բուն արժեքը փոխադրվեց լուսանցք, այդ գիրքը հիմա արժեքավոր է մեր զարդանախշի շնորհիվ:
– Լավ թե վատ հիմա անկախություն ունենք, և կարծես թե ոչ ոք այլևս չի խլելու մեզնից, աշխարհը կարծես թե եկել է մի այնպիսի վիճակի, որ թույլ չի տա ազգ վերանա, երկիր վերանա... Չե՞ք կարծում, որ թույլ չի տա, չե՞ք վստահում...
– Ես կարծում եմ, որ ագրեսիվ վերաբերմունքը առ Հայաստան և՛ Թուրքիայի, և՛ մնացած այլ զորեղ պետությունների համար ավելի մեծ պրոբլեմ կլինի, քան Հայաստանի հանդուրժումը, Հայաստանի ներկայությունը... Միևնույն ժամանակ սպանելու այլ, դանդաղ, չերևացող կերպեր կան, թուլացնելու, խեղդելու այլ ձևեր կան: Երկրիցդ պիտի բարձրանա կարողությունը, որն ապահովի լուրջ տերության ներկայություն այս մոլորակի վրա: Հարկավոր է մշակութապես կայանալ ու դիմանալ այս մեր աշխարհին, մշակութապես կայանաս ու ազգերի մշակութային խաղաղ մրցակցությանը դիմանաս: Կդիմանաս՝ կդիմանաս, չես դիմանա...

Զրուցեց Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԸ
«Հայաստանի Հանրապետություն», 16.03.1999 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Childhood. Boys
Childhood. Boys
Play Online