Hrant Matevosyan

Իր երկրի զավակը

Մահվան հարվածը, Սևակից ու Մինասից հետո, մեր մշակույթի դարձյալ ճիշտ սրտին էր և դարձյալ 47-ամյա հասակում։ Երեխաներն այդ տարիքի մարդկանց պապիկ են ասում։ Երիտասարդների համար դա հեռու հեռավոր գալիք է, բայց մենք գիտենք՝ դա գրականության մարդկանց սկիզբն է, երիտասարդությունը, այդ տարիքում մենք նոր միայն գրիչ բռնել ենք սովորում, կամ այլ բառերով՝ այն երկիրը, այն աշխարհը, որի հայտնագործման ու բնակեցման, ճիշտ խոսքերով՝ ստեղծման հույսը կապվում է մեզանից ամենաշնորհալիների հետ, այդ աշխարհն ահա այնպես խորհրդավոր, գեղեցիկ, մեծ ու անսպառ է երևում, որ թվում է մեկ հոգու ջանք ու նույնիսկ երկար կյանքը չեն զորի հնարավոր մեծությամբ մինչև վերջին սահմանները բացել այդ աշխարհը։ Իր խոստման ու ստեղծելիքի առաջ Մուշեղի կյանքն իրոք դաժանորեն քիչ եղավ, նրանից խլվեց գրականության մարդու կյանքի լավագույն կեսը, մեզանից նրա կորստով խլվեց շիտակության, սիրո, գաղտնիքի, վրեժի, պատմության, ցասման, հուսահատության ու հույսի անտրոհելի այն կոփվածքը, որ մեզանում մարմնավորված էր նրանով։
Ես նրա ծննդավայրը տեսել եմ, դա Արագածի հարավային լայն լանջերն են՝ Թալինը, մյուսը՝ հոր ու պապերի երկիրը՝ Սասունը, չեմ տեսել. արմատախիլ մացառների նման ջլատվելով, արմատը հին երկրի դժվար ծերպերում թողնելով՝ եկել կառչել է այս լանջերին, որ մղձավանջ է ու ոչ թե հող. քար է, դժվար են կտրվում, չեն կտրվում և՛ տան, ծառի, և՛ գերեզմանի տեղը։ Գարնան կարճ՝ տասնհինգօրյա նվազ ծաղկումից հետո անասունը մինչև արմատը խժռում է ինչ որ ծամվում է, հետո քար ու հող է կրծում, այդտեղ անհնար է ապրել, բայց ժողովուրդը այս երկրի ուրիշ ոչ մի կիրճում ու լանջի այդպես կպած չէ երկրին, ուր հողի շերտը այսքան է՝ երկու մատ։ Չափարի պատերը այնպես խնամքով ու պինդ են կապված, ինչպես ուրիշ տեղերում տները չեն կապվում, չափարապատերից դենը քարե մի շինություն է՝ զուտ այդ փոքրիկ տեղամասից հանված ու հավաքված քարի ամբար, ուրիշ տեղերում իրենց օջախի ու երեխաների համար չեն այդպիսի պատեր կապում. քարն ուրեմն պիտի կառույցի մեջ առնել ու պահել, այլապես ցրիվ կգա ու կամայացնի այդ փոքրիկ եդեմները, որ ոչ բոստան կարելի է կոչել, ոչ այգի։ Այդ ամբողջը դառը, ծանր, հավատավոր աշխատանք է, և ուրեմն ինչ դիվային ուժ է եղել, որ կարողացել է այս ժողովրդին տեղահանել։ Եվ փոքրիկ՝ երկու կուցափի չափ փոքրիկ գոգեր կան այդ քարե մղձավանջի մեջ - կարմիր, դրոշի պես կարմիր, փարթամ կակաչներ են բռնկվում այդ փոքրիկ գոգերին, աղբրանց արուն խավոտ ծաղիկը ոչ մի տեղ այնքան մուգ չի, ինչպես այդտեղ։ Մուշեղն ահա այդ դաժան ու գեղեցիկ լանջերը և այդ լանջերի աննկուն երազող, հաղթված-չպարտված մարդկանց էր բերում մեր գրականություն։ Այդ մարդկանց հուշերն ու հույսերը։
Եթե ես մի քիչ նա եմ և նա մի քիչ ես՝ վստահորեն գիտեմ. նա քնում էր թշնամուն գրկած և արթնանում էր թշնամու հետ. նա չէր հավատում եղածին, բայց և ստիպված էր հավատալ. նա ապագայի մեջ կառչվելիք ելուստ էր փնտրում և ստիպված էր հնարել։
Լքված այգի կլինի, թե ճանապարհ, բնակավայր, թե գերեզման՝ լքվածության հանդիպելիս թախիծը մեր կոկորդը բռնում է։ Սարսափելի է հաշտվել այն մտքի հետ, թե մուշեղյան ճանապարհը, որ մեզ տանում էր Սասունցի Դավթի ու մաճկալների, ծիրանի փողի ու հայդուկ տղամարդկանց երկիր, այլևս լքված է։ Յուրաքանչյուր ոք է անփոխարինելի, առավել ևս՝ գունագեղ յուրաքանչյուր տաղանդ, և հիմարություն է նրան հիմա ուրիշների մեջ փնտրել, բայց և սարսափելի է անհույս մնալը. չի կարելի չսպասել, որ դաժան ու գեղեցիկ այդ լանջերի ժողովուրդը իր հերոսական անցյալից ու նույնքան հերոսական մաքառմամբ ու հավատով լեցուն ներկայից պատմող զավակ չուղարկի հայրենի գրականություն։

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

De Profundis
De Profundis
Play Online