Hrant Matevosyan

Հավատավոր ջանք

Գրականությունը Աղաբաբյանի դավանանքն էր: Կան՝ որ հավատի նրա զորությունը չունեն և կան՝ որ իրենց հավատի խոսքը չունեն: Նա իրեն սիրո ու երկրպագության էր տանում իր դավանակիցներին և քամահրանքի ու անտարբերության էր տալիս նրանց, ովքեր իր հավատն ու խոսքը չունեին: Գրականությանը պատկանելով ու չպատկանելով էին որոշվում նրա հարաբերությունները գրողների հետ, իշխանությունների հետ, ժամանակի հետ:
Եվ եթե անգամ ինքն էր, թուլության մի պահի, անուշադրության ու անկարության մի պահի, իրեն զգում ոչ այն բարձրության վրա, որի պսակավոր վեհությունը շատ ավելի իր ջանքի ու տանջանքի արդյունքն էր,- փչանում էին հարաբերությունները իր իսկ հետ, պարզ՝ գլուխն իր առջև կախում էր որպես աշակերտը ուսուցչի:
Բարձր ճաշակն ու արթուն խիղճը, որ զուտ իրենը Աղաբաբյանինն ու աղաբաբյանական էին, աղջկա գեղեցիկ նրա աչքերը հաճախ էին խոնարհելու իր իսկ առջև, եթե միշտ ծարավի, իրականության ու գեղարվեստի առջև միշտ աշակերտ նրա էությունը նրան չպահեր հարատև երթուդարձի, հարատև շարժման, հարատև գրոհունահանջի մեջ - հավերժորեն սխալ երեկվա և հավերժորեն ճշմարիտ ներկայի, կուսակցությունների և կուսակցությունների, արևելքի և արևմուտքի, հնի և նորի միջև: Ուղղափառության սուրը, որ ժամանակինն էր, Աղաբաբյանի ձեռքին երբեք հայտնվեց: Ուղղափառ չեղավ և ոչ անգամ ջարդարարի ուղղափառ ջարդարար: Ժամանակի ոչ բոլոր տառապյալները լուսապսակվեցին Աղաբաբյանի խոսքով, որովհետև արդար երեխայի նրա աչքը ադամորդու նրանց խեղճ գլխին աստվածային բանի պոետական լուսապսակ չէր տեսնում, և ժամանակի ոչ բոլոր պսակավորները պսակազերծվեցին Աղաբաբյանի ձեռքով, որովհետև նրանք գոնե տիրանների ու տիրաներգության իրենց ժամանակի ճշմարիտ վկաներն էին, իսկ ժամանակն առանց վկաների չի լինում, առանց վկաների ժամանակ չի լինում, իսկ ժամանակը կտրել-նետելն անհնար է և անգամ սրբագրելն է անհնար: Նա այն խիզախը չէր, որ անցած ժամանակների վրա, որպես մեռելների վրա, մաուզեր է պարպում:
Նա պատժելու այլ կերպ ուներ. գնահատանքի իր խոսքը ասում էր մինչև վերջ, և իր «աղյուսին» մնում էր ամենաէականը, «աղյուսից» դուրս՝ արժանավոր ոչինչ և անարժանը:
Ինքնիշխանությունը կորցրած երկրի որդի, ինքնիշխանության զորությունը ճշմարիտ Բանին վերապահած երկրի որդի՝ աշխարհի մեծ մշակույթի շքեղ շքերթի առջև իր երկրի մշակույթից նա լիազոր ներկայություն էր աղերսում, առավել ևս՝ որ նրա Չարենցը, և ուրիշ դեպքեր ևս, վստահեցնում էին այդ լիազորության հնարավորությունը:
Եվ եթե անգամ այդ մշակույթը, այդ մշակույթի երկիրը և նրանց ժամանակը այլևս ջրասույզ զանգ են և այլ օրերում երբևէ չեն ղողանջելու, և եթե անգամ այս դատապարտվածության գիտակցությունը Աղաբաբյանն ու հիանալի տղաների իր սերունդը ուներ, միևնույն է - նրա անբասիր ջանքը նույնքան հավատավոր եղավ, որքան նրանցը, ում հայրենիքներն ու ժամանակները հիմա անխաթար են, դեռ անխաթար են:

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Portrait of an Armenian woman, 1963
Portrait of an Armenian woman, 1963
Play Online