Hrant Matevosyan

Հայացքը հայոց ապագային

Պապին սուլթանը բանտում կախել է … երիտթուրքերը 15-ին հորն սպանել են. որբանոցային մանչի մոր նկարը ղրկվել է հեռավոր ափեր՝ նկարի հետևից նաև որբևայրուն «առաքելու» ակնկալիքով, բայց որբանոցի մոտակայքում ծվարած մայրը, ավիրված օջախին դեռ հավատարիմ ու միշտ հավատարիմ մայրը չի գնացել Ամերիկա, կեսորբին լման որբուկ չի դարձրել, ավիրել է երիտասարդ կնոջ ապագան և նրա բեկորներից ստեղծել այն ապաստանը, ուրկից որբը որպես շեն տան առնացի տոհմի զավակ էր ելնելու աշխարհ:
Անունը դեռ չեմ տալիս, որովհետև հարյուրներ են նրանք, ում պապերը բարձրացել են կախաղան, հարյուր հազարներ են նրանք, ում հայրերը 15-ին սպանվել են, անհաշիվ են նաև այն մայրերը, ովքեր ծվարել են փրկված մնացորդի վրա և դարձյալ գուրգուրել մարդկության ու հայոց շենշող ապագայի հույսը:
Եղեռնից խլված, այսինքն կախաղան չբարձրացված, ջրախեղդ չարված, չքարկոծված, չգնդակահարված, չմահմեդականացված մեր կյանքերից ու տարիներից յուրաքանչյուրն է իհարկե արժանի նշվելու ծափողջույնով, բարձրացվելու հոբելյարի պատվո պատվանդանին, բայց կյուրինցի-հալեպցի-բեյրութցի Անդրանիկ Ծառուկյանի՝ «Նաիրիի» Անդրանիկի, «Թուղթ առ Երևանի» ու «Հին երազներ, նոր ճամփաների», «Մանկություն չունեցող մարդկանց»-ի, «Երազային Հալեպի» ու «Վերջին անմեղի» Անդրանիկի, առաջնակարգ արձակագրի, լրագրողի, փայլուն հրապարակագրի, խմբագրի ծննդյան յոթանասունամյակը մենք նշում ենք ոչ ամենևին որպես սոսկ փրկվածի և անգամ ոչ որպես տաղանդաշատ գրողի, այլ որպես ուժեղ մի անհատի, որ պոկում է մեզ սփյուռքի նկատմամբ հուսահատության ու կասկածների ոստայնից, անհատի, որ հանդգնում է այսօրվա ու ապագա իրականության աչքերին նայել և մեզ համար լույս ու հույս կորզել:
Այդպիսի մարդիկ նույնիսկ թշնամու հարգանքն են շարժում, այդպիսի մարդկանց ներկայությունը չարն ստվերի մեջ է պահում:
Թումանյանական-սարոյանական-սարյանական լուսեղեն մի ոգի կա այդ մարդու մեջ, և եթե տարբեր ժամանակների ու իրականությունների այդ մարդիկ մոտենում ու շատ են նմանվում միմյանց, ուրեմն ստիպված ենք ասել՝ թե լուսե այդ ոգին ինքը հայկականությունն է:
Արևշատություն իրեն՝ երկից երկ, գործից գործ, իր շաբաթաթերթի թվից թիվ ընթացող այդ պատանի բանաստեղծին, ողբերգական ժամանակների վկային ու տարեգրին, քաղաքագետին, տեսաբանին, Սփյուռքի և Հայրենիքի վիհը իր շենքուշնորհքով լցրած այդ իսկապես Անդրանիկին, և, իր աչքերի տաք լույսը վկա, դեռ տոնելու ենք իր ութսունամյակը նույնպես, բայց, այսուհանդերձ, ցավալի է, որ Անդրանիկն արդեն տարիք է բոլորում:
Հաղթելուց ավելի, իհարկե, հաղթանակին դիմանալու, հաղթության ծանրությունից չաղճատվելու զորություն է պետք, բայց չաղարտվելու, մարդ մնալու, ջախջախիչ պարտությունից հետո ատելության շեմին գերի չդառնալու, այլև սիրով տեր կանգնելու և՛ քո ատելությանը, և՛ հայրերի չմարած պարտքերին՝ գերմարդկային այս ճիգը պարտվողներից է պահանջվում: Մեզ համար ահա՛ թե ինչով ու ինչու են թանկ մի Լևոն-Զավեն Սյուրմելյանի լուսաթաթավ պատումները, մի Սարոյանի տիրական կանչը՝ «մեր ոգու անընկճելիությունը պիտի աշխարհինը դառնա», մի Մայքլ Առլեն Կրտսերի և բազում-բազումների անկողմնակալ, անհիշաչար շարադրումները, մի Ծառուկյանի կյանքն ու գործը:
Սրանք բոլորն ասես եղել են գրասեր այն որբերի մեջ, որ 19-ին շրջապատել էին Միջագետքից Հելեսպոնտ հայոց եղեռնի հովիտները տեսած, որդեկորույս ու ազգակորույս, զարհուրելի «Հոգեհանգիստը» պատարագած Հովհաննես Թումանյանին և անըմբռնելի պատգամ էին լսում՝ «Աշխարհքին ու մարդկանց արևի պես նայեք», սրանք բոլորն ահա Թումանյանի պատգամավորներն են, Թումանյանի՝ իմա՛ մեծ, ամբողջական, անկողմնակալ, համամարդկային մշակույթի: Սա կողմնակիորեն հուշումն չէ աշխարհայացքի ու աշխարհի առաջ արվեստագետի բռնելիք դիրքի, սա պարզ արձանագրումն է Ծառուկյան գաղափարախոսի ու գրողի վաստակի, և ավելին՝ այդ վաստակի, այդ կյանքի ու գործի առջև սկսում ես կռահել թումանյանական պատգամի ողջ խորությունը:
Այդպիսին դառնալ, իհարկե, անհամեմատ հեշտ է, ասենք, մի Սենտ Էկզյուպերիի կամ մի Նանսենի՝ չխոցված ազգի յուրաքանչյուր որդու համար, և այդպիսին դառնալ բաղձանքի ու իրականության ավերակներում և դեռ իսպառ չքացման ամենօրյա վտանգի տակ՝ անհնար է, հնարավորը խելագարվելն է: Եվ, ուրեմն, ի՜նչ մեծ խելքի ու խղճի տեր են մերոնցից նրանք, ովքեր այդուհանդերձ այդպիսին են:
Քաղաքական-փաստագրական մի վեպ ունի Ծառուկյանը, որ հոր ներշնչված գաղափարներից պարպված, ականավոր հոր փլուզման զարհուրանքը տեսած, այլևս նանիր, քաղաքական իրարամերժ հոսանքների և ուժեղ անհատների միջև անկամորեն տարուբերվող որդու մասին է, սիրտը մեռած, անձնական ու ազգային ապագայի հեռաստաններից զրկված, ինքնահաստատման, մաքառման առագաստներն այլևս հավաքած մարդու մասին: Երբեմն պարզ բանավեճ է, երբեմն սփյուռքահայ քաղաքական կյանքի տեղեկագիր, խոսքը կրքերից հաճախ մաքրվում, խոստովանքային մրմունջ է դառնում, երբեմն էլ վերաճում չար ու կողմնակալ ծաղրի, միշտ մնալով, իհարկե, որոշակի անձերի ու այդ անձանց ժամանակի մասին. մի քիչ տեղյակություն ու ճիգ՝ և մարդիկ իրենց անձնագրի անունները կվերագտնեն, այսինքն թե Ծառուկյանի կարեկցանքն ու ծաղրը մեզ և իրեն՝ Ծառուկյան գործիչ-գրողին չի ուղղված, մանավանդ որ ինքը վեպի մեջ վիճում, պարզաբանում, տեղեկացնում ու ցավում է ուրիշ անունով: Բայց չգիտես բանարվեստի թաքուն ինչ գործոնով,- գուցե մեռած հորից խորհուրդ ու հովանի աղերսող Մհեր որբի ասքային ճակատագրի ինքնաբեր զուգորդմա՞մբ, գուցե մեղավոր ու անմեղ բոլոր ձախորդներին կարեկցելու մարդկային մեր թուլությա՞մբ (զորությա՛մբ), չգիտեմ,- բայց կսկիծը կոկորդդ բռնում է, հիսունամյա այդ մարդը վերահասու իրիկվա մեջ լքված, մոլորված մանուկ է թվում, թվում է քո երեխան է ապագա աշխարհում մոլորվել, և դու ուզում ես ու չես զորում քո գերեզմանից օգնել նրան, կամ քո պապն է անցյալ աշխարհում կորել ու ելք չի գտնում, և կամ դու ինքդ ես այսօրվա աշխարհի այդ մորը կորցրած որբը: Եվ դարձյալ, տվայտանքն այնպես հստակ ու շոշափելի և փակուղին այնպես ճշգրիտ է ներկայացված, որ ընթերցմանը զուգահեռ մտքիդ հանդեպ ծավալվել է սկսում փարախ քշվող որսի պատկերը, և թվում է դրանք Ծառուկյանի անձնական դեգերումն ու փարախն են, թվում է՝ հեղինակն իր հույսերի ու հուսահատության օրագիրը վեպ է մուծել: Բայց՝ երբեք:
Իրականությունը Ծառուկյանի պես մարդկանց երբեք անակնկալի չի բերում, քանի որ իրականությունը նրանք չափում են միայն մի բանով՝ իրականությամբ: Չարենցի անունը հաճախ է հիշվում Ծառուկյանի երկերում. իր սիրած Չարենցի խոսքով ահա՝ «Չի կարող լինել մեր ոգին գերի Սերտած խոսքերի, կռտած մտքերի»:
Երբեմնի լման, թվում է հավերժական ու համապարփակ գաղափարները չեն զորում պարփակել ծավալվող, ամեն օր կերպ ու տեսք փոխող հազարադեմ կյանքը, և փլուզվող կաղապարները չպետք է մարդկային կենդանի կյանքեր տանեն: Վերապրել է պետք, ամեն օր վերապրել, անընդհատ վերապրել: Ահա թե ինչի ուսուցմանն է ուղղված Անդրանիկ Ծառուկյանի կյանքն ու գործը, ահա թե ժողովրդական ինչ առողջ բնազդի առջև է բացել Ծառուկյանը իր կյանքի դռները:

Be the first who will comment on this
Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

The invention of letters
The invention of letters
Play Online