Hrant Matevosyan

Հայացք ժողովրդի ներսից

Անհավատալի է, բայց փաստ. մնացորդաց միտքն ու սիրտը եղեռնից հետո կաթվածահար էին լինելու, բայց հակառակը եղավ. Բակունցն այսպիսի մի պատկեր ունի - Պետու ընկած տեղը, նրա արյան ու ոսկրածուծի վրա, խոտն ավելի փարթամ է աճել. ահա, երեկվա արյան հովիտը մշակույթ էր ծաղկում - ստեղծագործում էին բոլորը՝ նկարիչները, ճարտարապետները, երաժիշտները, գրողները, և բոլորն էլ բանաստեղծ էին, բոլորն էլ լավ էին ստեղծագործում, նույնիսկ նրանք, ովքեր ի ծնե կարծես թե պիտի որ անպտուղ լինեին. դարևոր երազների ու իրական հայրենիքի կորուստը փոխհատուցվում էր հոգևոր հայրենիքով: Ահա, քանքարաշատ, գունագեղ, թեթևաշունչ Մահարին վկայում է, որ շատ ավելի Չարենցին ջգրացնելու համար Բակունցը խոստանում էր ապրել հարյուր տարի և վկայաբերում էր իննսուն տարեկան իր պապին, որ ատամով դեռ ընկույզ էր ջարդում. չապրեց այդքան, նույնիսկ երկուսով՝ ինքն ու Չարենցը չապրեցին. երեքով՝ Մահարին, Բակունցը, Չարենցը՝ Մահարու հայտնի անհայտ տարիները հանած, գուցե թե: Նրա ողբերգական բռնամահը, որ միայն իր մահը չէր, այլև վախճանն էր շատ ու շատ սկիզբների, գերեզման իջեցրեց նաև մեր աստեղային ճամփորդին, և սա սոսկ խոսք չէ հանուն նրանց հավատարիմ գործընկերության փառաբանումի - սա էություն է. իր բանսարկված, բանտարկված ընկերոջը, երբ ամեն ոք իր կաշին փրկելու մասին էր մտածում, դեռևս դրսում գտնվող Չարենցն այսպես է բնութագրել.
... Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,-
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երգերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար - և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ՝
Որ բուրելու է հար աննյութեղեն,-
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև
Շաղում է շողք ու սերմ անանձնական,-
Այս ամենի համար,- և Ծիրանի
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում,- և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո,
Հնչելու է երգեր եղբայրական,-
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար,- և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին -
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ,-
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ:
Բանսարկված Բակունցին հիանալիորեն վեհացնող այս հրաշք ներբողը Բակունցից ավելի ներբող է առ ինքը՝ ջլուտ պղնձակոփ Չարենցը, նրա անկոտրում առնականությունը, վերահաս օրերի ողբալիության նրա ֆիզիկական շոշափելիությանն առնչվող զգացողությունը, և այդ եղած անցածի, բայց հետևանքներով ամենևին էլ չանցածի, այսօր ամեն պահի իր մեծ բացակայությունն զգացնել տվողի ծանր ողբերգականությունը չեն ցանկանա հասկանալ ոչ թե անգետները,- անգետը գրականության սրտի տեղը այդպես ճշտորեն չէր գիտենա,- ոչ, չեն ցանկանա հասկանալ մշակույթի գիտակից, թրծված թշնամիները, չար մարդիկ, այնպիսի մարդիկ, որ սպանելուց ու հորելուց հետո էլ դեռ երկար ժամանակ չարությամբ են նայում այն տեղին, ուր իրենց զոհն էր կանգնած:
Բակունցի անժամանակ բացակայումը իր և իր ժամանակակիցների համար ողբերգություն լինելուց ավելի ողբերգություն էր հայ գրականության նրա հետնորդներիս համար, սովետական ամբողջ գրականության համար, աշխարհի գրականության համար, քանի որ նրա բերանով մենք աշխարհին բան էինք ասելու, քանի որ այսօրվա փոխկապված, փոխշղթայված, փոխխճճված աշխարհում տաղանդը կարող է մի ժողովրդի զավակ լինել, բայց ոչ երբեք միայն մի ժողովրդի սեփականություն, և ինչքան աղքատ կզգայինք հայ ընթերցողներս՝ եթե չլինեին ամերիկացի Ֆոլքները, իսպանախոս Մարկեսը, եթե կայացած չլիներ Տոլստոյի վիթխարի փաստը - երևի նույնքան աղքատ, ինչքան որ բակունցյան քարավանի զարկվելով վերոհիշյալ ժողովուրդներն են հայոց մի գեղեցիկ ու ճշմարիտ բան ունենալուց զրկվել:
Սա ավաղ չէ անժամանակ զոհված ջահելների վրա առհասարակ և ոչ էլ մշակույթի թշնամիների առաջ տաղանդների վրա ձեռք չբարձրացնելու հայց,- փառք իրենց, ում վրա էլ նրանք ձեռք են բարձրացնում, Իսպանիայում Գարսիա Լորկա կլինի թե Հայաստանում Ակսել Բակունց, ժողովուրդը նրանց շեղումներն անտեսում, բծերը սրբում ու սրբացնում է,- սա նրա շիտակ հասակի հետ մեր կուզը շտկելու ցանկությունն է, սա խոսք է Միրհավի ու Սաբուի, Խոնարհ աղջկա ու Տիգրանուհու, Չարքի ու Գյուլբահարի, Ծիրանի փողի ու Կյորեսի, Պրովինցիայի մայրամուտի ու Աբովյան անավարտ վեպի հեղինակի մասին և խոր գիտակցումն այն բանի, որ այսօրվա աշխարհում պատրաստ կանգնած բանակների, բնական գիտությունների, հետախուզությունների ու տնտեսությունների գոտեմարտից ավելի մշակույթների պայքար է, և վայ այն ժողովրդին, ում մշակույթը պայքարից պարտված կելնի - դրանից հետո սպասվում է իրեն բուն ժողովրդի գլխովին ու անվերապահ անձնատրությունը: Այդ այդպես է և միայն այդ ու այդպես է, իսկ մեր մշակույթի զորավարը մեջտեղից վերացվել է մարտի հենց սկզբում: Մենք նրան զորավար ենք համարում ոչ թե այն պատճառով, որ տեղներս նեղ է, տեղներս իհարկե լայն չէ, այլ որովհետև լեզուն ու ժողովուրդը ժամանակակիցների ու հետնորդներիս մեջ, Չարենցից բացի, և ոչ մեկին չի օժտել այնքան ու այնպես, ինչպես Բակունցին:
Նա աշխարհայացքային ու գեղագիտական նոր սկիզբ էր, և հեռանկարային շատ երևույթներ, որոնք հետնորդներիս աչքերի առջև անգամ հիսուն տարի հետո դժվար էին պարզվելու, մեզանից հիսուն տարի առաջ նրա գործում արդեն շունչ ու կերպարանք էին առնում. հապա մի հիշենք կավի և մետաղի, քսաներորդ դարի և միջնադարի, ազգային ու անհատական ներփակության և անազգ, անանհատ ամբոխային շքերթի բախումը «Պրովինցիայի մայրամուտում» կամ այսօր փառաբանվող ֆանտասմագորիկ պատկերների շղթայական անվերջությունը «Կյորեսում» - և պարզ է դառնում, որ նրա համարյա թե յուրաքանչյուր գործը նոր սկիզբ էր և որպես այդպիսին՝ բոլորիս համար պարտադիր:
Ինչ որ ժողովուրդը տվել էր նրան ու նա վերադարձնելու էր և ինչ որ հասցրել է վերադարձնել՝ համեմատելու բաներ չեն, բայց և այդքանը, ինչ փրկվել է գյուղատնտեսի նրա զբաղվածությունից, հապշտապ փակված գործից ու կյանքից, ավիրված արխիվներից, մի խոսքով նրա ոգևորված ժամանակակիցներից ու ժամանակից, որոնց համար կործանելն ու կառուցելը հավասարաչափ հեշտ էին երևում, և մանավանդ այն, ինչ նա հասցրել է մոմիկյան իր մատներով շտկել ու խմբագրել, նրան դասում են արդիական մշակույթի խոշորագույն վարպետների շարքը, քանի որ նրա վաստակի քիչությունը լիովին փոխհատուցվում է էպոխայի և էպոխայինների պատկերման ճշգրտությամբ: Մի գրողի վերաբերյալ, որ չի զորել վերջացնելու սոցիալական թշնամանքի, համաշխարհային առաջին պատերազմի, ազգամիջյան ջարդերի ու քաղաքացիական կռիվների մասին «Կարմրաքար» էպոպեան, մի գրողի՝ որ Սմոլնուց ու Դեր-Զորից հազարավոր վերստերով հեռու հայոց լեռներում հավաքում էր հեղափոխության ու եղեռնի ընդամենը հեռավոր, աղավաղված, գեղջկական արձագանքները, մի գրողի՝ ում ձեռագիրն անընդհատ հիշեցնում է հայ միջնադարյան մանրանկարչություն ու խաչքարային արվեստ,- էպոխային ու ճշգրիտ էպոխային ասելը անհեթեթ կհնչի նորագույն հետնորդների ականջին, այն մարդկանց, ում համար ինտերնացիոնալիզմի հավերժորեն փրկարար դավանանքը բացառում էր ազգային արժանապատվության զգացումն ու դիմադրության ճիգերը և այսինչ կամ այնինչ օգտակար գաղափարի անվրեպ՝ հարյուրտոկոսանոց վիպային իրականացումը կենդանի - մարդկանց դարձնում էր շախմատային ֆիգուրներ, միտումնակիր այդ վեպերը՝ շախմատային խաղատախտակ, և ում համար գյուղի սոցիալիստական վերակառուցման բովանդակությունը անմնացորդ ամփոփվում էր կուսբջիջ-գյուղխորհուրդ-կոլվարչություն-ժողովուրդ քառանկյունում. նրանք իրենք էին ուզում էպոխային լինել և իրոք եղան, բայց միայն երկու օրով. հետո կենդանի կյանքը ուռճանալով վերափոխեց այդ իրականությունը, և այդ իրականությունը ճշտորեն վերարտադրող գրականությունը մնաց իր էպոխայում, չնայած կարող էր պատահել, որ իրականությունը վերանար, իրականության գրականությունը մնար. թեզային՝ մտադրութային էին և իրականությունը, և գրականությունը, և երկուսն էլ ետ մնացին, այնինչ Բակունցի սխալ, վրիպած, երկրորդական, կողմնակի կարևորի մասին «Գյուլբահարը» մնաց:
Սկզբունքայնորեն նոր էր Բակունցի հայացքը մարդկանց ու երևույթների, նոր էր այդ աշխարհայացքի բերած ոճը, նոր ու աննախադեպ էր ինքը Բակունց-գրողն ամբողջությամբ և որպես այդպիսին՝ հետնորդներիս համար նախանշային է, բոլոր նախորդների մեջ թերևս ամենանախանշանայինը, ինչպես որ իր համար նախորդ բազում մեծերի մեջ նախանշանային էր Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը. Բակունցը նոր էր ոչ թե այնպես, ինչպես յուրաքանչյուր շատ թե քիչ օժտված ստեղծագործող է աշխարհին նայում, հիանում ու հիասթափվում, զարմանում ու զայրանում նորովի, այլ նոր էր էպոխայնորեն, այսինքն թե իրենից առաջ, ինչքան էլ խոշոր անհատականություններ լինեին, չէին կարող ու չէին էլ տեսնում աշխարհն ու երևույթներն այնպես, ինչպես Բակունցը:
Դա՝ նրա այդ հայացքը, ազգերի զարթոնքների շրջանում իրենց խեղճ, կրոնական-սոցիալական-ազգային եռաշերտ դամբարանում թաղված ժամանակակիցների մեջ հին-հին դարերի հերոսականությունը ոգեկոչելու նախորդների հույսերից, որոնց վերջը դառն հիասթափությունն էր, հիշողություն անգամ չուներ և ոչ էլ սեր սիրուց այդ «խենթ-խելառների», ովքեր ժողովրդի ուժին չէին հավատում, ժողովրդի փրկության գործում նրա դերը հավասարեցնում էին զրոյի, ժողովրդին դիմազրկում ու նրա ազատության գործը իրենց կյանքի-մահվան գործն էին համարում, ինչի վերջը դարձյալ խոր հիասթափությունն էր: Բակունցի այդ հայացքը ըստ էության հայացք էր դեպի ժողովուրդը կամ ժողովրդի վրա - դա հայացք է ժողովրդի ներսից, ասել է թե՝ նա ժողովրդին որպես մարտանյութի կամ փրկանյութի չի նայում, ժողովրդին պատրաստի ծրագրով չի մոտենում, այլ մեզ համար բացահայտում է կեցության խորհուրդը ժողովրդի մեջ, և այդ խորհուրդը բարի է, դարձյալ ասել է թե՝ ոչ թե նա է ժողովրդայնորեն տարազավորված խոսում ժողովրդի անունից, այլ շրջադարձորեն հակառակը՝ ժողովուրդը խոսում է նրա բերանով: Նրա կենդանի գեղարվեստը ելնում է նրա ռեպորտաժներից ու ակնարկներից և չէր կարող այլ լինել քան է - բնորդների բազմությունը նրան թույլ չի տալիս հեղինակային բռնությամբ արվող արվեստ ստեղծել, դա լինող արվեստ է, ինչը որ մեր դարի գրականության էությունն է:
Մենք երախտապարտ ենք նրան ծնող ժողովրդին, նրա ժամանակին ու նրա ժողովրդի լեզվին՝ դարի ամենախոշոր արվեստագետների կողքին հանձին նրա մեր առաքյալն ունենալու համար:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Mountains, 1923
Mountains, 1923
Play Online