Hrant Matevosyan

Գիրք Թումանյանի մասին

1969 թվականին լրանում են մեր արվեստի մեծերից մեծաց՝ Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 100-ամյակները։ Շքեղ տոն լինելուց զատ, այդ թվականը մեզ համար կլինի հոգսերի տարի. արվեստի մեջ սպանիչ ինքնահավանության, անպատասխանատու մակերեսայնության, սիրողականության ու քաղքենիության դեմ պայքարի տարի։ Դա կլինի բարձր արվեստի ընդգծված պահանջի տարի և, այդպիսով, հայրենասիրության շքահանդես, քանի որ բարձր արվեստն ամենից առաջ մեծ հայրենասիրություն է։
Գրականագետ Լևոն Հախվերդյանն ահա այդ տոնի ու պայքարի հրապարակ է իջեցրել Հովհաննես Թումանյանի մասին իր ուսումնասիրությունը՝ «Թումանյանի աշխարհը»։ Սևագրությունների, նախափորձերի, տարբերակների, կրած բացահայտ ազդեցությունների, վերստեղծումների, արվեստի թումանյանական գլուխգործոցների, բանաստեղծի անձնական կյանքի, հայ և միջազգային կյանքի հարադրումներով ու հակադրումներով՝ գրականագիտական ուսումնասիրություն լինելով հանդերձ, գիրքն ինքնիրեն, գրականագետի կամքից մի տեսակ անկախ, վերաճում է ցավագին մարդասիրության, լավի երազային կարոտի ու հայրենասիրության ոգեշունչ կոչի։ Գրականագիտական ուսումնասիրություն լինելով հանդերձ, Հախվերդյանի գիրքը ձեռք է բերում գեղարվեստական երկի հատկանիշ՝ վերաճելով խոր ատելության ընդդեմ մեր ու մարդու դարավոր ոսոխի՝ տգետ ու բռնի հավակնոտության։ Վերաճում է, որովհետև այդպիսին է ինքնին իրականությունը, տվյալ դեպքում՝ Թումանյանի կյանքն ու գործը, և Հախվերդյանն էլ չի բռնացել նյութի վրա՝ հարմարեցնելով նյութը գրականագետի իր հասակին, այլ ընթացել է նյութի վերուվարումներով մինչև լեռնացում ու վայրէջք, հողեղեն Թումանյանի հունցվել-թրծվելուց մինչև վերջին թևաբախումն անէ, անգո, աստվածային հավերժի մաքուր ոլորտներում, մինչև նիրվանա՝ մարումն։
Այնքան լոռեցի՝ որ թվում է, թե նա համազգային էլ բանաստեղծ չէ, այնքան հայկական՝ կարծես նեղ ազգային-կենցաղագիր, վաղածանոթ՝ որպես մեր պապերի խորհուրդները, առարկայական՝ կավի ծանրությամբ՝ հյուսված ամբողջությամբ առարկայից ու շարժումից, իմաստասիրության տարրն իսկ չունեցող նրա գրականությունը մի հոյակապ ճախր է համազգային, համաշխարհային մտքի օլիմպիական բարձունքներում։ Դա գեղարվեստի անթերին է և իմաստասիրության էլ անթերին, որովհետև իմաստասիրություն է գեղարվեստի հուժկու թևերով։ ¥Տարածություն, առարկա և շարժումն, տարածություն, առարկա և շարժումն, կորչե՛ն ածականներն ու թեկուզ հեգելյան մակարդակի դատողությունները - Թումանյանի ստեղծագործության քննությամբ եզրահանգում է գրականագետն ու առաջադրում որպես պոետական ճարտարվեստի ամենահեռահար զենք։ Տեղին առաջադրանք, քանի որ մենք բոլորս էլ մի քիչ պաճուճապատողներ ենք և մոռացել ենք մեր վանքերի անզարդ վեհությունը¤։
Եթե ճշմարիտ է, որ քանակով մեծ ոչքաղաքակիրթ ազգությունները երկարատևում են իրենց ստվարությամբ, ապա նույնքան բացարձակ ճշմարտություն է, որ փոքր ազգերի միակ պահպանիչներն ուծացման՝ այդ տիեզերական ցրտի դեմ, նրանց ազգային արվեստի խոշոր անհատականություններն են։ Նրանք փոքր ազգերի բախտավորությունն են։ Թումանյանի գրականությունը մեր ժողովրդի բախտավորությունն է։ «Պետական գործիչ՝ պետականություն չունեցող ժողովրդի մեջ։ Հայրենանվեր կյանք մի հայրենիքի, որ շատ թշնամիներ ուներ ու քիչ բարեկամներ։ Նրա ամբողջ կյանքը՝ ստեղծագործական ու քաղաքացիական սխրագործություն։ Թումանյանը ժողովրդի զոհասեղանին դրեց և՛ կյանքը, և՛ հանճարը»։ Դեռ պատանի՝ Արևմտյան Հայաստան գնալուց նրան հետ պահեց միայն պատահականությունը, հայ-թաթարական ընդհարումների տարիներին նա կանգնեց երկու կողմից հանված սրերի մեջտեղը, ապա դասագրքեր էր կազմում հայ մանուկների համար, բացակայում էին հայ մանկական բանաստեղծությունը, հեքիաթը, պատմվածքը, զրույցը, և նա գրում էր մանկական բանաստեղծություն, պատմվածք, զրույց։ Եղեռնի օրերին ընտանիքով ռազմաճակատում ու գաղթականության հետ էր։ Արտավազդ որդին զոհվեց Վանի դիրքերում, ինքը որբերի բազմության մեջ մի ամսում ճերմակեց ու ծերացավ։ «Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար, չի գժվում» ¥Լեո. «Անցյալից»¤։ Այդպես՝ «Անուշը», «Պատրանքը», «Սիրիուսի հրաժեշտը», «Մի կաթիլ մեղրը», «Վայրէջքը», քառյակները, նրա հանճարի ու մեր ազգային հանճարի այդ վավերագրերը, պատահաբար փրկված պատառիկներ են։ Նա չկարողացավ փրկել իր ժողովրդին, բայց փրկված կեսին օժտեց իր գլուխգործոցների հզորությամբ։
Բեմադրիչ և գրող Ֆելինին արվեստագետի մասին իր «Ութ և կես» շարժանկարն սկսում է երազով. հեղձուկ անշարժության մեջ շնչասպառվող արվեստագետը ողբերգական ճիգով ներքև է թողնում տաքություն ու ապականություն արձակող ինքնաշարժերի նախիրը, հոսքագծերի ոստայնը, կամուրջների երկաթյա ծանրությունը, մեռելահայաց շենքերի բետոնային անզգայությունը, համբառնո՜ւմ, մերձենում ամպերի ճերմակ զովությանը՝ դեպի մեղեդիների աստվածային ծավալումն ու դեպի օ՛դ, վճիտ օդ, ուր լուսնի շողը կղողանջեր երգեհոնի ազնվությամբ,- բայց ահա ներքևից պարան են նետում և նրան քաշում ներքև, գահավեժ անկում ամպերի փափկությունից մինչև երկրի կարծրություն։ Այդ՝ շարժանկարն ահա ասես Հովհաննես Թումանյանի մասին է։ Այդ հարյուր անգամ Թումանյա՛նը գահավիժեց թրքական անայլայլ իժությամբ, ցարական պաշտոնյաների ճարպոտ մեծապետականությամբ, վրաց մենշևիկների խաբեբայությամբ, մեր բոլոր, բոլոր թշնամիների ու հոգսերի սպանիչ ծանրությամբ։
Հայրենասիրությունն էլ, բնապաշտությունն էլ, հառաչանքն էլ Թումանյանի համար բովանադակություն դարձան կյանքի ու ստեղծագործության դժվար վերելքի հետ։ Հառաչանք բառից մինչև խո՜ր թառանչ, Բուդդայի ուսմունքին իր տեղյակությունը հայտնող, նիրվանայի բանաստեղծական մեկնությունից մինչև անձնական ու ազգային ճակատագրով բռնի ներխցկումն բուդդայականության անօդ սրվակ, ոճաստուծոց մինչև գոյի-չգոյի չսահմանազատվող անիմանալիություն, հայրենասիրության, պատկանյանական հեգումներից մինչև Էջմիածնի պատերի տակ փլված գաղթականության մեջ մի ամսում ծերացող պատարագիչ ¥«Հանգե՜ք իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք... իզո՜ւր և անշահ...»¤, ծննդավայրի բնության պատանեկան կարոտից մինչև ի մեջ մարդկան պարտված հայ բանաստեղծի ու հայորդու ըղձանք՝ հալվելու, ձուլվելու բնությանը։ Ե՛տ, ե՜տ դեպի մանկություն ու մանկությունից էլ դենը։ Պարտությունների այս ինչքա՜ն բեռ դրեց աշխարհը նրա ուսերին։ - Ահա գրականագետի Թումանյանները, որոնք ուսումնասիրության գերազանց գրված վերջում դառնում են մի ողբերգական վիթխարի կերպար՝ վերջին հանդարտ ծխերով ծխացող հանգչող հրաբուխի վեհությամբ։
Գրականագետ Լևոն Հախվերդյանը մեզ համար գրել է մենագրություններից դժվարագույնը. Թումանյանը մեր մանկությունն է, իսկ մանկության տարիներին սովորած բառերը չեն ստուգաբանվում։ Հախվերդյանն ահա ստուգաբանել է հայացքի ու ընկալման զարմանալի թարմությամբ։ Հախվերդյանի գիրքը կարդալուց հետո Թումանյանի տողերը, վաղուց ծանոթ տողերը դարձյալ դիմադրում են՝ ինչպես առաջին ընթերցման ժամանակ, և նրանց միջով առաջանում ես դժվարությամբ։

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy