Hrant Matevosyan
Գիրք ճանապարհի
Ընթացքի, մաքառումի, ճանապարհի այս գիրքը՝ այս «Գիրք ճանապարհին», իմացության լույսի այս հեղեղը մեր անբառ արոտների վրա, հանրության զանգվածից մեզ դեմքի և անունի բերող այս արարիչ հայացքը՝ որ յուրաքանչյուրիս մեջ իրեն է տեսնում և իր մեջ յուրաքանչյուրիս, լուռ հպատակության ճամբարներից մեզ դուրս քշող այս սուր ու չար ճիչը, գամփռի հավատարիմ այս աղիողորմը մարդու հայրենիքի մեր ծանր կապանքի առաջ, բռնության քարից մարդու մեր պատկերը կորզող այս երդվյալ ջանքը, անասունից զատվելու, քարից թոթափվելու, թոթափումի մեր զորությունը եղավ և բացարձակեց նաև մեր իսկ անթոթափելի թշնամանքը թոթափումի մեր զորության հանդեպ. գիրքը խարույկի տրվեց:
Եթե հավերժ այս քանդումի և անվերջ այս նորոգումի մեջ խոսքը մեղք և շնորհ ունի, - ունի՛, «Ի սկզբանե էր բանն», հավատավոր բանի այս գիրքը անցյալի և ապագայի միջև անկոր մարդկանց մեր ներկան էր բացում, և այս «Գիրք ճանապարհին» մենք այրեցինք,
և բացվեց, ծավալվեց, գնաց ու տարիներով գնաց եղծված բանի ամուլ աշխարհը լուռ սպանդի, լծկանային կոռի, անլեզու հպատակության աշխարհը: Բայց այդ խարդախված բանի այդ լուռ թագավորությունը «Գրքի» այս լայնաթռիչ ու բարձր հաղթակամարի սահմանասյուներից դենն է, գիրքը այդ երկրի վրա բացվող դարպասներ չունի, հաղթակամարի այս կողմը բարձր մարդկանց Չարենցյան մեր աշխարհն է, անխաթար բանի նորոգ աշխարհը, հայրենի պղնձակոփ ամրոցը և պղնձե գայլը այդ ամրոցի ճակատին: