Hrant Matevosyan

Գեղեցկություն ասված աստծու լույսը

Շատ տարիներ առաջ այնպես եղավ, որ Վահան Տերյանի մասին կինոպատմություն գրելու ցանկություն ունեցա, և Հայկինոյի իրավասուներն իսկույն պայմանագրեցին: Ի՜նչ լավ է, որ այդ սցենարը չգրվեց և չնկարահանվեց, այլապես աղարտված էր լինելու մեր մշակույթի նաև այդ սրբապատկերը, իսկ այսպես անաղարտ մեզանից յուրաքանչյուրը ինչոր չափով բեմադրիչ է, բանաստեղծի կյանքի ու գործի ընթերցմանը զուգընթաց ծավալում ու ծածանում է պատկերներ, որոնք ամենևին էլ պակաս չեն այն պատկերներից, որ պիտի լինեին, բայց բարեբախտաբար չեղան: Չգրված այդ կինոպատմության մեջ և գեղջկական ծանր աշխատա՛նք կար, և նախնիների համառ մղո՛ւմը դեպի Եվրոպա ու լույս, և վանքը շինելու դրվագնե՛րը, և տեր Սուքիասի «Տոլստովը», և Բրեստ Լիտովսկի կործանարար պայմանագի՛րը, և գնացքի նույն վագոնում ու թերևս նույն խցում թուրք քոքված դիվանագետի ու Վահանի ճամփորդությո՛ւնը՝ որ Թումանյանի կյանքից էր առնվում, և Օրենբուրգի սառը տափաստաններն ու մա՛հը: Մի խոսքով, դա հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի՛ ողբերգական կյանքն էր և ոչ թե մեկ ուրիշինը:
Չեմ պնդում, թե երբևէ այլևս չեմ դառնալու Տերյանին ու իր ժամանակին: Աշխարհի քար անտարբերությունը հայ ժողովրդի բախտին, տիրակալությունների ու կառավարությունների՝ թվում է դավադիր ու դաշնակից լռությունը մեր ողբերգության առաջ՝ մի կողմից, և մյուս կողմից մեր ճիգերի պոետական խեղճությունը, որ հար և նման է Տերյանի անզորությանը, մեր հայացքներն ամեն անգամ դարձնում են Տերյանի ճակատագրական օրերին, երբ դավն ավելի քան բաց էր և մեր ճիգերն ավելի քան հավատավոր ու մաքուր: Երևի թե, երբևէ, իմ ցավն ու սերը բաժանող, իմացությունների պաշարն իմ պաշարներից հարուստ և նյարդերն իմոնցից կայուն մի համախոհ գտնեմ և միասի՛ն գուրգուրենք «Որպես առաջին քրիստոնյաները» այդ կինոպատմությունը:
Այդ ժամանակ, գիտեմ, իմ վերաբերմունքի մեջ շատ բան փոխված, փոփոխված ու ժխտված կլինի, մասնավորապես՝ հրապարակայնության պայմաններում հնարավոր կլինի ավելի մոտիկից տեսնել ԲրեստԼիտովսկի մասին ճշմարտությունը, որ հայ ժողովրդի ապագան, հիմա՝ ներկան, ջլատեց ու մաշեց, և փոխված ու փոփոխված չի լինի մի դրվագ. սպիտակ պաստառի ֆոնին կանգնած՝ բանաստեղծն արտասանում է.
Արևավոր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտս քո մոր, սիրտս քո մոր հեկեկանքով է լեցուն...
.....................................................................................
Մենք բոլորըս, բոլորըս, մանուկներ ենք որբ,
Մանուկներ ենք մենք կորած հավիտյան անմայր...
....................................................................................
Մեզ չի՛ հասկանա օտարերկրացին,
Մեզ չի՛ հասկանա սառն օտարուհին...
............................................................
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաս բարով...
Եվ այսպես՝ գուցե տասնհինգ, գուցե քսան լիքը րոպե: Իսկ կինոյի րոպեն իսկապես լեցուն է որպես զտված մաքրության միտող ոսկի: Արտասանում է, ժուժկալ գոհությամբ տեղում շտկվում (և այդ լռությունը մի բանաստեղծության վերջն է լինում և մյուսի սկիզբը), արտասանում: Եվ միայն այդ թաքուն ժպիտն է մատնում, որ ժողովրդի առջև դահլիճում է, որ ժողովուրդն ու իր մարգարեն իրարու գտել են:
Այդ կինոպատմությունը ե՞ս կգրեմ թե մի ուրիշը՝ անհայտ է, բայց դրվագը չի փոխվի: Այդպես եմ կարծում, որովհետև այդ բանաստեղծությունները, մեր ազնվական հոգու, մեր բախտի ամենախորերից գտնված այդ ճշմարիտ վկայությունները եզակի են և ընդմիշտ: Եվ Սարյանի կտավներ, Խաչատրյանի «Տոկատա», Թումանյանի «Բարձրից» հյուսած, Չարենցի «Շավարշը» կռանած մեր մշակույթի մեջ Տերյանի այդ բանաստեղծությունների, այդ «Գազել հրաժեշտիի», այդ «Նաիրիի» համարժեքն ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, իրենց մասին այդ բանաստեղծությունները պետք է միայն իրենք խոսեն:
Լև Տոլստոյը մարդկանց համար հացի պես ապրողների և մարդկանց հաշվին իրենց համար ապրողների մասին մի գրվածք ունի: Տեր Սուքիասի «խավար» ժամանակներում Տոլստոյը Ջավախքի գոնե մի ընտանիքում հայտնի գրող ու հեղինակավոր մտածող էր, համատարած գրագիտության մեր ժամանակներում այդ վիթխարին որևէ սրտում տեսնես խոկում ու տառապո՞ւմ է կասկածում եմ: Նա, ով մարդկանց հաշվին միայն իր համար ապրեց՝ լակեց ու լափեց, զվարճացավ ու փչացավ՝ մտավ քրոմե սապոգների ու կաղնե դագաղի մեջ, քրոմե հատո՛ւկ սապոգների ու հատկապես կաղնե՛ դագաղի, և լավ կերածխմած իր մարմինը որդերին տարավ, նրա ոչ կաշին, ոչ միսը ոչ մեկին այս աշխարհում պետք չեկավ, և նա՝ Խոլստոմեր ձին, որ իր կենդանի գնացքը մարդկանց տվեց, կյանքին թողեց նաև իր միսն ու ոսկորը, կաշին ու արյունը. կաշին կաշեգործին գնաց, ոսկորը՝ կոճագործին, արյունը ձիապահ շանը գնաց, միսը՝ սովահար մայր գայլին ու գայլուկներին:
Կյանքում ու գրականության մեջ ես մի ուրիշ օրինակ չգիտեմ, որ այդպես էապես ցուցադրեր Տերյանի կյանքի ու գործի այդ անմնացորդ նվիրումը կյանքին. նրա գործն ու փորձը, նրա ձախողումն ու հաջողումը, նրա պոեզիայի միսն ու ոսկորը ամբողջովին ներկալվեց իր ժամանակի ու հետագա հայ կյանքից ու գրականությունից: Նա չարտագրված բառ չունեցավ: Նա չքաղաբերված տող չունեցավ։ Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազդային անորոշ թրթիռները, որ անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր հայոց լեզու հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանի հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ: Արդյո՞ք այս նույն երևույթը ի նկատի չունի Աստվածաշունչը խոսքի մասին իր առակում. «Ի սկզբանե էր բանն...»: Միա՛յն:
Տերյանն, այո, հայոց լեզվին բան տվեց, և լեզուն, որ ամբողջ մշակույթի հիմքն ու հենքն է, յուրացնել սկսեց երևույթներ, որ մինչև Տերյանը միայն ուրվագծել էր զորում: Սա զուտ Տերյանի՞ վաստակն է, թե՞ նաև իր ժամանակի: Իր գործի նշանակությունը ոչ ավելացնելով և ոչ էլ նվազեցնելով ասենք, որ նաև ինքը Տերյանն էր բազում ժամանակների ու սերունդների համառ աշխատանքի արդյունք, բայց ասենք նաև, որ իրենի՛ց հետո հայ նկարչությունն սկսեց այլ կերպ տեսնել ու նկարել, քան մինչև Տերյանն էր նկարում. իրենի՛ց հետո հայ ճարտարապետությունը սկսեց նկարել ու կառուցել այլ կերպ, քան մինչև Տերյանը. և՛ երաժշտությունը, և՛ բուն բանարվեստը: Այլապես՝ հնադավաններ կլինեին և ժամանակավրեպ կկոչվեին:
Նկատված երևույթ է, որ գաղթածները նոր վայրերում փնտրում ու գտնում են իրենց հին հայրենիքին հնարավորինս նման հայրենիք և հին տունը նոր գյուղում նույնությամբ վերականգնում են. առջևները հեռվում սար է եղել՝ նոր վայրերում են սար փնտրում, գյուղը գետի ակունքներում է եղել՝ այստեղ են ակունք գտնում, դուռն արևելք է նայել՝ դարձյալ արևելք է նայում: Մեր խոսքը հիմա, սակայն, Բյուրակն ու Ջավախք աշխարհների անվերապահ նմանության մասին չէ միմյանց նույնությամբ կրկնելու մասին է երկու, թվում է, հեռավոր աշխարհների՝ Ջավախք աշխարհի և Տերյանի բանաստեղծության: Ժողովրդի և բնության այս գեղեցկապաշտությունը և Տերյանի բանաստեղծության այդ գեղեցկապաշտությունը փոխկանչի մեջ են և իրարու գտնում են: Եթե աչքերս կապած ինձ պտտեին հայրենի երկրում և միայն մի փոքրիկ պատկեր տեսնեի, որ տեսա սիրունիկ հագնված աղջնակը ինքը իրեն չափ էր տալիս և ուլի ու հորթի առջև պարում, կամ հեռվի գետակից մի ոլորան տեսնեի, կամ վանքի մի պատը, կամ հացի ու կարտոլի խնամված ցանքերից մի գորգաչափ տեղ, պիտի ասեի. դուք ինձ բերել եք Տերյանի Ջավախք, այսքան գեղեցիկ միայն Տերյանի պոեզիան է:
Ամենամյա մեր այս ուխտագնացությունը և մե՛զ է հարկավոր, և իրեն պոետին. մենք նրա անմահությունն ենք, ինքը մեր կարիքը ունի, առանց մեզ՝ նաև իր ղողանջն էր մարելու, ինչպես որ մարել է, ասենք, Աղթամարի ղողանջը. և մեծից փոքր ու ղեկավարից հասարակ մենք բոլորս իր կարիքը ունենք, քանի որ մարդու նպատակը վեհ ու վեր մի գեղեցիկ բանի առնչվելն է: Դեպի ինքը ձգտելով՝ մենք այդ վեհին ու վերին ենք ձգտում:
26.07.1987

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma