Hrant Matevosyan

Եվ ճրագթաթն սկսեցին կտրել

Տեղադրվեց ճոպանուղի, և «Սովետական Հայաստանը» տպեց հաղորդագրություն, թե ճոպանուղու տեղադրման շնորհիվ աշխատանքի արտադրողականությունը Ահնիձորի տեղամասում ավելացել է 65-75 տոկոսով։

Ճոպանուղու մոտ անտառը վերջանում էր թե չէ՝ արտադրողականությունն ընկնում էր։ Երկրորդ ճոպանը բերվեց։ Մինչև մեկի մոտ կվերջանար անտառը, կապվում էր երկրորդը, և ճոպաններն աշխատում էին անընդմեջ։

Ճոպանուղիները գցվում էին, որպեսզի արագ ցանցառանար ճրագթաթ ծմակը։

Հատողներն աշխատում են ավտոմատ սղոցներով։ Արդյունքը մեծ է։ Րոպեն մեկ շառաչելով շուռ է գալիս մի հաճարենի։ Բեռնատարները կիսատ֊պռատ ճանապարհներով երկաթուղային կայարան են իջեցնում ճրագթաթ ծմակը։

Ճրագթաթ ծմակը փայտ է եղել, հասկանում եք։ Իսկ ես կարծում էի վայրի գեղեցկության խորհրդանիշն է եղել այդ բարդված անտառը։

Գիտես ինչ ծմակ է՜, միլիարդ է, միլիարդ, ասում է հատող Պավլե Աբովյանը։

Ճրագթաթը միլիարդ է, հասկանո՞ւմ եք, ճրագթաթը գիշերվա կապտամշուշի մեջ լուսնալույսով երիզված, երկնքի կեսը բռնող ուրվանկար չէ, ճրագթաթը միլիարդ է։ Ճրագթաթը նկարից դարձավ միլիարդ։

Մի Ժամանակ պահպանող հիմնարկն առանձին էր, կրտրողն առանձին։ Պահպանող հիմնարկը ջոկում էր ծերացած ծառը, կնքում էր, կտրողը՝ կտրում։ Հիմա որը հարմար ես տեսնում, շուռ տուր։ Թե պլանի տեսակետից է լավ հիմա, ախպեր քան, թե աշխատավարձի... ասում է հատող Պավլե Աբովյանը։

Իգնատ քեռին ծմակը կտրելու մասին։ Նա, ի դեպ, իդեալիստ է, և գյուղացուն մատերիալիստ անվանելիս պետք է ծանոթագրել՝ «բացառությամբ Իգնատ Թոմայանի»։

Արա, էդ ճանապարհաշինականի Երանոսը համա թե գրելու բան է, հա՜... Մթամ կամուրջ էր սարքել. «Էս մկան ջրվեթն ինչ է, որ վրեն լուրջ կամուրջ գցվի»։ Լավից֊վատից մի խողովակ գցեց, բուլդոզերով հող քշեց֊լցրեց վրեն, էս էլ քեզ կամուրջ։ Ձնհալին ձորերը ջրով լցվեցին, գոռգոռալով Քարկապի ջուրն եկավ, իսկի խողովակի մեջ էլ չմտավ. «էս Երանոսի ծակն ինչ է, որ մտնեմ մեջը»։ Քշեց ձորը լցրեց... Համա թե գրելու բան է, հա՜... Մի թեթև փորձել եմ, չգիտեմ ոնց է։ Լսիր հլա. «Երանոս Գասպարյանը բաներ իրար հավաքեց դեսից֊դենից, թե՝ այս էլ կամուրջ։ Գարունը եկավ իր ձնհալով...»։ «Ոզնու» հասցեն ո՞նց է։ Գրեմ ՝ «Երևան, «Ոզնու» խմբագրություն», կհասնի՞...

Իսկ անտառի մասի՞ն։

Անտառի՞ մասին։ Ամեն կողմից էլ լավ է, համա կաղնին պրծնում է, թե գեղն ես գալու ասա, պատրաստությունս տեսնմ, քանի կաղնին չի պրծել՝ շինանյութ հավաքեմ, մի օթախ շինեմ որ...

Քառանց Պուճուր ապին ծմակը կտրելու մասին։ Նա իննսունվեց տարեկան է։ Մեղու է պահում և արևկող անում։ Ակնոց դնում է մեղվին նայելիս։ («Ախչի, ախչի, չեչմակնին բի»)։ Դիմացը, ճրագթաթ ծմակում, բաներ են կատարվում։ Աչքերը՝ զորեղ չեն, չի տեսնում։

Ախչի, ախչի, չեչմակնին բի։

Ակնոցը չի օգնում ճրագթաթում կատարվողը տեսնել, ինչպես չի օգնում փեթակները նայելիս և զննում է ականջով։

Ի՜նչ են անում, է՜... և բերանը բաց ունկնդրում է։ Ընկնող ծառերի հառաչանքը կուլ է տալիս անտառը։ Շինվող ճանապարհի վրա ուժանակը պայթում է այնպիսի խոր լռության մեջ, որ այգիներում կաթում է հասած միրգը։ Ի՜նչ են անում, է՜... Լազաթ է, լազաթ...

Յուրիկ Աբովյանը ծմակը կտրելու մասին։ Նա կաթի հաշվառիչ է և գյուղի մատենագիրը։ Ժողովներում ջախջախում է ամեն գույնի լիբերալիզմ, տանը, հոր ինը երեխայի աղմուկի մեջ, ամփոփում կաթի ընթացիկ հաշիվները, ռեգրեսի դեպքում որոնում պատճառները և կանգնում խեղճ մանր֊մասնավորի գլխին, այդ մասին (փաստերո՛վ, ռեա՛լ) գրում է շրջանային թերթին։ Պրոգրեսի դեպքում էլ Յուրիկը որոնում է, թե ինչն է է՛լ ավելի արագ աճին խանգարողը և նորից կանգնում մանր-մասնավորի խեղճ գլխին։ Հետո, երբ քնած են լինում ինը երեխաները, լռության մեջ մատենագրում է գյուղի պատմությունը՝ «Մեր գյուղը անցյալում և հիմա» խորագրով։

Յուրիկ Աբովյանը այսպես է վերջացնելու մատենագրությունը. «Կեցցե Ազատարար՜ Նոյեմբերի Քսանինը, որ աշխատավորին տվեց հաց, լուսավոր կյանք, ճրագթաթին՝ գեղեցկություն»։

Պավլե Աբովյանր ծմակը կտրելու մասին։ «Երկուսդ եք, դու և քո «Դրուժբա» սղոցը՝ մեկ, անտառն ու կտրվող ծառը՝ երկու. կտրել պրծել ես, էլ ոչ մի ջլով կպած չի բնին, բայց չի ընկնում, մոտորդ հանգցնում ես՝ ոչ մի ձայն չկա, անտառը լո՜ւռ սպասում է, իսկ ծառը չի՛ ընկնում, ասես մտածում է։ Նայում ես կատարին, վերև, է՜, շատ վերև, երկնքո՛ւմ, տեսնում ես կամա՜ց թեքվում է, տեսնում ես ճղներն իրեն է քաշում՝ ճը՛կ՝ պոկում է ուրիշ ճղների միջից, հետո էլի՝ սո՜ւս, ձայն չկա։ Անտառը շունչը պահել է... Մեկ էլ շրախ֊շրախ-շրախ... շրա՜խկ... Ու լռություն։ Այնպիսի լռություն, ասես արջ է պահ մտել»։

Հետո խոսում է իր տասնչորս և տասներկու տարեկան աղջիկներից.

Զինան աշխա՛տող է, անցած տասնհինգօրյակում երեք հարյուր ութսուն ռուբլի տուն բերեց, էն ինչ փոքրն է, Վալյան, փա՜հ, ալարկո՜տ... Երկու օր գնաց խոտհավաքի, էլ չգնաց, ասում է՝ պապա, մեջքս ցավում է։ Այ մեռնես ոչ դու, էդ ի՞նչ արիր, որ մեջքդ ցավում է, բալիկ ջան... էնա ասա ալարում եմ, էլի, հո դրա համար քեզ կախեցին ոչ...

Ահնիձորը գործի մարդ է։

Իսկ Երևանում, հիշում եմ, Տերյանի ու Լենինի խաչմերուկում, կերպարվեստի սալոնի մոտ, ավտոկռանը կպավ գցեց մի ակացու։ Մարդիկ հավաքվեցին ընկածի շուրջը։ Վարորդը շփոթվել էր։ Վարորդը նաև վախենում էր, մարդիկ այնպես էին իրեն նայում, կարծես երեխա էր տակը գցել, գազ տվեց, փախավ։ Համարը չվերցրին երևի միայն այն պատճառով, որ սովոր չեն ավտոկռանի համար վերցնելուն։ Հետո մարդիկ մեկ֊մեկ ցրվեցին։ Մինչև երեկո ընկած էր։ Հետո կանգնեց՝ հենակը թևի տակ և երեր։

Ահնիձորը աշխատանքի համար մի քիչ շատ է իրար անցել։

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Komitas Vardapet
Komitas Vardapet
Play Online