Hrant Matevosyan

Բախտավորություն է աշխատել մի լեզվի մեջ, որ Չարենցն է արթնացրել

Մեծով ու փոքրով, մեծավորով ու փոքրավորով, հասուով ու տհասով՝ շնորհակալության, երախտագիտության խոր զգացումով՝ այսօր ազգովին ծնրադիր երկրպագության ենք կենում հիշատակի առջև մեր այն մեծի, ում վիթխարի ու շողշողուն արևը բարձրացել է մեզնից հարյուր տարի առաջ և մայրամուտն իջել է մեզնից վաթսուն տարի առաջ:
Հարյուր տարին և վաթսուն տարին բավարար մեծ հեռավորություն են՝ մեր տեսադաշտից անտեսանելիություն սուզելու ոչ միայն իրենց ժամանակի մեջ նկատված անհատների, այլև էպոխային երևույթներ ու գաղափարներ, Չարենց երևույթն այնինչ մեկ տարով, մեկ օրով անգամ չի հեռացել մեզանից. նա, որ կանգնած էր յուրաքանչյուրիս ու ամենքիս լուսաբացի մեջ և թվում էր, թե օրվա մեր ընթացքով մենք հեռանալու ենք իրենից, դարձյալ ինքն է կանգնած մեր ճանապարհի հեռուներում՝ երբ մեր օրը գնում է արդեն դեպի մայրամուտ:
Բայց ասել թե այդպես է, որովհետև այդպես է, ասել թե Աստծուց է և սալիերիորեն ատամ կրճտացնել այդ Աստծուց երեսառածի վրա և Աստծու վրա նշանակում է ոչինչ չասել: Ասել թե այդպես է, թե մեծ է, թե սերունդների և սերունդների հավիտենական երթը նրա հայացքն ուղեկցում է իր ժամանակի բարձր բարձունքներից, որովհետև նա իր ժամանակի տերն ու պատասխանատուն էր, որ նա իրեն բարձունք էր արել իր ողջ ժամանակը նշանակում է ասել ամեն ինչ իր և մեծերի մասին առհասարակ: Այդպես՝ նպատակի մեծությամբ են մեծ ինքը Չարենցը, Թումանյանը, Աբովյանը, Խորենացին:
Նրանք տերեր և պատասխանատուներ են, նրանք հայրենաստեղծներ են, նրանք հայրենիք են ստեղծել:
Կամ. այո՛ այդպես է, այո՛ հանճար է, այո՛ Աստծուց է, եթե անընդհատ մտապահենք, որ հրեաների Մովսես Մարգարեն իր լեռան ներանձնության մեջ ինքն արդեն իր ժամանակն ու իր ողջ ժողովուրդն էր, այդ ժողովրդի իր Տասնաբանյան նա թափում էր այդ ժողովրդի անեծքից ու օրհնանքից, գտածից ու կորցրածից, ժողովրդի ողջ երթից:
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:
Հայրենի ձեռքը գգվում է, և դու մի գիշեր իմաստուն ես դառնում, եթե հայրենիքիդ ցերեկի ամբողջը դու ժամ առ ժամ իր հետ ես, ինքը քո տագնապն ու հույսն է, և այս դեպքում հայրենի ձեռքի այդ գգվանքը հայրենիքի ճակատագիրը վերծանում է քո ճակատից:
Հղվելով մեծ ռուսներին՝ թե Պուշկինը պետրոսմեծյան կանչի պատասխան կանչն էր հարյուր տարի հետո, թե դարի վրայով նրանք Ռուսաստանի կենդանացման մասին փոխկանչի մեջ են, պետք է հիշենք, որ մեր մեծը դարի ու դարերի վրայով փոխկանչի մեջ է այն ամեն վեհի ու ճշմարտի հետ, որ այս ժողովրդի անցյալում, իր ներկայում ու ապագայում կա, և անեծքի ու ժխտումի է կեցած այն ամեն օտարի, ոչ մերի, թեկուզև սրբացվածի հանդեպ, ինչը որ գեհենի քշեց այս ժողովրդի կյանքը:
Իր Բառով՝ խիզախ այդ ճանապարհորդից հետո մեզ համար հեշտ է ոտք փոխել բոլոր կողմերի վրա: Մեզ համար բախտավորություն է աշխատել այս լեզվի մեջ, որ Չարենցն է արթնացրել: Մենք միայն մի նպատակ ենք ունենալու ջանքով ու տանջանքով ազգակցվել իր հետ, ինչպես որ ինքն ազգակցվեց իր մեծ նախնիների հետ՝ Թումանյանից մինչև Խորենացի:

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Egyptian masks
Egyptian masks
Play Online