Hrant Matevosyan

Բացի հունձը

Ամռանը գիրք չի կարդացվում։ Ձանձրանում են, դուրս գալիս գյուղամեջ, ձանձրանում խանութում, փակ գրասենյակի դռանը, անմարդ ակումբում, գնում տանը գրքին նայում ու քնում։ Բնությունը թույլ չի տալիս հիանալ գրքով, ոչ էլ իր անսահման հմայքն է մատուցում դեն նետված գրքի փոխարեն։ Բնությունն այնքան հավաք ու ամփոփ չէ, որ հաճույքով թերթես, ոչ էլ այնքան թույլ՝ որ թողնի գիրք կարդաս։ Անընդգրկելի մեծ է, անսահման խոհուն, անչափ խոր, բայց ցրված է։ Ու խառն է։ Բնությունը ձանձրացնում է։ Միայն աշխատանքն է հաղթում տարտամությանը։

Բայց հանգիստ պետք է։

Ընդամենը մեկ օրվա հանգիստը Իգնատ քեռուն տվեց մի լավ համերգ։ Ջոկեց բոլոր երգերից Թագորի «Թուլությունը՝ ամոթ է» և ձայնապնակը նորից դնել տվեց։ Ամաչելով, ծիծաղելով, կարծելով երեխայություն է անում՝ երրորդ անգամ նվագել տվեց։ Խոսքը բենգալերեն է, խոսքով չէր հետաքրքրվում։ Ունկնդրում էր զուտ երաժշտությունը։ Մյուս օրը, խոտհնձի առաջին ժամին, կանգնեց ու ամաչելով՝

Հնդիկների ձենը ականջիցս չի գնում։ Դեռ զով առավոտ էր։ Գիշերը հանգիստ էր քնել։ Բավականություն պատճառելով՝ ձգվում֊թուլանում էին մաշկի տակ ձուկ֊մկանները։ Խոտը շաղոտ էր, լավ էր կտրվում։

Հնդիկների ձենը ականջիցս չի գնում։ Էդ ինչո՞վ են նվագում, շատ լավ գործիք է։ Բոլոր նրբություններով երգը հիշում էր։ Ճաշվա մոտերքը մեջը երգից քիչ բան էր մնացել, երեկոյան՝ ոչինչ։

Ի՞նչ հնդիկ։

Երգը։

Ա՜յ տղեն... Բանի՜ ետևից ես ընկել։ Մի վազի՛, վազի էշը բեր, ես խոտ եմ խորոմում։

«Ու 2»֊ի լրտես օդաչուի բախտով հետաքրքրվում էին, և մի երեկո ռադիոն բոլոր տներում տեղեկացրեց դատի մասին։ Աշխատանքային լարված օրեր չէին նախորդել դրան, և գյուղն ուզեց, «որ սարսաղը սարսաղություն չանի, մեղքն ընդունի՝ չսպանեն»։ Մյուս օրը գյուղը հոգնած չէր աշխատանքից՝ սրտի տրոփյունով նստեց 22 30֊ի վերջին լուրերը լսելու։

ՌՈՒԴԵՆԿՈ. Կարող էր այնպես լինել, որ այդ լծակները միացնելիս լինեին ոչ թե նկարահանող ապարատներ, այլ ռումբ։ Այն ժամանա՛կ էլ կմիացնեիք֊կանջատեիք։

ՊԱՈՒԵՐՍ. Դա կարող էր լինել։

ԱՀՆԻՁՈՐ. Թո՜ւ... Հիմար դու, հիմար...

Եվ Ահնիձորը մտածեց ու չգտավ, թե դրանից հետո ինչ կասի Ռուդենկոն։

Վերջին լուրերի առավոտյան հաղորդումը գյուղին մտածել տվեց Պաուերսի ճակատագրի դեպի լավը գնալու մասին, և դուրս եկան խոտհնձի։ Շարունակությունը կլսեն երեկոյան։ Երեկոյան ոչ մի ընդունիչ չմիացավ վերջին լուրերի համար. աշխատանք՝ և ջղպյնություն ճաշի աղիության համար, որ լույսերը Ձորագէսից կանոնավոր չեն տալիս՝ դրա համար, որ մի ամիս առաջ գյուղի վրայով կարկուտը սևացնելով անցավ՝ դրա համար, որ դռան տակին մի տեղ պահվել է ծղրիդն ու հա՛ ճռռում է՝ դրա համար։ Աշխատանքի և Պաուերսի ամբողջ խելացի, հանցանքի գիտակցությամբ ներծծված պատասխանները մոռացվեցին։ Մնաց այս. Պաուերս. Դա կարող էր լինել։

Թող սատկացնեն շանորդուն։

Հետո, երբ անձրևոտ օր էր և գյուղը տանն էր,հանգստանում էր, անդրադարձավ.

Օդաչուի գործն ի՞նչ եղավ։ Ու հիշեց. Հա, ասենք՝ տասը տարի։ Լավ եղավ։ Սարսաղն էն խոսքը չէր ասել, ավելի լավ կլիներ։

Լսիր, Պաուերսին շա՞տ չեն տվել։

Քրիստոսություն։

Վալոդի հետ դառնում ենք հնձից։ Հոգնած ենք։ Ես կուզեի անկողնում լինել, իսկ Պաուերսին թեկուզ կախեն։ Վալոդն ինձնից շատ է հոգնած, նրա մարմինը նույնն է ուզում՝ արդեն խմած լիներ քաղցր թեյ և անկողնում զգալիս լիներ թեյի ու քնի պարույրը։

Դե քրիստոսը դու ես։ Այստեղ քրիստոսություն չկա։

Հետո տանը, անկողնում, երբ աշխարհը կուշտ կերածիս և հանգստացողիս մեղմ փաղաքշում է, ես մտածում եմ, որ Վալոդը մեծ մարդ է։

Ծնվել է 1933-ին. տեսել է պատերազմը թիկունքում՝ ծնկասող մատուռ գնացող տատին և հինգերորդ դասարանցի եղբորը՝ շալակով խոտ կրելիս, կոլխոզի համար։ Հետո ինքն է շալակել։ Պատերազմից հետո կերել է թեփահաց։ Հետո երազելով լսել է ուսուցիչների խոսքը իր ընդունակությունների ու պայծառ հեռանկարների մասին, ապա ցավով հրաժարվել բուհի մտքից։ Վերջերս գնաց Կիրովական ապրելու, թողեց ետ եկավ։

ԻՆչո՞ւ եկար, Վալոդ, գրանցվել էիր, առաջին տարիներին դժվար կլիներ, հետո տանելի, ինչո՞ւ եկար։

Հերս մենա՜կ... արդեն մեծ է, մեղք է։

Դրությունդ մի քիչ լավանար, հորդ կտանեիր։ Ինչո՞ւ ետ եկար։

Գյուղին կարոտում էի։

Հրես Կիրովականը։ Շաբաթ օրր կգայիր, կտեսնեիր, երկուշաբթի էլի քո գործին կլինեիր։

Որ այստեղ եմ, էլի կարոտում եմ։ Հերս ծերանում է։

Հայրը հինգ թվական է։ Ապրել է աշխարհում երբևէ եղած դժվար տարիներից հիսունհինգը։ Բայց հո նա մեղավո՞ր չէ, որ հինգ թվին է ծնվել։ Ապրելի՛քը լավ ապրեր։ Արդեն սպիտակել է։ Նա սիրելի է ճերմակ քունքերի համար։ Սիրելի է նաև հրա սերունդը, որովհետև նրա պես ճերմակ քունքեր ունի։ Նրան սիրելի է և իր սերունդը, որը, ինչպես ինքը, կերել է սիսեռի քուսպ և մտածեի որ քուսպը լինում է նաև քնջութից։

Գիտե՞ս ինչ կուզեի արած լինել, հարցնում է Վալոդը։

Ասա... Իսկ այդ անիծված սապոգները ծանր են, և ուսերս մրմրում են արևայրուքից։

Մի բան հնարեի, որ մարդու աշխատանքը թեթևացներ, ասում է կամաց, մտածելով։ Քիչ թեթևացնեի... Մեր աշխատանքի պես միայն շաբաթօրյակներով կարելի է աշխատել... Քիչ թեթևացնեի՝ ճաշի աղիությունից չգոռար կնոջ վրա, չասեր թող սպանեն Պաուերսին... Քիչ թեթևացնեի՝ մարդիկ իմանային որ «Գիքորից» բացի ուրիշ բան էլ ունի Թումանյանը... Ախար դպրոցից հետո իսկի գիրք չնք կարդում։

Վալոդ Մաթևոսյանին երբեք էլ չի հաջողվի մարդու աշխատանքը թեթևացնող մի բան հնարել. ոչ տեխնիկական բավարար պատրաստականություն ունի, ոչ էլ ժամանակ։ Նա չի էլ փորձելու։ Բայց նա մեծ մարդ է, նա ուղղակի լավ սիրտ ունի։

Իսկ դուք չե՞ք զգացել, որ այսօրվա գյուղի երիտասարդությունը բացսիրտ է, ազնիվ, մարդասեր։ Խխունջ չէ։ Իսկ խխունջից՝ եղե՛լ է։ Խխունջից լայնսրտություն։ Դուք չե՞ք կարծում, որ դա նվաճում է՝ ինչպես Օպերայի շենքը, Մատենադարանը, ինչպես Երևանն ինքը...

Մարդը սիրում էր բնությունր, բնությունը նրան ուղղակի քաշում էր և, ուրիշների և իր համար իմաստ դնելով դրա մեջ, ուսովը հրացան էր գցում, որսորդ եմ, որս եմ անում, որսը սարերում ու անտառներում է լինում, ես էլ փնտրում եմ հենց հանդերում։

Այս մարդը, Դանիելյանց Գիրիշ քեռին, վաթսունհինգ տարի ապրել է այս ձորերում, և քանի աղբյուր ու առու, քանի ծառ ու բացատ, քանի քար ու բլուր որ կա, սիրտն այդքան էլ թել ունի։

Եվ Գիրիշ քեռու սրտում նվագում են Ահնիձորի բնությունն ու ահնիձորցի մարդիկ։ Եվ այն պահն է այդ նվագի մեջ, երբ կորցրել է մի մեծ բան, և հայտնի չէ, թե հետո կլինի՞ հույսի մի շող՝ սկզբում բեկբեկ, ապա վարար ու լայնշեղբ՝ արտահայտված մի նոր բան գտնելով։

Մարդը պիտի թողնի Ահնիձորը։ Որդիները տեղափոխվել ապրում են Դիլիջանում։ Հորը տանում են։

Արի քեզ համար նարդի գցի, ոչ հաց են ուզում քեզնից, ոչ ջուր։

Տունը ծախել են։ Տան հետ՝ Զարդաքարով վերջացող հորիզոնը, արևգալը Կալքարի պռնկից, անտառի ոսկին՝ աշնանը, կխտարի հառաչը ճրագթաթ ծմակում, հարևան֊բարեկամությունը...

Գիրիշ քեռի՜, կանչեցի։ Էշս կորել է, չես տեսե՜լ...

Կալերի վրա փախած գնում էր, բռնեցի կապեցի, արի տար։

Գնացի բերելու։ Գիրիշ քեռին կանգնել է մթի մեջ, ծխում է։ Մութն ու ծղրիդների ճռռոցը խառնվել են իրար, չեն բաժանվում։ Թվում է՝ մութը թանձր պատերի պես վրա է գալիս, արանքում սեղմում ինչ֊որ բան, երևի ապարանք, և սա փշուր-փշուր է լինելու, ճռռոցով տեղի է տալիս։

Հա, էնա կալերի վրա գնում էր, ասի՝ թոկը ետևից էս ուր է գնում էս էշը, կապեցի։

Նա խոսակից է ուզում։ Գնացի՞ր, ասում է։

Ես հիշում եմ, որ նրա տանը մարդ չկա, կինն ու կթվոր աղջիկը սարում են, որդիները Դիլիջանում։ Տունը մթի մեջ մի մութ զանգված։

Ինչո՞ւ լույսերը չես վառում։

Ո՞ւմ համար վառեմ։

Քեզ համար։

է՛հ... Գնում եմ։ Մի ամիս մնաց։

Ուրա՞խ չես, Գիրիշ քեռի։

Լուսինը գունդը հրեց Կալքարի գլխից, ծառերի արանքով։ Պռունկով ժայռին խփվելուց նա անպայմա՛ն զնգաց, ծղրիդների համերգում զնգոցը ուղղակի խլացավ և մե՛նք չկարողացանք լռել, և ճյուղերն անպայմա՛ն չանգռեցին նրա երեսը։

Ծը, ծը, ծը... զարմացք է, զարմացք... Հետո սթափվում է, հա՛, գնում եմ, տանում են։

Ինչքան էլ երեկոն գեղեցիկ լինի, դիմացինը երիտասարդ է, իրեն չի հասկանա։ Խոպան են գնում, նրանց փոխարեն գալիս է մի երկու նամակ, հետո այդ էլ չի գալիս, բանակ են գնում՝ մնում, քոչում են Կիրովական, Երևան, քաղա՛ք, որն ուզում է լինի։ Նրանց շատ հո՞գսն է, թե լիալուսինը գալիս հաստա՛տ զնգում է, հարկավոր է միայն ուշադիր լսել...

Ուզում է ժամանակակից երիտասարդիս համար գտնել լավ սրտի տեր մարդու իր տվայտանքի արդարացումը, որը լիներ նույնքան համոզիչ ու նույնքան մեծ, ինչքան հարմարավետությունը։

Ախար հայրենիք է, այստեղ եմ մազս սպիտակեցրել, այստեղ է արջը մեջքս նախշել, այստեղ եմ ծիծաղել...

Ծխախոտը հանգել էր։ Ուզեց վառել, կարճացել կորել էր բեղերի մեջ, բեղը վառեց։ Կյանքում շատ են ծիծաղել նրա վրա։ Հիմա էլ դիմացի՞նը չի ծիծաղում ծխախոտի համար։ Ես չէի ծիծաղում։ Ես ավելի շուտ կուզեի ասել. «Նստիր քո տան շեմքին և քանի անգամ որ լուսինը դուրս կգա՝ նայիր, ես մորս կխնդրեմ, որ քեզ համար ճաշ պատրաստի, տա ինձ՝ բերեմ», ես ավելի շուտ կուզեի գնալ խնդրել նրա որդիներին, որ ետ գան, տանը լույս լինի, դիմացը՝ իրենց հոր լուսինը... Ա՛հ, ես պարզապես երեխա էի դարձել...

...Հետո անցավ մի ամիսը։ Որդիները եկան տան եղած-չեղածը հավաքեցին, մեքենայով տարան։ Հայրը պետք է սարերով կովը քշեր։ Գյուղը լցվել էր գերեզմանոց. սուրբ խաչի օրն էրւ։ Գնաց հրաժեշտի։ Պատրվակ էր դարձրել հողաթմբերը և երեխայի պես հեկեկում էր։ Կյանքում շատ են ծիծաղել նրա վրա, հիմա չծիծաղեցին։ Հետո հրացանն ուսը գցեց ու կովը սարերով կամաց Դիլիջան քշեց Ահնիձորին հավերժ սիրահար Գիրիշ քեռին։

Զավեն Թաթոյանը սովխոզի հովիվներից է։ Չգիտեմ սոցիալիստական պարտավորություն վերցրել է ու գերակատարե՞լ, թե՞ թերացել է նաև պետական պլանների մեջ։ Գիտեմ, որ հովիվ է՝ ծեծվում է անձրևի ու կարկտի տակ, գիտեմ, որ դժար կյանք է հովվի կյանքը։ Եվ նա, ով անձրևից բեռ դարձած յափնջու տակ, գոտում, շվի է պահում, անընկճելի է։

Զավենը շվի չի նվագում։ Բայց ներու պոզերը լավաշով տաքացրել, իրար զուգահեռ տնկել է գլխին՝ մի զույգ սուսեր։ Բայց շներ է պահում, երեխայի հրճվանքով ծիծաղում՝ երբ առաջին հարային սրվում են ու նետի պես պոկվում, Սա՛ է շվին։ Թող որ մի երկու կիլոգրամ ալյուր փչացած լինի այն լավաշի վրա, որով տաքացրել է ներու պոզերը։ Թող որ սարերում հիմա գայլ քիչ կա, Զավենը հրացան ունի, և շներին գործ չի մնում։ Թող երկու չէ, քսան կիլոգրամ ալյուր փչանար եերու պոզերի վրա։ Քանի որ շա՛տ կարևոր, ամենակարևոր բանն է այդ շվին՝ մարդու ե՛րգը։

Իսկ սովխոզի զոոտեխնիկին կարգադրողների համար կարևորը դա չէ։ Հովիվը պետք է ստանձնի պարտավորություն առ այն, որ 100 ոչխարից կստանա 135 գառ, ամեն մի ոչխարից՝ 4,5 կգ բուրդ և երբ նրան գովեն՝ խոստանա ստանալ համապատասխանաբար 145 գլուխ գառ և 4,750 կգ բուրդ։ Հետո, երբ անհնար կլինի 100 ոչխարից 150 (և ավելի) գառ ստանալ, որովհետև ինչքան էլ եռանդուն լինի հովիվը, 100ով այդքան չեն ծնի, այդ պատասխանատու ընկերները կմտածեն ուրիշ բաների հաշվին էժանացնել բուրդը։ Շների՛։ Ինչի՞ է պետք ամեն հովվի ետևից հինգ շուն՝ ամենքը հարյուր ռուբլի ծախսով։ Երեքը բավական է։ Կարևորը և միակը սա է։ Պետք էր աղոթել, որ նրանք չտեսնեին շների ավելորդ հաստիքները։ Տեսնելուց հետո մտածել չկա։

Սպանեց, ինչքան խնդրեցի, բանի տեղ չանցավ, սպանեց։

Ո՞վ։

Զոոտեխիկը, Շեկոյան Խոսրովը։

Զավեն, երեքը հոտիդ բավակա՞ն չէ։

Իրենց ի՞նչ գործն է՝ շուն կպահեմ, շուն չեմ պահի, սև կլինի, չալ կլինի, քանիսը կպահեմ...

Իսկ երեքը բավակա՞ն չէ, կրկնում եմ հարցս և, Զավենի համար, դառնում եմ նրանցից, ովքեր թվաբանությամբ պարզել են, որ երեքը կարող են կատարել հնգի պարտականությունը։

Չէ, երեքը քիչ է, երեքը չի պահի, ծմակուտ տեղ է, պատճառաբանում է Զավենը։

Դե հիմի գայլ քիչ կա, հրացան ունես, այդ երեքն էլ ուզածի շուն լինի, կպահի։ Ու ես հասկանում եմ, որ հիմարություն եմ անում։

Իոկ նա ծածկում է սարերին սիրահար Զավենին, մեջտեղ հահում մի չեղած Զավենի՝ հաշվումներ անող, հաշվումներով հինգ շան անհրաժեշտությունն ապացուցող Զավենի, որը շա՜տ թույլ է, որովհետև ինքը Զավենը չէ, և որը միայն մի բան է խնդրում։

«Ոզնուն» ասա նկարի՝ զոոտեխնիկը թոկի ծայրը ձեռքին, մյուս ծայրից շունը կախ տված, լեզուն հանել է զոոտեխնիկի վրա... կասե՞ս, կասես հա, կասես... ոչխարն էլ էնտեղ առանց շան...

Դու էլ էն կողմից գալիս ես, շղթան ձեռքիդ, որ զոոտեխնիկին տանես անտեր ոչխարներին պահապան...

Հա՛, հա՛... Հենց էդպես կանես, հա՞...

Ախար դու մի շնով էլ կպահես ոչխարը, առանց շուն էլ կպահես։

Հհարավոր չէ։

Ասենր թե հնարավոր է։ Ասենք թե սարերում գայլ չկա և հնարավոր է, բայց դու ուզում ես շներ ունենաս։ Ինչո՞ւ չեն թողնում պահես։ Իրենց ի՜նչ գործն է՝ շուն կպահես, շուն չես պահի, սև կլինեն, չալ կլինեն, քանիսը կպահես... իրենց ի՛նչ գործն է։

Բայց որ էդպես ասենք, չեն նկարի։ Ի՞նչ անենք։ Որ էդպես ասենք, կասեն պետական թեփ է ուտում, ոնց թե մեր գործը չի։ Չեն նկարի... Ահ, մեկ է, արդեն սպանել են, պրծել...

«Սպանել են պրծել»։ Հիմա երեք շուն կա Զավենի հետ։ Այսինքն 200 (երկու հարյուր) ռուբլու շնալյուրի խնայողություն։ Միլիոնը երկու հարյուր ռուբլիներից է բաղկացած։ Որևէ ժուռնալիստի մտքով չի՞ անցել՝ զոոտեխնիկի նախաձեռնությունը վերագրել նրան՝ աշխատանքի մարդ Զավենին, և թխել, թե ամեն կերպ նա ձգտում է իջեցնել մթերքների ինքնարժեքը։ Հնարավոր էր, գիտե՞ք։ Զավենը չէր բողոքի. կմտածեր, որ խելոքը նրանք են, ինքը չէ, այդ նրա՛նք գիտեն, թե ինչ է ուզում իր սիրտը։

Բայց սպասեցեք։ Մարդը, անձրևից, ցուրտ քամուց ծեծվող մարդը, կատարում է իր հասարակական պարտքը՝ մեզ համար բազմացնելով ոչխարներ։ Ու այդքանով՝ մեզ հետ քվիթ։ Իսկ իր Համար ունի իր անկյունը՝ մեզ չվերաբերող, նույնիսկ իր կնոջը չվերաբերող, նույնիսկ իր մտքին չվերաբերող, սրտի՛ անկյունը։ Ինչու ենք անպայման ուզում կարմիր անկյուն դարձնել այդ անկյունը։ Գոնե դարձնեինք։ Ախար ոչինչ էլ չենք դարձնում, ավերում թողնում ենք։

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Flowers to the Perished heroes
Flowers to the Perished heroes
Play Online