Hrant Matevosyan

Անընդհատ, անվերջ վերադարձ

Հակոբ Դեմիրճյանը ծնվել է հարյուր տարի առաջ՝ 1886-ի հոկտեմբերին։ Մեր ականջին մի քիչ տարօրինակ հնչող իր Մնձուրի գրական անունը փոխառություն է հայրենի Մնձուր լեռներից, որ հոմանիշների բառարանը «խարկված, խանձված, մոխրած, մոճրած» է նշում։ Ի դեպ, իր պատմվածքներից, որոնք իրենից «գետանկար» կամ «դաշտանկար» են բնութագրված, այդ հիանալի բնանկարներից հառնում են հենց այդպիսի՝ խարկված լեռներ, իր այգիներում ծանրանում են հենց չոր ու շոգ երկրի մրգեր, և իր կանայք՝ իր հարսիկները խոտը բուռ առ բուռ մանգաղում ու ժողվում են հենց հին, մաշված, խարկված, քարքարուտ լանջերից։
Իր կենդանությամբ հրատարակված մոտ հազար էջ ընդհանուր ծավալի գրքերից մեկին անուն է տվել հայրենի Արմտան գյուղը, որ «մեր թվականեն առաջ երկրորդ հազարամյակին հեթական պնակիտներուն մեջ հիշատակված Խայասայի կամ Հայասայի Արմատանան է, Մնձուրը՝ Մուզուրին՝ նույնպես նույն պնակիտներուն մեջ հիշվածը»։ Մյուս գրքի «Կապույտ լույս» անունը մոտավոր առնչություն անգամ չունի գրական-գեղարվեստական որևէ հոսանքի գույների ու խորհրդանիշների հետ, իրենց լեռան անունն է։ Այդ պատկեր-պատմվածքների «Կռունկ, ուստի՞ կուգաս» երրորդ հավաքածուն արդեն ինքն է անմիջաբար նշում կարոտի ու պանդխտության երգերի բուն հայրենիքը՝ Քուչակի, խոխոջուն հայոց բարբառի, հայրենների, Մեծարենցի հայրենիքը. «Իմ գավառիս թուրքերեն անունը Գուռուչայ է, մենք Ղուռուչայ կըսենք։ Ղուռուչայը Եփրատի ձախ ափը Քեմախի և Ակնա միջև խորունկ ավազուտ ձորերով գավառակ մըն է, վաթսունվեց կտոր գյուղ ունի, ամենեն անվանիները երկու Արմտաններն են... Հիմա Տիվրիկեն եկող շոգեկառքերու կառաշարերը Եփրատին վրա կապված կամուրջեն դեմի ափը կանցնին, հոնկե ալ Մեծարենցին ծնած գյուղեն՝ Բինկյանին տակեն Լիճք, այսինքն Իլիճ կերթան՝ որ իմ հայրենի բարձրավանդակին դիմացը կիյնա ու անոր կայարանն է։ Լիճքեն ալ Քեմախ, Երզնկա, Կարս կուղղվին»։
Գավառը բերքուբարիքի, մաքուր կենցաղի արևոտ հովիտ է՝ եթե դատելու լինենք հայոց գյուղերի նիստուկացով. այս ձորի ու շրջակաների վրա մինչև անգամ գրի ու կրթության լույսն է ծփում, գառնարած երեխաների պայուսակներում հացի հետ նաև այբբենարաններ են դրված. ծարավի նախնյաց ու ապագա լույսի, գրի և իմացության առաջ միշտ երկրպագու՝ այս գյուղերը վերջին դասարաններից ուղղակի պոկոտում են Էրզրումի դեռ խակ սանասարյանցիներին. և կեղտի, մաղարա-քարայրների, անհատակ աղքատության ձոր է՝ եթե ելնելու լինենք քուրդ ու ղզլբաշ գյուղերի պատկերից։ Նույն արտի մեջ նույն բարի գետահովտում հարադրված այս պատկերները Մնձուրին ի՛նքը չի հակադրում, նրանք հակադրված են պատմությամբ, և պատճառը ամենևին էլ այն չէ, որ բնիկների համայնքը ի սկզբանե հիմնավորվել է բարեբեր հողերի վրա՝ անջուր չորուտները թողնելով գալիք հարևաններին. այն է պատճառը, որ ռազմաֆեոդալական տիրակալության իշխող գաղափարախոսությունը բնիկների համայնքին վերապահել է միայն չարքաշ աշխատանքի իրավունք և իր թուրք համայնքին օժտել է բացառապես հարվածային ուժի՝ նվաճելու և իշխելու արտոնությամբ։ Այս խտրականությունը անպայման պիտի լիներ, որպեսզի ռազմիկ պետությունը կայուն հարկատու ունենար և ունենար մշտական հարվածային ուժ։
Արտոնյալների համայնքը իհարկե դեռ բանակ չէ և բանակում էլ իհարկե միայն փաշաները չեն, այդպիսիք չեն մանավանդ համայնքի ոչ բուն թուրք՝ քուրդ ու ղզլբաշ խմբերը, բայց հպատակ համայնքի հարադիր ներկայությունը նրանց պարտադրում է հենց բանակի ու փաշայի վիճակը, սուլթանի ու փաշայի նստավայրից ամենահեռու գյուղի ետին համայնականի մեջ իսկ հենց փաշա է նստած, և այդ բոլոր փաշաները միասին՝ սուլթանի չզորակոչված զորքն են, առաջին իսկ նշանով բանակ կկապեն, որ իհարկե երկրի աշխարհիկ տիրոջ բանակը չի լինի, այլ կլինի հոգևոր տիրոջ բանակը, բայց հոգևոր ու աշխարհիկ տերերը՝ խալիֆն ու սուլթանը՝ այստեղ մարմնավորված են մեկ և նույն թուրք միապետի մեջ, խալիֆն իր համայնքը ոտքի է հանում անհավատների վրա, սուլթանը՝ «զսպում»։ Խաշնարածն այստեղ ո՛չ թաքնվելու, իր բնույթը ո՛չ թաքցնելու-տիրելու և իշխելու է կոչվել, և ահա արդյունքը. հպատակ համայնքի իր մասում նույն գետակը ջաղացների ջրանցք ու ջրտուքի ագուգա է դարձել, իշխող համայնքի մասում՝ կորել խորխորատների մեջ. մեկ և նույն անդաստանը այգի է դառնում դարավանդ առ դարավանդ, գոգնոց առ գոգնոց արտեր ծփում, և իշխողների սահմանների հետ դառնում միանգամից չբեր քարքարուտ։ Հպատակ հայերի համայնքը իր ամբարներն այնպես է լցնում, որ առանց տագնապների կարող է մտնել թեկուզ տասնմեկամսյա ձմեռ և կարիքը նրա դռանը չի չոքի,- և այդ մառաններին բավարարված գոհությամբ է նայում այդ մառանների «օրինական» տերը՝ Երզնկա նստած չորրորդ բանակը, և զրկված փայատիրոջ բաց թշնամանքով է նայում դրանց «կիսաօրինական» տերը՝ արտոնյալ համայնքը՝ խալիֆի զորքը, նույնն է՝ սուլթանի չզորակոչված զորքը. զրկվածի վիրավորանքով է նայում, քանի որ, վկայում է Մնձուրին, «առաջին ու երկրորդ թալաններուն խուժանը մեր գյուղերը չմտավ. առաջինին՝ բախդիարցիները ու ղուռեշանցիները կայծքարավոր հրացաններով, կեռ սուրերով Եփրատի եզերքը եկան նստան. ընծաներ տարինք անոնց պետերուն, անոնք ալ խուժանը վանեցին, մինչև որ Երզնկայեն հեծելազորքը հասավ։ Հաջորդ աշունը երկրորդ թալանին Ակնը, Բինկյանը զարկին, մեր հինգ գյուղերուն նորեն չկրցան դպիլ, որովհետև մեր գայմագամը՝ որ չորրորդ բանակի հրամանատար Զեքի փաշային հետ կաթնեղբայր էին՝ նախօրոք հեծելազորք բերել տվավ»։
Առայժմ ահա յոլա գնացին նվերներով՝ «երեսուն արծաթ մեճիտիե, րուպիե, մահմուտիե զարդոսկիներ, կտավ, կերպաս, հինա, ապրշում», առայժմ զսպվեցին ու խաղաղ հարևանության անցան՝ իրենց հիվանդի համար թթու կամ թթվաջուր խնդրելու, իրենց մոր համար՝ հինա, հպատակ համայնքում մշակ ու անասնապահ վարձվելու... բայց զուռնա-նաղարայով խուժելու ու զարկելու ժամանակները դեռ կգան և դրա չար նշանները երկրի երեսին վաղուց են կնքված՝ «հայու անունով ղզլբաշ գյուղեր», լքված վանքեր, առանց տղամարդու՝ զուտ կանանց ու երեխաների հայ գյուղեր։
Մնձուրին վկայում է. կառավարությունը չէր կարող հարկերը բնամթերքով ժողովել. երկիրը ճանապարհներ չուներ, եթե ժողովելու լիներ՝ լեռնոտ երկրի ջորու արահետները չէին կարող այդքան մթերքը ծովափ քաշել, հարկերը դրամով էին գանձվում, իսկ գավառը դրամ չուներ, որովհետև գնորդ չուներ։ Այդ դրամի ետևից գյուղն իր տղամարդուն քաղաք էր ղրկում՝ Պոլիս, Եվրոպա, Օդեսա, հեռավոր Ամերիկա՝ երբ Ղուռուչայից նավահանգստային Կիրասոն - ճանապարհն էր յոթնօրյա բեռնակրության, համետագործության, առհասարակ այնպիսի աշխատանքների, որ գյուղացի մարդը կարող է քաղաքում անել։ Արմտանցիները հացթուխներ էին, Պոլիս փռեր ունեին, աղացներ ու փռեր էին բանեցնում։ Շատերի օրնիբուն չարչարանքը լիաբուռն վարձատրվում էր, և բեռուբարձով վերադարձի մի երկու պատկեր Մնձուրին ոգեկոչել է, ոմանք նահանգի ու կայսրության մեջ էին արդեն անվանի, և մի երկու պատկեր էլ նրանց հաղթական խնջույքներից է ոգեկոչված, շատերն էլ սերնդե սերունդ պատանդ էին մնում քաղաքին, իրենց ձեռներեցությունը, գավառցու իրենց թարմ եռանդը տալիս էին քաղաքին, մաքրում փայլեցնում, ապրեցնում էին քաղաքը, բայց իրենք այդպես էլ քաղաքի բնակիչ չէին դառնում, որովհետև քաղաքն իրենց հայրենիքը չէր։ Իրենց հայրենիքը հեռավոր գյուղն ու տունն էին, գետի իրենց մասը, մի երկու արտը, երկու կտոր այգին, թանիկ ականջներով այծը, կարմիր կապանների գույն կարմիր եզը։
Պետականությունը կորցրած ազգի որդիներ՝ նրանք իրենց հայրենիքը, երկիրը, պետականությունը իրենց համայնքի, իրենց գյուղի մեջ էին տեսնում, տունը նրանց պետությունն էր, օտար բեռնակայաններում ու շուկաներում նրանք ոտքի տակ կորչում էին, բայց այն հեռու երկրի տունը շեն էին պահում։ Քաղաքի իրենց մշակության տեղից գյուղում նրանք մշակ էին վարձում, իրենք քաղաքի աղբահավաք, ածխագործ, ախոռապան՝ նրանք ավելի ցած աշխատանքի էին, քան գյուղի իրենց մշակը, նրանք թերևս ավելի քիչ էին վաստակում, քան վճարում էին այդ մշակին՝ որ գյուղում իրենց հողերը ցելում ու իրենց արտերը հնձում էր, բայց ցելել էին տալիս, բայց հնձել էին տալիս։ Թերևս նպատակահարմար կլիներ գերդաստանը քաշել քաղաք, հոգեկան ու մարմնավոր տառապանքն այդպես պակաս կլիներ, բայց նրանք այդ չէին անում - գյուղի տունը պիտի լիներ, դա հայրենիք էր, նրանք այդ հայրենիքի որդիներն ու տերերն էին, առանց այդ հայրենիքի՝ նրանք բուրժուա կամ զանգված, խուժան, լյումպեն-պրոլետար էին լինելու, թուրք զինվորական վերնախավից ջինգյանա, ցիգան, բոշա էին կոչվելու, իսկ այսպես՝ պանդխտած հայ են, հեռավոր հայրենիքի հոգսը նրանցից բարոյականության ասպետներ է կռում։
«Եթե քո երկրում ամրոցներ կամ գյուղեր ունես և նրանց տանուտերը կամ իշխանն ես, քեզ մի հանձնիր պաշտոնների ու հարստության երազներին կամ արքայական բարձր պարգևների գայթակղության, արքայի ոսկու դիմաց քո երկիրը մի ընձեռիր նրան և փոխարենը մի ստանձնիր արքայական տիրությունների կառավարումը՝ դրանք քո սահմաններից թեկուզ քառիցս արձակ լինեն։ Եվ հակառակը. ինչքան էլ փոքր ու աննշան լինի՝ կառչիր քո հայրենիքից, որ ինքնիշխան տիրոջ վիճակի բարձրացնելով քեզ արքային մերձավոր է դարձնում, այլ ոչ թե իջեցնում նրա թեկուզև հարուստ ծառաների ու ենթակաների դասը»։ Հույն զորավարի այս խրատն առաքվել է իհարկե այլ մարդկանց, բայց կործանված ամրոցների ու խոնարհված իշխանական գլուխների վրայով իր 11-րդ դարից հիմա փոխկանչի մեջ է բոլորովին այլ մարդկանց հետ՝ պանդխտած հայերի, ովքեր անուններն անգամ չեն լսել Բագրատունիների, Արծրունիների կամ Կիլիկյան Ռուբինյանների և չգիտեն էլ, որ իրենք նրանց բեկորներն են, բայց իրենց վարքը, աշխարհի հանդեպ իրենց կեցվածքը հենց պատմության խրատն ընկալած իշխանի վարք է։
Առնվազն հետաքրքիր է, որ նրանք ոչ իրենք իրենց, ոչ էլ դեռ ողջ-առողջ պանդխտությունից անգամ ոսկով ու «իրավունքով» դարձած իրենց հայրերին ու պապերին տնատիրության իրավունք չէին վերապահում, վաճառքի ու կտակի իրավունք չէին տալիս, իրենց ոչ թե տնատեր էին համարում, այլ անցյալի և գալիքի սերունդներից այդ տների վրա այսօրվա մեջ նշանակված պահապան։ Նրանք բառը-բառի ահա թե ինչպես են պատասխանում երբեմն «աքլորացած», իրենց իրավունքներ վերապահող հայրերին. «Ո՞վ կհասնես կնետես տունեն. տունը ինչե՞ն քուկդ կըլլա, արտերը, էգստանը, մալերը, մուլքերը ինչե՞ն քուկդ են. մեր պապերուն ով գիտե քանի հարյուր տարի առաջվան մեր որ պապերը ձգած են մեզի, սանքի կըսես դուն վաստկեր ես ու առեր ես»։ Իսկ այնուամենայնիվ այդպես վարվողից նրանք ամբողջ գյուղով, «երկրով», պանդխտածների իրենց գաղութով երես էին դարձնում՝ որպես կողոպտչից, որ հայրենիքից՝ իրենցից, իրենց գալիք թոռներից ու վաղուց անցած պապերից իրեն գողացել ու հանձնել է այլ տերերի։ Եվ խալիֆ ու սուլթան միապետի և ապա «Թուրքիան թուրքերին» նշանախոսի երկրում հայրենիքի և որդիների այս կուռ միությունը պիտի ոչնչացվեր իհարկե ոչ «արքայական պարգևների գայթակղությամբ» - հայրենի տները հիմքից ավերելով և որդիների գլուխները ջարդելով միայն։
Հարուստ ու աղքատ բոլորը միատեղ, բոլորը բոլորին ազգական ու բարեկամ՝ ամեն անգամ նրանք նավահանգստային որևէ սրճարան էին հավաքվում երկրից եկողին դիմավորելու և երկիր դարձողին ճանապարհելու։ Եկողից հազար լուր ու նամակ էին առնում, գնացողի հետ հազար պատվիրան ու ապսպրանք ղրկում, Շնորհալիներից մեկնումեկը մի երկու տող «հայրեն» էր կանչում, որոնց ակունքը Մնձուրին ոչ հին Անին է համարում, ոչ էլ հեղինակը Քուչակին - այդ հայրենները գյուղի իրենց հարսիկների մրմունջն էր։
Այդպես ահա գուռուչայցիների այդ գաղութը՝ չանվանակոչված այդ հայրենակցական միությունը, Պոլսի նավահանգստում ընդունել է տասներկուամյա Հակոբին և գուցե նույն շոգենավով երկիր ճամփել նրա Մելքոն պապին, պապը և թոռը այդպես տեղները փոխել են, պապը գնացել է զբաղեցնելու գյուղի տան տղամարդու տեղը և թոռը եկել է կանգնելու հացթուխ հոր կողքին, ինչպես առաջ՝ փուռը հայրուորդի են բանեցնելու։ Եթե կյանքը իր հին հունով գնա, պապի և թոռան այդ տեղափոխությունը տարիներ հետո կրկնվելու է. Իգնատիոս պապը գյուղ է գնալու և թոռ Մելքոնը իր Հակոբ հոր հետ, որ գրականություն ու Մնձուրի գրական անուն է մտմտում, հաց է թխելու։
Հացթուխի, բեռնակրի, համետագործի, ածխավաճառի, կերավաճառի, ախոռապանի՝ մի կողմից և մյուս կողմից գյուղի տան տղամարդու այդ տեղերը համարժեք չեն. գյուղի ամբողջ կամ գրեթե ամբողջ աշխատանքը կանանց վրա է, այստեղ յուրօրինակ մայրիշխանություն է, և գյուղ դարձող պապը, եթե մանավանդ վաստակով է եկել, փաստորեն պատվավոր նախագահության է կոչված, այնինչ քաղաք բերված թոռը տասնվեց-տասնութժամյա աշխատանքի է լծվում, բայց դա սահմանված կարգ է, գերդաստանը այդ կարգով ու դրա շնորհիվ է դիմանում արդեն մի լրիվ հարյուրամյակ, ընտանիքը կոփում է հենց այդպիսի՝ աշխատասեր ու դիմացկուն աղջիկներ ու տղաներ։ Այլապես՝ իրենց հարսնության տներից այդ աղջիկները մուրացկանության էին ելնելու և բեռնակրի իրենց համետի մեջ այդ տղաները գրաստ էին դառնալու, իսկ այսպես, այս կոփվածքով շեն օջախների տիրուհիներ են և հայրենների ստեղծողներ, գորգ ու կարպետ են ծեծում, արտ են քաղում, կով են կթում, լուսնահողով կտուր են սվաղում և կարեկցում են ձմռան քարայրներից ելած ուզվորներին, որովհետև իրենք ունևոր են և կարող են կարեկցել։ Գեղեցիկ չէ՞, որ հացթուխի թոռ հացթուխը որդուն Կեդրոնական նախակրթարանի հետ նաև ֆրանսիական մասնավոր դպրոց է դրել, իր օգնականի նրա ծանր աշխատանքին հավելել ուսումնառություն ֆրանսերենով, ապա նաև անգլերեն ուսումնառություն։ «Ֆրանսերենս շատ զորավոր էր, անգլերենը անոր չափ չէր, ան ալ զորացուցի, հայերեն գիրք կարդալու պես՝ առանց բառարանի կհասկնայի»։ Գեղեցիկ չէ՞, որ հացթուխի այդ աշակերտը և Ռոբերթ քոլեջի այդ նույն աշակերտը հոր փռան ածուխը մարում, ծախում և դրամը գրքի է տալիս՝ Հիպոլիտ Տեն, Ֆլոբեր, Ռենան, Զոլա, Գոնկուրներ, իր ազատ բոլոր ժամերին նետվում է Հայ ուսանողության գրադարան՝ ուղղակի լափելու Թիֆլիսի «Մշակը», «Մուրճը», Փարիզի «Անահիտը», քոլեջի գրադարանում թերթելու անգլո-ամերիկյան գրականությունը, «կվերցնեի վար կդնեի... Ուիլյամ Ֆոլքների Ամերիկան չկար դեռ, հողին մեջ սերմերն անգամ չկային». գրքերի նոր «հանք մըն» է գտնում՝ հրեա հնավաճառների հին, ընթերցված, տարբեր նախասիրությունների ու ճաշակի մարդկանց ձեռքից մի կույտի մեջ հավաքված, «ածխավաճառ աշակերտի մը» գրպանին մատչելի գրքերը, և ընթերցում այնքան, որ կարողանում է արդեն ընտրությամբ ընթերցել։ Իհարկե ծանոթ պատմություն է, իհարկե հասարակներից ելած շատ ու շատ գրողների դժվար պատանության կրկնությունն է։
«Երկու-երեք շաբաթը, երբ քսան ղուրուշ կհավաքեի, Հիսարեն յոթանասուն, Պեպեքեն հիսուն փարա էր մինչև կամուրջ, ես Պեպեքեն նավ կնստեի, կամուրջեն Գալտըրըմ կելլեի։ Գիրք թե հանդես կգնեի, փարաս կհատներ, նավի մը փարա ըլլար քովս՝ հաճախ ցամաքի ճամփան կընտրեի։ Առաջին հանգրվանս Կյումուշի ստորոտի ծառերն էին։ Հանգչելու համար չէին այդ հանգրվանները, այլ գիրքերը թղթատելու, մեկ-երկու էջ կարդալու համար կընեի։ Չէի հոգներ։ Գյուղը տասնմեկ-տասներկու տարեկանիս ավելի հեռավոր արտերեն էշերով որս կրել չէի՞ն տար ինծի, և երկու անգամ օրը»։ - Ընթերցում է, և համընթաց, որպես թե գրքի սպիտակ լուսանցքով, հոսում է գյուղական ծանոթ պատկերների շարանը. - Ցորնիկի Գրիգորը Եփրատի կամուրջն անցել հասել է Ակնա գյուղերը, իր բարիրկունը տվել ու եկեղեցու դռանը ժողովրդի մեջ կանգնել է. մնացյալն արդեն հայքրիստոնյաների այդ համայնքը կանի. կտանեն հաց կտան, երկիրն ու նպատակը կհարցնեն, իրենց մեջ կխորհրդակցեն և Ղուռուչայի բոլոր գյուղերում մերժված այս անբանի համար որբևայրի կգտնեն՝ «քառասունեն վար բայց երեսունհինգեն ալ վեր չըլլա». և այլն։ Այդ պատկերնե՞րն են այդ բյուրաթերթ գրքի մեջ նկատելի դարձնում այն էջերը՝ որ իրենց են հիշեցնում, հազարավոր էջերի այդ մեծ գի՞րքն է գյուղական առօրյայից զատում, գծավորում, գունավորում ու կայունացնում այդ պատկերները։
Այդ հայրենները, այդ արմտաներենը, արմտանցիների այդ ծիծաղն ու կարեկցանքը, ղզլբաշ աղջիկների այդ ելևէջուն գեղգեղումը, այդ քեներն ու խիպերը, այդ կարոտն ու հագեցումը, թաքուն ընդվզումն ու լուռ համակերպումը, այդ հարսիկներն ու մամիկները, արտերը, այգիները, կանչերը, խարկված հողը, ավանակները, օձերը, ագռավները, քաղցր ու աղի ջրերը միշտ եղել էին, կային, դեռ կային, իրենց որդու՝ իրենց առաքյալի մտքում ի չգոյե գոյելու և տևելու նրանց ինքնին ջանքը, նրանց անիմաստ իմաստը, ինքնակա գոյի անսկիզբ ու անվախճան այդ հոլովույթը մեծ մշակույթի շքերթից մի կողմ էր քաշվում որպես այլադավանների թափորից, չէր մտնում հունական մարմարիոն և մեծ ողբերգուների խոսքի ու հանդերձի շքեղ պատմուճան, և հակառակը՝ անապատի ծարավ կաղամախու պես, որպես անապատի կաղամախին՝ երկնից մանանան, համաշխարհային մշակույթից կլանում էր այն սակավը, որ իր մասին էր կամ գրեթե իր մասին, «Ֆլոբերը, ամենեն շատ զիս կազմեց, զիս զիս ըրավ», գրում է Մնձուրին իր «Հաշվեկշիռ» հստակ սահմանումների փայլուն ներածականում, որ արժեր նախաբան դարձնել նաև սույն ժողովածուին։ («Այս ամառ, այս երեք ամիսները, տող մը անգամ չգրեցի։ Հիվանդությունս կեցուց զիս։ Բուսական կյանք մը ապրեցա։ Արձանի մը նմանեցա, որ իր պատվանդանին վրա տեղավորեր են կարծես». այդ ներածականն այսպես է սկսում ոչ ավելի, ոչ պակաս՝ իննսունամյա մարդը, երբ նույնիսկ նրա երկրում էին քառասունհինգ-հիսունում տունուտեղը որդիներին հանձնում և անցնում ծերունական խաղաղ զրույցների)։
Եթե մոռացության տանք իր «հեղափոխական» ժամանակի բոլոր ծրագրերն ու ծավալումները և նկատի առնենք միայն «Իթթիհադ վե թերաքի» կուսակցության գոյության փաստը, կուսակցություն՝ որ գերմանների Բիսմարկ երկաթե կանցլերին կուռք էր դարձրել և նպատակ դրել բազմազգ-բազմալեզու-բազմակրոն երկրից միատարր-միալեզու, ինչպիսին Գերմանիան էր, երկիր ստեղծել,- դարձյալ հստակորեն տեսանելի կլինի. թե պատանի հեղինակը, որ արդեն հասցրել է գյուղական մի երկու պատկեր հրապարակել, ինչու էր «զինքը կազմելու», «զիս զիս ընելու» հնարավորությունը ամբողջ աշխարհի մշակույթի մեջ ֆրանսիական մշակույթին և այդ գրականության մեջ էլ Ֆլոբերին ընձեռելու։
Իր դարավոր միջկրոնական ու ներկրոնական, միջազգային ու ներազգային մոլեռանդ պատերազմներում իր կուռքերն իր իսկ բազմությունների ու բանակների արյունով թրծած այդ ժողովրդի մշակույթը հիմա բազմությունները տարրալուծում էր միավորների և գուրգուրում գոյի վեհերոտ թրթիռը յուրաքանչյուր արարածի մեջ։ Նրա լեզվի ու երգի ելևէջներում, նրա վրձնի, գրչի ու բրիչի վերուվարումներում գավառցի կինն ու ծխական եկեղեցու քահանան եթե անգամ չէին բացահայտում պողպատե կարդինալների, հեղափոխության ասպետների ու մոգացած կույսերի հատկանիշներ, ի ծնե խոցելի ու խոցված մարդու անկապտելի մարդկայնությունը նրանց դարձյալ հանդուրժել էր տալիս, այդ մշակույթի համար արդեն թանկ էր բանավոր աստծու և անբան անասունի արանքում մարդկային գոյի հենց այդ աղոտ թրթիռը։ Մարդուն եթե ոչ սիրելու, ապա գոնե հանդուրժելու այդ աշխարհայացքը ժողովրդի ամենօրյա արյունոտ ջանքով ձգտում էր օրենքի և հասարակարգի կայուն կառուցվածք առնել, կառավարության ներքին ու արտաքին քաղաքականություն դառնալ, դա այնուամենայնիվ երկիր էր մի ժողովրդի, որն իր շուրջը այլազգի և իր ազգի մանր երկրների ինքնավար գոյություն էր հանդուրժում՝ չէր կլլում, և որի մշակույթը իր ներսում հակադիր գաղափարախոսությունների ու ընկալումների գոյակցություն էր հանդուրժում։
Եվ Մնձուրու, ինչպես և իր ժամանակի արևմտահայ ամբողջ մտավորականության հայացքը այդ մշակույթին ու երկրին՝ հայացք է մի երկրից, որն իր շուրջը դարեր ի վեր ոչ մի մանր երկիր ու իշխանություն չէր հանդուրժել, որի համար ներտիրակալական ազգերի ու ժողովուրդների կրոնամշակութային տարբերությունների մաշումն ու իսպառ վերացումը, նույնատիպացումն ու ոչնչացումը այն ամենի՝ ինչը աշխարհի մարդկության հարստությունն է, ժամանակի սոսկական հարց էր միայն և որի խեղդուկ կաշկանդումից յուրաքանչյուր ազգի ու ազգության ազատագրում, կայսրության սահմանների մեջ ազգային սեփական օրենքով կառավարվելու ամեն մի խլրտում սուր թշնամանքով էր ընդունվում ոչ միայն իրենից՝ փադիշահից ու նրան որպես թե ընդդիմադիր ներթուրքական խմբավորումներից, այլև ետին «ճշմարիտ ուղղափառից» անգամ, ազատագրվողն ասես իրենց ազատությունն էր տանում, իրենք ասես զրկվում էին հորենական կալվածքներից, նրանց ինքնավարությունն ասես անարգումն էր իրենց անձի ու ընտանիքի։ Հարգանքը առ իր նմանը, կարեկցանքը իր նմանին, հանդուրժումը իր նմանի, խիղճ անվանյալ Աստծու լույսը, որ ի սկզբանե յուրաքանչյուր մարդ-արարածի մեջ է դրված և փոքր-ինչ բարեկեցության պայմաններում պիտի ծաղկեր ու ծավալվեր, այստեղ դատապարտված է չբխելու՝ խեղդվելու անհույս խավարում, որովհետև խցված է ինքը բարեկեցության ակունքը՝ յուրաքանչյուրի ու բոլորի ազատ աշխատանքը։
Իր համայնքի մտավոր ու նյութական աղքատությունը հոգս է դարձել անգամ փադիշահի ուսերին, որ օրագրում է. «Ամբողջ չարիքի արմատն այն է, որ ոչ մի օսմանլի չի աշխատում նյութական արժեք ստեղծելու վրա, օսմանլին սովոր է պարոն լինել և աշխատանքը թողնել ուրիշներին. մեր երիտասարդները կարծում են՝ իրենք չեն կարող պաշտոնյայից ու սպայից զատ ուրիշ բան լինել», իմա՝ ծնվում են ուսադիրը ներաճած և կնիքը ձեռքներին,- բայց և ինքը փադիշահը լավ գիտի, որ այդ չարիքը բարիք է իր համար, առանց այդ չարիքի՝ իր զորական ուժը այդքան վստահելի թիկունք չէր ունենա։ Համայնքի բարեկեցության ակունքը ինքը փադիշահն է խցել, որպեսզի մարդու միավորը անհատականություն չդառնա, անուն-ընտանիք-ունեցվածք չունենա, միապետի տերության մեջ մի ինքնավար պետություն էլ մարդու այդ միավորը չլինի և երես չդարձնի միապետի պարզած պանթուրքիզմի դրոշից։ Համաժողովրդական աղքատությունը միշտ է ապահովել զորակոչերի հաջողությունը, իսկ գլխավոր, վերջնական, թուրք զորքի ու թուրք աշխարհազորի միասնական զորահավաքը այստեղ դեռ պիտի լինի։ Գործուն եվրոպացին ու նրա ազգային բոլոր երկրների առաջընթացը երազած ափ է նաև սուլթանի ու թուրքի համար, բայց Թուրքիան կարող է այդ ափերին հասնել միայն արյան ծովեր կտրելով։ Երբ բազմակրոն-բազմալեզու երկիրը միակրոն-միալեզու կլինի, այդ ժամանակ ահա յուրաքանչյուր անհատի ծաղկումը Թուրքիայի ծաղկումը կդառնա, ինչպես գերմանացու կամ ֆրանսիացու ծաղկումը՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի ծաղկումը։ Դրանք երանելի ժամանակներ կլինեն, բայց մինչև այդ պետք է անցնել մեր ժամանակի դժոխքով, անխտիր բոլորի մեջ պետք է մարդու աստվածային կարողությունը խեղդել, Մոցարտին խեղդել բոլորի ու յուրաքանչյուրի մեջ, քանի դեռ ժողովրդի գործունեությունը ոչ-թուրքական դիմագիծ է հայտաբերում, քանի դեռ մարդը խազագրում է՝ և ոչ-թուրքի երգ է ծաղկում, պատմագրում է՝ և ոչ-թուրքի պատմություն է գրվում, խոսում է՝ և ոչ-թուրքերեն է ելևէջում, հպարտանում ու սպառնում է, և ժամանակների հորիզոններում այլազգիների հայրենիքներ են հառնում։ Այստեղ պատվիրված է ի սկզբանե. «Իր աստծուն պաշտող որևէ փաշա մեր նույն աստծուն է պաշտում, քանի որ աստված մեկ է, և թող պաշտի, բայց երբ այս նույն փաշան տրվում է Կիլիկյան թագավորությանը ծառայելու տենչանքին՝ պետք է վտարվի»։

1907-ին ամռանը Մնձուրին գյուղ սիլա է գալիս և չի ցանկանում Պոլիս դառնալ։ Սիլան ըստ երևույթին դարձն է, պանդուխտների արձակուրդը. կառավարական տուրքերի ու տան առևտրի դրամով վերադառնում էին և մինչև կարիքը չէր նեղում՝ հայրենիքից չէին հեռանում։ «Պոլիս ի՞նչ պիտի ընեի, հացագործությո՞ւն։ Հաց տուր որ ուտեն, ետքն էլ սպասե որ դրամ տան»։ Ըստ Հովհաննես Թումանյանի «Բորչալվում» նոթերի և Մնձուրու անուղղակի նշումների՝ պոլսական հացթուխներից ոչ բարվոք մի վիճակ էլ գյուղական հայ ուսուցչի վիճակն էր, մոտավորապես՝ «սորվեցրու որ սորվեն, հետո էլ սպասե որ ծնողքը վարձը ղրկեն»։ Բայց Մնձուրու «հանգամանքն» այստեղ սովորականից տարբեր է. Մնձուրին իր Արմտանում է ուսուցիչ, տունուտեղ-տնտեսություն ունի, ապրիլից հոկտեմբեր յոթ ամիս արտերում ու այգիներում աշխատում է, գյուղացի է և ուսուցչություն է անում այն ամիսներին, երբ գյուղի ժողովուրդը իր պարապ օրը լցնում է զրույցներով ու կերուխումերով։ Ըստ երևույթին լավ մանկավարժ է եղել, այնուամենայնիվ՝ գյուղի երեխաները հոկտեմբերից ապրիլ յոթ տարի ունկնդրել են մեծ գիտելիքների տեր մի երիտասարդի, որն իրենց շատ է սիրել։ Այդ սերը ծառերի ու թռչունների, ցանքսերի ու խոզանների, հայերի ու քրդերի, կանանց ու տղամարդկանց՝ ամենի ու ամենքի վրա է սփռված, բայց մայրական գորովի հասնող այդ սերը ոչ ոքի ու ոչնչի այնպես չի առնում իր տաք հայացք, ինչպես երեխաներին, և պետք է գոնե հետաքրքիր լիներ ծալապատիկ նստել ու լսել մի մարդու, որ շատ տարիներ Ստամբուլ հեքիաթ քաղաքում էր եղել, չորս լեզվով չորս գրականություն գիտեր և իրենցից էր՝ երկուսի քեռին էր, մյուսի քրոջ ամուսինը, երրորդի տատը և ուսուցչի տատը քույրեր էին, կարող էր նմանակել ձորի բոլոր քրդերի ու հայերի խոսքերն ու շարժուձևը, և երեխաներն իսկույն կճանաչեին ու կծիծաղեին։ Գյուղացիներն էլ իրենց հերթին իհարկե անպատասխան չէին մնա. մոլի ընթերցող էր, ավանակի կամ ջորու վրա «թե՛ կերթար, թե՛ կկարդար». ամեն ինչից վախեցող մի էշ ուներ, մոլլա Էոմերն էր բերել, վախենում էր մանավանդ աղբյուրի մեջ իր պատկերից - ժամերով ահա ետուետ է անում ջրի մոտ, իսկ հեծյալը չի նկատում, կլանված կարդում է։
Դրանք բախտավոր տարիներ էին կամ երիտասարդ հայ մտավորականի և գյուղացու հոգսերով, տագնապներով ու հույսերով լեցուն օրերի սովորական տարիներ էին, բայց ապագա կյանքը հետո այնպես մթնեց, որ իննսունամյա բարձունքից այդ հեռավոր յոթ տարիները արևոտ մի հովիտ էին թվում։ Ահա, օրինակ, (Մելքոն) պապի առջև կանգնած է, և պապի-տատի համար նրա Մեծարենցը, Սրվանձտյանցը, Խրիմյան Հայրիկը, ֆրանսերենն ու Ֆլոբերը ոչ մի արժեք չունեն. «Ծո Ակոբ, ըսավ, հեչ անասունի վրա գութ չունիս, հեչ մալի, տավարի սեր, փափագ չունիս, կորսվեր են, գլորեր են, տեղ մը կոտրեր է, հիվանդցեր են՝ հոգըդ չէ»։ Սեղանի գլխից՝ պապի կողքից տատը երկրորդում է. «Մորըդ հետ գացեք նայեցեք ու եկեք», և տատի ու պապի առջև ուղղակի երեխաներ են և՛ քոլեջի շրջանավարտն ու Արտաշես Հարությունյանի գրական աշակերտը՝ որ արդեն կին ու երեք երեխա ունի, և՛ թոռնատեր, փեսաների ու հարսի տեր մայրը։ Մայրուորդի ճամփա են ելել, ձորերն են մտնում, բլուրները բարձրանում, լանջից լանջ ու սարից գյուղ հարցնում են հայերեն, քրդերեն, ղզլբաշերեն. «Արմտանի եզնոցը տե՜ղը - եզնոցը տե՜ղը - Արմտա՜նի-Արմտա՜նի», և նրա «ուսյալ ոտքը» նորովի է կոխում հայրենի կածանները, երիտասարդ գրողի նրա էությունը նորովի է լցվում հայրենի եզերքով, այդ բարձունքներից՝ որ Մեծատուրյանների Բինկյանն ու այգիները ներքևի կապույտ մշուշներում են թողել, թերևս նրա հոգին արծվորեն սահմանագծում է այն շրջանը, որ Մեծարենցի բանաստեղծությունը չմտավ և Սրվանձտյանցի ազգագրությունից նույնպես խուսափեց, որ միայն ինքը Հակոբ Դեմիրճյանն է պատկերելու։ Բոլոր դեպքերում, այս յոթ տարին գյուղական կյանքի հիմնավոր յուրացման ժամանակ եղավ։ Խուփ աչքերով՝ նա կարող է ասել, թե այս բույրը որ ծաղիկներից է հյուսվում, հեռավոր գետափի լվացքին նայելով՝ կարող է ասել, թե ովքեր են այնտեղ լողանում՝ հայուհինե՞ր, քրդուհինե՞ր, ղզլբաշուհինե՞ր, թեև բոլոր գույների ու գործվածքի մատակարարը նույն Հալեպն ու Արաբկիրն են, եթե, որպես թե պատահաբար, իր արահետը լողացողների նրանց գետափով տաներ՝ իրենց սահմանում տղամարդու հայտնվելն ինչպես կընդունեին նրանք - հայուհիները՝ լուռ կարմրելով ու հայացքները խոնարհելով, ղզլբաշուհիները՝ աղմկոտ սագերի պես երամ կապած՝ վրա քշելով, քրդուհիները՝ սուր, դանակի պես սուր, շիփ-շիտակ աչքերիդ խորքը նայելով։ Նա կարող է ամբողջ մի գավառի ճշգրիտ քարտեզագիրը լինել, կարող է նաև, թեթևակի դասընթացից հետո, նույն գավառի երկրաբանը լինել. իմացությունների ծավալն ու խորությունը նրան կարող են նույն գավառի գլխավոր գյուղատնտեսի, գլխավոր անասնաբույժի, շինարար-ճարտարագետի, բարբառագետի, ազգագրի, պատմագրի, կենդանաբանի-բուսաբանի, ժողովրդական տրամադրությունների ելևէջագրի պաշտոն ու տեղ ապահովել։ Նվաճող պետություններն իրենցում նվաճելիք երկիրը քարտեզագրող-ազգագրող-բուսագրող-կենդանագրող հաստատություն են հիմնում. ինչ բույսեր են աճում, ամառն ինչքան է տևում, ո՛ր ծառերն են անտառ դառնում, ի՞նչ ջրեր կան, ընդերքը հարստության ինչ նշաններ է դրսևորում, տոհմերի մեջ և տոհմերի միջև բացահայտ ու կոծկված ի՞նչ թշնամություններ ու կապեր կան, և այլն,- ռազմա-տնտեսական հարձակման մեջ յուրաքանչյուր անակնկալի համար պետության առջև հետո պատասխանի է կանգնում այդ հաստատությունը։ Հակոբ Մնձուրի անուն երիտասարդ գրողը կարող է փոխարինել ահա այդպիսի մի հաստատության, առավել ևս՝ որ երեսնամյա իր գեղեցիկ հասակը կանգնած է այնքան վստահելի մի պատվիրատուի առջև, ինչպիսին Հայոց մշակույթի ապագան է, Հայոց վաղվա օրը, ավելի լայն՝ Թերակղզու ժողովուրդների գալիքը։
Թե ինչ էր լինելու Հայոց այդ ապագան՝ ոչ ոքի ստույգ հայտնի չէր, բայց որ դա լինելու էր ստուգապես ազգային ապագա՝ բացահայտորեն տեսանելի էր բոլորին - իրենց՝ հայերին, երկրի թուրք կառավարողներին, մերձավորարևելյան գործերի գերման-ֆրանս-անգլիացի տնօրեններին. ազգային միություն կազմող առնվազն վեց միլիոն մարդ միջնադարից պոկվել ու Եգիպտոսից Փարիզ և Լոնդոնից Սպահան ամբողջ ճակատով ընդառաջ էր գալիս քսաներորդ դարին։ Նրանցից ոմանք արհեստավոր ու արդյունաբերող էին, ոմանք բժիշկ ու ճարտարագետ, ոմանք բանվոր ու գյուղացի, ոմանք կրոնավոր, ուսուցիչ, փաստաբան, զորավար, ոմանք պարսկահպատակ էին, ոմանք թուրքա... և բոլորը հայ էին, եթե անգամ այդ չէին ուզում կամ չէին ցանկանա՝ որպեսզի «կիլիկյան գահին ծառայելու տենչանքի» պատճառով չզրկվեն փաշայության իրական բարձերից, եթե անգամ լեզվական ու կրոնական այլ կեղևի մեջ էին, ազգությունը, միևնույն է, նրանց միավորում ու հայ էր կնքում, դա մարդու նրանց բացահայտվող հատկանիշն էր։ Նրանցից ոմանք հավակնում էին կարծել, թե իրենք ծնող են և ոչ թե ծնունդ, այսինքն թե դեպի ինքնաճանաչում վեց միլիոնի հզոր այդ երթը իրենցից է սկսվում և ուրեմն իրենք կարողանալու են իշխել այդ ուժի վրա, ինչպես և թշնամին էր այդպես կարծում և մեղավորներ փնտրում ու մեղավորներ գտնում, ինչպես բարեկամ ասված այն ուժերն էին այդպես կարծում, որոնց շահը նրանց տանում էր հայության այդ երթին դեռ համընթաց,- բոլորը կարծում էին համաժողովրդական այդ զարթոնքին օր իրենք են պարգևելու, բոլորը կարծում էին այս կամ այն կերպ՝ զսպելով կամ խրախուսելով՝ կարողանալու են կառավարել ժողովրդի այդ երթը։
Շատ հնարավոր է, որ մարդու համար վաղվա օրով կաշկանդիչ լիներ նաև ազգային այս միությունը, որպես դարձյալ մի հին կացարան հազարամյակների իր ճանապարհին՝ մարդը լքեր նաև այս միությունը, բայց դա վաղվա հարց էր։ Իրենց առաջընթացի ճանապարհին այդ անհատներն այսօր ազգային միասնության էին գալիս, որ ազգային ինքնավարության ձև էր հայցում, և այդ ձևը որևէ մեկի կամքը կամ քմայքը չէր - դա բխում էր երևույթի բնույթից, դա ճանաչումն, ընդունումն ու ընդառաջումն էր հասարակության զարգացման օրենքին։ Ազգային պետության այդ ձևը, քանի դեռ մարդու գործողությունը նրան չէր հանել բոլորովին այլ, լիովին նոր ու անծանոթ ոլորտներ, եթե անգամ չնպաստեր՝ նվազագույնս էր կասեցնում, աղավաղում, աղարտում, կերպափոխում, շեղում մարդու ընթացքը, բոլոր դեպքերում հազար անգամ նվազ քան տիրակալությունը, որ իշխողների ցեղակիցներին թունավորում էր իշխանական ախտով և այլազգիներին՝ ճորտության, եթե մինչև անգամ տնտեսական իրենց վիճակով նրանք այդպիսիք չէին։ Նման երկրում սոցիալական բողոքը փոխանակ քաղաքացիական կռվի՝ վերաճում էր ազգամիջյան կոտորածների։ Դարեր շարունակ արյան ծովեր կտրած այս տիրակալությունը մի անգամ դեռ դասակարգային պատերազմի մաքուր արյուն չէր տեսել։ Գյուղացու հավերժական ատելությունը առ արհեստավորն ու առևտրականը՝ այստեղ դառնում էր թուրքի ատելություն առ հայը, գյուղի ու գյուղացու վերաբերմամբ իր քամահրանքի արվարձաններում քաղքենությունը այս երկրում մշտապես քրդերին էր բնակեցրել և կախաղանի ու թաղման գործը հատկացրել էր գնչուներին՝ ատյանի ու մահավճռի մաքուր գործերն իհարկե միայն իրեն վերապահելով։
Մարդու իրեն և մարդկային հարաբերությունների խեղաթյուրումից ետ ու վեր պահող այդ Հայրենիքը կար. դա ոչ իր սահմանն ու սահմանապահը, ոչ էլ պետությունն ու սահմանադրությունն ուներ - սահմանը նույն օսմանականն էր, սահմանապահը՝ համիդիե ջոկատները, վարիչները՝ սուլթանն ու էֆենդիները,- բայց այդ Հայրենիքը կար, նրա որդիները՝ անգո այդ պետության քաղաքացիները կային, նրանց մշակույթը կար։ Այդ Հայրենիքը նրա որդիներից յուրաքանչյուրի մեջ էր՝ կիլիկեցու, թրակեցու ու արևելցու,- քաղաքաբնակի ու գյուղաբնակի, բուրժուայի ու մշակի, մտավորականի ու հեղափոխականի, պահպանողականի ու անկախականի, զենքը պաշտողի ու զենքից զզվողի։ Այս ամբողջի մեջ ամենաստույգը Հայրենիքի որդիների իրական ներկայությունն էր։
Հետո այն եղավ, ինչը թերակղզու պետության գաղտնարաններից կորզել, պարզել, պատմել և մանավանդ աշխարհին լսել ու տեսնել պարտադրելու համար մի մեծ տերության ճնշիչ ուժ էր հարկավոր - փաստաթղթերի ու վկայությունների հատորներ, պատմագրություն, գրականություն ու արվեստ, մամուլ, ռադիո, դիվանագիտություն՝ հարյուր հազար մարդու հարյուր տարվա աշխատանք, և այդ ամենի թիկունքում՝ ոչ ամենևին ճերմակ հրեշտակների բանակ։ Մեր ազգային հարուստ մամուլի պայմաններում մեր «համաշխարհային մամուլն» այնինչ Անգութ Գրիգոր անուն մի տղայի գրատախտակը եղավ՝ որ Հալեպի հայ եկեղեցու պատն էր և տարագիրներից կավճագրով լուրեր էր տալիս տարագիրներին, մեր դիվանագիտությունը լոզանյան-բեռլինյան բանակցությունների նախասրահներում նստեցվեց ու սպասեցվեց, և մի երկու տղայի մեր բանակը պատեպատ դիպավ ու խելագարվեց։
Բայց ի սկզբանե գրված է եղել, որ մերայինների խաչը իրենք են հանելու իրենց գողգոթա, մեր մահապարտներին իրենց կախաղանների տակից չի հանելու ոչ մի հուշագիր ու դեսպանատուն, և արքայի կամքն ու բանաստեղծի լույսը մեզանում շաղախված են լինելու մեկ և նույն անհատի մեջ՝ մի Մխիթար Սեբաստացու, մի Հովհաննես Թումանյանի, մի Զոհրապի, մի Սարոյանի կամ Սարյանի, մի... հազար ու հազարների։ Անվանիները անանուններիս հստակվածությունն են. այստեղ մեզանում և Սփյուռքում, հայոց հայերենում և հայերի անգլերենում-ֆրանսերենում-իտալերենում, նկարչության մեջ և երաժշտության, մարդու գործունեության բոլոր-բոլոր մարզերում՝ որոնք կարող են ազգային դրոշմ դրսևորել և չեն կարող ունենալ այդպիսի դրոշմ, արդեն յոթանասուն տարի և ուրեմն հավիտյան, չի եղել, չի արվել որևէ գործ, որ մատներ նրա որդիների մեջ այն հին Հայրենիքի բացակայությունը։
Հակոբ Մնձուրին, ոչ, չկարողացավ բաժանել ոչ իր մեծերի, ոչ էլ «հասարակների» շարքային ճակատագիրը. եղեռնի ամռանը գյուղում չէր, որպեսզի մոր, նույն այն մոր՝ 47-48-ամյա հարսիկի, ում հետ դարիվարելով-դարիվերելով իրենց կարմիր եզանը տեսության էին գնում, պապի, կնոջ, երեք երեխայի, դպրոցի իր աշակերտների, Դեմուրճենց ու ոչ-Դեմուրճենց, գավառի, ամբողջ հայ ժողովրդի հետ տեղահանվեր, դրացի ղզլբաշ ու քուրդ բնակչության աչքից հեռացվեր ու տրվեր մոլուցքի բերանը այլ ղզլբաշների ու այլ քրդերի, և անվանի կամ կուսակցական չէր, որպեսզի առևանգվեր պոլսական դեսպանատների աչքի առջևից, որպես թե դատվելու՝ ղրկվեր ռազմադաշտային ատյաններում և ճանապարհին գողաբար սպանվեր որպես թե «հայ» չեթեներից։ Այդպես էր. թուրք ընկերը հայ ընկերոջ մազին չէր դիպչում և թուրքի գյուղը հայի հարևան գյուղի վրա օրդու չէր կապում - նրանց ունեցվածքն ու արյունը ճշմարիտ ուղղափառի սրանց համար հարամ էր. սրբազան պատերազմի մեջ վաթանի առաջ իր սուրբ պարտքը թուրք ընկերը մարում էր իր հայ ոչ-ընկերոջ արյունը թափելով և իսլամ գյուղերը պատերազմով ու աղքատությամբ սանձազերծված իրենց մոլուցքը թափում էին հայ ոչ-հարևան գաղթականների վրա՝ իրենց երկրներից պոկված, այս օտար ճանապարհներին թշնամի ու վախեցած քարավանների։
Մնձուրու հետ վատթարագույնը եղավ։ Մեռնողները մեռան ազատվեցին, թերակղզու սահմաններից հեռու՝ ապրողների հոգին ոխից սևացավ - Մնձուրուն վիճակված էր ոչ մեռնողների մեջ լինել, ոչ էլ իրենց երևանյան, փարիզյան, ամերիկյան, արաբական հեռուներից ատամներն անզոր սեղմողների մեջ. դրա հնարավորությունը Մնձուրին չունեցավ և նույնիսկ ավաղ քաշելու հնար չունեցավ։ Դարձյալ վաթսունչորս տարի՝ ապրեց Պոլիս, միայն Պոլիս, այդ քաղաքից ոչ մի անգամ դուրս չեկավ, հացթուխ եղավ, հյուրանոցի հաշվետար, կերավաճառ, եկեղեցու լուսարար, տեսավ երբեմնի շեն ու մեծ գաղութի ցամաքումը, սմքումը մանավանդ մշակութային Պոլսի։
Փրկվել էր պատահաբար։ Ինքը գրում է, թե 14-ի օգոստոսին Պոլիս նշագեղձերի վիրահատության եկավ, քսաներկու-քսանչորս օրից դարձյալ Արմտան էր դառնալու, բայց զորակոչն ու զինվորագրությունը այդտեղ էլ կապեցին իրեն։ Բայց այդպես չէ. ձեռագիր վեպ ուներ, ուզում էր Արտաշես Հարությունյանին՝ «մեր նախապատերազմյան արևմտահայ գրականության ամենեն հավասարակշռված, եվրոպական չափանիշով ամենեն գրականագետ» գրողին ցույց տալ, բայց տանը չէր կարող ասել, թե Պոլիս ձեռագիր վեպ է տանում, գյուղի այդ օգոստոսին դա անամոթ պահանջ կլիներ, մայրն ու կինը եթե իրենց նման լուռ համաձայնեին էլ՝ պապն էր բարկանալու տան մեծի իր բարկությունը. «Ծո Ակոբ, հեչ արտի կալի սեր չունիս, ծո ամրան սա գործերը հարսերուն ձգած դուն ադ ի՞նչ Պոլիս կերթաս»։ Եվ երիտասարդ գրողը պատճառ ընտրեց բորբոքված նշագեղձերը։ Արմտան - Շապինգարահիսար,- Հեյ գիդի Անդրանիկ, Թորամանյան Թորոս, Արամ Հայկազ,- Թամզարա - հույների Սաարջուղ - Կիրասոն ճանապարհին, որ առաջին պանդխտության տարիներին իր անընդմեջ վերադարձի ճանապարհն էր և հիմա վերջին անգամ էր տեսնում և իր վերադարձողների հետ տեսնելու է դեռ հազար անգամ, հանդիպողներից ոչ մեկին չասաց, թե հացի պայուսակում ձեռագիր վեպ է տանում հայ բանաստեղծների Պոլիս, «բուկըս, նշագեղձերս» ասաց։ Բանաստեղծի նրա հոգին փրկեց նրա մարմինը, և դիմացկուն, աշխատասեր, երկարակյաց եփրատցու այդ մարմինը Մնձուրին ծառայեցրեց բանաստեղծի այդ հոգուն։
Գրեց բարոյականության հետ հարաբերվելու իր հնարավորությունը կորցրած թշնամու դեռ տաք ատելության ու քամահրանքի պայմաններում։ Այլ կերպ անհնար է հասկանալ Հակոբ Մնձուրի անվան շուրջը երկար լռությունը Հայոց սփյուռքի, սիրելի, անկոտրելի, անկորնչելի Սփյուռքի, որ ջարդն ու տեղահանությունը կարողացավ գաղթ դարձնել և անգամ հանձառել և՛ մշակութային կոթողների գուրգուրանքը, և՛ փայփայումը նոր երգերի, ինչը հաճախ նույնիսկ մեծ տերությունների համար է շռայլություն։ Այդ խորթությունը թշնամանքն էր առ եղեռնով բեկբեկված ու աղավաղված Պոլիսը, որը ջախջախել էր իր զավակներին՝ Վարուժանին ու մյուսներին։ Այդ թշնամանքից Մնձուրու մեջ էլ կար, Մնձուրին գտնվում էր միաժամանակ երկու վիճակում՝ երեկվա իր թշնամանքի և, մյուս կողմից, Պոլիսն էր այն կայմը, որին սամումից հետո հայրենի գունագեղ եզերքից ծվեններ էին փակչել։
Իգնատիոսի հայրն այդտեղ էր, հայրուորդի թերևս երբեք իրարու աչքերի չնայեցին կամ գուցե նայեցին ու լռեցին գյուղի, տան, երկրի, անցյալի ու ներկայի մասին։ Երբեմն քրդի մի տղա էր հայտնվում՝ թե ինքը Տաղլուի Մարոյի որդին է, Հակոբն իր քեռին է, Տաղլուենք Դեմիրճյանների մի ճյուղն էին, նրանց Մարոն առաջին թալանի տարուն քրդերի մոտ մարդի էր փախել։ Արևելյան նահանգներից քաղաքի շինարարության վրա աշխատելու եկած թուրք տղաների խմբից՝ Թեյարանում երբեմն մեկը ջութակը զարկում ու ձգում էր «երկար ու մելամաղձիկ ու արևելյան Ուրֆան», որ երկրում Նուհբեկի սեղանին տիվրիկցի Միսաքն էր երգում, և պարզվում էր, որ Միսաքի որդին է, Միսաքը հիմա կա, բեկի որդիների դռանը չոբանության է, քուրդ կին ունի։ Երբեմն մայթերի ու շքամուտքերի հավաքարարուհիներն էին իրենց քրդերենով ու արևելյան «եղանակավոր թրքերենով» զրուցում «Ակոբ ուստայի» հետ, հաճախ՝ հացթուխները, որ - «ուրիշ նյութ չունեին անոնք. երկրին վրա, անցյալին վրա կխոսեին. Պոլիսը, ընթացիկ կյանքը չէր շահագրգռեր զիրենք, ներկան գոյություն չուներ կարծես իրենց համար։ Ամեն գիշեր հին մարդիկը, հին օրերը կկենդանացնեին, հեքիաթներու պես պատմելով այդ բոլորը, որոնք իրոք հեքիաթներ եղած էին։ Մեկը կվերջացներ, մյուսը կսկսեր։ Պատրանքը իրենց իրականությունն էր։ Երբեմն կերգեին ալ։ Երկայն տաշտերու վրա հակած, քով քովի, մեկ կարգի վրա, ինչպես ատենոք կընեին իրենց գյուղերուն մեջ, արտ հնձելու օրերուն, անոնք թե կթրեին խմորը և թե կերգեին»։
Իր ընկերներն են։ Օրմանյանի, լուսեղեն Զոհրապի, կուսակցությունների, բարեգործականների, հայրենակցական միությունների, լրագրերի, տպարանների, թատրոնների հայոց շքեղ ոստանից սրանք են մնացել։ Այս է իրականությունը՝ որ թույլ չի տալիս շփոթել հայորդու իր հնարավորությունը ուրիշների հնարավորությունների հետ և պարապ երազների, ինքնածվատիչ անեծքի կամ սպառնալիքների տրվել, այլև ստիպում է իրականության աչքերին ուղիղ նայել։ Հայության ծվենների համար փաստորեն ամբողջ աշխարհն է Պոլիս, բայց միայն Ստամբուլն է իրերի վիճակը ներկայացնում իրենց՝ հստակ անողոքությամբ։ Թուրքերի այս մի «նպաստը» հայ գրականության ու ամենայն հայոց մտքին՝ իսկապես շոշափելի է։
Աներևակայելի է մշակույթը պատկերացնել առանց իր ժողովրդի, օջախի կրակն առանց իր տանտերերի պատկերացնելն աներևակայելի է. Թումանյանի բանաստեղծությունը ամեն օր նորոգվում է հայ երեխայի լեզվի վրա, իրենց ազնվական շողքը Տերյանի «Երկիր Նաիրի» ադամանդները նորոգված ամեն հայի հետ նորից են շողարձակում, և ամենաբնիկ, ամենահայեցի վանքն իսկ առանց հայ ուխտավորի ոտքի՝ խորթանում ու վերջանում է, կարծես ոչ թե սյուների ու կամարների վրա էր կանգուն, այլ ծխացող մոմերի։ Աներևակայելի է, բայց կարելի է որևէ կերպ այնուամենայնիվ պատկերացնել - որպես թե, ահա, գրված, տպագրված, ձայնագրված՝ նիրհում են որևէ մատենադարանում, կառուցված՝ լուռ կանգնած են ամայության մեջ որևէ տեղ. գրվել ու ձայնագրվել են ժողովրդի բերանից. կանգնեցվել են ուխտավորի ու քարավանների համար, ժողովուրդը չկա, բայց մշակույթն ահա կա։ Անպատկերացնելին Հակոբ Մնձուրու արածն է։
Եղեռնից հետո այդպես վստահորեն գրական Մնձուրի անուն ընտրել, իրեն ժանրի վարժեցնել և կերավաճառի կեղտոտ ու հացագործի քրտնաթոր, ցամաքեցնող աշխատանքից հետո գրել առանց ընթերցող ունենալու, խոսել որպես ամայի սենյակներում, անտեսել այն հարսի իր վիճակը, որ բեռուբարձով հորանց է եկել և գյուղը չկա, տեղահանվել է, այն սուրհանդակի իր շփոթմունքը, որ օգնական ուժերի ավետիս է բերել, բայց բանակատեղին լքված ու ավերված է, գրել որպես թե հեռավոր Եփրատից հայ-քուրդ-ղզլբաշ աղջիկ-հարսիկներն Ստամբուլ իրենց մեն ու միակ ամուսիններին ոչ թե գալիս էին տեսնելու, այլ տեսնելու են գալիս, որպես թե հայոց Պոլիսն անցյալ չէ, այլ ապագա, որպես թե ձեռագիրը Արտաշես Մալկարացուն ցույց է տալու, որպես թե հայ գրականության մեծ գալիքը դեռ գալու է, որպես թե հայ մեծ իրականությունը իր մշակույթից իր բոլոր ոլորտների ու բոլոր մարզերի ամենամանրամասն հետազոտություն է պահանջում - սա իհարկե սխրանքի հավասար խենթություն է։ Մխիթար Սեբաստացին իր վենետիկյան ջահը երբ բարձրացնում էր՝ գիտեր, որ իր լույսը գոնե մի հարյուրամյակ հետո վեց ու տասնվեց միլիոն հավատացյալ է գտնելու։ Չտրվենք զուգահեռների, երկու անգամ նույն ջուրը չեն մտնում, բայց այստեղ մեկ և նույն դիմադրության ոգին է։
Երկար ապրեց Մնձուրին՝ մոտ հարյուր տարի, վախճանվեց 1978-ին Պոլսում։ Չասենք թե նրա կյանքը ելավ բնատնտեսության ժամանակներից և խուժեց աստղագնացության ժամանակներ - նա միայն մի ժամանակ ունեցավ՝ ազգասպանության։ Իր կենդանությամբ՝ 1890-1970 վիթխարի ժամանակահատվածում՝ մարդու անասնական վախը իր նմանից, կասկածը առ իր նմանը, այլ լեզվի, այլ դավանանքի անհանդուրժողականությունը Տաճկաստանում փթթեց ու կարմիր սուլթան ծաղկեց, սա «Իթթիհադ վե թերաքի» կուսակից բոլուկ սերեց, սրանից Մուստաֆա Քեմալ ելավ և սրանից սերեցին «գորշ գայլերի» հարվածային ջոկատները։ Սրանց բոլոր ամբոխվարական ջանքերով երկիրը մաքրվեց հայերից, ապա հույներից, Տաճկաստանը դարձավ Թուրքիա՝ միալեզու-միատարր երազային երկիր, ինչպիսին Գերմանիայում - Գերմանիան էր և Ֆրանսիայում՝ Ֆրանսիան։ Թուրքիան թրքերենից վտարեց այլ լեզուների ու ժողովուրդների հիշողությունը։ Փառավոր առաջընթաց էր, որ դեռ Մաքիավելի մեծ ցինիկն էր գուշակել. «Որևէ նվաճողի համար Թուրքի վրա գնալը դժվար է լինելու, հպատակներն այնտեղ միապետի գերին են, նվաճողը չի կարող իրենց միապետի դեմ նրանց ըմբոստության հետ հույս կապել. բայց հաղթանակի դեպքում նվաճողի համար հեշտ է լինելու կառավարել այդ երկիրը, որովհետև նույն այդ հպատակները չպիտի ըմբոստանան նաև իր դեմ»։ Իրենք ահա իրենց մեջ, և բոլորը միասին շովինիզմի պանթուրքական մագնիսացված դաշտի մեջ, հերթով և՛ նվաճեցին՝ իրենց «հեղափոխություններն» ամեն անգամ յոլա տանելով հարյուր-հարյուր հիսուն կախաղանով, և՛ ավելի քան հեշտությամբ կառավարեցին երկիրը, որովհետև մեծագույն նվաճողի՝ քաղաքակրթության ընձեռած ըմբոստության հնարավորությունը հպատակների բազմության մեջ ջախջախել ու վտարել էին հանձինս հայերի։ Երկիրը դարձրել էին այլևս անտրոհելի համասեռ մի զանգված, ուր այլախոհությունը «հայրենիքի դավաճան», «կրոնի թշնամի» հեղհեղուկ ըմբռնումների փոխարեն վերաձուլվել էր «ազգի դավաճան» հստակ խարանի։
Ազգասպանության և ազգահորինման այս գեհենը չկա Մնձուրու ստեղծագործության մեջ - ստեղծագործության մեջ նրա, ով ամենաստույգ գոնե վկան էր լինելու։ Սա ի՞նչ է, զոհի հետ նաև ճիչի՞ խժռում։
Այս ամենի ձեր չիմացությամբ՝ հայ մեծ մշակույթի խաղաղ անդաստանների այս խոնարհ մշակի գործը ձոն է մարդու գոյության խորհրդի բարությանը։
Այս ամենի ձեր գիտությամբ՝ Հակոբ Մնձուրու ստվար ժառանգությունը ձեր ձեռքին մեղադրանք է ընդդեմ տիրակալական նկրտումների, որ ժողովուրդներ է հակադրում, ժողովուրդներ է ոչնչացնում և ազգայնամոլության ախտով ժողովուրդներ թունավորում։
Հակոբ Մնձուրի, Երկեր,
«Սովետական գրող» հրատ., 1986թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

The Virgin on the throne
The Virgin on the throne
Play Online