Hrant Matevosyan

Այստեղ ապրել ենք մենք

Եվ երբ երկնքից արդեն-արդեն գիշեր էր իջնում, երբ տատի ու թոռան գիշերը երկինքն ահա-ահա իջեցնելու էր - կարմիր մայրամուտի ճանապարհին հառնեց թշվառների խեղճ խուժանը: Նկատեցին կամ վաղուց էին նկատել և կամ չնկատած գիտեին՝ որ նրանք կան, որովհետև վերին գյուղերն ինչքան էլ անխղճորեն լավ էին ջարդում ու կողոպտում, ներքին ճամբարների համար մի կսմաթ Աստված միշտ ղրկում էր: Նկատեցին ու շարժվեցին, և դա վերջն էր, եթե իհարկե մեծ մայրերի կենդանական նվիրվածությունը վերջ ունի և եթե մեր հարմարին մարմիններում բնավորված դեռահաս կյանքն այդքան հեշտ է լքում մեր մարմնի սրունքները:
- Փախիր, մանչըս, մեռնեմ ոտներիդ, կորիր:
Տատը այս հայերե՞ն է ասել, տաճկերե՞ն, քրդերե՞ն: Հայերենը հետո գաղութներում սովորեցին, գաղութներում հասկացան՝ որ իրենք օսմանցի չեն, հայ են: Թե՞ նման դեպքերում չեն ասում, չեն խոսում - կինարմատ ծնողի վայրենի ծղրտոցով մղվում են հոշոտելու և հոշոտվելու, մինչև մութը կընկնի ու երեխայի հետքն ու հոտը կկորցնի՝ խուժանն իրենցով անելու: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ սա քառասնիցս սրբագրված պատմություն է, որ երբ շքեղ, խաբեբա, հանդուգն, գորովի, կատակաբան կյանքը տղային ընդառաջ է եկել և դեպքը տեղավորվել է տարիների անվնաս հեռուներում, բազմիցս պատմվել և բազում անգամ վկայվել է ոսկով.
- Բերանդ բացիր,- ասաց,- մեռնեմ մանրիկ ատամներիդ, ակռաներդ սեղմիր,- ասաց,- դե կորիր, փախիր մանչըս, ետ մի նայիր: - Եվ խորքի դահլիճներից բախտավոր ու խելացի պարոնտիրոջ ծեսերով բերվել է մեկ հատիկ այն ոսկին, որ հեռու այն մայրամուտին տատը թոռան ատամների մեջ սեղմել տվեց: - Փախիր, մեռնեմ եղնիկ տոտիկներիդ, կորիր, ետ չնայես:
Ժողովուրդները նախրացվում, միմյանց վրա հանվում, միմյանց տեղահանում են, և տեղից մեկ անգամ պոկված ժողովուրդն արդեն պատուհաս է աշխարհի գլխին. ենթադրում եմ, թե հարավային Կապադովկիայի այդ ճամբարները 12-ի պատերազմով Բալկաններից բռնագաղթված աշիրեթներ էին կամ 78-ի պատերազմով Արևմտահայաստանից պոկված թուրքմեններ կամ Շամիլի հյուսիսկովկասյան ժողովուրդն էին - արդեն հինգ տարի և հիսուն տարի տնից ու տեղից հիմնովին զրկված, նրանք հարվածային անփոխարինելի միջոց էին՝ հայոց քարավանները լլկելու, երկրի երեսից ցաքուցրիվ ջնջելու, այնպես որ թշվառների ու շների ոհմակը գյուղքաղաքային այդ խանումի մարմինն ու հագուստ-կապուստը, մինչև վերջին հուլունքն ու վերջին քորոցը, ամբողջը մինչև միսն ու ոսկորը պիտի որ ճանապարհից քաշած լինի:
Գիտեմ, որ հակառակը նույնպես ու թերևս նույնքան ու ավելի՝ եղել է, եղած կլինի՝ եթե կենդանիների լուռ աշխարհում լինում է, եղած կլինի նաև մարդկանց մեր աշխարհում - մեր ձագերին ձգած ու մեր խեղճ գլուխներն ազատած կլինենք- բայց ահա մեր մասին՝ լքողներիս մասին՝ խոսք ու պատմություն չկա, որովհետև նրանք, ովքեր մեր փոխարեն պիտի ապրեին ու մեր անձնուրաց սերը ղողանջեին, ծվատվել են անասնացած թշվառների ճիրաններում, և մենք՝ որ մեզ ենք փրկել՝ մեզ հանձնել ենք հարեմների ու դավանափոխության ու ստրկության անասնական լռությանը:
Այս պատմությունը ինձ պատմել է իմ նկարիչ ընկերը՝ որ շատ Մասիսներ ու ծառեր է նկարում, նրան՝ արգենտինա- կամ ուրուգվա- կամ ամերիկահայ այսինչ մեծահարուստը.
- Փախիր, մանչըս, ըսավ, մեռնեմ ուժեղ տոտիկներուդ, դու փախիր, իմ ոտները հոգնել են:
Նրանց զրույցի մեջ, այդ հաջողված նկարչին հաջողված առևտրականի խոսք, որ զրուցվել է մեր սև 1988-ից մի փոքր առաջ, նույնիսկ կատակի երանգ է մտել. «Պարոն Մեծահարուստ, ասել է նկարիչը, ես Ձեզ մի հույժ հայասիրական, հույժ հայրենասիրական առաջարկ եմ տալիս. օվկիանոսում ինձ համար մի կղզի առեք՝ հայոց մեր ազգը կունենա մեկի փոխարեն երկու կղզետեր մեծահարուստ», և այլն, և քահ-քահ ծիծաղել են իրենց կորցրածն անցյալին թողած իրենց գտածի շքեղ ապահովության մեջ այդ հաջողակ հայերը - դեպքի վայրերից ու երեկոյից յոթանասուն տարով, ոսկու լեռներով, սովետական մեծ երկրով ու ողջ քաղաքակիրթ աշխարհով անջրպետված:
Իսկ այս ահա կազմվել է Ստեփան Զորյանի, Նվարդ Թումանյանի և կարծեմ Տիգրան Հախումյանի վկայություններից: Պիտի ուզենայի, շատ էի ուզենալու, որ եղած չլիներ, վկայված չլիներ, կարդացած չլինեի, չտեսնեի Թումանյանին շփոթված, բայց եղել է, բայց խուճապի, հիմարության, խելագարության, քաջության, հույսի ու հավատի հեղեղից առանձնանում է հենց այս՝ բեկված Թումանյանը Ղարաքիլիսայի կայարանում: Սիրտ ծակելու չափ, հագուստը, ձայնը, գույնը, բույրը քեզ պարուրելու չափ մտերիմ է և ինքը, և բնապատկերն է ընտանեաբար հարազատ - այդ Թագավորանիստ սարը, այդ Մենավոր ծառը, խնձորի այգիները, կարմիր կղմինդրի տանիքները, գարնան վտակների այդ խուլ վշշոցը՝ որ տամուկ այդ հովիտը լցնում է ծույլ ու բարի հեքիաթով:
Նաև իր հորդորով՝ Սիմոն Վրացյանի ապստամբները սրերը պատյաններն են դրել, Գառնու ձորով հեռանում են երկրից, Շարուր-Նախիջևանի ճանապարհը փակ է, մյուս՝ Դիլիջանի ձորով ինքն է Թիֆլիս վերադառնում, Ալեքպոլի գիծը փակ է: Հայաստանը այդ է՝ մի երկու ձոր ու մի կքած, գորշ, խեղճ Երևան: Սիմոնականները հեռանում են դրոշով, ծեսերով, պատվավոր նահանջի, բայց երբեք պարտության փողհարությամբ, ինքը նույնպես իշխանաբար հպարտ է հեռանում - ամենայն հայոց բանաստեղծի, գրեթե վեհափառի իր առաքելությունը հաջողված է համարում: Ծեսերով թե գողունի, ընկճված թե իշխանաբար հպարտ, Թավրիզ թե Թիֆլիս՝ ինչ էլ լիներ՝ մեկ և նույնն է, իրենք երկրից հեռանում էին, իրենք լքում էին Հայաստանը: Ինչ է լինելու հետո՝ չգիտի ոչ ինքը, ոչ էլ սիմոնականները գիտեին:
Տիրություն էին անելու գուցե ռուսները, գուցե թուրքերը՝ որ նստած էին Ալեքպոլ: Վատ ռուսներից վատը լավ թուրքերն էին, թուրքերից վատթարը՝ անիշխանությունը: Իսկ ռուսներից, թուրքերից, անիշխանությունից սպանիչը այն էր, որ Հայաստանը մեզանից դուրս մի բան էր, որը կարելի էր լքել, որից կարելի էր հեռանալ և իրեն մեռած չհամարել, որը կարելի էր սիրել, որին կարելի էր նվիրվել և երախտիք ակնկալել՝ ումի՞ց, որը կարելի էր նվաճած կամ հանձնած համարել - Հայաստանը մենք ինքներս չէինք, Հայաստանը ես չէի, Հայաստանը «ձեր էդ Հայաստանն էր»: Դա մի տեղ էր, որտեղից բոլորը նահանջում էին և կարծում էին այդ տեղը դեռ կա, մի մարմին՝ որից որպես թե կարելի էր առանձնանալ, նրանից վեր կամ վար լինել (միայն վեր), նրա վերաբերմամբ իրեն օժտել առաքելությամբ և առաքելությունդ հաջողած կամ ոչ այնքան հաջողած համարել:
1921-ի՝ եղբորը և որդուն զոհած Թումանյանը և մյուս եղբորը, ում թռուցիկ խումբը տասնհինգ տարի առաջ նույն այս ձորերում թշնամի էր հնազանդեցնում, քաջ այդ եղբորը զոհած Թումանյանը Վանաձորի կայարան է հասել և չգիտի ինչպես է Թիֆլիս գնալու: Վկայողներն ասում են Ղարս-Ալեքպոլ-Թիֆլիս-Բաքու-Մոսկվա դիվանագիտական գնացքի լուսամուտից նրա ազնվական կերպարանքը նկատեց թուրքական միսիայի ղեկավար բեյ-փաշան և վագոն հրավիրեց: Ահա:
Ի՞նչ ասացին, ի՞նչ խոսեցին: Խոսեցի՞ն: Թե՞ բեյը հրավերն արդեն դիվանագիտական էթիկայի կարգազանցություն համարեց և բավարարվեց վագոնի հեռու խուցերից մեկում տեղ տրամադրելով: Թե՞ ամբողջ Կովկասով մեկ հարգված մարդուն թեյ պատվեց, պատվիրեց թեյ տանել մեծ մարդուն: Խոսեցի՞ն մեծ զուլումից, բեյն ի՞նչ ասաց, ասաց ինքը եվրոպական ճակատում է եղել, փոքրասիական դեպքերին լավատեղյա՞կ չէ, ցավակցությո՞ւն հայտնեց, հայհոյե՞ց նախորդ կառավարողներից մի երկուսին, ասաց հայերի կորուստը նախ թուրքերի՞ մեծ վնասն է, որովհետև դուք ձեր եղբայրներին կորցրիք, մենք՝ մեզ կերակրողին, ասաց ինքը մի քանի մտերիմ հայ մարդ ունի՝ բոլորն էլ ընտիր, բոլորն էլ օրինավոր քաղաքացի՞, ասաց պատահածը ցավալի թյուրիմացությո՞ւն է, ասաց անցածը անցյալի՞ն տանք:
Ի՞նչ լռեցին, ի՞նչ խոսեցին, Թումանյանն ի՞նչ էր անում, չգիտեմ: Երկաթուղու աջ կողմը Տերսանց հին ջաղացն էր, Տերսանք Թումանյան մեծ գերդաստանի մի ճյուղն էին, ձախ կողմը՝ Ձորագետի ելքը, ապա Ձաղիձորի պապենական հին բաղերը, Դսեղի հին գեղատեղին- տունն իրենն էր՝ տանտերը թշնամին, հյուրն ինքն էր՝ հյուրընկալը թշնամին- ի՞նչ ասեմ:
Ասեմ թող իրեն չնետե՞ր համայնավար հայերի և դաշնակցական հայերի խելագար սպանդի հրապարակ, թող իրար ուտեին վերջանային, ինքը նրանց մեջ գործ չունե՞ր, ինքը նրա՞նք չէր, նրանք ի՞նքը չէին: Ասեմ թող վագո՞ն չբարձրանար, երեսը շուռ տար ու թուրքի հրավերը անտեսեր: Չհիշե՞մ, ինձ չդնե՞մ անհարմար կացությունների մեջ:
Ե՛վ ուղղակի չենք հիշում ու մեզ փրկված ենք համարում, և՛ մեզ գցում ենք զորեղ մի տերության զորակայան և այնտեղից ենք հիշում ու սպառնում, և՛ հազարամյակ ենք շրջանցում ու հայտնվում անթուրք ժամանակներում ու տարածքներում, և՛ առագաստներս ենք աշխարհաքաղաքացիության հովերով լցնում, և՛ քաղաքակիրթ վաղվա անչար հովիտներում ենք բնակեցնում մեր գանգրահեր ուստրերին ու դուստրերին - բայց թուրքն ամենուր է՝ անցյալում և ապագայում, հյուսիսում և հարավում:
Հիմա արդեն ազգովին ու պետությամբ և ո՛չ զարկված ու լլկված քարավանների ծվեններով այս մենք ենք կանգնած ծվատումին ու փրկությանը դեմհանդիման, այս՝ ութսունամյա հեռավոր ու այլևս անվտանգ անցյալի հուշը չէ մեր շքեղ առանձնատներում, այս՝ այսօրն է, այս՝ Թումանյանը չէ դիվանագետի ու ռազմիկի վագոն-սրահում, այս՝ ես եմ ողջ ներկայով նստած թշնամուս առաջ,- խոսե՞մ թե չխոսեմ, հիշե՞մ թե չհիշեմ, պատմե՞մ թե չպատմեմ:
Չհիշեմ՝ անասուն եմ իր առջև, հիշեմ՝ թշնամի: Թշնամուն ոչնչացնում են, անասունը- անասուն է: Բայց թշնամուն նաև հարգում են, որովհետև թշնամին սահման է դնում քո լկտիության շքերթի առաջ: Թշնամին քեզ վերադարձնում է քեզ: Չհիշեմ, չպատմեմ, չխոսեմ, չպատժեմ՝ դավաճանում եմ ինձ, բոլորին և իրեն՝ թշնամուն, թշնամուն՝ իրեն: Չհիշելով, չպատմելով, չպատժելով՝ ես նրա լկտիությունը պատիժ եմ դարձնում բոլորի վրա, և ոչ ոք դրա համար ինձ շնորհակալ չի լինելու, և թշնամին ինքը շնորհակալ չի լինելու:
ԱՅՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է: Այս է իմ հայրենիքը: Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդ - ոչ դեմք, ոչ դեպք-
Ախ ի՜նչ գեղեցիկ է, որ իմ լույսերը ողջակիզումի պատկերներ են գտնում հեռու այն ճանապարհներին, ախ ի՜նչ լավ է՝ որ մաքառումի ու հավիտենության անցյալը բնակեցնելու հարկը ես չունեմ: Նրանց օրինակով՝ մեր ժամանակը մենք լցնելու ենք մեր գործով ու ձայնով, մեր ժամանակի վրա մենք մեր երկաթագիրն ենք թողնելու՝ այստեղ ապրել ենք մենք:

«Գրական թերթ», 01.05.1995թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

People's exit from Etchmiadzin Cathedral, 1895
People's exit from Etchmiadzin Cathedral, 1895
Play Online