Hrant Matevosyan

Ադամորդու պատվիրակը

Նրա իրիկնային երգերից մեկը, որ մեր մշակույթի ամենամնայուն պատկերներից է, այսպիսի երկրորդ քառատող ուներ. «Կալերի մեջ ծղնոտաբույր թիկնոցը հագած՝ Նինջ էր մտնում ամառային օրը վաստակած»։ Ոչ շատ լավ ու ոչ էլ վատ քառատող էր, պոետական դղյակի բացման «սեզամ» հմայիլը ինքը չէր պարունակում, բայց չէր էլ խանգարում հայ-քրիստոնյա գերդաստանի՝ հազարամյա այդ ընտանիք-պետության պատկերի հարությանը։ Իրենը՝ Սահյանինն ու սահյանական էին բոլոր բառերը, անկրկնելիորեն գտնված էր մանավանդ «ամառային վաստակած օր» տարողունակ կերպարը, քառատողը կարող էր այդպես չխանգարելով ապրել թագորյան ուժի «Օրը մթնեց» այդ եղերերգի մեջ, այլև խորան լինել արդեն մեկընդմիշտ երևակված ու սահյանական ասքի մեծ մատյանի բազում էջերից նայող գերդաստանային խմբանկարներից մեկնումեկի համար։ Բայց գեղջկական ամառվա թիկնոցը մայրամուտի երկնքից ու կալերից ծղոտագույն հրաշեկի կամ ծիրանիի ցոլք էր առնում, և հաջորդ հրատարակություններում քառատողը սղվեց։
Սա մասնավոր դեպք ու պարտադիր վարպետությա՞ն հարց է. այո, վարպետության, որ Սահյանի ամբողջ գեղեցիկ գործը մղում է մեկ և նույն գլխավոր նպատակի՝ բավարարվել մարդկանց ներքին լույս ու ջերմության բացահայտմամբ, երկրպագել այդ կրակը, այլ ոչ թե որպես լուսավորիչ շրջել ի մեջ մարդկան, որ քեզնից պակաս չեն լուսավոր։
Մեր հայոց և հայոց մեջ Սահյանի իր ոգուն երբեք խորթ չեն եղել տոնական շքեղությունը, խրախճանային թատրոնը, թամաշան, սևերը ներս ու կարմիրը դուրս և դոստուդուշմանի մեջ լացը ծիծաղ անելը, բայց բանն էլ հենց այն է, որ «բնազանցական ամեն ինչից խորշող», միշտ և ամենուր ներդաշն բնակություն փնտրող ու ստեղծող մեր ոգին շատ ավելի հակված է ծիծաղը թախիծով ու լացը ժպիտով մեղմելու, «մեր ցավը հարավ քամուն տալու», ապաշխարանքի քառասուն տարին այդքան օր ու այդքան օրն էլ քառասուն ժամ անելու։ Եվ ովքեր Սահյանին հայոց բանարվեստ էին ճամփել՝ Հայ մարդը, Հայ տունը, Հայոց աշխարհը, ում պատվիրակն է Սահյանը աշխարհի այս մեծ համերգում, խնդրել էին իրենց մասին պատմել չավելացնելով ու չպակասեցնելով, պակասեցնելով, բայց երբե՛ք ավելացնելով, երբե՛ք շլացնելով, պատմել իրենց լեզվով՝ խոնարհ հայերենով։
Ճշմարիտ բաների մասին իրենց իսկ բառերով զրուցող և այդ բառերը թոթափող ու համայն հայերենի գործառնություն մուծող և այդ բաները համազգային նորոգ կերպարներ դարձնող նրա պոեզիան, մարմրուն գույների, խլացված ձայների, անբառ գեղեցկությունների, անխոս տառապանքի այդ խորունկ դրաման, որ շատ ավելի այն մասին է, թե ինչ է լռում Աստծո ամեն արարած, այդ պոեզիան ահա մարդու մեր բնույթի ամենալրջմիտ հետազոտություններից, մեր հոգու մեհենագրի ամենաճշմարիտ վերծանումներից է և, որպես այդպիսին, կողմնակիորեն վավերացնում է մշակութային աշխարհի ուրիշ փաստերով ու մեր ժողովրդական կյանքի ամեն մի օրով։
Սահյանի Հայը շատ է նման Քսենոփոնի նկարագրած անանուն հային, որ նահանջող զորականին հյուրընկալում ու որդուն ուղեցույց է տալիս, և նրանք լուռ այդ հայի ձագին տանում ու այդպես էլ տանում են, շատ է նման մեր ազգային երգին ու քարե կոթողներին։
Սահյանի ժողովուրդը դեռ երեկ էր սրածվել։ Նույնկերպ նախրացած բանակների քառատրոփ արշավանքի ուղղությունը Սահյանի հայրենի տունն էր մատնանշում, և բանաստեղծը փարեց ու հավիտենորեն խաչվեց հենց այդ ամենաթանկին։ Հայրենի տան, հայրենի եզերքի կերպարը պատերազմով ու կորստի տագնապով սրված անցողիկ զգայունություն էր թվում, պարզվեց, որ թշնամական բոլոր սլաքները բոլոր ժամանակներում ուղղվել են և ուղղվելու են հենց հայրենի տան վրա, որ հայոց մեր լեզուն «տունդ քանդվի» անեծքից չար անեծք չի ճանաչում, որ մարդուն ինքնիշխան մարդ պահողը միայն հայրենի տունն է, որի կործանումը Սահյանի համար առհասարակ մարդու կործանումն է, և զինվորպանդուխտի հուշերի ու կարոտների ծվենները տասնամյակների մեջ վերաճեցին հայրենի եզերքի և հայրենի երկրում կանգնած մարդ-մոնումենտի պահանջի։
Չգերվելով ոչ մի անվան ու սահմանումի, փառահեղ անուններն ու շքեղ սահմանումները համադրելով իր ազգային փորձին ու հայ բանաստեղծի իր միակ ՄԱՐԴԸ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ դավանանքին, Սահյանն իրեն ուսուցիչ ու նախնի արեց շատերից այն քչերին, ում համար մարդու անձեռնմխելի ինքնությունը գաղափարներից մեծագույնն է, և ուսուցիչ ու նախնի է դառնալու շատերի համար, քանի որ ժամանակն, այնուամենայնիվ, աշխատում է նույն նշանաբանով։

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Ara The Beautiful and Shamiram
Ara The Beautiful and Shamiram
Play Online