Hovhannes Tumanyan

Ծղրիդը

Ճըռռ՜՜․․․ ճըռռ՜՜․․․ ճը՛ռճը՛ռ, ճըռռ՜՜․․․

Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի ու կանաչի թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի երեսով։

Իհարկե լսել եք և ինչքա՜ն եք լսել։ Դեռ ով գիտի, գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ էլ պառկած խորասուզվել եք ջինջ, կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերդ ծավալվում է համատարած՝ ճըռ՜ռ՜․․․ ճըռ՜ռ՜․․․

Հանդի կամ դաշտի ծղրիդն է՝ իր անթիվ ու անհամար ընկերներով։

Կամ գուցե հիշում եք էն մելամաղձոտ ճռռոցը, որ ամառվան իրիկունները մենակ ու միալար հնչում է գյուղական խաղաղ տան մի որևէ անկյունից։ Եվ ի՜նչ դյուրեկան թախիծ է բերում մարդու հոգուն, ի՜նչ խաղաղություն, ու մանկության օրերից, մանկության իրիկուններից, նրանցից էլ կարծես թե դենը՝ հեռավոր ու անորոշ հիշողություններ։

Էս էլ տան ծղրիդն է։ Ապրում է տաք անկյուններում, սովորաբար բուխարու կողքին կամ վառարանի ետևը, մի որևէ փոքրիկ ճեղքում։ Գիշերները իր թաքստից դուրս է գալի, հացի, պանրի և ուրիշ ուտելիքների փշրանքներ է որոնում, նրանով ապրում ու երգում ամբողջ տարին։ Նրա տան մեջ լինելն ու երգելը մեր տատերը բախտի նշան էին համարում։

Ճշմարիտ որ, բախտ է էս տեսակ երգիչ ունենալ տանը։

Հին հույները ծղրիդներին բռնոտում, ածում էին փոքրիկ վանդակներն ու կախում իրենց լուսամուտների շրջանակներին, որ երգեն։

Եվ, օրական մի թերթ սալաթ ստանալով, գերության հետ հեշտ հաշտվում են ծղրիդներն ու երգում ու ավելի էլ շատ են ապրում, քան ազատ ժամանակը, երբ ենթակա են հազար ու մի փորձանքի։

Մի մեծ միջատագետ, որ և մեծ բանաստեղծ է միաժամանակ, ասում է՝ ես ծղրիդին հաճույքով կդնեի գարնան վերածնության երգիչների գլուխը։

Եվ սրանով՝ միջատ սոխակը քիչ է մնում խլի թռչուն սոխակի փառքը։

Բայց դուք գուցե էս էլ եք փորձել։ Ուզել եք գտնել, տեսնել մեր փոքրիկ ու նշանավոր երգչին ու չեք կարողացել։ Առաջիդ երգում է, ձենի վրա գնում ես, մին էլ տեսնում ես կտրեց ու սկսեց հեռվից։ Էն կողմն ես գնում, հանկարծ լսում ես, որ աջից է երգում, ձախից, ետևից․․․։

Զարմանում ես, շշկլում ես։ Ո՞րտեղ է վերջապես։

Ինչ ուզում ես՝ արա, ձենով չես գտնիլ նրան, շարունակ էսպես խաբսը կտա։

Բայց ինչո՞ւմն է հնարքը, ո՞նց է անում, որ էսպես խաբսն է տալիս։

Շատ հասարակ ու պարզ բան։

Երկու դողդոջուն, սպիտակ, բարակ, չոր ու թափանցիկ արտաքին թևեր ունի, որոնց եզերքները իջնում են ցած։ Սրանց աջը միշտ գալիս է ձախի վրա, ու արմատում տակից մի կոշտ ունի։ Էդ կոշտից հինգ փայլուն ամուր երակներ են ձգվում, երկուսը՝ վերև, երկուսը՝ ներքև, իսկ հինգերորդը, որ շեկավուն է և փշփշոտ՝ մեջտեղով։

Հենց սա է էն գործիքը, որ թևին քսելով ձեն է հանում ու նվագում ծղրիդը։ Կնտնտոցի (смычок) պաշտոն է կատարում։

Ներքևի ձախ արտաքին թևն էլ նույն կազմն ունի, միայն թե սրա կնտնտոցն ու մյուս երակները վերևի կողմից են։ Էնպես որ, վերևի ու ներքևի արտաքին թևերի երակները, խաչաձև գալիս են իրար վրա։

Կնտնտոցներն իրար քսելիս, նայած թե որ երակին կամ թևի ինչ տեղին է քսում, նրա համեմատ էլ ձենը փոխում է։

Սրա հետ միասին, եթե նվագելիս թևերը բարձրացնում է, ձենը ազատ ու լիահնչյուն է տարածվում, իսկ եթե թևերն

Ձախից աջ՝ Հովհ. Թումանյան, Ղ. Աղայան, Ս. Թառայան և Ալ. Շիրվանզադե

Հովհ. Թումանյանը Լևոն Շանթի հետ իջեցնում է, կպցնում է մարմնին, թևի ձենը խլանում է, էնպես, ինչպես եթե մատդ սեղմես զրնգող ամանին, ձենը խլանա։ Եվ նայած, թե որ կողմից ու ինչպես է թևը սեղմում, նրա համեմատ էլ մին թույլ է գալիս ճռռոցի ձենը, մին ուժեղ, մին զվարթ, մին ճնշված, մին էս կողմից, մին էն։

Դրա համար էլ ձենը լսում եք, բայց չեք կարողանում նրան գտնել։

Նրան գտնելու համար պիտի գտնեք նրա բունը։ Գրեթե միշտ իր բնումն է կամ բնի առաջը ու չի հեռանում։

Ահա, տեսե՛ք բնից դուրս հանած նրա սև գլուխը․ դեսուդեն է շարժում երկար շոշափուկները, որ մենք բեղեր ենք ասում։ Իմացավ՝ մոտենում ենք շտապով ետ-ետ գնաց, ներս մտավ, թաքնվեց։ Էլ դուրս չի գալ։ Բայց ես գիտեմ նրան դուրս բերելու ձևը։ Էսպես դեպքերում, երեխա ժամանակ, չոփ էինք առնում, կոխում ծղրիդի՝ մատնաչափ երկարություն ունեցող բունը, խառնում ու ետ հանում։ Էլ չէինք իմանում, զարմացած, թե զարհուրած՝ ծղրիդը շշկլած դուրս է գալիս ու դես-դեն ընկնում։ Իսկ եթե նորից ներս էր մտնում կամ իսկի դուրս չէր գալիս, ավելի հիմնավոր բան գիտեինք՝ ջուր էինք լցնում նրա փոքրիկ բունը կամ տունը։ Էս անգամ արդեն ուզեր-չուզեր մեր երգիչը դուրս էր գալիս արևի տակ։

Տունը ջրով լցվեց։

Տուն որ ասում եմ հանաք չիմանաք։ Ես չեմ եղել նրա տանը, բայց հայտնի միջատագետների ասելով, ծղրիդի տունը թե մաքրության, թե գեղեցկության և թե առողջապահության կողմից ավելի լավն է ու հարմար, քան մարդկանցից շատ-շատերի տները։

Տեղն ընտրում է արեգունի ու ջրփախ մի կանաչ տեղ․ արևոտ, առողջ ու դիրքը գեղեցիկ։ Բնի մուտքի վրա սովորաբար կախված է լինում մի փունջ խոտ կամ ծաղիկ, որ համ դուռը ծածկի չար աչքերից, համ հովանի լինի շոգի դեմ։ Մուտքի առաջ փոքրիկ ավլած բակը։

Ինչպես մուտքը, էնպես էլ ներսը՝ սենյակը, պարզ, մաքուր ու չոր։ Իսկ ներսի սենյակի պատերը կոկ ու հղկած, դեռ սենյակում էլ պահարան։ Ու միշտ էլ, քանի կենդանի է ու ապրում է իր բնում, աշխատում է ավելի ու ավելի գեղեցկացնի, կատարելագործի։ Եվ իր ցեղակից ուղղաթևների մեջ մենակ ինքն է, որ էսպես բուն է շինում իր համար։ Նստակյաց կյանքի, մշտական բնակության համար։ Համ բակ, համ նախասենյակ, համ սենյակ, համ պահարան։

Ասացեք խնդրեմ, ի՞նչով է տանից պակաս։ Ինքն էլ համ հիանալի նվագում է, համ էսպես տուն է շինում․ ինչո՞վ է մարդուց պակաս։ Գլխին էլ որ լավ մտիկ անեք, պառավ մարդի գլխի նման է։ Երևի էդ շնորհքի ու էդ գլխի պատճառով էս տեսակ մի ավանդություն էլ կա։ Ասում է․ «Ծղրիդը մի ժամանակով մարդ է եղել։ Շատ ուրախ ու կյանքը սիրող մարդ է եղել։ Աստծուն խնդրել է, որ իրեն հավիտենական կյանք տա, բայց մոռացել է հավիտենական կյանք խնդրելիս էն էլ խնդրի, որ միշտ ջահել մնա։ Աստված նրա կիսատ խնդիրքը կատարել Է։ Էս մարդն ապրել է, ծերացել, թերացել, էնքան է ծերացել, կորացել, չորացել ու կուչ եկել, փոքրացել, որ վերջը ծղրիդ է դարձել»։

Ինչպես բոլոր արտիստ մարդիկ, ծղրիդն էլ ատում է ամբոխը և սիրում է մենակությունը։ Մենակ ապրում է իր գեղեցիկ տանը և շատ էլ ծույլ է, ինչպես առհասարակ երգիչները։ Մայիսը գալիս է թե չէ՝ տուն ու տեղը սարքում է թե չէ, սկսում է երգել։ Եվ միշտ իր շեմքում։ Իրիկնապահերին դուրս է գալիս վերջալուսի դիմաց կամ խաղաղ լուսնյակ գիշերները լուսնի լուսի տակ, իր մաքուր շեմքում նվագում կամ, ինչպես ընդունված է ասել, երգում― ճը՜ռռ․․․ ճը՜ռռ․․․

Սկզբում երգում է իրեն համար, փառաբանում է գարնան գիշերների գեղեցկությունը, նոր կյանքի քաղցրությունը։ Մի քիչ հետո սկսում է սեր երգել ու քնքշալով կանչել իր գրկից հարևանուհուն՝ տան առջևը կախած ծաղկի կամ խոտի փնչի տակ գտնվող մաքուր բակում լուսնյակի լուսի տակ ժամանակ անցկացնելու։

Հարևանուհին երգել չգիտի ու երբեք չի երգում, սակայն սիրում է երգը, մանավանդ, երբ երգում իրեն են գովում ու կանչում։ Լսում է երգչին և լսում է իր առաջին ծնկներով ու էդ ձենի վրա գալիս է հրավերքին։

Գալիս է, գուրգուրգուրում, գգվում են իրար, սիրում են իրար, սիրով էլ իրար հետ կապում են իրենց կյանքը։ Բայց շատ կարճատև ու դժբախտ է լինում առհասարակ նրանց էդ բարեկամությունը։ Մի տասը տեսակցությունից հետո հաճախ մեռնում է մեր ուժասպառ երգիչը։ Էն էլ է պատահում, որ էս ամենից հետո իր նախկին ընկերուհին է վրեն հարձակվում, ծեծում, ծվատում, ուտում, դեն շպրտելով անբախտ երգչի փալաս դարձած ջութակը։ Էն ջութակը, որ էնքան սրտառուչ եղանակներ էր նվագել իրեն համար։

Եթե կերպարանափոխության շրջանումն է պատահում, որ ծղրիդը կորցնի իր մարմնի որևէ մասը, նորից պոկված անդամը դուրս է գալի, ինչպես բույսի կտրած ճյուղը դուրս գա։

Տան ծղրիդը իր ապահով տեղը, իր տաք անկյունում սովորաբար երկար է ապրում, իսկ հանդինը ենթակա է հազար ու մի փորձանքի։ Քարաթոթոշ կա, մողես կա, մեղու կա, վերջապես էն չարաճճի ծտերը կան, որ անդադար թռչկոտում են չորս կողմը, մին էլ տեսար մինը մոտակա թփի վրից, պը՜ժժ, զարկեց, կտցեց մեր տկար երգչին ու տարավ շամփրեց մամխի թփի փշերին՝ իրեն համար ձմեռվա պաշար։

Բայց եթե դրանից էլ ազատվի, բնությունից ո՞ւր պիտի փախչի։

Հասնում են աշնան ցրտերը։ Հոկտեմբերյան մի ցուրտ օր էլ, վերջին անգամ իր շեմքի առաջ, աշնան սառը վերջալուսի դեմ, երգում է ծղրիդն իր վերջին երգն ու քնում հավիտենական քնով։ Սառը քամին չորացած խոտերով ու թառամած ծաղիկներով ծածկում է նրա անհայտ գերեզմանը, իսկ մի քիչ հետո անհետ թաղում է ձյունի տակ ու վրեն սուլում է ձմռան բուքը՝ վո՜ւ․․․ ո՜ւ․․․ Էսպես է բնության կարգը։ Ծնվեց, ապրեց ու մեռավ, ետևից թողնելով իր սերունդը 300-600 ծղրիդ, ինչպես ասում են գիտնականները։

Մարիկ ծղրիդը էսքան ձու է ածել մի էն տեսակ հարմար ու ապահով տեղ, որ համ վտանգից ու փորձանքից ազատ լինեն ձվանը, համ էլ, երբ ձագերը դուրս գան, հենց տեղնուտեղը կերակուր լինի նրանց համար։

Զարմանում են գիտնականները, թե ո՞րտեղից է ծղրիդին` էսքան խելք ու բանականություն, որ առաջուց ամեն բան հոգում է իր ձագերի համար։ Չէ որ ինքը՝ ծղրիդը, երբեք ոչ մեր է տեսնում, ոչ ձագ, որ սովորած լինի, փորձով գիտենա։ Երբ որ գարնանը ձվից աշխարհք է դուրս գալիս, մերն արդեն մեռած է լինում անցյալ աշնանը, ինքն էլ երբ ձու է ածում, դրանից հետո մեռնում է նույն աշնանը ու չի տեսնում, թե էն ձվից ինչ է դուրս գալիս եկող գարնանը։ Հապա ինչպես է, որ ամեն բան հասկանում է, նախատեսում ու հոգում։ Եվ դրան մի պատասխան են տալի, թե դա կյանքի, բնության անգիտակից թելադրությունն է, բնազդն է, ինստինկտն է։

Բայց ով գիտի, մի՞թե չի կարող պատահել, որ բացի բնազդից ուրիշ ընդունակություն էլ ունենա մեր փոքրիկ երգիչը, օրինակ՝ գիտակցություն, դատողություն։ Հեշտ կարող է պատահել, որ էդպես լինի, թեև ինքը՝ բնազդն, արդեն շատ մեծ բան է և շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած, քան թե մարդու մեջ։

Ահա էսպես հոգում է ծղրիդն իր ապագա սերունդի համար, ապահովում է նրա ծնունդն ու ապրուստը, և նոր գարունքին հայտնվում են նրա ձագերը։ Նորելուկ ձագերը ձվից դուրս գալուց հետո չորս անգամ իրենց կաշին ու կերպարանքը փոխում են ու չորրորդ կերպարանափոխությանը դուրս են գալիս կատարյալ ծղրիդներ։ Անմիջապես իրենց բնակարանի հոգսն են քաշում, իրար հետ կռվում են ծնողական օջախին տիրելու համար, որն էս կռվում մեռնում է անժամանակ, որր տիրում է, մյուսներն էլ գնում են, իրենց աշխատանքով նոր բնակարան են շինում, և դարձյալ նույն կապույտ, ժպտուն երկնքի տակ, նոր կանանչ, ծաղկոտ դաշտերի մեջ, խնդալով ու թնդալով շարունակվում է նույն կյանքն ու նույն երգը՝ ճը՜՜ռռ․․․ ճը՜՜ռռ․․․

Կարծես թե ոչինչ չի փոխվել։

Be the first who will comment on this
Yatuk Music
Yerevan etudes
Alexander Spendiaryan

Yerevan etudes

Autumn Eve, 1972
Autumn Eve, 1972
Play Online