Hovhannes Tumanyan
Սարերում
Մութը իջավ, գետինն առավ
Քոշաքարա սարերում,
Գագաթների տեսքը կորավ
Ու խոր թաղվեց խավարում։
Երկինքն ամպած, տխուր ու սև
Լաց է լինում միալար,
Հեռո՛ւ, հեռու լերան ետև
Խաղում փայլակն անդադար։
Ահա փայլեց և մոտիկից,
Լուսափայլեց սար ու ձոր.
Ոլորվելով սարի տակից
Գետը վազում է պըղտոր։
Մենակ, անքուն հովիվն ահա
Կանգնած իրեն արխաջում,
Արթուն աչքով հըսկում է նա,
Գողից երկյուղ է քաշում։
Փայլակն ահա փայլեց կըրկին,
Նըրա կարմիր լուսի տակ,
Բինից հեռու երևացին
Երկու մարդու կերպարանք...
Ամպը գոռաց ու տըրաքեց,
Եվ անձրևը սաստկացավ,
Հովիվն «հե՛յ հե՜յ...» աղաղակեց,
Շունը թևից վեր կացավ...
Հրացանները որոտացին,
Ոչխարն եղավ ցանուցիր,
Հավարն ընկավ, ողջ զարթնեցին...
Գիշերը մո՜ւթն, ակնակիր...
1891
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Yerevan etudes
Mountains, 1923
Play Online