Hovhannes Tumanyan

Պոետն ու Մուսան

Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի՜տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ՝ ցավերըս հոգամ․․․
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը։
― Ողջու՜յն Պառնասի գըլխից սըրբազան․․․
Ետ նայեմ տեսնեմ՝ իմ ծանոթ Մուսան։
― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,

Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբարքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ։
Երկինք են հասել արցունք ու արյուն․․․
Ահա՝ քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին։
Նայիր՝ աղջիկը ի՜նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,

Անձնըվեր սիրո երգեր է ուզում․․․
Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում․․․
Դու էլ ըսթափվի՛ր, երգիր քեզ նըման,
Ողջունի՛ր շըքեղ գալուստը գարնան։
― Հերիք է, Մուսա՛, երկինքը վըկա,
Էլ համբերելու սիրտ ու տեղ չըկա.
Էնպե՛ս կանեմ քեզ, որ դու մոռանաս

Արյուն ու գարուն, պոետ ու Պառնաս։
Անիծված լինի էն օրն ու տարին,
Որ գերի դառա ես քո քընարին.
Քեզ հետ մըտերիմ դառնալու օրից
Զըրկված մընացի կյանքում բոլորից․․․
― Էն տաղա՞նդը, էն ձի՞րքն հապա,
Որ տըվել եմ․․․
― Ա՛յ խաբեբա,
Ահա ես էլ էդ եմ լալիս.
Ինչո՞ւ էս ձիրքն էիր տալիս։

Չըգիտեի՞ր միթե այնժամ,
Թե ինչ աշխարք պիտի ես գամ։
Թող լինեի մի կեղեքող,
Հավաքեի միշտ փող ու փող.
Առաջ թեև «գազան» ու «ցեց»,
Կըդառնայի շուտով ես մեծ,
Վեհ բարերար
Ազգի համար.
Մեռած օրըս էլ պըսակ տային.
«Իր որբ ազգից― միակ հային»։

Կամ թե տերտեր լինեի թող,
Խաչը վըզիս մեռել թաղող,
Սուփրի վերև միշտ նըստեի,
Իմ ապրուստը դըրըստեի.
Ազգն էլ աչքը տընկեր վըրաս.
Իմ փըրկողը դու ես, որ կաս։
Ահա էսպես բան լիներ մարդ,
Գընար ապրեր լի ու հանդարտ։
Կամ սընգուրված մի ճոխ հիմար,
Որ ապրում է լոկ իր համար,

Ուտում-քընում, ելնում-ուտում,
Լի՜, գո՜հ, ինչպես աղբակույտում
Հանգիստ ապրող որդը պարարտ։
Կըլինեի հարգի մի մարդ,
Նույնիսկ եթե գըլուխըս այնժամ
Դատարկ լիներ հազար անգամ,
Քան թե հիմա իմ գըրպանը։
Ահա կյանքում էս է բանը.
Թե չէ՝ լինել ի ծնե գերի
Մերկ Մուսայի ու երգերի,

Որդիք ու կին
Թողած բախտին,
Մերձավորի ծաղր ու ծանակ,
Ուժից ընկել անժամանակ―
Թե պոետ եմ․․․ օ՜, ո՛չ, Մուսա՛,
Մի անարդար պատիժ է սա։
Եվ ինձ մոտիկ,
Փորձված մարդիկ
Դեռ շատ վաղուց նըկատեցին,
Կըռիվ արին, խըրատեցին,

Թե աշխարքին մըտիկ արա.
Շատ էլ խընդաց խելքիս վըրա․․․
Իսկ ես, ա՜խ, ես,
Միշտ խենթ էսպես,
Գիշեր-ցերեկ թերթում գըրքեր,
Շինում էի դատարկ երգեր,
Միշտ քո քամով էի թըռչում,
Ու միշտ բախտից հեռու փոխչում։
― Ա՛յ ապերախտ, ի՞նչ ես ասում.
Էն ո՞ր բախտն ես դու ափսոսում,

Որ չեմ տըվել քեզ իմ ձեռքով.
Աստվածային հըզոր ձիրքով
Էս ցած կյանքից հեշտ ու անթև
Թըռչել երկինք, վերև՜, վերև՜,
Ցավեր, հոգսեր ողջ մոռանալ,
Դըժոխք իջնել, դըրախտ գընալ,
Անհուն ըզգալ, թովիչ երգել․․․
Ո՞ր բախտից եմ ես քեզ զըրկել։
― Օ՜, ո՜ր բախտից․․․ ա՜յ սևերե՛ս,
Ահա շարեմ հիշիր ու տե՛ս։

Ինձ մի անգամ առան-տարան
Հաշվապահի ուսումնարան,
Շատ խոսեցին,
Համոզեցին,
Թե կավարտես էս դըպրոցում,
Ատեստատը հետո ծոցում,
Ուր որ գընաս,
Տեղ կունենաս,
Լա՜վ փողով տեղ բուղգալտերի.
Խազեյինդ էլ տարեցտարի

Միշտ կավելցընի քո ռոճիկը,
Վերջը վըրան և․․․ աղջիկը։
Բայց դու եկար միտքըս մըտար,
Ինձ չըթողիր տեղըս դադար.
Դավթարն աչքիս դարձավ դաժան,
Թիվ, կոտորակ, թըվանշան
Ուղեղիս մեջ դարձան որդեր,
Քիչ էր մընում սիրտըս պայթեր.
Ես ել խըրտնած խենթ երեխա՝
Փող ու աղջիկ թողի, փախա,

Թե չեմ կարող, ես չեմ կարող,
Ես գըրող եմ, գըրո՜ղ, գըրո՜ղ։
Սակայն էլի բախտըս ժըպտաց,
Ձեռըս բըռնեց տարավ հանկարծ
Ու պիսերի տըվավ պաշտոն։
Ո՜չ լի օր կար ինձ և ոչ տոն։
Մեծավորըս էնքան սիրեց,
Հին գըրչակոթն ինձ նըվիրեց.
Ընկերներս էլ ինձ դաս տըվին―
Ոնց պըլոկել խընդրատվին։

Բայց դու էլի եկար գըտար,
Խաղաղ գործիս մեջը մըտար.
Ես էլ հիմարս՝ իսկույնևեթ
Վեճ բաց արի ամենքի հետ.
Թե ի՞նչ բան է՝ խեղճ գյուղացուն
Գերի շինել՝ ողջ տարին բուն
Տանել, բերել ու թալանել,
Այրու պըղինձն աճուրդ անել․․․
Էս բոլորը քիչ էր կարծես,
Էնքան արիր, սատանի պես,

Որ գըրեցի մեծիս պարսավ.
Նա էլ― կո՛րի, կո՛րի, ասավ,
Մենք ենք տալի քեզ փող ու վարձ,
Դու, Մուսայի խելքով ընկած,
Վեր ես կենում մեր դեմ խոսում.
Էդպես պիսեր մենք չեն ուզում։
Սակայն աստված մեծ է գութով.
Հայտնի կանտոր ընկա շուտով։
Լավ էր, ասի, այսուհետև
Կապրեմ ազատ, գործըս թեթև։

Հետըս եկար մըտար կանտոր,
Գործերըս արիր խառնուփընթոր.
Քու երեսից հենց նույն տարին
Իմ պաշտոնից ինձ դուրս արին։
Էսպես եղա ես խայտառակ,
Համ էլ ընկա պարտքերի տակ.
(Հո պոետի պարտքն էլ գիտես.
Էդ լոկ պարտք չի ուրիշի պես,
Այլ ազգային մի մեծ առակ,
Վեճ ու վըճիռ ծանր ու բարակ)։

Ո՞ր մեկն ասեմ, ո՞րը թողնեմ.
Երբ որ տեսան շընորհք չունեմ,
Այնուհետև քանի անգամ
Ծանոթ, ընկեր, լավ բարեկամ՝
Տերտերության տըվին խորհուրդ.
― Ա՛յ քեզ մեծ ժամ, լավ ժողովուրդ,
Փարթամ քելեխ, հարգ, մեծարանք,
Հարստություն, հանգիստ, հեշտ կյանք․․․
Իսկ ես՝ անփորձ, անխելք հիմար,
Ողջ մերժեցի լոկ քեզ համար.

Պատրաստ կյանքից, բախտից փախած,
Գանձանակի թեփշին թողած,
Քընարն առա,
Պոետ դառա,
Երգ ու տաղով մըտա հանդես,
― Հե՜յ, Մուսայի ընկերն եմ ես,
Ձեն տըվի ես ոգևորված։
― Հա՛, հա՛, հա՛, հա՜, բիրտ հըռհըռաց
Ժողովուրդը միաբերան,
Թըռցրել է խելքն էս խեղճ տըղան։

Հեռո՛ւ կորի, խե՛նթ պատանի,
Որ անպիտան գործի, բանի,
Ուշք ու միտքըդ տըվել երգին՝
Մի չես նայում էս աշխարքին․․․
Մենք մարդիկ ենք– գործ ենք անում,
Խենթ-մենթ բաներ չենք հասկանում։
Ես գոչեցի.― խավա՛ր ամբոխ,
Պաշտում ես դու լոկ փայլ ու փող,
Չես հասկանում դու պոետին.
Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,

Երգում եմ սե՜ր, ճըշմարտությո՜ւն․․․
Ու գընացի խըմբագրատուն։
― Տեր խըմբագիր, պոետ եմ նոր,
Բերել եմ ձեզ ոտանավոր.
Ահա կարդամ ակա՛նջ դըրեք,
Ձեր հանդիսում տեղավորեք։

«Սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք օր ու գիշեր,
Նայում եք անթարթ իմ հոգու խորքում․․․
Ինչո՞ւ չեք քընում, ինչո՞ւ չեք փակվում.

Բանաստեղծն արդեն տանջանքից հոգնել՝
Ուզում է քընել, հավիտյա՜ն քընել․․․
Դուք էլ քընեցեք, սևորա՜կ աչքեր,
Ցերեկըս անցել է, գիշեր է, գիշեր․․․»

― Ոչինչ, կոկիկ է։ Խոսելով անկեղծ՝
Դուք վատ չեք գըրում, պա՛րոն բանաստեղծ.
Ամեն տողում տասն են վանկերը,
Բայց ինձ աղքատ են թըվում հանգերը։
Հապա մի տըվեք, ուղղեմ ես հիմա,
Տեսեք՝ թե որքան սահուն դուրս կըգա։

Ուղղում եմ ես միշտ մեր պոետներին,
Էսպես եմ պոետ շինել բոլորին։

«Սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք դուք ինձ ինչպես քաջքեր․․․»

Ես իսկույն ինչպես հալածված քաջքից՝
Փախա խըմբագրից ու իրեն աչքից,
Երգերըս ուղիղ տարա տըպարան.
Դուրս եկավ էսպես մի նոր երգարան։
Այնժամ մըտրակող մի թունդ պուբլիցիստ,
Հայտնի քըննադատ, բազմագետ ու խիստ,

Սաստիկ վըրդովված, անաչառ հոգով
Ծաղրի առավ ինձ իրեն «ակնարկով»։
― Ես դեմ եմ, ասավ, բանաստեղծության,
Զըզվեցնում է ինձ էդ երգի Մուսան։
Ո՛չ մըտքեր են պետք, ո՛չ ձիրք և ոչ խելք,―
Բառեր ու հանգեր – և ահա քեզ երգ։
Հենց նոր դուրս եկած էս խակ տըղան էլ
Գըլխից էս տեսակ բաներ է հանել։
Ուրի՜շ բան էին հին պոետները․․․
Նըրանք էլ մեռան, տարան հետները

Տաղանդ ու երգեր. ամե՜ն, ամեն բան
Մըտավ նըրանց հետ խավար գերեզման․․․
Դարձավ անապատ․․․ էլ ո՞վ է մընում․․․
Էլ ուրիշ պոետ մենք չենք ընդունում․․․
Որքան ծաղրում ենք, սըրանք չեն լըռում,
Ոչ էլ մեր ուզած բաներն են գըրում։
― Ո՜վ բըրետների, կույրերի երկիր։
Դու մի՛ հավատար, իմ հե՛գ որդեգիր,
Ես էն հանգուցյալ լավերից նույնպես
Լըսել եմ հաճախ գանգատներ պես-պես։

Սպանում են դեռ ծաղրով ու թույնով,
Ապա պըճընվում նըրանց անունով.
Լափում են նըրանց վաստակը արդար,
Ու նորից․․․ նույն հին կըռիվը վատթար․․․
Երդվում եմ ահա ճառագող օրով,
Վառ Ավրորայի մաքուր շողերով,
Խոսում ես դու էն չըքերի մասին,
Որ միշտ անտեղյակ առաջին լուսին,
Չեն հըրճվում նըրա ծագման հանդիսով,
Միայն կեսօրին ապուշ երեսով,

Ելնում են մըռայլ, տեսնում քընեած՝
Գըլխների վերև արևը կանգնած.
Ու ծունկ են չոքում,
Օրհներգ են երգում.
Հի՜ն օրհներգություն ու հի՜ն հըրեշներ․․․
Բայց մի՞թե նըրանք ապրում են անմեռ,
Եվ էդպես անհաշտ էսօր էլ քեզ հետ․․․
― Ի՞նչ հըրեշ, Մուսա՛, ի՞նչ կույր ու բըրետ,
Ի՞նչ բաներ ես դու քեզնից հընարում․․․
Ես էն եմ ասում, թե մեր աշխարհում

Պոետները ողջ տըխրել են, ցավել,
Որ իրենց երգի քընար ես տըվել․․․
Ես էլ․․․ ի՞նչ ասեմ․․․ մեղավոր եմ ես,
Ծույլ ու անշընորհք. անպետք, սևերես․․․
Մեր խեղճ տանըցիք ո՜րքան նախատում―
Բայց ես՝ միշտ համառ, չէի հավատում,
Մինչև լըսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի։
Մի օր ինձանից արավ հարցուփորձ.
― Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։

― Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
― Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
― Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
― Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․
Եվ խեղճ ընկերըս երբ որ՝ սըրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ,
Էնպես ծիծաղեց մեր աղան փառփառ,
Որ և հասարակ և մեծ վեհափառ,
Ով որ իմացավ,
Ծիծաղը պըրծավ։

Բայց վերջն ավելի պարզեց խընդիրը,
Երբ հոդված գըրեց մեր լըրագիրը։
― Բանաստեղծն, ասավ, թո՛ղ մի գործ շինի
Որ հացի, վարձի դառնա արժանի.
Թե չէ համառի ու մընա պոետ՝
Ի՞նչ հաշիվ ունի ազգը նըրա հետ.
Ազգը հո նըրան չի խընդրում գըրի,
Թերթն էլ փող չունի՝ թե որ վըճարի․․․
Թո՛ղ գընա ապրի իրեն գըրիչով․․․
Էսպես ենք դատում մեր մաքուր խըղճով։
Ներշընչման համար
Էսպես է հարմար.―
Ով սովից մեռել՝
Նա՛ է լավ գըրել։
Կարող ենք մենք էլ
Էսպես մըտրակել
Ու ծաղրել մի-մի,
Որ առաջ դիմի․․․։
― Ո՜վ ախոռ-երկիր, մըտրակի մարդիկ․․․
Դե՛, ե՛կ, սիրելի՛ս, տանեմ քեզ երկինք.

Էնտեղ երջանիկ ոգիների հետ
Զըվարթ կըխընդաս ու կերգես հավետ.
Կամ կուզես թըռցնեմ, հանեմ Ոլիմպոս,
Որ նեկտար ըմպես, ճաշակես ամբրոս։
― Իմ ազնի՜վ Մուսա՛,
Ա՛յ, է՛դպես խոսա։
Իրավ, էս կյանքից ես շատ եմ զըզվել։
Ի՜նչ երանություն՝ երկընքում սուզվել,
Էն չըքնաղներին, որոնք, անկասկած,
Նըման չեն իսկի մեր հայոց կանանց―
Լինել միշտ ընկեր
Ու սիրո երգեր
Հորինե՛լ,
Ձոնել,
Երկրային չընչին հոգսերը թողած.
Կամ, ոտներն հանգիստ ժայռերից կախած,
Նըստել Պառնասի երջանիկ գըլխին
Ու բարձրից նայել էս հիմար խալխին։
Բայց ես ունեմ կին, շատ երեխաներ,
Նըրանց բանն էնտեղ ի՞նչպես կըլիներ․․․

― Օ՛, երբ Պառնասի գագաթ վերանաս,
Զավակներ ու կին պիտի մոռանաս։
― Ո՜վ դու անիրավ, ի՞նչ եմ արել քեզ,
Որ ինձ իմ տանից էդպես բաժանես։
Չէ՛, լավ է կըրկին, որ երկրում մընամ,
Ծաղրի, նեղության մի կերպ դիմանամ․․․
― Քո կամքը լինի, ազա՜տ բանաստեղծ.
Ընտրի՛ր, ուր կուզես՝ երկինք թե երկիր,
Բայց միշտ, ամեն տեղ եղիր դու անկեղծ,
Մաքուր, սըրտալի քո ե՛րգը երգիր։
Կանգնի՛ր միշտ վերև,
Ու ինչպես արև՝
Նայի՛ր լուսավոր,
Պայծառ ու հըզոր,
Քո կոչումն է դա.
Եվ, ինձ հավատա՛,
Բոլոր գանձերը, գոհարներն անգին
Չարժեն կարճատև քո ներշընչանքին։
― Ա՛յ, դու սատանա՛, է՞լ կուզես խաբել,
Մեծ-մեծ խոսքերով աչքերըս կապել․

Ա՛յ, դու կեղծավո՛ր, սիրուն անպիտան.
Ես լավ եմ տեսնում այժըմ ամեն բան։
Դու ինձ ես մենակ միամիտ գըտել.
Հապա դե խոսիր ուրիշի մոտ էլ,
Ա՛յ, թեկուզ մեզ մոտ, հենց իմ կընկանը―
Ասա՛, թե մենակ փողը չի բանը․․․
Բայց ի՜նչ եմ ասում. հայոց գըրողը
Վաղուց է արդեն ճանաչել փողը.
Եվ երկար, երկար մեր ողջ հանճարով
Մըտածել ենք մենք դըժար օրերով,
Գըրողի պըսա՞կ,
Թե՞ փողի քըսակ․․․
Եվ լավ ենք վըճռել․․․
Դեհ, գընա՛, Մուսա՛.
Գըրադարանս շինում եմ կասսա,
Թըքում եմ և քեզ և քո պըսակին,
Երկըրպագում եմ փողի քըսակին։
«Փողի քըսա՜կը, փողի քըսա՜կը,
Բարձրացընում է մարդու հասակը,
Գեղեցկացնում է հըրեշ տըգեղին,

Սըրբագործում է գարշն ու աղտեղին։
Նըրա ուժն է՝ որ դարձընում է լոկ
Անասուններին հարգի ու խելոք,
Կույսին, զառամին մոտեցնում իրար,
Չարին, վաշխառվին շինում բարերար,
Պըճնում ճակատը լիրբ ավազակի,
Կանգնեցնում արձան անվախճան փառքի։
Նա է միշտ շարժում դատողի լեզուն,
Նա՛ է հասցընում աղոթքն աստըծուն,
Նըրա վըրա է աշխարքը կանգնած.

Նա մեր հոգին է, մեր երկրորդ աստված։
Պոետն էլ բընավ թե խոսել է վատ,
Տուժել է սաստիկ, զըղջացել է շատ,
Եվ այժըմ, ահա, խելքի է եկել,
Սկսել է նըրան օրհնություն երգել»։
Երգըս որ լըսեց իմ դըժբախտ Մուսան,
Իսկույն հավաքեց իր փասա-փուսան.
― Դե՛հ, մընաս բարյավ,
Անսի՛րտ, անիրա՛վ,
Ես էսքան տարի
Ինչ որ քեզ արի,
Բոլորն ուրացար,
Փողապաշտ դարձար․․․

1900 1901
Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody