Hovhannes Tumanyan

նամակ Փիլիպոս Վարդազարյանին

Դսեղ Թիֆլիճ

1895 թ. սեպտեմբերի 27

Սիրելի Ֆիլիպ!
Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ։ Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև ես սաստիկ ցանկանում էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով։ Շարունակ նոր-նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայ հրոց մի խոսքով զահլես գնաց։ Մի ահագին սնդուկ լիքը գիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ․ միայն «Մծիրի»-ի շուրջն եմ բոլորել, մի քանի բաների նայել և այլն։

Ինչ վերաբերում է նոր տպավորություններիս ու դիտողություններիս դրանք շատ են և նոր են, թեև առարկան հին է և միևնույնը։ Ֆիլիպ, մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է։ Մեր կյանքը շատ նման է իմ անցկացրած մի գիշերին։ Մեր գյուղից ոչ շատ հեոու մի գյուղում հյուր ընկա մի տուն։ Այդ տունը առատ, լիքն օջախի և անվան հռչակ ունի մեր գավառում։ Երեկոյան ինձ նստացրին սրահում, այդ չեմ նկարագրում իրանք ներսը, տան մեջ պատրաստություն էին տեսնում ինձ հյուրասիրելու։ Ես կիսաբաց դռան միջով լսում էի նրանց խոսակցությունը։ Ինձ համար ձվածեղ էին պատրաստում։ Երեխաները թրթռում էին, ըստ երեույթին ուզում էին կրակը թափել ձվածեղի հոտից, մայրը նրանց զսպում էր անիծելով ու ծեծելով, երեխաներից մեկը՝ ավելի չարաճճին ձեռքը կոխել էր թավի մեջ նա էլ սկսեց աղիողորմ ճչալ։ Այս ժամանակ տան մեծ աղջիկը իմ առաջով անցավ, յուր ցնցոտիների ետև պահած երկու հաց ներս տարավ։ Նոր աղմուկ բարձրացավ ներսը․ երեխաները լաց լինելով պահանջում էին նոր բերած հացից դու մի ասիլ իրանք գարեհաց են ուտում (սիպտակ, փափուկ․․․ ըստ Գ․ Քաթիպայի), ինձ համար գնացել ցորնի հաց են բերել։ Այս հացին կարոտ երեխաները ուզում էին խլել քրոջ ձեռքից, ուտել։ Վերջապես ձվածեղը դուրս բերին, հետն էլ ցորնի հացերը, որոնց չորս կողմից երեխաները ճանկռտել էին։ Եկան երեխաները հեռու կանգնած, ագահ աչքերով կլանում էին ձվածեղն ու հացը, նրանցից մեկի ձեռքն էլ փաթաթել էին․ այդ նա էր, որ ձեռքը կոխել էր ձվածեղ հափշտակելու։ Ես, իհարկե, չկարողացա ուտել, և այնպես վերադարձրի, պատճառաբանելով թե կուշտ եմ, նոր եմ հաց կերել, եկել։ Ներս տարան, երեխաները թմփթմփալով իրար ետևից վազեցին և լացով, ճիչով, աղմուկով իրարից խլեցին, կերան։ Մի՞թե այս է այն լիքը տունը, որի մասին այնքան լսել եմ ես․․․

Ես երկար մտածում էի սրա մասին, երբ ներս մտավ տան տղամարդը։ Բարևելուց, իմ յուր տունը գնալու համար յուր

ուրախությունը հայտնելուց հետո սկսեց հայհոյել աջ ու ձախ, որ բոլորն էլ «աղքատ շներ» են, ձեռով փող է տալիս ու ոտով ետևից ման գալիս չի կարողանում ստանալ։ Բանից երևաց, որ այդ «անվանի» մարդը մի տուն է վեր գրել տվել 150 մանեթով տանըցոնց նստացրել չոր քարին։ Բայց ինչ է տվել դա յուր պարտապանին 8 տարի առաջ 10 մանեթ փող։ Ութ տարվա ընթացքում պարտապանից ստացել է մի խալիչա, մի կով, 20 օրվան մշակություն և այլն այժմ էլ տունը վեր է գրել 150 մանեթով։ Սա սկսեց մի զարմանալի չարախնդությամբ ու պարծենկոտությամբ նկարագրել, թե ինչպես «ղանջղը» (պարտապանի կինը) որ տեսավ դուռը կտրեցին, ուզում էր ծածուկ շորերից հարևանի տունը փախցնել, բայց ինքը յուր ղարաուլներով իսկույն բռնեց, և նա նստելով յուր ձեոքի շորերի վրա սկսեց ղարաչու նման ծղրտալ․․․ կամ թե ինչպես էին լակոտները լվլվում տան միջին ու փախչում դես ու դեն․․․ այդ բոլորը յուր ուժիցն էին պատեպատ ընկնում։ Իհարկե, ես համաձայն էի նորա հետ, որ բոլորը պատմեր և նա շատ բաներ պատմեց։ Եվ պատմեց և տեսա թե ինչպես յուր կինը համաձայն էր (այդ խնդիր է) յուր հարևանի կնոջ հետ մարդու ունեցած հարաբերությանը, որ կատարվում էր յուր, համարյա թե ներկայությամբ, և այդ բանն էլ գիտեր յուր հարևանը (մարդը)։ Ես սկզբում չէի հավատում– բայց շուտով ականատես եղա և հավաստիացա։ Նա ինձ հետ ուրիշ շատ բաներ խոսաց, ես էլ շատ բաներ տեսա, որ այժմ չեմ գրում։ Բայց այն գիշեր իմ քունը չտարավ։ Անկողնից ելա, շատ ման եկա դուրսը մի՞թե սա է այն բարոյական, անվանի տունը, անդադար գլխումս մուրճի նման զարկում էր այս հարցը։ Այս ժամանակ դարձյալ մի այլ տեսարան, որ կպատմեմ հետո, լրացրեց ամեն բան։ Այս մի դեպք է, թերևս, սովորականներից մեկը, բայց շատ խոր ազդեց ինձ և շատ է բնորոշում մեր ապականված, ստոր կյանքը։ Ինչ լավ բան է եղել, հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփույթ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել։ Որ ասում եմ խելագարվել, դու չկարծես

այս և սույնանման դեպքերն եմ հիշում– ուրիշ շատ ու շատ հիշողություններ ու մտածմունքներ կան գլխումս խառնված։

Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմ– այդ որսորդությունն է իսկապես թափառելը անտառներում, սար ու ձորերում։ Մտնում եմ մենակ ամենավտանգավոր տեղեր, և այդ ինձ մի առանձին բավականություն է տալիս։ Մի տեղ էի գնացել․ երբոր իմացան տանըցիք ու գյուղացիք արգելեցին, որ մյուս անգամ մենակ չմտնեմ այնտեղ, որ հայտնի արջանոց է և կասկածավոր տեղ է։ Ես մյուս օրը թաքուն դարձյալ գնացի այնտեղ– թեև մի քիչ էլ մի բանից վախեցի։ Այստեղն ինձ համար մի սիրելի զբոսավայր է դարձել։

Լսեցի, որ իմ գրած վաճառականությունը չես ընդունել։ Ինձանից ավելի խելոք ես եղել։ Բայց եթե դու այստեղ ունենայիր մի այլ հավատարիմ, հմուտ ու փորձված մարդ, դարձյալ խորհուրդ կտայի, որ այստեղ մի գործ բռնեիր։ Այսպիսի դեպքեր քիչ կպատահեն։

Արդեն պատրաստվում ենք կամաց-կամաց, այսօրվանից մեր գալը հազիվ երկու շաբաթ տևի։ Ավելի շուտով էինք գալու, բայց մեր փոքրիկը (Արտավազդը) հիվանդացավ, սպասեցինք նրա աաւղջանալուն։

Տանըցիք արդեն վերադարձած կլինեն, ուստի բարևիր մեր կողմից մայրիկին, տիկին Շուշանիկին, օր․ Մարիամին, Ստեփան Խրիստաֆորիչին, Գրիգոր Խրիստաֆորիչին, Լևոն․․․ իչին ե Աքելին։ Բարևում ենք նույնպես տիկին Լիզային ու պ․ Սանդրոյին իրանց գերդաստանով։ Իսկ ինչ վերաբերում է քեռուն ես կգամ կբարևեմ։ Առաջնորդը մեր տանն էր․ մազալու բաներ կպատմեի, գրելու տեղ չկա։ «Հորիզոնն» ուզեց․ «Բորչալվում» հոդվածը կարդաց ու հիշատակարանում նկատողություններ արավ։

Ի վերջո համբույրս։

Քո Հովհաննես
Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

December 11, 1970 NYC
December 11, 1970 NYC
Play Online