Hovhannes Tumanyan
Կաքավի գովքը
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։
Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։
Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կըհանես.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։
1907
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Komitas
You are Chinar
 
      Untitled
        
          Play Online