Hovhannes Tumanyan

Հիշողություն հայրենիքից

Այս կրծքի տակ ապականված,
Հեռու կյանքի ժըխորից,
Դեռ մի հնչյուն կա պահպանված
Իմ մանկության օրերից։

Եվ երբեմն պատահում է,
Որ հնչում է նա հստակ,
Կյանքի ձայնը նշկահում է
Ես շնչում եմ համարձակ։

Պայծառ շողերն հիշողության

Մտնում են ծոցն անցյալի,
Լուսավորում իմ մանկության
Անհոգ պատկերն անձկալի։

Ահա երկինքն իմ հայրենի
Հայի սրտի նման պարզ,

Ահա երկիրն իմ հայրենի–
Կանաչազարդ հանապազ։

Ողջույն ձեզ, ո՛վ ուրախ, ազատ,
Անցած օրեր իմ մանկության...
Ա՛խ, ձեզանից ինձ մի բացատ

Անջատել է հավիտյան։

Ահա փոքրիկ իմ քույրերը
Խաղ են անում միասին,
Օ՜հ, անհանգիստ, չար եղբայրը
Նրանց ծեծում է կրկին...

Մորս ձայնը մեղեդիական
Ահա հնչում է քնքույշ,
Նրա հայացքը մայրական
Ինձ հետևում է զգույշ։

Ահա կանգնած է իմ առաջ

Մեր բազմահոգ գյուղացին,
Մեծամարմին և քաջալանջ,
Ծիծաղ չըկա երեսին։

Ո՛հ, լսում եմ նրա երգը
Միանման ու տխուր.

Լայնաբերան նրա վերքը
Մեծանում է օր-ավուր...

Ահա թշվառ հայ գեղջկուհին,
Դեմքը վշտոտ ու նիհար.
Պատառոտած մի շոր հագին,

Չարչարվում է անդադար։

Ահա ծերուկը, շարժելով
Ալիքները, առաջվան
Կյանքն է հիշում հառաչելով
Եվ մտնում է գերեզման...

Եվ պարզ աչքով ես տեսնում եմ
Հայրենիքս ծաղկավետ,
Այն ճոխ երկրից ես լսում եմ
Անհոգ ծիծաղ լացի հետ...

Դալարագեղ նրա հովտում

Ի՜նչ աղմուկ է վայրենի,
Գետի գոռոց և որոտում
Հազարավոր ձայների։

Ահա նրա լուռ, ահավոր
Խաղաղ գիշերն աստղաշատ,

Ահա նրա հանդիսավոր
Առավոտը ցողապատ.

Նրա ձորերն անդնդափոս
Եվ բարձրաբերձ քարափը,
Նրա սարերն ու հորդահոս

Սովորական տարափը.

Երբ որ կայծակը շեշտակի
Ահեղորոտ իջնում է,
Անտառապատ և վիթխարի
Լերանց կրծքին հանգչում է։

Ի՜նչ սիրուն է և հոյակապ
Հայրենիքս վշտակիր,
Եվ դու, մերժած սեր իմ հրատապ,
Այն լեռների մեջ հանգիր։

1890
Be the first who will comment on this
Yatuk Music
Kars
Tigran Hamasyan

Kars

Sleep Angel
Sleep Angel
Play Online