Hovhannes Tumanyan

Դեպի անհունը

I

Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում...
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
Չե՛ս կարող, չէ՜, չե՛ս կարող...

Չէի կարենում բըռնել ես նըրան։
Ճերմակին տալով՝ ծառերի ետև
Ծածկըվում էր նա աչքես անգուման,

Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
Չե՛ս կարող, չէ՛, չե՛ս կարող...

Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան։ Հանկարծ նա ճըչաց,
Զեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա՜վ, գընա՜ց.
Գընա՜ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում...

II

Վեր թըռա քընից, դուրսը նայեցի.

Արևը ուրախ զարկել էր սարին,
Բընությունն անհոգ, թարմ ու նազելի
Զուգվում էր, ժըպտում մանուկ արևին։
Գիշերն անցել էր. բայց իր ետևից
Մըռայլ էր թողել դեռ ցած՝ հովիտում։
Էդպես տակավին անցած երազից
Խավար մի բան կար նըստած իմ սրըտում։
Թեկուզ երազին չես էլ հավատում,
Բայց օտար տեղում, քո տանից հեռու,
Սիրտըդ մի համառ կասկած է մըտնում,

Թե՝ մի մահագույժ սև բոթ է գալու...
Հասմիկն երազում աղավնի դառավ,
Աղավնի դառավ՝ իմ ձեռքից թըռավ...
Լոկ երա՞զ էր այս։ Բայց երազն ի՞նչ է։
Երազ, թե իրոք այդ միթե մի՞ն չէ,
Երազն էլ երբ որ կարող է կանչել,
Կարող է հուզել, խընդացնել, տանջել...
Հասմիկն ապրում էր Հասմիկը մեռավ...
Երազը եկավ երազը թըռավ...
Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,

Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք։
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արղյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա.
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում...
Ու... գիր է գալիս ահա իմ տանից,
Թե՝ կինըս հիվանդ ըսպասում է ինձ...

III

Տո՜ւն, տո՜ւն, դեպի տուն
Թըռչում եմ արթուն,
Ինչպես երազում։

Շուրջըս ամեն բան
Ըշտապ, ինձ նըման,
Անցնում է, վազում։
Շըշմած գըլխիս մեջ
Գալիս են անվերջ
Ու ճընշում իրար
Զանազան դեպքեր,
Հուշեր ու մըտքեր,
Պայծառ ու խավար...

Տեսնում եմ նըրան՝

Կանգնած է գարնան
Շողերի միջին,
Ու ժըպտում է ինձ
Իր պատուհանից՝
Ծաղիկը լանջին...

Տեսնում եմ մեռած,
Ծաղկով զարդարած,
Դըրած դագաղում.
Տըխրալի մի օր,
Արտասուք, սըգվոր,

Սևեր ու թաղում...

Տո՜ւն, տո՛ւն, դեպի տուն.
Ու մյուս իրիկուն
Մեր տան դեմ ելա։
Մի սև-սև զանգված՝
Կուտակված, կանգնած
Մեր դըռանն ահա...

Պըտույտ է գալիս
Աշխարքը գըլխիս,
Երկինքը մըթնում...

Ողջ կանգնած են լուռ,
Ու ներսից տըխուր
Ձայներ են թընդում...

IV

«Հասմի՛կ ջա՜ն, եկա՜վ... դե վեր կա՜ց... վեր կա՜ց...»
Դուրս հոսեց դեմըս տըրտում ու հոգնած
Նըրա մոր ողբը... խունկի ծըխի տակ
Աչքովըս ընկավ դագաղը ճերմակ,
Ու շուրջըս մըթնեց։ Տեղըս կորցըրի...
Մարդից, արևից, աշխարքից հեռի,
Մի անտակ ձորում, սև՜ ու խոր ջըրում

Տարվում էի ես, խեղդվում, չարչարվում.
Բարձր էին ափերն, ողորկ ու դըժար,
Մի թուփ չըկար գեթ բռնելու համար,
Չըկար կենդանի ձե՜ն, ըստվե՜ր, նըշա՜ն,
Որ կարենայի կանչել օգնության...

V

Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, զըվաըթ քըրքիջով
Մի ծիծաղ անցավ փողոցի միջով։
Ես ուշքի եկա, աչքըս բաց արի,
Տեսա աշխարքը ու լույսն արևի,
Տեսա՝ նըստոտած մարդիկ շրշընջում,

Անտարբեր թեքված՝ իրար ականջում
Խոսում են ուրիշ բաների վըրա,
Ու ոմանք ժըպտո՜ւմ, ժըպտում աշկարա...
Իսկ կողքիս նըստած ալևոր մի մարդ
Խրատում էր ինձ միալար, հանդարտ.
Մի՛ լար, սիրելի՛ս, երեխա չես դու,
Ինչքան էլ որ լաս իզուր ես լալու.
Քո ձենը երբեք էլ չի լըսիլ նա,
Ոչ կըհասկանա, ոչ էլ ետ կըգա։
Էսպես կամեցավ աստված, երևի,

Որ նըրա օրր շուտով խավարի...
Մենք հողեղեններս՝ անճար ու չընչին,
Ի՜նչ ենք աստուծո կամքի առաջին...
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,
Ամե՜նք, ամենքը, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա։

VI

Ես լըսում էի... Ու հանկարծ ես էլ

Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք՝ տգետ,
Մենք խեղճ, կարճամիտ, ու չենք հասկանում՝
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե՝ և՛ կյանք, և՛ մահ անցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»։
Էսօրն ինչ է որ, մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,

Եվ սակայն կըրկին միևնույն է նա։
Եվ էսպես անվերջ էսօր ու երեկ
Փոփոխվում են միայն, միշտ մընում է մեկ
Մեկ մեծ ժամանակ։ Էսպես էլ հոգին
Փոփոխում է միայն կեղևն արտաքին
Մարմինն՝ էսօրվան օրին նըմանակ,
Իսկ ինքը անվերջ, ինչպես ժամանակ։
Կամ ևս սիրուն, հոսանուտ մի գետ,
Որ հազար ալիք ու ծըփանք ունի․
Գալիս են ալիք, անցնում են անհետ,

Անցնում են դեպի անդունդն օվկիանի,
Ուր ամեն ալիք, ուր ամեն մի կաթ
Ապրում է դարձյալ անվերջ, անընդհատ...
Էսպես փոխվելով հոսում է, գընում,
Գընո՜ւմ անհունի անճառ սահմանում,
Դեպի գերազանց վիճակն երջանիկ,
Ակն երջանկության, սիրո հայրենիք,
Ուր չըկան մարդիկ և ոչ ըզգացում,
Ուր ողջին մի մեծ կյանք է միացնում...
Եվ ի՜նչ է սիրո իմաստը վերին,
Ի՜նչ երջանկության խորհուրդը խորին,
Հալվե՜լ, միանա՜լ,
Իրեն մոռանալ...

Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև՝ երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ՝ աշխարքը թողած,
Ու կըզգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՜րջ կյանքով երկնավետ...

VII

Բայց ես միշտ թաքուն մի հույս ունեի,

Թե կարող էր նա լինել... կենդանի...
Մի տեղ մի անգամ էդպես է եղել.
Տարել են մեկին, ուզել են թաղել,
Շիրմի փոսի մեջ զարթնել է հանկարծ,
Կարող էր և մեզ լինել պատահած...

VIII

Ո՜չ, ո՜չ, նա գընաց, էլ ետ չի գալու,
Եվ էդպես դու միշտ մեղք ես մընալու։
Թեկուզ և հագնես երկաթի տըրեխ,
Փընտրես՝ կանչելով աշխարհ բովանդակ․
Էլ չես հանդիպիլ նըրան ոչ մի տեղ,

Ոչ մի աշխարքում, ոչ մի ժամանակ...
Էն պաղ դիակն էլ, որ տեսնում ես դեռ,
Էն էլ հողի տակ կըծածկեն հիմա,
Կըգա՜ն, կըգնա՜ն տարիքն անտարբեր,
Ու նա կըփըտի, նա հող կըդառնա.
Անունն էլ ապրող աշխարքի համար
Դատարկ մի հնչյուն, անխորհուրդ մի բառ...
Էն էլ կըկորչի, ինչպես որ չըկա
Անունն ու հետքը էն հին աղջըկա,
Որ ձեզնից առաջ հազար տարիներ

Նույնպես սիրահար ու ժըպիտ ուներ։
Եվ ի՜նչ է մարդը, և ի՜նչ իրեն կյանք.
Եղծական ձևեր, ձայներ, շարժումներ։
Հավերժականը չունի կերպարանք,
Նա լուռ է, անշարժ, հաստատ, աներեր...
Անողոք մի ձեն էսպես ինձ կանչում,
Տանջում էր հոգիս, խորտակում, ճընշում։
Ճիգ էի անում նըրան լըռեցնել,
Սիրտըս էլ հետը պոկել, հեռացնել
Ու գըտնել մի ձեն, մի հընչյուն, մի բառ,

Որ կյանքի, հույսի նըշույլ ունենար...
Ուզեցի «աստվա՜ծ» մին աղաղակել,
Բայց չէ՞ որ նա էր էն մահն ուղարկել։

IX

Մի անհուն ցավի մըրմուռի նըման
Ծավալվում էին զանգերը թաղման,
Ու ժամի ծըխոտ կամարների տակ
Կանգնած էր արդեն տըխուր պատարագ,
Տըխուր պատարագ, տըխուր մեղեդիք,
Տըխուր աղոթքներ ու տըխուր մարդիկ,
Մեջտեղը ճերմակ դագաղը նըրա

Դըրած սևասքող սեղանի վըրա,
Ու նա դագաղում, ասես թե քընած,
Հարսնական ճերմակ շորով պճնըված,
Անփո՜ւյթ, անզգա՜ կյանքին ու մահվան,
Իր դագաղն ածած վարդերի նըման...
Էստեղ՝ բռնըված մի նոր տագնապով՝
Ուզեցի գըտնեմ մըտքի մի թափով,
Թե ի՜նչ էր արդյոք, էն ի՜նչ էր լինում,
Ի՜նչ էր պատահել, նա ո՜ւր էր գընում...
Եվ իսկույն, ասես, դիպա մի քարի։

Մըտքերըս հատան։ Առանց մըտքերի
Կանգնած էի ես խորտակված ու պաղ։
Լուռ էր։ Հոգևոր երգերը մենակ
Ծավալվում էին վըսեմ ու խաղաղ։
Ես լըսում էի, լըսո՜ւմ շարունակ։

«Այս անցավոր երկրի վըրա
Լըցան օրերն պանդըխտության.
Երկնասըլաց գընում է նա,
Հագած մարմին անապական,
Անմահացա՜ծ մահկանացուն՝
Միանալու իր աստըծուն։

Այնտե՜ղ, Վերին Երուսաղեմ,
Օթևանում հըրեշտակաց,
Ուր որ Ենովք ու Եղիաս,
Աղավնակերպ կան ծերացած,
Այն աշխարհո՜ւմ անտըխրական
Արդարքն ապրում են հավիտյան։

Յոթնաստեղյան լույս խորանում,
Ուր ցավ չըկա, ոչ հեծություն,
Ընտրյալ հոգիքն ուրախանում,
Խայտում են միշտ անվե՜րջ, անհո՜ւն
Բերկրանքներով հարազըվարճ,
Աստծո զըվարթ աչքի առաջ։

Այնտեղ նըրանք, միշտ բախտավոր,
Նայում են Հոր լույս երեսին,
Նըրա առջև պաղատավոր
Նըրանց համար, որ թողեցին․
Ու իջնում են, մըխիթարում
Մեզ տըրտմալի այս աշխարհում...»

Թովված, կախարդված, տարված էն երգին,
Վերացավ, թըռավ իմ վշտոտ հոգին
Դեպի երջանիկ մի ուրիշ աշխարհ,
Անհայտ ու հեռու, անծանո՜թ, օտա՜ր...
Եվ էն աշխարհը հըրաշալի՜ էր.
Ո՛չ սուգ կար էնտեղ, ո՛չ վայելք, ո՛չ սեր,
Ոչ կարելի էր կորցընել մի բան
Եվ ոչ ունենալ քաղց ագահության.
Ինչպես գերեզման և ունայնություն՝
Լուռ էր ու դատարկ, անփառք ու անհուն.
Ինչպես հայացքը մեռելի աչքի՝

Մի միտք ուներ միշտ առանց հուզմունքի,
Հողեղեն մարդուն անհայտ խորհըրդով
Հավիտյան սառած, խաղա՜ղ, անվրդով...
Ու անշարժ կանգնած, դալուկ ու լռիկ,
Ըստվերնե՞ր էին, անմարմին մարդի՞կ,
Տըժգույն, անարև, աղոտ լուսի մեջ
Աղոթում էին անձայն ու անվերջ,
Աղոթքն էլ սակայն ոչինչ չէր խընդրում.
Ո՛չ ազատություն, ո՛չ մահ, ո՛չ խընդում...

X

Հանկարծ լըռությունն ինձ ուշքի բերավ,

Աչքիս առջևից հըրաշքը թըռավ։
Պատարագն արդեն վերջացրել էին։
Դագաղը շարժվեց, թընդաց ահագին
Սասանիչ երգը մահվան սարսափի,
Էն լացն ու կոծը, օրհներգը մահի,
Որով մեռելին հրաժեշտ են տալիս
Դեպի գերեզման ճամփու դընելիս,
Երբ ծառս է լինում վիշտը մայրական
Դեպ գահն արարչի ղըրկողը մահվան,
Արձակում ցասկոտ իր ճիչը ետին

Ու թույլ, հուսահատ ընկնում է գետին։


XI

Դուրս եկանք դուռը։ Նայեցի վերև։
Վերևն, ինչպես միշտ, փայլում էր արև.
Բոլորն աշխարքում կարգին ու հանդարտ,
Ու ինչպես երեկ՝ էնպես ամեն մարդ...
Բայց երկինքն էնքա՜ն պայծառ էր այնօր,
Եվ պայծառությունն էնքա՜ն էր տըրտում,
Տըրտմությունն էնքան խոր, հանդիսավոր,
Որ թըվում էր ինձ, թե ջինջ կապույտում՝
Վերջին հըրաժեշտ տալով աշխարհքին՝

Ճախրում էր նըրա հեռացող հոգին...
Ու մըտքովս անցավ հանկարծ ակամա,
Թե արդյոք նըրա աչքերը անմահ
Նայո՞ւմ են ներքև, տեսնո՞ւմ են ինձ էլ,
Թե ո՛նց եմ ցավիս տակին կորացել...
Եվ կամ ո՞րն է նա. էն շո՞ղն է պայծառ,
Որ զվարթ խաղով, աշխույժ ու կայտառ
Կորչում է, մըտնում թուխպ ամպի ետև,
Ազատ, երկնաչու էն ա՞մպն է թեթև,
Թե՞ էն աղավնին, որ հիմա թըռավ,

Անփույթ ճախրելով՝ ջինջ օդում կորավ...


XII

Հանդո՜ւգըն մտքեր, ո՞ւր եք սըլանում։
Ի՞նչ եք որոնում էն մութ սահմանում։
Ահա մեր կյանքի սահմանը վերջին,
Էս սև ու տըխուր թումբերը չընչին...
Լո՜ւռ գերեզմաններ. քանի՜ սըգավոր
Ձեր եզերքներին կանգնել են մի օր,
Էս դատարկ կյանքին, անհաստատ բախտին
Անեծքներ տալով բեկվել, հեռացել,
Երբ որ սիրածի դագաղը մըթին

Վիհ են իջեցրել ու դեմքը ծածկել...
Եվ որքա՜ն ըղձեր, սըրտեր ու զգացմունք
Թաղված են, մարած ձեր լուռ փոսերում.
Ահա և՛ մի նոր բարձրացրած սև թումբ,
Դեռ թաց է հողը, դեռ խունկ է բուրում,
Իսկ մենք ուզում ենք ուրիշին թաղել,
Որ ապրում էր դեռ երկու օր առաջ...
Եվ անշուշտ մի օր սըրա շիրիմն էլ
Կըծածկի նույնպես մամուռը կանաչ,
Կանի հավասար քարին ու հողին,

Ինչպես դըրացու անկողինը հին։
Նըրանից հետո դե՛ եկ՝ իմացի՛ր,
Թե ո՛վ է թաղված քո ոտի տակին,
Ի՜նչ ցեղից էր նա, ի՜նչ ձիրքեր ուներ,
Անահ հերո՞ս էր, գեղանի մի կի՞ն,
Անհոգ մի ջահե՞լ, անկըշտում ագա՞հ,
Աղքա՞տ, թե հարո՞ւստ, ձե՜ն, նըշան չըկա...


XIII

Եվ... իջնում էր նա ընդմիշտ իմ աչքից,
Կյանքից, արևից, էս լուս աշխարքից...
Կորացա, վերջին համբույրս տըվի,

Ու էն համբույրով դագաղում դըրի
Խընդում, սեր, ըղձեր, ամե՜ն, ամեն բան...
Ինձ ետ քաշեցին, մի կողմը տարան։
Իսկույն հետևեց խուլ գըրգրռոցը,
Քարով ու հողով լըցրին էն փոսը,
Դագաղն էլ, ինքն էլ ծածկվեցին հանկարծ,
Ասես թե բընավ աշխարհ չէր եկած,
Եվ այսուհետև երբե՜ք, հավիտյան
Էլ չէր տեսնելու արևը նըրան...
Հուղարկներն այնժամ մոտ եկան մի-մի.

Է՜հ, աստված նըրա հոգուն ողորմի.
Մի օր էլ մենք ենք էսպես գընալու,
Կյանքն էլ է դատարկ, մարդն էլ է դատարկ,
Ո՜վ է աշխարքիս վըրա մընալու.
Անցավոր են ողջ բախտ, վայելք ու փառք...
Ասացին՝ հանգիստ հոգոց հանելով,
Ու դարձյալ հանգիստ զըրույց անելով
Գընացին իրենց տըները անհոգ։
Շուրջըս նայեցի, չէր լալիս ոչ ոք.
Երկինքն էլ էնպես պայծա՜ռ ու հանդարտ...

Եվ ինչպես երեկ, էնպես ամեն մարդ...


XIV

Եկավ գիշերը։ Իմ հոգնած հոգուն
Իջավ տանջալի մի խաղաղություն։
Վայր ընկա, ինչպես ուժաթափ մի բան,
Որ զգում է միայն կարոտ հանգըստյան,
Բայց ճըգնում է դեռ, աշխատում ունայն,
Ուզում է հիշել, թե ինչ բան էր այն.
Մի խառըն երա՞զ էր, մի աշխա՞րք ուրիշ,
Գինու մի քե՞ֆ էր, ծաղը՞ր, թե՞ պատիժ...

Մըրափը սակայն ծանըր ու դանդաղ

Չոքեց ինձ վըրա՝ սև թևերը կախ,
Միտքըս իր թելը կըտրեց ու թըռավ,
Անհուն, խավարչտին քաոսում կորավ.
Մահ, մեռել, շիրիմ թեթև հեռացան,
Ու հեռանալով՝ փոխվեցին, դարձան
Ամպեր, ըստվերներ, կետեր երերուն,
Դողացին, հանգան, ու մըթնեց հեռուն...
Կարճատև մի քուն եկավ ինձ վըրա,
Եվ ես մյուս անգամ երազում տեսա.


XV

Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,

Արևը խաղում պայծառ կապույտում.
Առանց կորուստի ու առանց վըշտի
Կանգնած էի ես էն երազ հովտում։

Շուրջըս շուշաններ, անվե՜րջ շուշաններ,
Լիքն էր անտառը անուշ բուրմունքով,
Եվ եդեմական ներդաշնակ ձայներ
Փառք էին տալի թովչական երգով.

«Փա՜ռք անպատում մըխիթարչին,
Փա՜ռք խորհուրդին անմահության.
Նա է կըրում հույսը վերջին

Ու շոգն անշեջ, արարչական.
Փա՜ռք խորհուրդին անմահության։

Նա գընում է բարձր ու անվերջ
Դեպի անհունն ու հավիտյան,
Վիշտը հանգչում է նըրա մեջ,
Ապրում սերը անապական.
Փա՜ռք խորհուրդին անմահության...»

Ու լսում եմ ես էն խաղաղ օդում
Քընքույշ ու զըվարթ ձայնը սիրելի,
Անհայտ ու անտես կանչում է նա ինձ,

Կանչում գերազանց մի ուրիշ կյանքի.

«Արի՜ ինձ հետ, իմ թըշվա՛ռ,
Ես քեզ տանեմ մի աշխարհ,
Ուր չըկա մահ, անջատում,
Ու սերն անվե՜րջ, անհատնո՜ւմ...

Արի՜, թըռի՜ր, գընա՛նք ինձ հետ,
Անցա՜վ, անհո՜գ, անհո՜ւշ, անհե՜տ...»։

1894-1903

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

Mountain vineyards
Mountain vineyards
Play Online