Grig

Շների քաղաքը

Քարը նետելուց առաջ միշտ պետք է ինքդ քեզ հարցնես՝ արդյոք պատրա՞ստ ես ճակատագիրդ կապել նրա ճակատագրին, ում կդիպչի նետածդ քարը:

…Երեք օր էր՝ ճանապարհին էի, բայց մի այդքան էլ կար քաղաքին հասնելու համար: Բացեցի պարկիս բերանը, ուտելու ոչինչ չէր մնացել, բռիս մեջ դատարկեցի հացի փշրանքն ու բերանս լցնելով՝ շարունակեցի քայլել: Հորս հետ արդեն չեմ հիշում ինչի համար վիճելուց հետո թողեցի ընտանիքս ու փախա տնից...

Այդպես միայնակ գնում էի՝ հույսով, որ հարուստ մարդ եմ դառնալու, և մի օր հայրս լսելու է իմ փառքի մասին: Սակայն իմ ամենավառ երազներում անգամ չէի կարող պատկերացնել, թե ինչ է ինձ համար պատրաստել ճակատագիրը:

Հոգնել էի քայլելուց, իսկ քաղաքը գնալով ավելի հեռու, անհասանելի էր թվում: Երբեք տնից այդքան չէի հեռացել և ոչ մի պատկերացում չունեի քաղաքի մասին, անգամ ճանապարհը չգիտեի, հույսս դրել էի պատահած հովիվների վրա ու շարժվում էի նրանց ցույց տված ճանապարհներով: Գրեթե մթնել էր, երբ հեռվում տնակներ հիշեցնող ստվերներ նշմարեցի: Համոզվելով, որ ստվերները իրոք տնակներ են՝ ոգևորված վազեցի, շտապում էի մութը դեռ լիովին չընկած մտնել գյուղ: Կարծում էի՝ երբ հասնեմ, ոնց էլ լինի, մեկին կհանդիպեմ, սակայն ի զարմանս ինձ՝ ոչ ոք չկար, գյուղը դատարկ էր, ամայի: «Զարմանալի է, այս շոգին փակել են, ինչպե՞ս չեն խեղդվում»,– նայելով տնակների պինդ փակած դռներին ու պատուհաններին՝ մտածեցի և շարունակեցի քայլել:

Արդեն բոլորովին մթնել էր, լիալուսինը կախվել էր երկնքում՝ կաթնագույն թույլ լույսով ողողելով գյուղը: Հույսս կտրած՝ որոշեցի թակել առաջին պատահած դուռը: «Եթե չթողնեն գիշերել, հոգ չէ, միայն թե հաց տան, դրսում էլ կարող եմ քնել, առաջին անգամը չէ»: Թակեցի դուռը... բացող չկար, նորից թակեցի, նորից բացող չեղավ, սակայն դռան ետևից փսփսոցներ էին ականջիս հասնում:

– Ես գիտեմ՝ տանը մարդ կա, բացե՛ք, խնդրում եմ,– ավելի ուժգին թակելով՝ բղավում եմ,– ինձ մի կտոր հաց տվեք, սոված եմ:

Ի պատասխան լսվեցին ճիչեր, ու մի բամբ ձայն բղավեց.

– Թաքնվե՛ք, Նասիրի հոգին է, երևի ամբողջը կերել են, իրեն չի հասել, դրա համար էլ տուն է վերադարձել, որ մեր մարմիններով քաղցը հագեցնի...

Տարօրինակ ճիչերից ու լացի ձայնից սարսափած՝ փախա: Ոչինչ չէի հասկանում, ուզածս մի կտոր հաց էր... Որոշեցի թակել մեկ այլ դուռ, նորից ճիչեր լսվեցին, բայց շարունակություն չգտնելով՝ միանգամից մարեցին: Այդ տնակի մոտից էլ հեռացա, իսկ երբ երրորդ դռան ետևից կրկին սարսափազդու ճիչեր, լացի ձայներ լսվեցին, համոզվեցի, որ պատահականություն չէ:

Արդեն զղջում էի, որ մտել եմ գյուղ, ինչ-որ վատ կանխազգացում ստիպում էր հիշել եկածս ճանապարհը՝ հնարավորինս շուտ այդտեղից դուրս գալու համար: Անվերջ պտույտներ էի գործում խճճված ճանապարհներով, մի պահ թվաց՝ գյուղը մեծացել է: «Ախր այսքան տնակներ չկային, որտեղի՞ց հայտնվեցին»,– կրկնում էի ինքս ինձ: Զարմանալիորեն մոռացել էի քաղցի մասին, շատ առույգ, ուժեղ էի զգում ինձ...

Երբ անցա տնակներից մեկի կողքով և պատրաստվում էի թեքվել, հեռվում ուշադրությունս գրավեց ստվերի շարժումը: Կանգնեցի՝ համոզվելու, տեսողությունս չէր խաբել, ստվերը օրորվում էր, կարծես փողոցով քայլող հարբած մարդ լիներ: Սրտումս արդեն վախ կար գյուղի հետ կապված ամեն ինչի հանդեպ. փողոցով քայլող հարբածը բացառություն չէր: Վախս մեղմում էր գոտկատեղիցս կախված լայնշեղբ դանակը, որ փախչելիս հետս էի վերցրել: Վճռեցի հասնել մարդուն, հարց ու փորձով ճշտել, թե ինչպես կարող եմ դուրս գալ գյուղից, ուրիշ ելք չկար՝ մոլորվել էի: Քայլում էի դեպի հարբածը, փորձելով ոտքերս հնարավորինս զգույշ դնել աղմուկ չբարձրացնելու համար: Ինչքան մոտենում էի, ստվերն այնքան փոքրանում էր, լուսնի լույսը չէր բավականացնում, տեսողությունս սկսում էր դավաճանել: Արդեն բավական մոտեցել էի, երբ ստվերի կողքին մի քանի ստվերներ էլ երևացին, նույնպես օրորվում էին... Գարշելի հոտ առա, շունչս պահած՝ ուզում էի քայլերս արագացնել, հենց այդ պահին լսվեց ձայնը: Ինքնաբերաբար շրջվեցի՝ ձայնը գալիս էր խավարի մեջ կորած տնակներից մեկի կողմից: Ավելի ու ավելի էր ուժգնանում... Ձեռքս տարա դանակին, չեմ կարող ասել՝ ինչ էի մտածում այդ պահին, իրար հակասող մտքեր էին անցնում գլխովս, մի պահ նույնիսկ ցանկացա հեռանալ, բայց հետաքրքրասիրությունն ավելի ուժեղ գտնվեց, խոր շունչ քաշելով՝ սլացա անկյունը, որտեղից գալիս էր ձայնը: Տեսարանը, որ բացվեց աչքիս առաջ, սարսափելի էր. խավարից ինձ էին նայում երկու փայլուն աչքեր, լսվում էր մի ձայն, որ շատ նման էր շան գռմռոցի, այո՛, շուն էր, հսկայական շուն, գլուխը կախ՝ ինչ-որ բան էր կրծում, նկատելով ինձ՝ բարձրացրեց գլուխն ու դեղնափայլ աչքերը հառեց վրաս: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, միայն ուժեղ ծակոց զգացի աջ թևիս, որով փորձում էի պաշտպանվել կենդանու անակնկալ հարձակումից և զգում, որ մյուս ձեռքով դանակի հարվածներ եմ հասցնում: Շունը վնգստալով փախավ, սկսեց հաչել, վերնաշապիկս պատռվել էր, թույլ ծակոցներ էի զգում թևիս: Դեռ լիովին չէի սթափվել, երբ լսեցի, որ շան հաչոցներին այլ հաչոցներ խառնվեցին, շուտով բոլոր կողմերից կաղկանձներ էին լսվում, կարծես գյուղը շրջապատված էր կատաղած շներով... «Հարկավոր է մի բարձր տեղ գտնել», առանց վարանելու՝ ցատկեցի տնակի պատին՝ ճգնելով մագլցել: Մի կերպ կարողացա ելնել, ականջներումս խշշոց էր, թևիս ցավը սաստկանում էր: Կիսապատռված վերնաշապիկս պատռեցի՝ տեսնելու վնասվածքը. շունը իր բերանի չափով մի գունդ միս էր պոկել, վերքն ուժեղ արնահոսում էր, վերնաշապիկիս կտորներով կապեցի այն և կուչ գալով անկյունում՝ ցավից ծամածռվելով լսում էի՝ ինչպես են հաչոցները մերթ մոտենում, մերթ հեռանում: Ամբողջ գիշեր հաչոցները չդադարեցին. թվում էր՝ շները ինձ են փնտրում և մինչև չգտնեն, չեն հանգստանա: Երբեմն-երբեմն տեսնում էի շների, որ արագ վազում էին տնակների արանքներով, անհետանում խավարի մեջ...

Արևի առաջին շողերի տակ քանդեցի թևիս փաթաթանը, վերքը խոր էր, բայց միսը պոկված չէր, արյան մեջ ինձ այդպես էր թվացել, փորձեցի կանգնել՝ տեսնելու՝ արդյոք շները հեռացել են: Ոտքերս դժվարությամբ էին ենթարկվում. քաղցն ու անքուն գիշերը ամբողջությամբ քամել էին ուժերս, մի կերպ կանգնեցի: Դիմացս գյուղն էր, անբացատրելի սարսափ էի զգում՝ նայելով փոշոտ, ծուռումուռ տնակներին, գյուղը ինչ-որ նմանություն ուներ շան հետ, կարծես շան փայլող աչքերը դիմացս լինեին... Հանկարծ բղավոց լսվեց, գլուխս շրջեցի: Մի նիհար երեխա՝ մրի ու կեղտի մեջ կորած, մատը տնկած վրաս՝ կանչում էր. «Այստե՛ղ է, շո՛ւտ, եկե՛ք, բռնել եմ»: Սկզբում ուրախացա, օգնության հույս էր, բայց երբ լսեցի տղայի բղավոցը, ակամա ինձ գողության վայրում բռնված հանցագործ զգացի, ուզեցի փախչել, բայց մնացի տեղում: Շուտով եկավ մոտ մեկ տասնյակի հասնող խումբ, բոլորը տղամարդիկ, և սկսեցին սպառնալ, որ եթե չիջնեմ, ուժով կիջեցնեն: Ոչինչ չէի հասկանում, բղավում էին, որ իջնեմ տանիքից: Ձեռքս տանելով գոտկատեղիս՝ պատրաստվում էի մարտի, երբ նկատեցի, որ դանակը չկա, կորցրել էի... Այլ ելք չէր մնում... Բանտարկյալի կարգավիճակում էի, խումբը ոչ մի քայլ ինձնից չէր հեռանում, հարցերիս չէին պատասխանում, իսկ երբ խնդրեցի, որ ձեռքերս արձակեն, քանի որ վերքը սկսել էր արնահոսել ու ցավում էր, տղամարդկանցից մեկը դիտավորյալ հարվածեց վերքիս: Անցնում էինք տնակների դիմացով, պատուհանների, դռների արանքներից հայացքներ էին նշմարվում, բազում աչքեր հետևում էին ինձ, անորոշություն, անհանգստություն կար հայացքներում. վախեցած էին... Աստիճանաբար դեմքեր, գլուխներ և ամբողջական կերպարանքներ սկսեցին երևալ, ամբողջ գյուղը դուրս էր թափվել: Ոմանք թքում էին վրաս, ոմանք հայհոյում, իսկ կանանց մեծամասնությունը անեծքներ էր ուղղում ինձ...

Անտանելի էր անորոշությունը, չէին ասում մեղքս, սակայն կարծես տանում էին պատժելու: Ամբոխն անընդհատ ստվարանում էր, բոլորը անհանգիստ էին, միայն ինձ առաջինը տեսած մրոտ տղան էր դիմացիցս ուրախ ցատկոտելով քայլում: Ետևից եկող մարդկանց թիվն արդեն անցնում էր երեք տասնյակը, փսփսում էին իրար ականջի... Ոտքերս հազիվ էի շարժում, մարմինս շատ ծանր էր. միակ բանը, որ ինձ այդ վիճակում դեռ զարմացնում էր, անթիվ շներն էին, որ ամենուր էին: Ինչ տիպի շուն ասես կար այդտեղ, մարդիկ զգուշությամբ շրջանցում էին, իսկ ծանր, ալարկոտ շները տեղներից չէին շարժվում...

Արդեն հատուկենտ տնակներ էին պատահում ճանապարհին, «Գյուղից դուրս են տանում»,– մտածեցի: Վերջապես հասանք մի ամայի տարածություն, ամբոխը ինձ շրջանի մեջ առավ, մեկը թիկունքից հարվածեց ոտքերիս, ծնկներս ծալված՝ ընկա գետին, ահը պատել էր ինձ: Մարդիկ ճանապարհ բացեցին, ամբոխի միջից դուրս եկավ մի մորուքավոր ծերունի, անշտապ քայլերով սկսեց մոտենալ։

– Քո՞նն է,– պարզելով ձեռքերը՝ հարցրեց:

Ձեռքին դանակս էր, որը կոտրված էր: Գլխով դրական նշան արեցի, ծերունու դեմքին խորամանկ ժպիտ սահեց, կարծես այդ պատասխանին էլ սպասում էր:

– Դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես արել, հիմա՛ր լակոտ,– կանաչավուն աչքերը չռելով վրաս՝ բղավեց: Ամբոխը ծպտուն չէր հանում:

– Խնդրում եմ, խնայե՛ք ինձ,– աչքերս լցվեցին:

Խոսքերս լսելով՝ թափով առաջ եկավ, կոտրված դանակի սուր ծայրը սեղմեց կոկորդիս.

– Դու սրբապի՛ղծ ես, ահա թե ով ես դու, հիմա մեծ հաճույքով հենց այս դանակով կբացեի կոկորդդ, կպոկեի լեզուդ, բայց կարգը թույլ չի տալիս:– Մի քանի քայլ ետ կանգնեց:– Դու կմեռնես դանդաղ, տանջալի մահով, դա է սրբապիղծներին արժանի մահապատիժը:

Մահապատիժ բառն այնքան ծանր հնչեց ականջներումս, որ մի պահ թվաց՝ ջրի տակ եմ, իսկ երբ ասացի՝ թյուրիմացություն է եղել, ես սրբապիղծ չեմ, ամբոխը այնպիսի աղմուկ բարձրացրեց՝ կարծեցի՝ ուր որ է կհարձակվեն վրաս:

– Տղա՛, ասում ես դանակը քոնն է, չէ՞,– ժպտալով հարցրեց ծերուկը. ժպիտը նշանակում էր՝ իրադրության տերը միայն ինքն է,– և մի՞թե այս գիշեր դու չես բանեցրել այն:

– Բանեցրել եմ, մի կատաղած շուն վրաս հարձակվեց, շանն էլ հարվածել եմ,– շփոթմունքից արագ-արագ պատասխանեցի,– բայց երդվում եմ՝ ոչ մի մարդու վնաս չեմ տվել, զզվելի շունը վրաս նետվեց, ես էլ…

– Զզվելին դո՛ւ ես, հիմա՛ր, դու ոչինչ չես հասկանում: Հենց նոր ապացուցեցիր խոսքերիս իրավացիությունը, դու սրբապիղծ ես:

Այլևս չկարողացա զսպել ինձ, արցունքները սկսեցին գլորվել դեմքիս վրայով: Թվում էր՝ իմ անկեղծ խոստովանությունը դրությունս պիտի փոխեր, սակայն նրա ասելով՝ ես միայն հաստատեցի իմ մեղավոր լինելը, ոչինչ չէի հասկանում... Ծերուկը, մի հայացք գցելով վրաս, կռահեց, որ անորոշությունն ինձ սպանում է և սկսեց պատմությունը: Սկզբում թվաց՝ ինձ հետ կապ չունի, բայց շուտով հասկացա, թե որն էր մեղքս: Նա խոսում էր բարձր ձայնով, չէր նայում վրաս, հայացքը ամբոխին էր ուղղված, կարծես պատմությունը ամբոխի համար էր: Պատմում էր, թե դեռ շատ վաղուց, երբ իրենց պապերը դեռ նոր էին եկել այդ տարածքներ, իրենց հետ բերել էին անսովոր ու այլ գյուղերի համար սարսափելի համարվող մի սովորույթ: Ասում էր՝ ի տարբերություն մյուս գյուղերի՝ նրանք գերեզմանոց չունեին և իրենց մահացած հարազատների մարմինները հավաքում էին մի տեղում, որպեսզի քաղցած շները ուտեն...

– Այդ օրվանից մինչև օրս մենք հետևում ենք սովորույթին,– ավարտելով պատմությունը ասաց,– նա, ով կհամարձակվի դիպչել որևէ շան, կհամարվի սրբապիղծ ու կենթարկվի ամենադաժան մահապատժի, քանի որ շունը մեզ համար սուրբ է, և ինչպես մեր պապերը, այնպես էլ մենք համոզված ենք՝ երբ շունը ուտում է դիակը, իրեն է անցնում հանգուցյալի հոգին, այդպիսով, մեր հարազատները նորից սկսում են ապրել շան մարմնի մեջ:

Երբ ավարտեց խոսքը, մահվան սարսափից սկսեցի բղավել, խնդրում էի, որ ինձ ներեն, երդվում էի, որ տեղյակ չեմ, թե շները իրենց մոտ սրբություն են, արտասվում էի, հարվածում ինքս ինձ...

– Ձայնդ կտրի՛ր, առանց այդ էլ պատմությունս մի քանի րոպե երկարացրեց կյանքդ, վե՛րջ, ժամանա՛կն է:

Ծերուկը նշան արեց ամբոխին, բոլորը մի մարդու պես, առանց ձայն հանելու կռացան, սկսեցին քարեր ջոկել: Այդ ժամանակ դժվար է ասել՝ ինչ կատարվեց. ամեն ինչ կարծես դանդաղեց, խտացավ վայրկյանի մեջ... Աչքերիս առաջ մանկությունիցս մի դրվագ էր, որ վաղուց մոռացված էի կարծում, ականջներումս անվերջ հնչում էր. «Տեսնես ի՞նչ է հիմա զգում»...

Երբ փոքր էի, հայրս հաճախ էր տանում զբոսնելու, և մի օր, երբ ես ու հայրս քայլում էինք դրսում, նկատեցինք՝ մարդիկ են խմբվել, մոտեցանք: Մի մարդ չոքել, խնդրում էր իրեն բաց թողնել: Ասում էր՝ առաքելություն ունի, ամբոխը ծիծաղում էր: Հայրս փոքր քար տվեց ձեռքս, նորից ուսերին նստեցնելով՝ ասաց, որ պատրաստվեմ այն նետել տղամարդու վրա: Բոլորն ուրախացան՝ նկատելով հորս քայլը, առաջին քարը նետելու պատիվը ինձ տրվեց: Ես, տեսնելով հորս ոգևորությունը, ակամա ուրախանում էի, արդեն չէի համբերում, թե երբ պիտի նետեմ: Մեր կողքին կանգնած մարդկանցից մեկը, նայելով չոքածին, ասաց. «Տեսնես ի՞նչ է հիմա զգում», և ես ձեռքս անփութորեն ետ տանելով՝ նետեցի: Քարը դիպավ տղամարդու կրծքին, նա նայեց աչքերիս, ժպտաց և ձեռքի մի տարօրինակ շարժում արեց, կարծես օդում ինչ-որ բան էր նկարում: Շարժումը զայրացրեց ամբոխին, քարերը անձրևի պես թափվեցին նրա վրա... Հայրս ինձ տարավ այդտեղից, հետո իմացա, որ քարկոծվող տղամարդը մահացել է: Ասում էին՝ դեպի իր Աստծու գերեզմանը ուխտի գնացող քրիստոնյա է եղել: Չէի հասկանում՝ ինչ է նշանակում քրիստոնյա, իսկ երբ հորս հարցրի, ասաց, որ նշանակում է վատ մարդ...

Տարիներ առաջ կատարված այս անցքերը մնացել էին իմ մտապատկերում և վայրկյանի մեջ գալիս էին աչքիս առաջ: Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե հորս վերնաշապիկի հոտը առա... Գլխումս անընդհատ հնչում էր. «Տեսնես ի՞նչ է հիմա զգում»: Ամբոխը պատրաստ սպասում էր ծերունու նշանին, մահը երբեք ինձ այդքան մոտ չէր եղել...

– Վախ եմ զգում,– նկատելով, որ արդեն պատրաստվում են քարերը նետել, բղավեցի, և չնայած ձեռքերս կապած էին՝ մի կերպ օդում նկարեցի այն նույն նշանը, որը նկարել էր քրիստոնյան քարկոծվելուց առաջ, ու աչքերս փակեցի...

– Սպասե՛ք,– հանկարծ լսվեց:

– Քրիստոնյա է,– հաջորդեցին շշուկները:

Ծերուկը այնպես էր նայում, ասես ցանկանում էր հայացքով փոշիացնել ինձ: Ոչ ոք տեղից չէր շարժվում:

– Ցա՛ծ գցեք քարերը,– սրբելով ճակատի քրտինքը՝ հրամայեց ու տեսնելով, որ մարդկանցից մի քանիսը չեն ենթարկվում, բղավեց.

– Ով քար նետի այս սրբապիղծի վրա, հետո ինքն էլ ստիպված է լինելու ուտել նրա մարմինը, ես թույլ չեմ տա, որ շները քրիստոնյայի ուտեն:

Գլխումս ամեն ինչ խառնվել էր, լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Ծերուկը շարունակ բղավում էր. «Մի՛ դարձեք սրբապիղծ, հարգե՛ք սրբերին»: Շուտով բոլորը քարերը գցեցին:

– Քեզ սպանելը անիմաստ է,– կտրելով ձեռքիս կապանքները՝ ասաց,– դու քրիստոնյա ես, ուրեմն պիղծ ես, ու անթույլատրելի է քո մարմնով կերակրել մեր սրբերին, գնա՛, երբեք չերևա՛ս այս կողմերում:

Առջևս գցելով կոտրված դանակիս կտորները՝ ամբոխը հեռացավ, միայն մի շեկ շուն մնաց, երկար հոտոտեց դանակը, հետո վազեց հեռացող ամբոխի ետևից... Ես կարողացա հասնել քաղաք և ողջ մնացի, բայց ինչ-որ բան ինձ հանգիստ չէր տալիս:

Կյանքիս ամենասարսափելի օրից անցել էին տարիներ, որոշեցի գնալ, մեկ անգամ էլ հեռվից նայել փոշու մեջ կորած ծուռումուռ տնակներին: Փորձում էի հասկանալ՝ ինչն է, որ ինձ հանգիստ չի տալիս: Սակայն գյուղը գտնել չհաջողվեց: Ամենազարմանալին այն էր, որ երբ այդ վայրերին քաջ ծանոթ մի ծեր հովվից հարցուփորձ արեցի փնտրածս վայրի մասին, պատասխանեց, թե դեռ երեխա ժամանակներից այդ տարածքներում հովիվ է, անգիր գիտի բոլոր քարերն ու թփերը, բայց իմ ասած գյուղը չի տեսել: Ես երկար փնտրեցի առեղծվածային գյուղը, բայց ապարդյուն, հետքն էլ չկար, կարծես այն իսկապես էլ չէր եղել:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Constantinople
Constantinople
Play Online