Grig

Պատերազմի, իմ ազգի, իմ մասին

...աշնանն այստեղ սովորաբար լուռ-լուռ է, այնքան լուռ, որ ակամա սկսում ես հավատալ, թե Աստված պատասխանում է հարցերիդ, տանդ դիմաց կանգնած նայում ես, հեռվում նույն բլուրներն են, հեռվում էլեկտրասյուների նույն տխուր շարանն է և բարձունքում Նուռնուսի նույն երկաթուղային կայարանն է, որ տարվա այս եղանակին ձորից եկող սաստիկ քամիներ է միայն ընդունում-ճանապարհում, բայց հիմա ձայներ են հասնում ականջիդ, հիմա օդում տագնապ կա, հիմա մարդիկ քաղաքների մոտալուտ ռմբակոծության ահից, թե առաջնագծից եկող հակասական լուրերից փախչելով այստեղ են եկել, նայում ես, մի խումբ երեխաներ աղմկում են ցանկապատի մոտ, հենց ասում եմ ի-նա-չի-լի սկսում ենք, լսում ես, ծառի ճյուղերով զինված տղաներն ու աղջիկները բաժանվել են երկու խմբի, իրար դեմ կանգնած սպասում են, կռիվ-կռիվ ենք խաղում, հարցիդ, թե ինչ են անում, պատասխանում է թավ հոնքերով տղան, մենք հայերն ենք, ասում է, բա իրե՞նք ովքեր են, շարունակում ես, ոչ մեկ չի ուզում թուրք լինի, դրա համար իրենք էլ են հայերը, ասում է… նայում ես, տանիքի և նկուղի կողպեքները կոտրված են, տանդ տանիքի, նկուղի կողպեքները կոտրել, եղածը գողացել են, բայց սիրտդ դրա համար չէ, որ ցավում է. ուզում ես նոր կողպեք կախել տանիքի դռան վրա ու չե՛ս կարաղանում, պապդ կարողանում էր, հայրդ կարողանում էր, դու չե՛ս կարողանում, պիտի բարձրանաս փայտե աստիճանով, հետո ձախ ոտքդ դնես պատուհանի ճաղավանդակին, չե՛ս կարողանում, առողջ թևեր է պետք ունենալ, վստահ ես, այդ անելու համար առողջ թևեր են պետք, որ չունես, բայց կամքն է, որ պակասում է, դու կա՛մք չունես, չե՛ս ուզում, պատերազմ գնացողը չպիտի մտածի ողջերի մասին, նրա մտքում իր մահացած հարազատները պիտի լինեն, որ չվախենա մահվան մենությունից, լավ չե՛ս ուզում, մեծ ժամանակները մեծ ոճիրներ են սիրում, և դրանք մոտեցել են, չե՛ս ուզում տեսնել… հիմա տանում ենք թաղելու, հասնում է ականջիդ, տանում ենք թաղենք, լսում ես, ու երեխաների խումբը իրենց խաղընկերողջը ցուցադրաբար գրկած գնում է, ծառի ճյուղը դրել են կրծքին, տերևներ լցրել վրան ու գնում են, թուրքերը սպանեցին, քեզ նայելով ասում է աղջնակը, թուրքերը սպանեցին՝ զրկելով քեզ որևէ բառ արտաբերելու հնարավորությունից ասում է, թուրքերը սպանեցին, ասում է, և դու հավատում ես…

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

The disaster of war
The disaster of war
Play Online