Gevorg Emin

Անվերնագիր

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜…


Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ»՛
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,-
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,-
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր,-
Դե՛, ձյու՛ն հալի, որ ջո՜ւր դառնա,
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Date Palm. Egypt
Date Palm. Egypt
Play Online