Daniel Varoujan

Հեթանոսական

Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ'եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:
Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
Կը հոսի ծով մ'հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`
Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:
Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:
Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:
Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,
Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես
Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:
Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`
Մագարեի մ'աղոթող բիբերուն պես տեսլացած`
Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց
Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`
Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…
Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման
Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.
Իսկ երբեմն այնքա՛ն զորեղ թափ մը կու տա ոտքերուն`
Որ խարույկված բոց կ'ըլլա` քամիներն ծըփծըփուն:
Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.
Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե
Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`
Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:
Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…
Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:
Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`
Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:
Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.
Հազիվ եղած շամբ ճըկուն, կ'ըլլա բարտի մ'աննըվաճ.
Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ
Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.
Ու հազիվ հազ դաշնակում մ'իր մարմինեն եղծանած`
Նոր թեքումով կ'հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:
Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,
Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.
Ու իր հատուկ ճախրանքեն կ'առնու հով մ'ա՛յնքան ծավալ,
Որ կը մարե երբեմն հա՛պ, ու կ'արծարծե երբեմն ալ
Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ
Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:
Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,
Միշտ հըպատակ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:
Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.
Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,
Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,
Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված
Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`
Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:
Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`
Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ'ամչընա.
Այն ատեն ցունց մը կու տա փորթորկալից մազերուն`
Որոնց քամին թափընդթափ կ'երթա մաել սըրսըփուն
Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,
Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին:
Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`
Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…
Այն ժամանակ կ'ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`
Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:
Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`
Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,
Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի
Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:
Օ՜, մագնիսով և լույսով թըրծունմարմինն աղարծրի`
Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի.
Օ՜, իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ
Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,
Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`
Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:
Հուսկ իրարու կ'միանանք մենք համբույրով մը հըզոր…
Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,
Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,
Օ՜հ, այն ատեն ճաշակած կ'ըլլամ կարծես համորեն
Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,
Հընդկաստանի համեմնե՜րն, համյն խունկե՜րն Արաբիո:

Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody