Avetik Isahakyan

Մասիսի մռայլ, խոժոռ ժայռերի

Մասիսի մռայլ, խոժոռ ժայռերի
Իժերը բոլոր թափեցին իմ մեջ
Իրենց թույները ցասման, վրեժի
Թույները կիզող թափեցին իմ մեջ …

Այսքան տառապա՛նք, անարդարությո՛ւն,
Մարտիրոսացան սրբազան շարքեր.
Արյան հեղեղներ, նահատակություն`
Մի ազգի բաժին – հազար տարիներ;

Մարդկության կողմից դարերով նյութած
Էլ սահման չկա մեր համբերության,
Էլ անուն չկա մեր տառապանաց …
Մեր գերմարդկային, մեր գերբնական:

Էլ քար չըմնաց այս աշխարհի մեջ,
Որ չոռոգվեր մեր սուրբ արյունով,
Էլ նշույլ չըմնաց այս լիրբ մարդկանց մեջ,
Որ չըհղփանար մեր սուրբ արյունով …

Մասիսի մռայլ, խոժոռ ժայռերի
Իժերը բոլոր թափեցին իմ մեջ
Իրենց թույները ցասման, վրեժի
Եվ սիրտս է եռում վրեժով անշեջ …

Դու մոխըրի վրա նստած ժողովուրդ`
Հոշոտված մանկանց դու` խելագար հայր, -
Էլ ի՞նչդ մնաց, ի˜նչ պիտ կորցնես. –
Ինչպե՞ս պիտ չափես արկանքդ անծայր …

Դուրս եկ` դո՛ւ վագր, դո՛ւ շղթայազերծ.
Աստված ու երկինք ոտաց տակ տալով.
Խփի՛ր, հարվածի՛ր, ջախի՛ր, ջախջախի՛ր,
Զինված ռումբերով, թույնով կայծակով:

Պայթի՛ր, հոշոտի՛ր, խփի՛ր, ջախջախի՛ր`
Բոլորին, որոնք մարդու են նման –
Երկինքը փուլ տուր, աստղերը մարիր –
Փշրի՛ր աշխարքը մի ձվի նման:

Քար քարի վրա, թո՛ղ բան չըմնա –
Փշրի՛ր գանգերը և թող շան սատակ
Լինեն բոլորը և դու նրանց հետ –
Ընկի՛ր աշխարհի փլատակների տակ …

1905

Be the first who will comment on this
Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Malishka's grandmothers
Malishka's grandmothers
Play Online