Atrpet

Որդեսեր հայրը

Աբդուլ Հյուսեյնը մի կարճահասակ մարդ էր, որը վաթսունին մոտ տարիք ուներ։ Թեև ալևորված չէր, կուզը դուրս չէր ցցված, դեմքը կնճիռներով չէր այլանդակված, բայց տարիքը նրան հաղթել էր, նա երիտասարդության թարմության հետ ուժն էլ կորցրել էր։ Թեև մազն ու մորուսն սպիտակել էին, բայց նա այնպիսի հմտությամբ սև էր ներկում, որ ոչ ոք չէր կարող նկատել, թե նրա մազերը գունավորված էին։ Սև ունքերի տակ այնպիսի խոշոր ալիքեր ուներ, այնպիսի ճոխ ընչացք, որ կարող էր հրապուրել ամեն մի դեռահաս աղջկա:

Հարուստ էր Աբդուլ-Հյուսեյնը, լավ կալվածներ, առատ եկամուտ, բավականին էլ կանխիկ դրամագլուխ ուներ, բայց զավակները չէին թողնում, որ խեղճ մարդը հաճույքով կյանք վարե։ Ամեն գույքի բացարձակ տերն ինքն էր, իր ողջության ժամանակ որդիները կամ որևէ ուրիշը իրավունք չունեին առանց նրա թույլտվության այդ գույքից օգտվելու, բայց Արդուլ-Հյուսեյնը իր չորս որդիներին կրթելու նպատակով իր գրասենյակի, դրամարկղի, ելումուտքի բոլոր բանալիներն ու մատյանները նրանց էր հանձնել և ինքն էլ չորս բոլորները պտտվում էր, որպեսզի նրանց գործերի կառավարելը սովորեցնի, ղեկավարության վարժեցնի, որ իր մահվանից հետո նրանք անվարժությունից չկործանվեն։ Թեև ամբողջ գույքը հանձնել էր չորս որդիներին, որքան էլ որ ամեն բան նրանց ձեռքովն էր կատարել տալիս, բայց նա վերահսկիչի պաշտոնը ձեռքից չէր բաց թողել։ Ամեն օր գնում էր գրասենյակ, զննում էր մատյանները, կարդում և կնքում էր թղթակցությունները, խուզարկում էր դրամարկղը, վաճառատան ապրանքները և քննում ամեն մի պատահական նամակ ու մուրհակ։ Այդ բոլորը անում էր միմիայն զավակներին ցույց տալու, թե ինչպես ինքը սիրում է գործը, որպեսզի նրանց մեջ ավելի արծարծե աշխատությունը սիրելու եռանդը։

Աբդուլ-Հյուսեյնը մետաքսի վալայի (քալակղիե) գործարան ուներ։ Նա Ռաշտից բերել էր տալիս մետաքսը, Թավրիզում զանազան չափի քառակուսի գլխակապեր, ծածկոցներ, վերմակի երեսներ էր գործել տալիս։ Ապա հանձնում էր ներկարարներին, որոնք ձեռնակար գույնզգույն ծաղիկներ էին բանում, ներկում ու պատրաստի ապրանքը վերադարձնում էին։ Աբդուլ-Հյուսեյնի գործարանում մշտական քառասուն հոգի բանում էին, իսկ ներկարարներից էլ 8-10 մարդ նրա տված գործով ընտանիք էին պահում։ Այս գործով Աբդուլ-Հյուսեյնը ոչ միայն իր ընտանիքն էր պահում, այլև հիսուն ընտանիքի ապրուստին հնարավորություն էր տալիս իր վաճառատնով։

Աբդուլ-Հյուսեյնի ընտանիքն ու բանվորների ընտանիքը նահապետական սովորությամբ շաղկապված էին իրար հետ և ամենքի միակ ձգտումն այն էր, որ այնպիսի գեղեցիկ ապրանք դուրս բերեն, այնքան աժան նստեցնեն, որ մրցակիցներին հաղթեն և միշտ շուկային տիրեն։

Աբդուլ-Հյուսեյնը ամբողջ կանխիկ դրամագլուխը հատկացնում էր մետաքսի, երբ ապրանքի գինը կոտրվում էր։ Նա միշտ իր պահեստում երկու տարվան գործին բավականացնող մետաքս էր ամբարում։ Եթե մետաքսը անհաջող տարիներում թանկանում էր, Աբդուլ-Հյուսեյնի գործարանը ոչ միայն աշխատությունները չէր դադարեցնում, այլ անզգալի կերպով անգամ չէր բարձրացնում ապրանքի գինը, որպեսզի չկորցնե իր հին հաճախորդներին։

Աբդուլ-Հյուսեյնը թեև այնքան սիրում էր իր բանվորներին, սիրված ու հարգված էր նրանցից, բայց որպես հեռատես վաճառական և գործարանատեր, նա իր որդիներից մեծին սովորեցրել էր վալան նկարել և ներկել, երկրորդին՝ մետաքսը հինել ու գործել, երրորդին՝ հարթել ու փոքրին նկարչություն էր սովորեցրել, որպեսզի նորանոր ծաղիկների դաջեր փորագրե և վալաների ծաղիկների ձևն ու տեսակը տարեցտարի փոփոխե ու կատարելության հասցնե։

Այսպես հիմնավորած գործով Աբդուլ-Հյուսեյնը այնպիսի բարեկեցիկ վիճակ էր ստեղծել, որ դրացիների նախանձի առարկա էր դարձել։ Ամեն մի մրցակից իր տանը հորդոր խոսելիս օրինակ էր բերում Աբդուլ-Հյուսեյնին և նրա զավակներին, որոնք մի-մի անխոնջ ու անվեհեր զինվորի նման առաջ էին վարում իրենց հայրական վաճառատան գործերը։

Աբդուլ-Հյուսեյնը մի կին էր առել, որը նրան տվել էր չորս որդի և չորս էլ աղջիկ։ Նա իր չորս աղջիներին ամուսնացրել էր իր գործարանի աչքի ընկնող հմուտ վարդապետներին, որպեսզի իրենց բոլորովին կապե իր գործի հետ։ Զավակներին էլ ամուսնացրել էր բանվորների աղջիկների և քույրերի հետ: Պետք է ասած, որ Աբդուլ-Հյուսեյնի գործի մեջ աշխատող բանվոր, վարպետ, բոլորն էլ նուխեցի գաղթակններ էին, որոնք բոլորն էլ իրար հետ մերձավոր ազգականներ էին կամ Աբդուլ-Հյուսեյնի հայրական ու մայրական ցեղակիցներ կամ նրա կնոջ հարազատները։

Աբդուլ-Հյուսեյնի կինը մեռավ, երբ նա դեռ չէի անցկացրել իր վաթսուներորդ տարին։ Ծերուկը այնքան սիրում էր զավակներին ու թոռներին, որ երկրորդ կին չորոնեց, չուզեց խորթ մայր բերել տուն, հարամ անել իր սերնդի կյանքը։ Նա միայն մտածում էր զավակների ապագայի և իր վաճառատան շարունակության մասին։ Չէր ցանկանում մի այնպիսի գործ բռնել,որ տան քայքայման պատճառ դառնա։

Նա աղջիկներին ամուսնացնելիս իր կարողությունից նրանց հասանելի բաժինը շերիաթի ցուցման համաձայն հանել, հատկացրել, տվել և ձեռքերից էլ թուղթ էր առել, որ ապագային եղբայրների գլխին փրձանք չդառնան և գործերի անհաջողության առիթ չլինեն։ Որպես ճշմարիտ հավատացյալ, երկրպագու իսլամի վարդապետության, միշտ տքնել էր արդարություն պահպանել։ Ամեն տարի օգուտի տասներորդը բաժանել էր աղքատներին և չէր զրկել որևէ մշակի, բանվորի նրանց հետ խոսված, որոշված վարձից։ Որպես աշխատավոր և կոպեկներից հարստության հասած, Աբդուլ-Հյուսեյնը չափավոր ապրող մարդ Էր։ Ինչպես միշտ, տքնել Էր պարտքի վերջին փողը վճարել, այնպես Էլ ջանացել էր պահանջի վերջին բեստին (1/3 կոպ.) գանձել պարտապաններից։ Նա զրկանքով չէր ապրել և չէր պահել իր ընտանիքը, բայց չափավորության սահմանից էլ երբեք չէր անցել։ Սովորական չափի միսը, հացը, միրգը, պանիրը և ուրիշ նյութերը տուն էր հասցրել այնպիսի քանակությամբ, որ հազիվ կշտացներ տան բոլոր անդամներին և ոչինչ չավելանար, չբաժանվեր կամ չցրվեին աղքատներին։ Նա ամեն տարվա վերջը օգուտից միանվագ դուրս հանած պարտադիր տասնորդականից ավելի դուրս տալն էլ հանցանք էր համարում։

«Ալլահի շնորհը մարդը փչացնելու արտոնված չէ։ Ինչպես տասներորդը չտալը հանցանք է, այդպես էլ տասներորդից ավելի տալն էլ շռայլություն է−հետևաբար մեղք է»։

Այս ժլատության պատճառով Աբդուլ-Հյուսեյնը հաճախ պարտավորված էր որդիների հետ կռվելու։ Երբ վաճառատանը ճաշի էին նստում տանից ուղարկված կերակուրն ուտելու, որդիներից մեկը երկու կոպեկ ուղարկում էր խաղողի կամ նույնիսկ մի երրորդը չէր հավանում տանն եփված ճաշը, 5-10 կոպեկ ուղարկում էր խորոված կամ փլավ բերել էր տալիս։ Ծերուկը զայրանում էր ու նկատում.

- Ձեզնից ստորներին նայեցեք, տեսեք, որ նրանք ցամաք սանգակ էլ չեն գտնում կշտանալու չափով, իսկ դուք ալլահի շնորհից դժգոհ, նորանոր ծախսեր եք անում։

Բայց այնքան էր խոսել ու մրթմրթացել Աբդուլ-Հյուսեյնը, որ խոսքի նշանակությունը կորցրել, հարգից ընկել էր։ Այս պատճառով ոչ միայն հորը խոսքին էլ ուշք չէին դարձնում զավակները, այլ նրան ատում, շատ անգամ նույնիսկ կծու պատասխաններ էին տալիս, ծակում, թունավորում և վշտացնում էին դարաքաշ ծերուկին։ Թեև ժլատ էր Աբդուլ-Հյուսեյնը և չէր կարող իր հաճույքի համար շռայլել, թեև խոսում, զայրանում էր որդիների վրա, որոնք ժամանակի հոսանքին հետևելով մի քիչ լայն էին ուզում ապրել, բայց նրանց զսպելու և սանձելու ուժ չուներ: Նախ, որ Աբդուլ-Հյուսեյնը նկատում էր նույնպես, թե ինչ էր կատարվում շուրջը, ինչպես էին շռայլում խաների, սարաֆների, մոլլաների ջահելները, որոնց ընթացքը չէր կարող չվարակել ամբողջ քաղաքն ու գավառը։ Նա նկատում էր, թե ինչ անդառնալի կերպով անհետացել էր չափավորության դարը։ Այլևս ախունդների, մյուջթեհիդների քարոզողները չէին ներգործում ժամանակի երիտասարդության հոգու վրա, այլևս իմամների շռայլության, զեխության դեմ տված հանդիսները (պատգամ) կորցրել էին իրենց նշանակությունը։ Մանավանդ որ մյուջթեհիդների կիներն ու հարճերն անգամ Եվրոպայից ստացած նրբին բեհեզ էին հագնում, բաճկոնների և շրջազգեստների շուրջը ոսկեթել երիզներով էին զարդարում, սամույրի մազերով էին պճնում իրենց տարազը, գոհարազարդ մաշիկներ էին հագնում և ասեղնագործ շապիկներով զուգվում։

Երբ օրենքի պաշտպան մյուջթեհիդների սեղանները ութսուն տեսակ կերակուրներով, համեմունքներով և քաղցրավենիքով էին զարդարվում, ինչպե՞ս կարող էր Աբդուլ-Հյուսեյնը արգելել, որ իր զավակները ճաշին ու ընթրիքին գոնե 8-10 տեսակ կերակուր պատրաստել չտան կամ շուկայի խոհարարից սրտի ուզած ուտելիքը բերել չտան։ Կամ թե ինչպե՞ս ստիպեր նրանց, որ իրեն հետևին, ղադաք արխալուղ հագնին գետնագործ շալից շալվար կաբել տան և տեղական գործված բրդի աբա գցեն ուսերին Սաքսոնիայի ընտիր ասվի փոխարեն։

Նկատելով, որ զավակները ամեն տարի դրամագլուխը ավելացնելու փոխարեն հազիվհազ ծածկում են ծախսերը, Աբդուլ-Հյուսեյնը վրդովված ավելի շատ Էր խոսում։ Նա քառասուն տարվա ընթացքում տարեցտարի ավելացրել Էր իր մյուջթեհիդին ուղարկած աղքատներին հատուկ տասնորդական բաժինը, իսկ վերջին տարիները աստիճանաբար պակասեցրել Էին չափահաս որդիները այդ տուրքի քանակը շնորհիվ իրենց շռայլ ապրուստին։ Ահա այս պատճառով նա հաճախ այնպես Էր հուզվում, որ ամեն մի ծախսի մասին տեղի թե նկատողություններ անելով, բոլորովին դիրքը կորցրել էր որդիների մոտ։

Իսկ նրա հույզերը ոչնչով չէին կրճատում ծախսերը։

Մի հանգամանք ևս խիստ արգելք էր լինում ծախսերի չափը նվազեցնելուն։ Թեև Աբդուլ-Հյուսեյնը փող շատ էր սիրում, բայց ոսկին ուզում էր ամուր պահել ոչ թե իրեն, այլ դարձյալ զավակների համար. չէր ցանկալ, որ զավակները կորցնեն իր դիզածը և նեղ օրն ընկնեն։ Չքավորության դառնությունը 1850 թ. գաղթից հետո զգացել և անձամբ տարել էր Աբդուլ-Հյուսեյնը, ուստի չէր ցանկանում, որ իր զավակները այդ օրերը տեսնեն։ Նա համոզված էր, որ որդիները այնքան քաջություն չունեին, որ կարողանային տանել տնանկի սոսկալի վիճակը, տոկային, կոպեկ–կոպեկ իրար վրա դնելով փող դիզեին և կարողանային նորից այնպիսի մի դիրք ստեղծել, ինչ որ ինքն առաջացրել էր պողպատային կամքով։

Ճանաչելով զավակների կրքերը, նկատելով իր դեմ աճած ատելությունը, նա սպանում էր իր սրտի խորքում հույզերը և ծայրահեղ միջոցների չէր դիմում նրանց առատաձեռն ծախսերը սանձելու։ Իսկ որդիները օրեցօր լայնացնում էին իրենց ծախսերը Աբդուլ-Հյուսեյնի հակառակ և շռայլությամբ իրար գերազանցում։ Իսկ հորը կծծի և ոսկեպաշտ էին անվանում, նախատելով և հայհոյելով։

Որդիների իր դեմ տածած ատելությունից զզված, նրանց զսպելու, նրանց համոզելու համար, թե ինքը ոսկեպաշտ չէ, այլ տքնում է նրանց բարիքի համար, Աբդուլ-Հյուսեյնը վճռեց հարստությունից ձեռք քաշել, ամբողջ գույքը նրանց թողնել և հեռանալ։ Այս պատճառով ծերուկը բոլոր պարտքերը վճարեց, ամենքի հետ հաշիվները մաքրեց, կարողությունից հազար թուման վերցրեց «հաջ-գնալու» բաժին և ախունդին տուն կանչելով, եղած-չեղած բոլոր գույքը փոխադրեց իր որդիների անվանը։ Նա հուզված երեսը թեքեց ախունդի և ծերունի դրացիների կողմը ու արտասվալի աչքերով ասաց.

Զավակներս, ես շատ ապրեցա, շատ գոհ եմ վիճակիցս։ Ալլահը ինձ ոչինչ չխնայեց, տուն, տեղ, զավակներ, թոռներ, գործարան, վաճառատուն, ամեն տեսակ առատությամբ լցրեց։ Հայտնի բան է, երբ էլ որ ժամանակս լցվի, ես էլ գնալու եմ դեպի հավիտենականություն։ Բայց գնալուց առաջ պարտավոր եմ և վերջին պարտքս վճարել. Մեքքե հաջ-գնալ, ուխտս կատարել և պատրաստվել մեծ ճանապարհորդության։ Ես մերկ ծնա, մերկ էլ պիտի երթամ. հետս ոչինչ չունիմ տանելու: Ինձ հայրս, մայրս, ազգականներս և ոչ մի դինարի (1/50 կոպեկ) ժառանգություն չեն թողել. հետևաբար գույքերս բոլորն էլ ալլահի ինձ արած շնորհն է, որը ես երկու ձեռքով պինդ պահեցի։ Որովհետև դուք էլ Վերին տեսչության ինձ տված շնորհն եք, հետևաբար շառի համաձայն կարողությունս ձերն է։ Քույրերիդ ես հասցրել եմ կատարելապես իրենց բաժինները, ուստի ուրիշ ժառանգորդ չունիք, այդ չորսիդ է պատկանում։ Ապրեցեք, ինչպես կամենաք, գործեցեք, ինչ որ առողջ դատողությունը ձեզ կթելադրե։ Այլևս ձեր կարողության գործադրությանը միջամտելու ես իրավունք չունիմ։ Մնացեք խաղաղությունով, ես էլ գնում եմ պարտքս կատարելու և պատրաստվելու հավիտենականին ներկայանալու համար։

Անմիջապես ձիերը դուրս քաշեցին, Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ, աշտանակեց գրաստին և ճանապարհ ընկավ։ Զավակները իրենց հորը ճանապարհ դրին մինչև Մարանդ, ուր գիշերելուց հետո հետևյալ առավոտ հայրը մեկնեց Ջուլֆա, իսկ որդիները վերադարձան տուն:

Ամբողջ երկու տւսրի Մեքքեում և Մեդինեում ապրեց հաջի Աբդուլ-Հյուսեյնը, աւանց որևէ թղթակցության։ Միայն հաջից վերադարձողները նրա առողջության և վիճակի մասին լուր էին բերում զավակներին։ Նա գիր չէր գրում, իսկ որդիքն էլ երբեք նրան ո՛չ գրեցին, ո՛չ էլ փնտրեցին։ Երրորդ տարին Հյուսեյնը եկավ Քերբելա, որտեղ մտածում էր մեռնել և թաղվել Իմամ-Հյուսեյնի արյունով ողողված դաշտում։ Բայց բախտը այլ կերպ էր տնօրինել, մահը նրանից փախչում էր։ Հազար թուման ծախսի դրամն էլ սպառեց։ Օտար երկրում ծերուկը ոչ կարող էր փող աշխատել և ոչ էլ կզիջեր մուրալ։ Իսկ որդիները նրան ծախսի դրամ չէին ուղարկում և չէին հետաքրքրվում նրա վիճակով:

Մինչ այս անել վիճակումն էր, Քերբելա ուխտի էր եկել իր ներկատան բանվորներից մեկը, որը, տեսնելով Հաջի Աբդուլ-Հյուսեյնի անել կացությունը, հարյուր թուման փող տվեց և միասին վերադարձան Թավրիզ։ Որքան որ զայրարացած էր ծերուկը իր որդիների վրա, բայց և այնպես խիստ կարոտել էր նրանց, թոռներին և մեծ հրճվանքով քառասնօրյա ձիավոր ճանապարհորդությունը սիրով հանձն առավ և համբերությամբ տարավ։

Կասկած չկա, որ ներկատան բանվորը իր տիրոջը միևնույն հարգանքով ծառայում և խնամում էր ճանապարհին, ինչպես վերաբերվել էր երեսուն տարի նրա գործարանում ծառայած շրջանում և աչալրջությամբ կատարում էր ծերուկի ցանկությունները։ Եվ ուխտավորները օրեցօր մոտենում էին իրենց ծննդավայրին։

Մինչ այդ բանվորը իր ծանոթների հետ թուղթ ու լուր էր ուղարկել Թավրիզ՝ թե՛ իրենց տունը և թե՛ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի զավակներին՝ իրենց վերադարձի մասին։ Թավրիզին երկու իջևան մնացած հեռագրել էր, որպեսզի բոլոր գործավորներն ու բանվորները ընդառաջեն իրենց նախկին տիրոջը։ Ամբողջ Միար-Միար թաղում լուր էր տարածվել ծերուկի վերադարձի մասին, և բոլոր դրացիները, ծանոթները, ազգականներն ու բարեկամները պատրաստություն էին տեսել ընդառաջելու իրենց գործարանի տիրոջը։ Ամեն մարդ իր կարողության համաձայն ձի, ջորի, էշ էր վարձել, որ գնան մի օրվան ճանապարհ և այնտեղից հանդիսավորապես տուն դարձնեն Ուխտից վերադարձողներին։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները հոր հեռանալուց հետո թեև ընտանիքները և տան ծախսերը բաժանել էին, բայց գործը ավելի սերտ կերպով առաջ էին տարել։ Տնական ծախսերը ավելի մեծացրել էին, բայց գործերը այնպիսի րնթացքի մեջ էին դրել, որ տարեկան իրենց ծախսից եռապատիկ ավելի էին վաստակում։ Նրանք չբավականանալով Քալակղեի գործարանով, բացել էին նույնպես մետաքսի և բրդի գորգերի գործարան։ Այս գործարանի մեջ երեք հարյուր մարդ էին բանեցնում և ամսական 40-50 գորգ էին հասցնում Ամերիկա՝ Միացյալ Նահանգները, մի վաճառատուն, որի հետ տասը տարով պայման էին կապել, ավանս ստացել։ Սրանց գործարանը միմիայն այդ ամերիկական տան ապսպրանքը պիտի կատարեր, այն էլ նրանց ցույց տված չափով, ձևով, նկարներով և որակով։

Գործն այնքան արդյունավետ էր, որ գործարանի տերերը սովի տարին՝ 1897-99 թվականին, իրենք էին կերակրում բանվորներին տաք կերակրով՝ փլավով և գառան մսով։ Սա այնպիսի մի արտակարգ երևույթ էր, որ քաղաքի ամբողջ ազգաբնակության նախանձն էր բորբոքում։ Ամենքն էլ լռվել էին, քանի որ չէին հանդգնել քաղցածին հաց բաժանողին հրապարակով անարգել, անգործին բանի դնողին պախարակել, երեք հարյուր բանվորի ռոճիկ տվողին բամբասել։ Իսկ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները առանց ուշք դարձնելու օրեցոր գործարանն ընդարձակում և կյանքը եռացնում էին իրենց շուրջը։ Մի կողմը 70 դազգահի առաջը 200-ի չափ բանվոր-երեխաներ գործում էին, մյուս կողմը պառավ կիները մասրա լցնում, մի սրահում կիները բուրդ էին գզում, մի ուրիշում ջահառ պտտացնում, թել մանում։ Մի մեծ գավթում ներկարարները գույնզգույն թելեր էին ներկում, իսկ նկարիչները ցանցավոր թղթերի (կանվա) վրա գույներով օրինակներ պատրաստում, որպեսզի երեխաները համրեն ու գորգերը գույնզգույն թելերով գործեն։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի վերադարձը այս գործարանների տերերին այնքան էլ հաճելի չէր, նրանց հոգին մռայլվեց։ Բայց դրացիների նախատինքից ազատվելու համար կառք բռնեցին, երկու եղբայր նստեցին, մյուս եղբոր որդիներն էլ ձիավորվեցին, գնացին, որ արտաքին ձևով «առոք-փառոք» տուն բերեն իրենց հորը։ Ամեն պատրաստություն տեսան և Հաջի Աբդուլ-Հյուսեյնին իջեցրին ավագ որդու՝ Աբդուլ-Ալիի տան նորաշեն ընդունարանում, որտեղ երկու հարյուր մարդ ազատ կարող էր տեղավորվել։

Կեղծ և ձևական համբույրի, հրճվանքի և մաղթանքի չափը չկար։ Ամենքն էլ իրենց անսահման զգացումները հայտնելու համար սրտաբուխ ճառեր էին արտասանում։ Շարբաթ, ղալիոն, ղայֆե, չայ, ընթրիք, սեղաններ մի քանի տեղ ճոխ ու անխնա բացել էին բոլոր այցելուների համար։ Իսկ մերսիախանները (կրոնական երգիչներ) զնգզնգացնելով իրենց ձայնը, աղոթում և հասարակության ուշքն էին գրավում։ Առատ սեղաններից ոչ ոք չէր ուզում ետ քաշվել։ Իրար ետևից գալիս էին, իսկ կշտացողները կամաց-կամաց հեռանում։

Վերջապես հյուրերը հետզհետե հեռացան, մնացին հարազատներն ու մերձավորները։ Որքան որ հրճվում էին թոռները, այնքան մռայլ էին զավակները, կարծես թե սրանք մեծ դժբախտության էին ենթարկվել։ Մեծ էր աղջիկների ուրախությունը, նույնքան խիստ էր հարսների տխրությունը, կարծես թե սկեսրայրն եկել էր նրանց ապահարզան տալու։ Թեև ոչ մի խոսքով կամ գործով չարտահայտեցին իրենց հույզերը, բայց փորձառու ծերունին նրանց աչքերից, դեմքի կնճիռներից կարդում էր նրանց սրտում և հոգում անցածն ու դարձածը։

Այս արտահայտությունները թեև վրդովեցին ծերունու հոգին, բայց կասկածները իրականացնող ոչ մի դեպք չնկատելով, նա համբերում էր, մինչև շոշափելի փաստի արտահայտվելը։ Վերջապես ընդունելության դահլիճի մոտի սենյակում անկողին պատրաստեցին, ճրագ ու կրակ վառեցին և առաջնորդեցին ծերուկին այնտեղ քնելու։ Ծերուկի դժվարն եկավ, որ իրեն արտաքին տան, ընդունելության բաժնում էին անկողին պատրաստել և ոչ իր շինել տված կանանոցում, որտեղ 20-30 տարի ինքն ապրել էր որդիների և հարսների հետ։ Այժմ, որ երեք որդիքն իրենց ընտանիքով հեռացել էին այդ բնակարանից, հոր համար սենյակ պետք է հատկացնեին կանանոցում, քանի որ նա օտար չէր և նրանից ծածկվելու պարտավորված չէին հարսն ու իրեն աղջիկները։

Աբդուլ-Ալի, ասաց ծերուկը, ինչի՞ ինձ համար ներսը տեղը չպատրաստեցիք, ես կարոտել էի թոռներիս և նրանց մեջ ուզում էի գիշերել, նրանց շնչի ներգործության տակ քնել։

Թող նրանք գան քեզ մոտ, Հաջի-աղա, ասաց որդին սառը ձայնով ու քաշվեցավ ննջարանը։

Թեև երկսեռ թոռներն եկան շրջապատեցին պապին, մի քանիսն էլ իրենց անկողինը բերին պապի սենյակում քնելու համար, բայց ծերուկի շատ դժվարն եկավ, որ իրենց հարազատների շրջանից դուրս թողին։ Այս բանն այնքան խոր վերք դարձավ, որ նա այլևս ո՛չ կրկնեց և ո՛չ էլ պահանջեց, որ կանանոցում իրեն համար սենյակ հատկացնեն, այլ մնաց արտաքին ընդունարանի սենյակում, որտեղ նրան թեյ, ճաշ, ընթրիք էին բերում և օտարական օգնության կարոտ հյուրի նման մենակ էր ապրում։

Ծերուկը իր շինած, կազմած և կահավորած տանը հյուր էր։ Ահա այս պատճառով նա իրավունք չէր համարում որևէ նշանով հասկացնել Աբդուլ-Ալիին, թե նա, եղբայրները, հարսները պարտավոր են իրեն հարազատի տեղ ընդունել։

Երրորդ առավոտ վաղ երկրորդ որդին՝ Աբդուլ-Ռզան, եկավ հոր մոտ և ասաց․

Հայրի՛կ, գնանք բաղնիք։

Ծերուկը համակերպեցավ։ Բաղնիքումն էլ նրա մորուքն ու մազերը խուզել տվեց, ներկեց, ապա տարավ իրեն տունը, ուր պահեց երկու օր։

Հերթով երրորդ որդին՝ Աբդուլ-Թազին, էլ բաղնիք ու տուն տարավ հորը։ Այդտեղից փոխադրվեց չորրորդ որդու՝ Աբդուլ-Մեհթիի, մոտ։ Որտեղի էլ չեկան հորը տանելու մեծ եղբայրները։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը երեք շաբաթ ապրեց փոքրիկ որդու ընդուրանաում։ Ո՛չ ճաշն էր պակաս, ո՛չ հագուստը, ո՛չ էլ խոսակիցը․ անընդհատ նրա մոտավոր և հեռավոր ազգականները անվերջ այցելում և զբաղեցնում էին։ Երբեմն-երբեմն էլ ճաշից հետո գնում էր շուկա, մտնում էր այն վաճառատունը, որտեղ քառասուն տարի օրն էր մթնեցրել, խոսակցում էր հաճախորդների, գործավորների հետ, բայց և այնպես բավականություն չէր գտնում։ Նրան ընդունում էին ամեն տեղ իբրև անկոչ հյուր, անսպասելի բեռ։

Տանն էլ այնքան գոհունակությամբ չէին խնամում Հաջի Աբդուլ-Հյուսեյնին։ Երբեմն կերակուրը սառն էր լինում, երբեմն սեղանն անմաքուր, ոչ ոք չէր ուշք դարձնում նրա լվացքի մասին, նրա անկողնի սավաններին, բարձի երեսներին, նույնիսկ սրբիչներին։ Ծերուկն անմռունչ տանում էր, սպասելով կատակերգության ավարտին։ Մի օր էլ ճաշը սովորականից երեք ժամ ուշացրին, մի ուրիշ անգամ թեյը սարքող չկար։ Հաճախ երկարում էր ծխախոտի քսակը ծառաներին, որ գնան ծխախոտ առնեն ու բերեն, և երեք֊չորս ժամով առանց ծխելու էր մնում։

Ամբողջ երեք շաբաթվան ընթացքում որդիներից և ոչ մեկը չասաց. հայր, վերցրո՛ւ այս դրամը, քեզ պետք կգա, ծախսիր։

Թշվառ ծերուկը սև փող չուներ գրպանում, որ ողորմություն տար դիմող աղքատներին կամ մի խաղալիք գներ ու բերեր թոռներին։ Հոր դիզած հարստությունը, եկամուտները շռայլում էին որդիները առանց գնահատելու, իսկ այդ հազարներից ոչ թե թումանով, այլ մինչև անգամ մի ղռան էլ չէին մտածում ծերուկին սև փող վճարելու։ Իրենց և իրենց կիների ու երեխաների համար բեհեզ և քնքուշ կտորներ էին գնում, ձևում, կարում ու պատառոտում, բայց ոչ ոք չէր մտածում, թե ծերուկի լվացքը քրքրվել է, պետք է կարկատել կամ նորել։ Ամեն ամիս նորանոր գույնի ասվից ու քաթանից իրենց համար բոլորն էլ հագուստ էին կարել տալիս, իսկ հարստությունը դիզող հոր վերարկուի օձիքը մի թիզ տարածությամբ ճարպակալվել էր, չէին տեսնում։ Ամեն օր տանից կապոցներով կտոր, սապոն և ուրիշ նյութ էին դուրս տանում հարսները, իսկ իրեն մի շապիկ խնայում էին։

Խորը մտածող հայր էր, չէր ցանկանում որևէ աղմուկով դրացիներին, հեռավորներին, բարեկամներին ու չարակամներին իմացնել իր անտանելի դրությունը։ Չէր ցանկանում, որ իրեն ծաղրեն մրցակիցները և նախատեն անհեռատեսությունը, որ ամբողջ իշխանությունը հանձնել էր որդիներին, հեռացել և ետ դառնալուց հետո մուրացկան դարձել։ Չէր թույլ տալ, որ նույնիսկ իր արարքից, խոսքից, ասացվածքներից, շարժումներից և տատանումներից մարդ նկատեր, կռահեր, թե ինքը տանջվում է իր հարազատ այն զավակներից, որոնց չէր խնայել ամբողջ կյանքում դատած ու վաստակած հարստությունը։ Իսկ այդ զավակները, բացի այն, որ իրեն կարգին հագուստի, կապուստի, բնակարանի մեջ չէին պահում, այլ կերած հացն էլ դժգոհությամբ էին հասցնում։

Աշնանը հաջորդեց ձմեռը, եղանակների վատությունը, խոնավությունը շատ էր նեղացնում ծերուկին։ Իսկ որդին՝ Աբդուլ-Մեհթին, և հարսը չէին թողնում, որ ծերունին օջախը առատ վառե և սենյակը աաքացնե այն նշենու մանրվածքով, որոնք ծերունու Բաղմեշե տնկած այգու ծառերը անխնա կոտորելով բերում էին որդիները և վառում կանանոցի սենյակներում։ Լվացքը, որ հանում, թողնում էր իր սենյակի պահարանում, ամբողջ ամսով ներս չէին տանում ու լվանում։

Ս՛ի օր ծերունի Հաջի Աբդուլ֊Հյուսեյնը փայտ պահանջեց վառելու։ Նրան չլսեցին ո՛չ թոռները, ո՛չ էլ ծառաները։ Նա վրդովված ինքն անձամբ իջավ, փայտը գրկեց և սկսեց բարձրանալ սանդուխներից, որ տանե վառե իր ննջարանի օջախը: Այս տեսնելով հարսը վրա հասավ, թափեց փայտը ծերուկի գրկից և վրան գոռալով ասաց.

- Մարագում փայտ չթողիր, մեզ կործանելու խո չեկա՞ր։ Գնա, քիչ էլ մյուս որդիներիդ տանն ապրիր, քավթառ…

Ծերուկը զայրացած գոռաց.

- Շան ճարած, հորդ այգու՞ց են բերել այդ փայտը, թե՞ մարդիդ մեջքն է կոտրվել այդ նշենիները տնկելիս։ Փայտը գողանալ, ծախել, հորդ տունը և քույրերիդ ուղարկել կարելի է, սենյակս չի կարելի տաքացնել։ Դու ո՞վ ես, որ ինձ հրամայում ես մյուս որդիներիս մոտ գնալ։ Մի՞թե ես զանազանել եմ մի օր մեծին փոքրից։

- Ես այլևս սիրտ չունիմ սկեսրայր շահելու, ես չեմ կարող էլ այստեղ ապրել, ասաց գոռալով հարսը,– կամ դու, կամ ես։ Ապա գռռալով կանչեց ուժը պատածի չափ ձայնը բարձրացնելով.

- Մեհթի՛, ա՛յ Մեհթի, դուրս արի և հորդ ճանապարհ դիր, կամ թե ինձ ապահարզան տուր, գնամ հորս տունը.

Այդ րոպեին Աբդուլ-Մեհթին դուրս եկավ և լսելով կնոջ ձայնը, հոր վրա ճչալով ասաց.

- Ի՞նչ ես աբուռդ թափել և կնոջս հետ կռվում. խո քեզ համար չեմ կարող երեխաներիս մորը՝ մորքուրիս աղջկան տանիցս դուրս անել: Քիչ էլ զգացում ունեցիր. գնա մի երկու ամիս էլլ մեծ որդիներիդ մոտ ապրիր։

Ծերուկի ձայնը կոկորդի մեջ խեղդվեց։ Նա չկարողացավ ծպտուն հանել։ Նա բարձրացավ, գոտին կապեց, ապարոշը դրեց, աբան վրան գցած տնից դուրս եկավ։

Կորի՛ր և էլ տունս ետ չդառնաս, գոռաց նրա ետևից հարսը։

Երեսդ էլ չտեսնեմ, ասաց որդին՝ Աբդուլ-Մեհթին, և դուռը փակեցին։

Ծերուկը մնաց փողոցում։ Նա չէր կարողանում վճռել, թե ուր երթա, արդյոք որդիների՛՞ն, թե՞ մի ծանոթի դիմե»: Նա տատանվում էր, չէր իմանում որդիների՞ն գնա, թե՞ աղջիկներից մեկի տունը հյուր երթա, մեծ որդիներին կանչե և հայտնե իր վիճակը։ Բայց նա դարձյալ չէր ցանկանում, որ իր տան գաղտնիքը լսեն ոչ թե յուր հակառակորդներն ու թշնամիները, այլ նույնիսկ յուր փեսաներն ու աղջիկները։ Երկար փողոցներում թափառելու հետո վերջապես գնաց Աբդուլ-Ալիի դուռը բախեց։ Ծառաները բացին և անմիջապես ծերուկին առաջնորդեցին ընդունարան և ներսը որդուն իմաց տվին։ Մեծ որդին կես ժամից հետո կանանոցից դուրս եկավ, գնաց հոր իջևանած սենյակը, որտեղ ծառաները ճրագ ու կրակ էին վառել Հաջի Աբդուլ-Հյուսեյնի պահանջման համաձայն։

Ծերունուն թեյ տվին, ծխամորճը լցրին, թոռները շրջապատվեցին, բայց չկարողացան սիրտն առնել և ուրախացնել։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մռայլ նստել, չէր խոսում։ Աբդուլ-Ալին նստեց հոր դիմաց, նստեց նույնպես մռայլ, առանց որևէ մի բառ արտահայտելու։ Ոչ հայրը զիջավ իր վիճակը որդուն պատմելու, ոչ էլ որդին հետաքրքրվեց նրանից բան իմանալու։ Երբ զգաց, որ հայրն եկել է այնտեղ մնալու, ասաց ծառաներին, որ ընթրիք բերեն իրենց, և միասին ընթրելուց հետո անմռունչ բաժանվեցին, հայրը մտավ ննջարան քնելու, իսկ որդին մտավ կանանոց։

Հայտնի բան է՝ երկրորդ օրը եղբայրներն իրար պատմեցին հոր արկածները, հարսները իրար հայտնեցին անցածն ու դարձածը։ Լուրը արդեն ընտանիքից դուրս թռավ և դրացիների սեփականությունը դարձավ, որոնք ըստ քմաց զարդարեցին, մեծացրին և տարածեցին։ Այս դեպքը այնպես հուզեց չորս եղբորը, որ նրանք վճռեցին ապագա անախորժությունների առաջն առնելու համար միջոցների դիմել։

Ես երբեք տանս այլևս չեմ կարող թողնել այդ զառամյալին, ասաց Աբդուլ Մեհթին, դա իմ կնոջս հայհոյեց և նախատեց։ Ինչ ուզում եք արեք, որքան որ ամսական թոշակ որոշում եք, պատրաստ եմ վճարելու, բայց իմ տունս էլ չպիտի մտնի։

Ես դրա մռմռոցը չեմ կարող տանել, ասաց Աբդուլ-Ռզան, դա սովոր է ամեն բանի վրա խոսել։ Ես ամսական ինչքան որ առաջարկեք, կտամ, որ նա ապրի, բայց հեռու…

Եղբայր, ասաց Աբդուլ-Թաղին, կինս խիստ ջղային է, երեխաներս էլ շատ։ Տանս մի քանի հատ էլ հարճ եմ պահում, ես չեմ կարող դրան տուն թողնել։ Մի տուն սահմանեցեք, երթա ապրի, մի բան տվեք ընդհանուրիս հաշվից, վերջացավ գնաց, ասաց երրորդ որդին։

Շատ հիմար-հիմար դուրս եք տալիս, ասաց ավագ որդին, ես գիտեմ, որ հորս չեք սիրում, ես էլ ձեզ նման ատում եմ նրան, բայց երբեք չեք մտածում ձեր պատվի, անվան և արժանավորության մասին, եթե նրան տանից դուրս անենք, մեր աբուռն ո՞ւր կմնա։ Վաղն ամբողջ քաղաքը պիտի ասի, թե նուխեցիները չկարողացան մի հայր պահել և փողոց շպրտեցին։ Ես կպահեմ նրան, միայն թե… Պահե, եղբայր, պահե, քեզ փեշքաշ, ասաց Աբդուլ-Մեհթին։ Ինչ որ ուզում ես ամսական ես կվճարեմ, միայն թե իմ տունս թող չմտնի և արյունս չպղտորե։ Ինչպես ուզում եք, որոշեցեք, ես նրան պահելու համար փող չեմ ուզում, բայց մեր աբուռը պահպանելու համար հարկավոր է նրան պատվով պահել, որ ամբողջ Թավրիզի բերանը ծամոն չդառնանք։ Ոչ ոք չի ցանկալ խորը թափանցել, ներքինը քննել և պղտոր տիլը վերլուծել, բայց ամենքը քննադատ դարձած կանարգեն մեզ, որ մեր հորը չենք շահել, չենք պահպանել և պատճառ ենք դարձել նրա հոգեկան տանջանքին։

Եղբա՛յր, լավ, լռենք, օգնենք, ծախսենք, պահենք, ինչ որ ցանկանում ես կատարենք, ասաց Աբղուլ-Ռզան, բայց ես տունս չեմ կարող տանել, դու պահիր։ Քեզ մոտ մնա, ասաց Աբդուլ-Թաղին, և նրա համար ծախսիր ինչքան որ քեֆդ ուզե ընդհանուրիս հաշվից։

Ես չեմ ասում, կրկնեց Աբդուլ-Ալին, թե տարեք նրան ձեր տները պահեցեք։ Այստեղ սենյակ շատ կա, կարող եմ նրան առանձին բնակարան հատկացնել, պահել, դուք բոլորդ էլ շարունակ պիտի հաճախեք նրա մոտ, երբեմն-երբեմն էլ ձեր տները պիտի տանեք, որ աշխարհ չասե, թե դուք ապերախտ որդիք եք։

Ես չեմ կարող կեղծել, ասաց Աբդուլ-Մեհթին, չեմ կարող նրա առաջը քծնել, ուրիշին դուր գալու համար նրան շողոքորթել ։

Ես հորս համար տանս և երեխաներիս մեջ չեմ կարող շփոթություն բարձրացնել, ասաց Աբդուլ-Թաղին։

Եղբա՛յր, դու տեղավորիր մի կերպ, այնպես կձևացնենք, թե բոլորս էլ նրան փայփայում ենք։

Այո՛, այո՛, այո՛, ասացին բոլորը։

Պետք է, ասաց Աբդուլ-Ալին, այնպես ցույց տանք աշխարհին, որ մենք առաքինի որդիք ենք և պաշտում ենք մեր հորը։

Դուք ինչպես ուզում եք ցույց տվեք, ինձ աղատեցեք, կրկնեց Մեհթին։

Եվ եղբայրները հեռացան։

Աբդուլ-Ալին յուր ընդունարան սենյակներից մեկը կահավորեց, կարգադրեց և փողոցից էլ հատուկ հարաբերության ճանապարհ հարմարեցնելով հորն այնտեղ տեղավորեց։ Որպեսզի հայրը իր կանանոցի հետ հարաբերություն չունենա և այդ պատճառով չընդհարվի, Աբդուլ-Ալին հատուկ մի ծառա վարձեց հոր համար, որպեսզի նրա անկողինը հարդարե, սենյակը լուսավորն, տաքացնե, մաքրե, թեյն ու սուրճն եփե և կերակուրը պատրաստն։ Սրա համար էլ կարգադրեց, որ հայրը ամեն ամիս վաճառատնից յոթ թուման վերցնե (14 ռուբլի) և ինքը կատարե բոլոր ծախսերը, որ իր ցանկացած կերպովն ապրի։ Ամեն մի եղբայրը օրական յոթ թուման էր ծախսում, իսկ հորը ամսական այդքան նշանակեցին։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչինչ չխոսեց, նա լռելյայն համաձայնեց ու համակերպեց անդրանկի արարքի հետ: Բայց այնքան հոգվով վրդովված Էր, որ այլևս դադարեց վաճառատուն հաճախելուց և որդիների երեսը տեսնելուց։ Նա չէր խոսում ոչ ոքի հետ, նույնիսկ ծառային էլ բան չէր ասում։ Պատրաստած թեյն ու սուրճն անմռունչ ընդունում էր, փուռից բերած կերակուրն ուտում, քնում, վեր կենում և յուր աղոթքը կատարելով նստում էր մտածելու այն դառն կյանքի՝ դժոխքի մասին, ուր ինքն ընկել էր։

Հաճախ հյուրեր ունեցած ժամանակ Աբդուլ-Ալին ծառային ուղարկում էր ձայն տալու և հորը ընդունարան կանչելու, թշվառ ծերուկը հիվանդություն պատրվակելով մերժում էր։ Որպեսզի դրացիների նկատողության չենթարկվի, Աբդուլ-Ալին հոր յուղոտած շորերն էլ փոխեց, նոր աբա ու ապարոշ գնեց, դրանք երբեք հորը չմխիթարեցին։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ընկեր, սրտակից, մտերիմ և անկեղծ բարեկամ էր որոնում, այնինչ համոզված էր, որ աշխարհի երեսին ոչ միայն օտարները, այլև իր հարազատ որդիներն էլ իրեն ատում և նրա մահն էին ցանկանում։ Մահն էլ փախչում ու չէր մոտենում ծերուկին։

Այս հուզված օրերին նա երբեմն գնում էր հանգստարան, իր հանգուցյալ կնոջ գերեզմանի մոտ նստում և մտորում էր, թե նա որքան երանելի էր, որ մեռել էր ինչպես սիրված իր ամուսնուց, նույնպես և գգված զավակներից։ Իսկ ինքը ապրելու դժբախտության համար ատելի էր դարձել զավակներին և հարսներին։ Այս այցելությունները հաճախ կատարելով, այս մտքի շուրջը տատանվելով օրն էր մթնացնում և մխիթարվում Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, սպասելով մահվան, երբ իրեն էլ բերելու հանգստացնելու էին սիրելի կնոջ կողքին։

Ամեն օր իրիկնադեմին մի այրի ևս գալիս էր այդ հանգստարանը, մի ժամ նստում էր ամուսնի գերեզմանի մոտ և ողբում իր կորցրած պաշտելուն, որը մի տարի առաջ գերեզման էր իջել։ Այնքան հաճախ իրար հանդիպեցան երկու այրիները, որ ընտելացան իրար. մեկը հանգստարան մտնելիս մյուսին դիմավորում էր կամ սպասում նրա գալուն։ Թշվառությունը նրանց մոտեցրեց և մի օր էլ իրար սիրտ բացին։ Երանելի կին, ասաց որբեվայրին մի օր, որ քեզ նման մարդ է ունեցել։ Յոթ տարի է մեռել է, ոչ միայն ուրիշ կին չառար, այլ մինչև անգամ չես կարողանում իրեն մոռանալ։ Եթե մարդիկ քեզ նման սիրեին իրենց կիներին, աշխարհի վրա իգական սեռը ամենից երջանիկ դասակարգը կկազմեին։

Դու էլ աննման կին ես, ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, որ մարդուդ չես մոռանում և ամեն օր գալիս ես նրան ողբալու։ Երևի ազնիվ հիշատակ է թողել, որ ահա յոթ ամիս է քեզ շարունակ այդ գերեզմանի մոտ արտասվալի աչքերով եմ տեսնում։

Էհ, դարիս զավակը չէր, նա մի կատարելատիպ հոգի էր։ Անողորմ բախտը նրան խլեց ինձանից։ Յոթ տարի միայն այր ու կին մնացինք, բայց հորիցս գթած և մորիցս քնքուշ եղավ ինձ համար։ Յոթ տարվան մեջ մի օր բերանը չբացավ մի դառն խոսքով, մի կծու բառով, մի նախատալի դարձվածով։ Հարուստ չէր, բայց ինձ քաղցած ու քրչոտ չթողեց, մեծատուն չէր, բայց ինձ կարոտ չպահեց։ Օրական վաստակածը օրվա ընթացքում կերանք, միայն թե ապագան չմտածեց։ Փառք ալլահին, բան չթողեց ինձ ու վեց տարեկան որդուս, բայց քաղցից չմեռանք։ Ամեն օր մոտիկ հայ դրացիների կեղտոտ շորերը, երեխաների ապականված բալուլները լվանում, 5 10 շահի վաստակում և ապրում ենք։ Էլի փառք, որ գոնե մի տուն թողեց, և մենք օտարի դուռը քաշ գալու չպարտավորվեցինք։

Փառքն այնտեղ է, որ դու գոհ ես վիճակիցդ, գործող ձեռքեր ունիս, կարողանում ես ապրուստդ ինքդ հոգալ և ոչ ոքի մուննաթ չքաշել։ Աշխատող թևերը քաղցից չեն թուլանա, ասաց ծերուկը հառաչելով։

Կարիքն ստիպող է։ Քաղցն ամենահզոր խթանն է, նա պարտավորեցնում է վազելու և տքնելու, Հաջի-աղա։ Երբ օրականս վաստակում եմ, մի րոպե էլ սրտիս ու հոգուս եմ զոհում։ Հիշում եմ ողորմածիկիս, որ ամեն տանջանք քաշում էր ինձ հառաչելուց ազատելու համար։ Իսկ այժմ ինքն հանգստանում է, որ ես այրվեմ… հալվեմ ու մաշվեմ, ասաց ու տան կողմն ուղղվեցավ այրին, դառն մտքերի մեջ թողնելով ծերունի Հաջի Աբդուլ֊Հյուսեյնին, որի արձանացած տեղից սկսեց զննել հեռացող կնոջը։ Այրին խորապես ցնցեց Հաջի Աբդուլ֊Հյուսեյնի հոգին։ Ծերուկը երեք֊չորս ամսից ի վեր ոչ ոքի հետ այսքան խոսակցություն չէր ունեցել։ Նրա հոգին քաղցրությամբ լցվեց այս տեսակցությամբ։ Յուր կնոջ մահվանից հետո Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչ մի կնոջ հետ այսքան մտերմական խոսքի չէր բռնվա։ Ծերուկը ընդհանրապես վատ կարծիք ուներ կիների մասին։ Նա ենթադրում էր, որ միայն իր հանգուցյալ կինը՝ մորքուրի աղջիկը այնպիսի առաքինություններով օժտված էր, իսկ մնացյալ թավրիզեցի կիները կործանող, փչացնող, կեղծավոր, խաբեբա և ավազակներ էին։ Ամբողջ մի ժամ նստած տեղից չշարժվեց և անչափ գոհ էր այդ պատահարից։ Հաջի Աբդուլ֊Հյուսեյնի խոհերի մեջ ներկայացան անմիջապես իր հարսները իրենց ագահ պահանջներով, շռայլ ծախսերով, մեծամիտ բարքերով և անխիղճ սրտով։ Նա, որ ինքն էր ընտրել չորս հարսին էլ իրենց հեռավոր և մերձավոր ազգականներից, նրանց զուգել, զարդարել, տարել իրեն տունը փառքի էր հասցրել, իր թողած ահավոր հարստ՛ության, ոսկու, մարգարիտի, գոհարի, ծիրանու ու բեհեզի մեջ թաղված լողում էին, այդ ապերախտները ոչ միայն չէին աշխատում, չէին օգնում իրենց տան տնտեսականի բարձրացման, ոչ միայն գողանում, գաղում, մերձավորների, ազգականների միջոցով դուրս էին կրում իր դիզած հարստությունը, այլ իրենց ամուսիններին էշ շինած, համետել, նրանց մեջքին էին նստել ու դեպի անդունդ էին մղում։

Աշխատանքով ապրող և որբին պահող այրին դիցուհունման կանգնել էր Հաջի Աբդուլ֊Հյուսեյնի մտքի առաջ և ձեռքով ցույց տալով իր թզուկ, բայց մեծասիրտ հարսներին, ծաղրից ու ծիծաղից թուլանում էր։ Այրին լվացք անելով օրական ապրուստ էր տուն տանում և սիրասուն որբի հետ պատառը բաժանելով, ոգևորված ու մխիթարված անկողին էր մրանում, այնինչ այդ միջոցին, երբ իրեն որդիքը օղիով և խաշխաշով հարբած ընկնում, մրափում էին, հարսները նրանց գրպանները, սնդուկները, մառանները, պահարաններն ու ներքնատները ճրագով ման էին գալիս, կողոպտում ու դուրս տանում, որ իրենց համար հոգեպահուստ դրամագլուխ պատրաստեն։

Այս պարագաները, իր թողած հարստության չարաչար ավարի ենթարկվելու մտքերը այնպես հուզեցին ծերուկին, որ նա մռայլած ու բորբոքված դիմեց տուն և առանձնարան մտնելով, տարածվեց իր բազմոցի վրա և սկսեց մտորել։ Նա չէր կարողանում որդիներին սթափեցնել և իր 40 տարվան տանջանքով կազմակերպած տունը կործանումից փրկել։ Հաջին զգում էր, որ այդ գործելու անընդունակ, իսկ գողանալու ճարպիկ մատները անշուշտ պիտի քայքայեին իր 40 տարվան մեջ շինած գործարանը և նրա մոխրի կույտի տակ զավակները մի պատսպարան էլ չպիտի գտնեին ապաստանելու։

Ամբողջ 24 ժամ այս հույզերով տանջվելուց հետո Հաջի Աբդուլ-Հյուսեյնը դարձյալ իր գավազանը վերցրեց և ծանր քայլերով, բորբոքված սրտով գնաց հանգստարան՝ հոգին հուզող այրուն նորից տեսնելու և մի քանի րոպեների բավականությամբ մխիթարվելու։ Այրին չուշացավ, և ծերուկը դեռ չէր վերջացրել իր աղոթքը, երբ խեղճ կինը չոքեց իր ամուսնու սառը գերեզմանի կողքին և սկսեց հեկեկալ ու արտասվել։ Երբ իրենց հոգեկան հարաբերությունները հանգուցյալների հետ վերջացրին, դարձյալ խոսքի բռնվեցին այրիները, միայն թե ավելի մտերմական ձայնով։

Որդիդ որտե՞ղ է սովորում, ո՞ւմ մոտ ես աշակերտ տվել, ասաց ծերուկը այրուն, որ մենակ ես գալիս։

Նուխեցիների գործարանում գորգ է հյուսում, ասաց այրին հառաչելով։ Ապա ավելացրեց․

Թեև վեց տարեկան է, բայց ահա վեց ամիս է, որ նա բանում է։ Ալլահը ինձ չկորցրեց, ես հավատացած եմ, որ զավակիս խեղճ չի թողնելու. վեց ամսվան մեջ այնքան առաջ գնաց, որ շաբաթական մի դռան արծաթ փող է բերում։ Արդեն այսօրվանից նա ինձ այլևս բեռ չէ, նրան ամեն օր հացն ու ճաշը տալիս են գործարանում։ Դեռ ես օգտվում եմ նրա աշխատածով։ Շաբաթականները ոչ միայն շորի, կոշիկի գինն է տալիս, այլ ինձ էլ կարող է հագցնել։

Ապրի, Ալիի աջը նրա գլխից անպակաս լինի, ասաց ծերուկը, ապա հարցրեց․ անունն ի՞նչ է։

Ջաֆեր, բայց ցավում եմ, որ երեխաս գրել-կարդալ չպիտի կարողանա սովորել։ Ինքը շատ հավաս ունի։ Մատիտ ու թուղթ է բերել և ամեն իրիկուն նկարում, գրում ու հաշվում է։ Ի՞նչ անեմ, եթե չաշխատի, քաղցած կմնանք։

Թող բանի ժամանակ գործարանում աշխատի, իսկ ազատ ժամանակ տանը գրել-կարդալ սովորի, հաշվե ու նկարե։

Շատ աշխույժ, ժիր տղա է, ընդունակ և զգայուն։ Երկու ամսի մեջ սովորեց հաշվել և գորգ գործել, վերակացուներն այնքան սիրում են, որ շաբաթականը վեց ամսվա ընթացքում մի աբասուց մի ղռան բարձրացրին (4-20 կոպեկ)։ Հիմի ուրիշ գործարանից եկել են և երկու ղռան են առաջարկում, բայց տեղը հեռու է, ես չեմ թողնում աչքիս առաջից հեռանալու։

Աներևույթի աջը դրան պահե․ դա անշուշտ մարդ կդառնա, տուն կպահե, քանի որ ինքը չքավորության դառնությունը մանուկ օրերում քաշել ու զգացել է։

Ինչ դառնություններ եմ քաշել, միայն խորաքննիչը գիտե։ Բախտս էր, ինչ կարող էի անել։ Պիտի համբերեմ․․․ Բայց դուք էլ շատ բախտավոր չեք երևում։ Կենդանի մարդերի շրջանները թողնում եք և մեռելների հետ ժամերդ անցկացնում։

Իմ էլ բախտս այսպես է սահմանել։ Կինս թաղեցի, ուրիշ կին չհանդգնեցա առնելու և մնացի մենակ։ Խոսակից և մխիթարիչ չունիմ, գալիս եմ պառավի հոգու հետ մասլահաթ անելու, նա ինձ շատ հավատարիմ էր, բայց ափսոս որ թողեց, գնաց։ Ինձ գոնե շուտ քաշե տանե, ես էլ ազատվեմ։

Այդ արարչի կամքն է․ բայց դուք, Հաջի-աղա, ինչի՞ պիտի շերիաթի հակառակ վարվիք․ ձեր ի՞նչն է պակաս, ինչի՞ պիտի չկարգվեիք, որ մի հոգեկից բարեկամ գտնեիք․․․

Վատ կնոջ զրպարտությունից և նենգությունից վախեցա ու հարսների աբով մնացի։ − Ափսոս։ Աղջիկներդ գոնե վշտիդ պիտի մասնակցեին, քեզ պիտի կարեկցեին ու ամուսնացնեին, որ ծերության մեջ մի մխիթարիչ ունենայիր։ Հարսը սկեսրայրին այնպես է զննում, ինչպես ուղտը պատառին։

− Ճիշտ ես ասում, բայց աղջիկներիս ես վաղ ինձնից հեռացրի և աշխատեցա, որ նրանք իրենց ամուսնու տունը պաշտեն, աչքերը չտնկեն հայրական օջախի կողմը։

− Այդպես էլ հարկավոր էր, բայց նրանք պետք է կարեկցեին իրենց հորը և թույլ չպիտի տային, որ նա տանջվի…

− Ինձ համար տարբերություն չունի, այժմ ամբողջ աշխարհն էլ իմ զավակներս են։ Կար ժամանակ, որ ես զանազանում էի, բայց այսօր եկել եմ այն համոզման, որ մարդկային կույր եսականությունն է, որ նրան մոլորեցնում է։ Իմ գործարաններիս բանվորները ավելի քաղցր աչքով են ինձ զննում, քան թե հարազատ աղջիկներս ու որդիներս, իմ դրացիներս ավելի զգայուն սրտով են ինձ բարևում, քան թե իմ բանվորներս և արյունակիցներս։

− Այո, մարդ մարդուն քաղցր ժպտով կարող է նայել, բայց ամեն մի զվարթ հայացքի տեր պատրաստ չէ զոհողություն անելու։ Այնինչ աղջիկներդ պետք է որ…

− Ահա տեսնում ես, դու ավելի կարեկից ես անմխիթար հոգուս, քան թե աղջիկներս։ Ուրեմն ես եմ եսամոլ և անձնապաշտ եղել, ամփոփվել եմ ինքս տանս մեջ և չեմ զգացել, որ իմ որդիներս ավելի ագահությամբ են կրծում իմ կուրծքս, մարմինս ու ոսկորներս, քան թե այդ կարող էին անել օտարները։

− Ծառին չորացնում է իր մեջ ընկած որդը, մարդու կյանքը կրծում է իր մարմնից դուրս եկած որդունքը։ Սրանց դեմ կռվել չի կարելի, միայն թե պետք է զգուշանալ և կրքերը չափավորել։ Իմ հայրս ախունդ էր, նա ասում էր, որ սրի խոցից ավելի թունավոր է լեզվի խոցը։ Օտարի հասցրած վերքից ավելի կսկծեցնող է հարազատի բացած վերքը։ Թշնամու և հակառակորդի զարկած գնդակի վերքերը կլավանան, բայց զավակի խփած վերքը գերեզման կտանե։

− Շատ ճիշտ է, անչափ ուղիղ է… Էհ ինչ օգուտ, որ մարդ գիտե, բայց դարձյալ զգացումներին գերի է ապրում։

Մենք մեր դատողությամբ և հաճությամբ չենք ապրում, ասաց շեշտելով Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, այլ մենք շրջավայրի գերին ենք։ Ինչպես որ կյանք են վարել մեր նախորդները, ինչպես որ ապրում են մեր դրացիները, նույնն էլ մենք ենք շարունակում։ Գիտենք և համոզված ենք, որ կործանարար ճանապարհի վրա ենք կանգնած, ոտքերիս տակի շավիղը մեզ անդունդն է տանում, բայց ճիգ չենք թափում շեղվել այդ ուղուց և բռնել մեր կյանքին ավելի նպաստավոր պողոտան։

Այո՛ Հաջի-աղա, մենք մեր ոտքերով ենք գնում անդունդ գլորվելու… Մնաք բարով, գնամ երեխայիս դիմավորելու, նա հիմի կգա։

Պաշտիր նրան, նա քեզ բեհիշտ կտանի, ասաց հառաչելով ծերուկը։

Եթե քու զավակներդ քեզ դրախտ առաջնորդեցին, իմս էլ ինձ Եդեմ կտանի…

Որ այդ գիտես, ի՞նչ ես գլուխդ զոհել և չես կարողանում հինգ-տասը րոպե ավելի մնալ, ինձ մխիթարել և միասին դուրս գալ հանգստարանից։

Քեզ աներևույթը թող մխիթարե, իսկ ես ուրիշ հույս չունենալով, միակ զավակիս եմ ապաստանել։

Եթե դու ցանկայիր, կարող էիր հույս ու նեցուկ գտնել։

Բախտը միշտ քիթը վեր ցցած է քովիցս անցել։ Նա ոտքերի տակ չի աշում, որ ինձ նման վշտահեղձին տեսնի, ասաց այրին հառաչելով։

Բախտը կույր է, նրա աչքերը կապված են, չգիտե ում օձիքն է բռնում։ Եթե մարդ նրան հետամտի, վերջիվերջո կբռնի։ Օրինակ, եթե դու ինձ ամեն օր այստեղ չտեսնեիր, ինձ հետ չխոսեիր, ես ե՞րբ կկարողանայի քո կրծքի տակ մտնել, հոգիդ ճանաչել և քեզ առաջարկել, որ ինձ կին դառնաս։ Այս առաջարկիս ի՞նչ ես պատասխանում։

Դու ծեր ես, թշվառ, արդյոք կկարողանա՞նք իրար բեռ թեթևացնել։ Եթե անշահախնդիր և անկեղծ կապվենք, իրարուց ակնկալություն չունենանք, երևակայական հույսերով մենք մեզի չխաբենք, կկարողանանք խաղաղ ապրել և իրար բեռ թեթևացնել։

Ես խոստացել եմ մարդուս՝ նրա բնակարանը և նրա զավակին չլքել։ Խոստմանս դեմ չեմ կարող գնալ։

Դու դարձյալ ապրիր քո տանը զավակիդ մոտ, ես էլ իմ տանս։ Երբ որ ուզենամ, կգամ քեզ մոտ զրուցելու և մխիթարվելու։ Դու ոտքդ չես կոխիլ իմ դժոխային որջս, որտեղ ցեցերս կյանքս կրծոտում են։ Քո բնակարանը կդառնա իմ սփոփարանս։

Բայց ես դժվար թե կարողանամ ամոքել հույզերդ, Հաջի-աղա, ես ինքս էլ թշվառ եմ և կարոտ։

Ես քեզ օրական հինգ շահի (5 կոպեկ) ապրուստի փող կտամ, քեզնից մի բաժակ թեյ էլ չեմ խմիլ։ Քո վաստակը, երեխայիդ բերածը և ամսական իմ քեզ տալիք 7 և կես ղրանը կարող է թեթևացնել քո դառը վիճակը։ Համաձա՞յն ես, գնանք ախունդին, թող սղան (դաշնաղոթքը) կարդա։

Ուրիշ կին խո չունե՞ս։

Դու գիտես, որ այրի եմ և տանս մեջ կամ դուրսը ոչ ոքի հետ հարաբերություն չունիմ։

Ինչ ասեմ, չեմ կարող մերժել ձեր առաջարկը, մանավանդ որ ձեր անունն ու հովանին ինձ կպահպանեն։

Որ համաձայն ես, գնանք այն մեջիդի ախունդի մոտ, թող այսօր կարդա սղան և գրե քյաբինը։ Հարյուր ղռան քյաբին կկտրեմ։

Ես ձեր աղախինն եմ, ինչպես որ կամենաք։

Գնանք, ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, և նրանք ուղղվեցան մոտակա մզկիթի կողմը։

Ախունդը սղան կարդալուց հետո, երբ այրին երեսը բաց արավ, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մնաց շվարած. ոչ միայն դեռահաս էր ու գեղեցիկ Քյուլսունը, այլ մինչև անգամ աչքերով, ունքերով և քթովը հիշեցնում էր իր հանգուցյալ կնոջը։ Հաջին ախունդից ամուսնական դաշնագիրն առավ, վճարեց մի զռան, հանձնեց կնոջը և միասին գնացին Քյուլսունի տունը։ Ճանապարհին Հաջին քիչ խնձոր առավ, մի ֆունտի չափ էլ քաղցրեղեն վերցրեց, իսկ Քյուլսունը ինքնաեռը դրեց ու մի բաժակ չայ խմեցրեց ամուսնուն։ Քիչ հետո գործարանից տուն վերադարձավ Հաֆերը և գրպանից լոշի մեջ փաթաթված փլավն ու խորովածը մորը երկնցնելով, ասաց.

Մայրիկ, ինձ այսօր աղան երկու բաժին տվեց, ուստի ես էլ մեկը քեզ բերի։

Ինչի՞ պիտի երկու բաժին տար։

Երբ ինձ բաժին տվին, ես բրդուճ շինեցի և գրպանս դրի, որ քեզ համար բերեմ։ Վարպետս տեսավ և ասաց. «Հաֆեր, ինչի՞ չես ուտում, խո հիվանդ չե՞ս», «Ոչ, ասի, կուշտ եմ, այս էլ կտանեմ մորս»։ Այս խոսքս որ լսեց աղան, ասաց. «Ջաֆերին մի բաժին էլ տվեք»։

Ապրին բարեսիրտ մարդիկ․․․

Մայրիկ, Հաջի-աղան մեր տունն ինչի՞ է եկել»

Զավակս, ես քու հայրդ եմ, ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը։ Ապրիս, լավ տղա ես դարձել, որ մորդ չես մոռանում։

Իմ հայրս մեռավ, ասաց Ջաֆերը ետ-ետ գնալով։

Նա մեռավ, բայց խո առանց մարդու չի կարելի ապրել։ Հաջի-աղան քո հայրդ է. իմացա՞ր, տղաս։

Ջաֆերը թեև չկարողացավ ըմբռնել, թե ինչպես Հաջի Աբդուլ-աղան իրեն հայր դարձավ, բայց ուրախացավ, որ տունը մենակությունից ազատվել է և ուրախությամբ քաղցրեղեն, խաղող ու խնձոր կերավ, թեյ խմեց։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը իր ամուսնությունը երկու ղռանի մրգով և մի ղռանի էլ մոլյային վճարով վերջացնելուց հետո հանեց կնոջը ամսական 7 և կես ղռանն էլ կանխիկ տվեց և մթնաշողով գնաց տուն։

Ամբողջ երեք ամիս Հաջի Աբդուլ-Հյուսեյնը շարունակ հարաբերություն ունեցավ Քյուլսունի հետ, մխիթարվեց և այնտեղ միշտ խաղաղություն գտավ, երբ իր տանը հարսներն ու զավակները իրեն վրդովում և հուզում էին։ Ոչ ոք չհետաքրքրվեց վեց ամուսնացած այրիների ընթացքով, ոչ ոք էլ չկարողացավ նկատել Հաջիի ելևմուտքը այրի Քյուլսունի տունը։ Աբդուլ-Ալիի կինը երեք ամսից հետո նկատեց, որ սկեսրայրը այդքան երկար միջոցում լվացքը չի տվել լվանալու։ Նա անմիջապես քննեց և տեսավ, որ ծերունու բոլոր սպիտակեղենը մաքուր, լվացած և այնպես ծալված, դրված էր, որ իրենց աղախինները չէին կարող այդքան խնամքով գործ կատարել։ Ուրեմն պարզ էր, որ սկեսրայրը դուրսն էր լվանալ տվել իր լվացքը։ Նենգամիտ կինը ամբողջ երեք օր հետամտեց սկեսրայրին և նկատեց, թե նա ինչպես գնաց, մտավ Քյուլսունի տունը և երեք ժամից հետո դուրս եկավ։

Փոթորիկ բարձրացավ նուխեցու տանը։ Նրա հարսները լսելով եղելությունը, իսկույն հավաքվեցան Աբդուլ֊Ալիի բնակարանում խորհուրդ անելու, թե ինչ միջոցի դիմեն, որ ծերուկը արձակե Քյուլսունին, որը, ինչպես պարզվեց, իրենց հանգուցյալ սկեսուրի մորքուրի թոռն էր։ Բավական չէ, որ մեր ամուսինները նրան պահում են, այսօր գնացել մի դուրս ընկած բանանողի հետ է ամուսնացել, որպեսզի իր որդիներից քաշե, նրան ուտացնե և մահվանից հետո էլ մեր գլխուն փորձանք դառնա, դատարան քաշե մեր ամուսիններին։

Հարսները իրենց սրտի մաղձը նույն իրիկունը թափեցին իրենց ամուսինների գլխին, բորբոքեցին և առավոտ նրանց ճանապարհ դրին դեպի շուկա։ Աբդուլ-Ալին շուկա չգնաց, ախունդին դիմել և լսել էր, որ երեք ամիս առաջ էր կատարված այդ ամուսնական դաշնագիրը։ Ամեն բան օրինական էր, հետևաբար ոչինչ չէին կարող ասել իրենց հորը։ Շերիաթի համաձայն նա իրավունք ուներ կին առնելու։ Մանավանդ որ կինը չէր եկել Աբդուլ֊Ալիի տունը, այլ մնացել էր իր սեփական տանը, հետևաբար ոչ մի ճնշում չէր կարող անել։ Եթե ծերուկը նրան ապրելու համար շնորհված բնակարանը կին բերեր, Աբդուլ֊Ալին կարող էր իսկույն վռնդել։

Անկարելի էր բռնի կերպով կնոջից բաժանել, իսկ եթե հոր վրա ճնշում գործ դներ, պիտի խայտառակվեր դրացիների առաջ։ Այնինչ հարսներն ու եղբայրները բորբոքված պահանջում էին կարճել ծերուկին տրված թոշակը և տանից դուրս հանել։ Աբդուլ-Ալին մտածում էր՝ ի՜նչ միջոցով հորը ճնշել, որ կարողանա կնոջը թողնել տալ։ Նա գիտեր, որ հայրը ոչ միայն կարճամիտ չէր, այլ օրենքն էլ լավ գիտեր։ Անհնար էր նրա համառությունն ընկճել։

Այդ օրը նա սովորականից վաղ տուն դարձավ, որպեսզի հորը տեսնի, գուցե մի հնար գտնի և կարողանա բորբոքված եղբայրներին զսպել։ Բայց հայրը տանը չէր։ Նա երկար սպասեց իրենց պարտեզում, ղալիոն ծխեց, թեյ խմեց,ծառերը, ծաղիկները ուղղեց, ապականությունները մաքրել տվեց, քանդած- փլվածը ուղղել տվեց։ Ամբողջ ամիսներով չնկատածը և չքննածը այդ օրն իմացավ։ Զայրացած նա ման էր գալիս պարտեզում,նախատում ու հայհոյում ծառաներին, անվերջ հրամաններ էր տալիս և ստիպում այս ու այն պակաս–պռատր դրստել։

Ճրագները վառելուց հետո միայն Հաջի Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ կնոջ տանից և ուղղվեց դեպի իր տուն։ Առաջին անգամ փոքր որդին Հաբդուլ-Մեհթին, հոր ճանապարհը կտրեց և ասաց.

Ցնդած, երիտասարդացել նոր կի՞ն ես առել։ Ալևորված մազիցդ, մորուքիցդ չե՞ս ամաչում։

Երբ դուք երես թեքեցիք ձեր հորից, ասաց ծերուկը։ ես մի տեղ մխիթարություն պիտի որոնեի, ուր ինձ ցնդված չանվանեն և քաղցր աչքով երեսիս նայեն։

Հայտնի բան է, պոռնիկները փող կորզելու համար քեզ թե՛ կշողոքորթեն և թե՛ կխնդացնեն։

Պոռնիկը քո կինն է, որ իմ տնկած պարտեզից բերել տված, վառած փայտը ինձ շատ տեսավ և քեզ նման ապուշի ձեռքով իմ փողերովս շինածդ տնից ինձ դուրս վռնդել տվեց ինձնից ծնած որդուս ձեռքով։

Լռի՛ր, խելագար, բերանդ կպատռեմ, ասաց անզգամ որդին, վրա պրծավ ծերուկի վրա և սկսեց բռնցքոտել ու խեղդրտել։ Իսկույն փողոցից անցնողները վրա հասան և հազիվ ազատեցին գազազած որդու ճանկերից թշվառ ծերուկին,որը քիչ էր մնացել թե շնչասպառի։

Մի քանի բարեսիրտ դրացիներ տուն բերին թշվառին թևի տակ մտած և հանգստացրին։ Այս լուրը Աբդուլ–Ռզային ու Աբդուլ-Թաղիին հասնելուն պես, սրանք հավաքվեցան իրենց մեծ եղբոր մոտ խայտառակության առաջն առնելու համար խորհրդակցելու։ Ընտանիքի պատիվն արատավորված էր, այլևս Աբդոզ-Մեհթին չէր կարող հրապարակ դուրս գալ և ընկերական շրջան մտնել առանց շրջապատի ծաղրին ու արհա մարհանքին մատնվելու։ Այս պատճառով եղբայրները որոշեցին, որ իսկույն Մեհթիին ճանապարհեն դեպի Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Ամերիկա, որպեսզի թե՝ դեպքը մոռացվի, թե՜ Ամերիկայում գորգի գործը տեսնի և ուսումնասիրի։

Աբգուլ-Մեհթին դատաստանից և հասարակական կարծիքից ազատվելու համար նույն գիշերը թողեց թավրիզն ու հեռացավ, իսկ դրացիների մեջ տարածեցին, իբր թե Քյուլ–սունի ինչ–որ անհայտ սիրականն է վրա տվել Հաջի Աբղուլ-Հյուսեյնի վրա և երբ բազմությունը տեսել է, թողել ու փախել է։

Այս արկածից հետևյալ առավոտը Հաջի Աբդուլ-Հյուսեյնը կանչեց իր մոտ մեծ որդուն և ասաց.

― Այլևս չեմ կարող ապրել ձեր մեջ։ Ես կյանքիս ապահովություն էլ չունիմ հարկիս տակ, որի ամեն մի աղյուսն ու քարը իմ քրտինքով է շաղախված։ Իմ և ձեր մեջ էլ ուրիշ կապ չմնաց։ Ես այսօր պիտի երթամ ինձ համար տուն քրեհելու, քանի որ ես չեմ կարող զիջել կնոջս տանը ապրելու։ Ճշմարիտ է, ինձ համար այնտեղ շատ արձակ բազմոց կա, որտեղ հարգված, սիրված եմ, բայց չեմ կտրող լաչակ կապել և կնոջս բնակարան՛ում ապրել։ Կասկած չունիմ, որ այնտեղ ինձ սիրում են անշահ ա խնդրությամբ, անկեղծ և առանց ապագա ակնկալությունների, բայց Աբդուլ-Հյուսեյնը չի զիջանիլ կնոջ շվաքը մանելու։

Ախր, ինչի՞ ես գնում, քեզ ո՞վ է ստիպում, որ մեզնից հեռանաս, ի՞նչդ է պակաս…

Դու կեղծավոր ես, ինձ շատ բան պակաս է, որը քեզնից երբեք չեմ խնդրել։ Այն՝ ինչ որ ես իմ ձեռքով բաշխեցի և ցրվեցի, ես դրանից մաս չեմ մուրալ։ Գլխիս գդակ կա, ձեռքումս գրիչ և ծնկներումս ուժ։ Վաղը կարող եմ մի նոր քալակզեի գործարան հիմնել, ինձ ոչ ոք չի խնայիլ ապրանք և փող։ Աշխարհք գիտե, որ Հաջի Աբդուլ - Հյուսեյնը ուրիշի փողն ուտողը չէ։ Բայց ես այդ չեմ անիլ, ձեռքովս հիմնած գործարանը ինքս չեմ քանդիլ և ձեզ բաշխածս հարստության դեմ չեմ մրցիլ, որ կործանեմ։

Հա՜ յր, մի բորբոքվիլ…

Եթե ես չբորբոքվիմ, ալլահն է ինձ վրա բորբոքվելու, որ ձեզ նման անզգամ որդիներ եմ մեծացրել, անարգ զավակներ, որոնք արժանի չեն հայրական այն անհուն շնորհներին, որը ես թողի ձեզ հեռացա։ Եթե ես չբորբոքվիմ ու ձեզնից չհեռանամ, հավիտենական դաժան հալածիչը չպիտի հեռանա ետևիցս։ Ես պիտի դուրս գամ այս հարկից, որ Թավրիզի բոլոր հայրերը տեսնեն և զգուշանան, որպեսզի այլևս ոչ ոք իր կենդանությանը իր կարողությունը, իշխանությունը ձեզ նման անխիղճ որդիներին չհանձնե…

Հայրիկ, չէ՞ որ մենք բոլորս քո որդիքն ենք և մեր պակասության հաշիվը քեզնից ենք պահանջելու։

Այդ տխմար միտքը ինձ այնքան խիստ է տանջել, որ այլևս համբերել չեմ կարող։ Մեր պակասությունները ծածկելով, թաքցնելով ես այսօրն ընկա։ Եթե ձեր անզգամության համար ես ևս մեղավոր եմ, թող մարդիկ ինձ էլ դատապարտեն։ Հանցավորն ու մեղավորը պետք է պատժվին և ապաշխարեն, որ հոգեկան խաղաղության հասնին։ Բավական է, ապերախտ և չարագործ զավակներ. աշխարհը լայն է, դուք ձեզ համար, ես ինձ համար, իրարից հեռու ապրենք։ Ես նոր գործ սկսելու ոչ սիրտ ունիմ, ոչ էլ հավաս, բայց մեր թաղի շուկայում մի փոքրիկ կրպակ կարող եմ կառավարել, ասեղ, թել, կոճակ և ուրիշ մանրուք ծախել, օրական մի - երկու ղռան շահել ու ապրել։

Հայրիկ, դու առաջ մեզ թաղիր, ապա գնա կրպակ բռնե և մուրացիկի գործ կատարիր։

Ո՛ չ դա շատ ազնիվ և բարոյական գործ է, քան թե յոթ անգամ ծառային ձեր կրպակը ուղարկել և ձեր ղրկելիք 70 ղռան ողորմսւթյանն սպասել։ Անկախ կրպակի գործը հազար անգամ ավելի վսեմ է, քան թե ձեզնից մուրացկանի նման ամսականի սպասելը։ Հայրիկ, եթե սնդուկում դրամ չենք ունեցել և մի քիչ ուշացրել ենք…

Քաղցածները պարտավոր են ողորմության ամիսներով էլ սպասել։ Բայց երբ ես իմ գործս կունենամ, այն ժամանակ օրական վաստակածս առանց մուննաթի կուտեմ։ Մանավանդ որ հանցանք է ձեզնից ամսական թոշակ մուրալը…

Հայրի՛կ, աղաչում եմ, մեզ մի՛ խայտառակի։

Զավա՛կ, ո՛չ որդունք, որ կրծոտում են սիրտդ ու ոսկորերդ…

Այս խոսակցության հետևյալ օրը Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մի փոքրիկ կրպակ վարձեց՝ ներսը մի կոկիկ սենյակով։ Վարձը վեց ամիս հետո պիտի տար։ Քայց նա կանխիկ փող չուներ, որ գոնե կահավորե սենյակը։ Գնաց շուկա, ապառիկ ապրանք գնեց, բերեց կրպակը լցրեց, կշեռք կախեց և տնից էլ լվացքն առավ ու եկավ նստավ առուտուրի։ Նա չընկճվեց, իսկույն դիմեց ծանոթների, ապառիկ ձեռք բերեց նույնպես սենյակի կահավորությունն ու գիշերը քնեց իր վարձած սենյակում։ Թավրիզ հասնելուց հետո այդ առաջին գիշերն էր, որ Հաջին հանգիստ և առանց հոգեկան տանջանքի քնեց իր վարձած անձնական բնակարանում, որի մասին նա ոչ ոքի մուննաթը քաշելու պարտավորված չէր։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնին հարգում էին նրա նախկին գործարանի բանվորներն ու վարպետները, թաղեցիներն ու դրացիները, այնպես որ ամեն մարդ նրա դառնացած սիրտը սփոփելու, ստոր զավակներից քաշած տառապանքները ամոքելու համար դիմում էր նրա կրպակը՝ թեյ, շաքար, համեմունք, թել ու կոճակ գնելու և նրա քաղցր խոսքը լսելու։

Այնպես հաջող էր գնում Հաջի Աբդուլ-Հյուսեյնի գործը, որ նա ութ օրից հետո վճարեց իր սենյակի կահավորության դրամը և խանութի երեք ամսվան քրեհը, որոնց բոլորի գումարը 8-10 թումանից ավելի չէր։ Ծանոթները, ծերունի հաջիներ ու թաջիրներ, բոլորն էլ երեկոները իրենց էշերի վրա նստած տուն դառնալիս կանգ էին առնում Հաջիի կրպակի առաջ, 5 10 կոպեկի բան առնում, քիչ խոսում և անցնում էին։ Հաջին ոչ միայն հանգիստ էր իր կրպակում, հրճվանք էր ազդում իր կնոջը՝ Քյուլսունին, ուրախացնում էր ընկերակիցներին, մտերիմներին, մխիթարում բանվորներին, այլև կենդանի օրինակ էր դարձել ողջ Թավրիզին։ Ամենքը խոսում ու նախատում էին Հաջիի որդիներին, որոնք այնքան անբարեխիղճ և գազանաբար էին վարվել իրենց ծերունի հոր հետ։ Ոչ միայն ամենքի նախատինքի առարկան եղբայրներն էին, այլ ամենքը նրանց երեսնիվար անարգում էին, թե ինչի այդ վիճակումն էին թողել իրենց թշվառ հորը։

Աբդուլ-Ալին և եղբայրները ինչ միջոցի դիմեցին, չկարողացան այլևս համոզել ծերուկին, որ թողնե կրպակը և դառնա իր տունը։ Մինչև անգամ Աբդուլ-Ալին խոստացավ կանանոցի մեջ նրա համար առանձին երեք սենյակ հատկացնել։ Ծերունին ասում էր.

- Ես ամեն բան ձեզ տվի, ամեն ինչ հանձնեցի, այլևս ձեզնից չեմ կարող մուրալ, ողորմություն խնդրել։ Ինչ որ ունեի, չխնայեցի, բայց կյանքս ձեզ չեմ կարող տալ։ Կաշխատեմ և կապրեմ։

Թեև Հաջիի որդիները շատ միջոցի դիմեցին, որ կարողանան իրենց բանվորներին-ծառայողներին արգելել, որ հորից ապրանք չառնեն, բայց հնար չգտան։ Օրեցօր ավելի և ավելի հաջող էր գնում ծերուկի առուտուրը։ Հանգիստ նստած կրպակում ծախում էր, վաճառատունները ապսպրած ապրանքները իսկույն ուղարկում էին, մինչ այն աստիճան, որ իր նստած Բաղարչայի (փոքր շուկա) դրացիներն անգամ սկսան նրա վրա նախանձել, թեև նրա երևալը այնքան հաճախորդ էր քաշում դեպի այդ շուկան, որ նույնիսկ դրացիների առուտուրի էլ զարգացման պատճառ էր դարձել։ Նույնիսկ Հաջիի երաշխավորությամբ և միջնորդությամբ մեծ վաճառատները նրա դրացիներին էլ մեծ քանակի ապառիկ ապրանք էին բտց թողնում, որով ավելի կենդանացավ թաղի առուտուրը, միայն թե այդ լավությունը այնքան նկատելի չէր դրացիների համար, որքան ծակում էր նրանց սիրտը Հաջիի հաջող գործը։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի այս համառ և հաջող ընթացքը այնպես էր բորբոքում նրա հարսներին, մանավանդ զավակներին որ սրանց հանգստությունը իսպառ դադարել էր։ Նրանցից երես էին դարձրել ինչպես ախունդներն ու մյուջթեհիդները, այնպես և իրենց գործավորները, կառավարիչները, մանավանդ արհեստակիցները։ Աբդուլ-Ալիին խիստ ճնշում էին եղբայրները, Ռզան ու Թաղին, որոնք ծրագրում էին մի խիստ և ծայրահեղ միջոցի դիմել ու վերջ տալ ծերուկի կրպակին։ Բայց Աբդուլ-Ալին ճանաչելով հորը, հորդորում էր քիչ էլ համբերել, մինչև որ հարմար առիթը ներկայանա։

Մի գիշեր Աբդուլ– Թաղին ուշ ժամանակ մենակ տանից դուրս եկավ նավթի թիթեղյա գյուգյումը աբայի տակ բռնած։ Նա գնաց բարձրացավ շուկայիկի կտուրը, հասավ հոր կրպակի սենյակի երթի մոտ, այնտեղից նավթը ներս լցնելով կրակ տվեց ու իջավ։ Պատից ցած գալիս թիթեղը չարագործի դողդողան ձեռքից վայր գլորվեց և քնած գիշերապահը գյուգյումի ձայնից սթափված, ոտքի ելավ և դիմավորեց Աբդուլ-Թաղիին պատից իջած պահին։

Աղա Աբդուլ-Թաղի, այդ դու ե՞ս, հարցրեց գիշերապահը, զննելով նրա դեմքը։

Ես եմ, ես, ահա քեզ երկու ղռան, գնա չայ խմե, ասաց Աբդուլ– Թաղին, թողնելով թիթեղը գլորված այգում, ուղղվեց դեպի տուն։

Գիշերապահը վեր առավ երկու ղռանը, մտավ սրճարան տաքանալու, թեյ խմելու և չիբուխը վառելու։ Դեռ տասը րոպե չէր անցել, որ բոցերը բռնեցին ամբողջ Թազարչայի փայտածածկ գերանները, եղեգները և կրպակները, փեղկերն ու դռները։ Ծուխն այնպես բռնեց ողջ թաղը, բոցերն այնպես արծարծվեցան, որ ժողովուրդը ոտքի ելավ, և ամենքը վազեցին Ղալայի դուռը Բազարչայի հրդեհին հանդիսատես դառնալու։ Շինության փայտեղեն արևի խիստ ճառագայթների տակ այնպես էր չորացած, եղեգներից հյուսած ծածկի խսիրները այնպես էին բոցավառվում, որ ոչ ջուր, ոչ հող չէր կարող նրա առաջն առնել։

Մի ժամի մեջ ամեն բան վառեցավ։ Աբդուլ-Թաղին հավատացած էր, որ հայրն էլ իր կրպակի ետևի սենյակում բոցերում խորովվեց, ու եղբայրներն ազատվեցան նրա անտանելի ներկայությունից, բայց բախտը տարբեր էր սահմանել Հաջի Աբդուլ֊Հյուսեյնը այգ գիշեր քիչ կողի ցավ զգալով պարտավորվել էր կնոջ՝ Քյուլսունի, տանը պառկելու։ Ոչ միայն Հաջին ազատվեցավ փորձանքից, այլ անմիջապես հրդեհի վայրը հասնելով, այնպիսի միջոցներ ձեռք առավ, որ շուկայի կրպակավորների ապրանքի մեծ մասը և շինությունների մի մասը փրկեց հրդեհի բոցերի լափը դառնալուց:

Այս բավական չէր, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը սկսեց քննել ինչպես անցորդներին, նույնպես պահնորդ ֆարրաշներին և բազարի գիշերապահին:

Գիշերապահը խոստովանեց, թե ինքը տեսել էր Աբդուլ-Թաղիին՝ Հաջիի որդուն պատից իջնելիս, որի ձեռքից գլորվել էր քովի պարտեզը թիթեղի նավթի գյուգյումը: Իսկույն Հաջին գիշերապահի, դրացիների հետ գնացին մտան պարտեզը և նավթի ամանը, որպես ոճրագործության առարկայական փաստ, վերցրին ու տարան թաղապետին՝ ղալաբեգին: Բայց վալիահթից հովանավորված Աբդուլ-Թաղիին չհանդգնեց կալանավորել թաղապետը, սպասեց, որ առավոտ Թավրիզի ոստիկանապետի հետ ներկայանա Իրանի գահաժառանգին և նրանից թույլտվություն ստանալուց հետո միայն բռնե ոճրագործին:

Մինչ այդ Աբդուլ-Ալին պարագաների մանրամասնությունները կաշառված ֆարրաշներից (ոստիկաններից) իմանալով, իսկույն գնաց եղբոր՝ Աբդուլ Թաղիի տունը և նրան ճանապարհեց դեպի Թեհրան: Աբդուլ-Ալին վաղուց սադրազամին գրաված էր մեծամեծ կաշառքներով և շահին մի քանի անգամ սիրաշահած: Նա վստահ էր, որ ոչ միայն պիտի ազատեին եղբորը պատասխանատվությունից, այլ չպիտի թողնեին, որ եղբոր համար իրենց անողորմաբար կողոպտեն վալիահթն ու փիշիքարը: Առավոտ մինչև վալիահթին ներկայացան ոստիկանապետն ու թաղապետը և կիսատ-պռատ հրաման ստացան, Աբդուլ-Թաղին աշտանակած նժույգը արդեն անցել էր Ատրպատականի սահմանը և մտել էր Զենջանի նահանգը: Առավոտյան Հաջի Աբդուլ-Հյուսեյնը իր դրացի կրպակավորների վորների և կալվածատերերի հետ ներկայացան Ամիր-Նիզամ գերուսին, ցույց տվին, թե հրձիգը Աբդու-Թաղին է և բավարարություն պահանջեցին: Իսկույն Ամիրը մարդ ուղարկեց և դիվանատուն հրավիրեց ինչպես Աբդուլ-Թաղիին, նույնպես և նրա մեծ եղբորը՝ Աբդուլ-Ալիին։ Եղբայրները Ամիր-Նիզամի բռնություններից զերծ մնալու, մի քանի օր գործը քաշքշելու, ժամանակ վաստակելու նպատակով, որպեսզի Աբդուլ-Թաղին Թեհրան հասնի և այնտեղից կարևոր հրամանները հեռագրել տա, գնացին վալիահթին ներկայացան և նրա հովանավորությունը խնդրեցին Ամիր-Նիղամի դեմ։

Վալիահթն սպասում էր Աբդուլ-Թաղիին։ Երբ նկատեց մեծ եղբայրներին, նա ժպտալի ասաց.

- Ես երբեք ձեզ չեմ կանչել, գնացեք և Թաղիին ուղարկեցեք։

- Ղուրբան,- ասաց Աբդուլ-Ալին,- նա երկու օրից ի վեր ճանապարհորդում է դեպի Թեհրան։

- Նա գիշերս այստեղ չէ՞ր։

- Թաղին երեկ առավոտ ճանապարհ է ընկել։

- Ուրեմն թաղապետն ու ոստիկանապետը ինձ խաբե՞լ են, զրպարտե՞լ են։

- Ղուրբան, նրանց խաբել են սուտ խոսքերով և հավատացրել, որ իբր…

- Բայց եթե հաստատվեց, որ երեկ և գիշերս Թաղին քաղաքումն էր, այն ժամանակ ձեր եղբոր տեղը դուք կտուժեք…- ասաց վալիահթը, զննելով նրանց դեմքերը։

- Մենք պատրաստ ենք ձեր բոլորր տուգանքները սիրահոժար տանելու,- ասաց Աբդուլ-Ալին,- միայն թե արդարություն ենք խնդրում։

- Մոտ արի,- ասաց վալիահթը և նշան արավ, որ ծառայողները հեռանան դահլիճից։

Աբդուլ-Ալին մոտ գնաց և այնքան մոտեցավ վալիահթին, որ նրանց խոսակցությունը մարդ չէր կարող լսել։

- Դու ինձ ճիշտն ասա, Թաղին գիշերս այստե՞ղ էր, թե ոչ։

- Ղուրբան, - ասաց Աբդուլ-Ալին ցածր ձայնով, - ես երեկ առավոտ նրան մնաս բարով ասացի և տնից դուրս հանեցի (Նագլ-խանե)։ Ճանապարհ ընկավ, թե ոչ, դրական պատասխան չեմ կարող տալ։

Ռզան գիտե՞ ճիշտը, հարցրեց վալիահթը։

Նա էլ ինձ հետ էր։

Ուրեմն վկաների ցուցումները ճիշտ են։ Նա գլխանե արել է, բայց հրդեհը գցելուց հետո է ճանապարհ ընկել։ Այդ դեպքում ես չեմ կարող ձեզ պաշտպանել. գնացեք Ամիրին, նա ձեզ փնտրում է։

Ղուրբան, մենք այստեղ բաստի (ապաստանի) ենք եկել, ասաց արտասվակալ աչքերով. Աբդուլ֊Ալին, հրամայեցեք, ինչ որ ուզում եք, պատրաստ եմ ձեր ամեն մի վճիռը ուրախությամբ տանելու։ Գերուսի դուռը չենք գնալ։ Դուք կարող եք աղիքներս թափել տալ, վիզներս կտրել տալ, կախաղան հանել, տներս կործանել, ինչ որ ուզում եք։ Ստացեք տասը հազար թուման, միայն թե հովանավորեցեք մեզ։

Այս տասը հազար թումանի գործ չէ։ Քսանչորս կրպակ եք այրել, որոնց շինությունը հինգ հազար թուման արժե։ Ամեն մեկ կրպակի մեջ 500 թումանի ապրանք եթե հաշվենք, տասներկու հազար թումանի ապրանք էլ այնտեղ է փչացել։ Բացի այդ, ասում են ծերունի Սադգը մնացել է կրպակների մեջ, խորովվել է։

Ղուրբան, ձեր կամքն է, ինչ որ ունինք, բոլորն էլ ձերն է։ Ամեն ինչ պատրաստ ենք ձեզ զոհելու, նույնիսկ մեր կյանքը։ Մենք ձեր ողորմությանն ենք սպասում։

Լավ, գնացեք, տասը հազար թուման տվեք Մյուջելալին, որ տանի բանկում պարտքս վճարի, հինգ հազար թուման էլ տվեք Ամիրին, որպեսզի Բազարչան շինել տա և այն աղքատ կրպակավորներին բավականացնե։

Ղուրբան, մենք ապաստանել ենք ձեր դռանը, Ամիրի մոտ չենք գնալ։ Դուք ուղարկեցեք Ամիրին հինգ հազար թուման, որ նա կարգադրե և մեզ հանգիստ թողնե։

Լավ, Մյուջելալը կտանի, կտա Ամիրին, ասաց վալիահթը և նշան արավ, որ քիչ հեռանա Աբդուլ֊Ալին։ Այս միջոցին ներս եկան սպասավորներն ու շրջապատեցին նուխեցիներին: Վալիահթն ասաց.

-Գնացեք և դիվանատնից կանչեցեք Ամիրին:

Ապա Մյուջելալին նշան արավ իրեն մոտենալու,որին հրամայեց գնալ շուկա Արգուլ-Ռզայի հետ և 15.000 թուման ստանալ, հանձնել բանկը, տասը իր, հինգը Ամիրի անունով և շուտով վերադառնալ:

Երբ Ամիր-Նիզամն եկավ,վալիհաթն ասաց.

Գերեզմանցությու՛ն,այսօր կստանաս հինգ հազար թուման և նորոգել կտաս Ղալայի դռան Բազարչայի 24 խանութները, որոնք գիշերս վառվել էին:

Ղուրբան,միայն կալվածները չեն վնասված,խանթավորներ էլ կան:

Ես միջոց գտա Բազարչան վերաշինելու, իսկ դու էլ վնասվածներին օգնելու միջոց գտիր։ Նուխեցիները մեր քաղաքի զարդերն են։ Նրանք սովի տարին գործարան բացին և 3-400 ընտանիքի գործ ու ապրուստ տվին։ Աղա Աբդուլ-Ալին մեր քաղաքում գործված խալիները Ամերիկայի շուկաները հասցնելով, այն տեղերից դրամ է քաշում մեր քաղցածներին կերակրելու համար։ Սրանք այնպիսի շահաբեր ձեռնարկություն հիմնեցին մեր քաղաքում, որ այսօր իսկապես մենք նրանցով կարող ենք պարծենալ։ Այդ բավական չէ, եկել են հինգ հազար թուման բերել,՛որ գիշերս հրդեհված Բազարչան շինվի, և թշվառները կրկին պաասպարվին։ Այս մասին գրեցեք սադրազամին, որ սրանց տիտղոսով և առաջնակարգ շքանշանով վարձատրե։ Դուք էլ տարեք սրանց և պատվեցեք։

- Ձեր խոնարհ ծառան եմ, ասաց Ամիր-Նիզամը դողդղալով և դուրս եկավ վրդովմունքը հազիվ զսպելով։

Երբ Աբդուլ-Ալին մտավ Ամիրի ատենական սրահը, առանձնացան, ծերունի պաշտոնակալը գլուխը և կզակը ճոճելով, ասաց.

Ա՛յ, ստահակնե՜, փախաք մտաք վալիահթի ախոռը, որ իմ ճանկերից ազատվե՞ք։ Եղբայրդ, եղբայրներդ ո՞ւր կորան։

Խա՛ն, խնայի՛ր մեզ, որդուդ գլխուն զոհիր, մենք ինչի՞ քեզնից պիտի փախչենք, որդին էլ հորից երես թեքե ու խույս տա՞։

- Ա, սինլքոր, որ դու քու հորդ տանիցդ վռնդեցիր, տըքնեցար նրան քաղցով սպանել, գիշերս էլ մյուս եղբայրդ ուզեց նրան նավթով վառել, այդ բավական չէ, այժմ էլ ինձ ես ձգտում խաբել…

- Սուտ խոսքեր են, զրպարտություններ են, ինքներդ քննեցեք և պիտի համոզվիր, որ ամբողջապես հերյուրանքներ են։

- Ես ձեզ կղրկեմ շառը, թող այնտեղ կամ հաստատեն այդ զրպարտիչները իրենց բողոքը և կամ իրենք դատապարտվին զրպարտության համար։

- Ո՞վ կհամարձակվի շառի դռնից փախչելու.․․ մենք պատրաստ ենք,- ասաց համարձակություն ձևացնելով Աբդուլ–Ալին, այնինչ հին գայլը նկատեց, թե ինչպես սարսափեց կաշառատուն շառի և մյուջթեհիդի անունից, այս պատճառով հարցրեց.

- Գանգատավորները ներսը սպասում են, ես նրանց կանչել կտամ։ Կողմնակի համաձայնությամբ մի մյուջթեհիդ ընտրեցեք, գնացեք նրա ատյանը և թող շառով որոշում կայացնեն։ Եթե անմեղ եք, զրպարտողներին պատժել տամ, եթե մեղավոր, այդ դեպքում գնացեք շինել տվեք և ամբողջ շուկայիկը, և վճարեցեք քսանչորս կրպակավորների հրդեհին զոհ գնացած ապրանքի գինը։

Ես հակառակ չեմ շառ գնալու, բայց վալիահթի հրամանով սիրահոժար հանձն առա շուկայիկը իմ հաշվով շինելու։ Իսկ եթե դուք կարծում եք, որ մենք որպես հանցավոր պարտավոր ենք հրկիզյալների վնասները տուժելու, այդ դեպքում Բազարչան էլ չենք շինիլ։ Թող նախ հաստատեն եղբորս վրա կատարած զրպարտությունը, ապա ստանան վնասները։ Այն հինգ հազար թումանը, որ վալիահթի հրամանով ձեզ բերելու են այսօր, խնդրում եմ ինքներդ վերցնեք, առանց մի գրոշ վճարելու Բազարչայի վերաշինությանը։ Մեզ էլ ուղարկեցեք Հաջի Միրզա-Մյոհսին աղա մյուջթեհիդի մոտ։ Շատ շուտով կբռնեք, թե ով է մեղավորը։ Ես լավ գիտեմ, թե ով է մեղավորը, բայց ինչ օգուտ, որ վալիահթը Մեհմեդ-Ալի-Միրզան է։ Գնացեք և Բաղարչան ձեր քսակից շինել տվեք, եթե ոչ, մոխրի վրա կնստեցնեմ ձեզ։

Այս ասելով նշան տվեց, որ հեռանա Աբդուլ-Ալին, որի դուրս եկած րոպեին նրան դիմավորեցին Մյուջելալն ու եղբայրը, որոնք 5000 թումանի բանկային ստացագիրը ներս էին տանում Ամիրին ներկայացնելու։ Աբդուլ-Ալին չթողեց, որ Աղան ընկերակցի Մյուջելալին, և երկու եղբայրը մռայլած դեմքով վերադարձան իրենց վաճառատունը։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնն ու ընկերակիցները իրենց գանգատից ետ չկանգնեցան։ Նրանք անընդհատ Ամիրից և գլխավոր մյուջթեհիդներից դատաստան էին խնդրում։ Սրանք էլ իրենց սովորականի համաձայն գանգատավորներին խաղաղեցնում էին։ Մյուս կողմից էլ ստիպում էին նուխեցիներին անպայման շուտով վերջացնել հրկիզված շուկան։ Մեծ եռանդով շուկան շինվեցավ երեք շաբաթվա ընթացքում և ամեն մի կրպակավոր իր գործին կպավ։

Աբդուլ-Ալին շուկայի գլխավոր առևտրականներից մի քանիսին գաղտնաբար վնասները վճարեց, թղթեր առավ։ Սրանք իրենց գանգատից ետ կեցան, երբ նկատեցին, որ չպիտի կարողանան միջոց գտնել մեծամեծներին կաշառելու, նպատակին հասնելու։ Բավարարվածները իրենց խոստման համաձայն ոչ միայն դադարեցան դատարանների դռները բախելուց, այլև հորդորեցին, հուսահատեցրին իրենց ընկերակիցներին ընկճեցին։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչ միայն վնասները չստացավ, այլ մտատանջությունից ընկավ անկողին։ Թշվառ ծերուկին տանջում էին պարտքերը, որոնք մնացել էին այլևայլ առևտրականներից բերած ապրանքի փոխարեն։ Թեև ոչ ոք Հաջիից առնելիքը չէր պահանջում, բայց որպես հին վաճառական, խստապահանջ մարդ, անչափ մտորում էր այդ պարտքերի համար։

Մանավանդ որ ինքը մտածմունքից հիվանդացել էր, Քյուլսունը հղի էր և ապրուստի միջոցներն էլ սպառվել էին։ Երբ անկողնում պառկած անվերջ հառաչում էր, կինը նրան մխիթարելու համար կրկնում էր.

Ա՛յ մարդ, ինչի՞ ես հուսահատվում, վախենում ես, որ քաղցած մնանք։ Մի տարի այրի անցկացրած օրերումս եթե սովամահ չեղանք, էլ այժմ ի՞նչ վախ կա։

Ա՜յ կնիկ, մի՛ բորբոքիլ սրտիս կրակը, Հաջին չի կարող ուրիշի աշխատանքով ապրել, մանավանդ պարտքը վզին գերեզման իջնել։

Հայրիկ, ասաց մի օր փոքրիկ Ջաֆերը, ես այժմ օրական կես ղռան եմ ստանում, հոգս մի քաշիլ, թե՛ կապրենք և թե՛ պարտքդ կտանք։

Ես քեզ ղուրբան, ասաց մայրը, թող աշխարհք մեզ հալածե, դո՛ւ միայն կարող ես ամոքել մեր վշտերը։

Որդի, ասաց ծերուկը, բարի սրտիդ համեմատ բարիքներով լցվիս։

Որքան որ պատվազգացությունից տանջվում էր Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, այնքան էլ նրա հարգանքը բարձրանում էր բարեկամների շրջանում։ Ոչ միայն նրանից պարտքերը չէին պահանջում, այլ ամեն իրիկուն ծերունի բարեկամները գալիս էին նրան մխիթարելու, քաջալերելու, հուսադրելու և հորդորելու, որ կրպակը բանա և գործը աննկուն շարունակե: Հաջին այդ խրախուսանքից սրտապնդված կազդուրվեց, ոտքի ելավ, գնաց շուկա, նորից ապրանքով լցրեց կրպակը և շարունակեց գործերը։

Այն ծերունիները, որոնք շաբաթը մի քանի անգամ իրենց որդիներից ծեծվում, նախատվում էին, Հաջիի սրտակից բարեկամներն էին, գալիս էին նրա մոտ, վշտակցում և քաջալերում նրան, որպեսզի անարգ որդիներին պատժել տա, գուցե և դրանց օրինակը սանձե մյուսների գազանացած զավակներին։

Հաջին թեև կրպակից դուրս գալու հնարավորություն չուներ, նա տքնում էր պարտքերը վճարել, պարզ ճակատով միշտ հրապարակ իջնել, բայց և այնպես չէր հանգստանում։ Ամեն օր կրպակը կապում, գնում էր ինչպես մյուջթեհիդների, նույնպես և Ամիրի դուռը, որպեսզի պատժել տա իր ոճրագործ որդիներին։ Խա՛ն, ասաց մի օր Ամիրին, դու ծերացել, անպետքացել ես, շահը հրաման է ուղարկել, որ քեզ զնդանը գլորեն և որդուդ նշանակեն Ատրպատականի փիշիքար։

Ո՞վ ասաց. պատճա՞ռը, հարցրեց ծիծաղելով զառամյալ վարչապետը, որպեսզի խոսացնի վշտահեղձ ծերունուն։

Ես հեռագրեցի, ես խնդրեցի շահից, որ քեզ գլորե։ Պատճառն այն է, որ դու ցնդել ես, ցնորել ես, տարիներդ խելքդ տարել են։ Այժմ ոչ թե մտածում ես այս ժողովրդի բարօրության մասին, այլ ձգտում ես սև փող ձեռք բերելու, որպեսզի լակոտներդ տանեն շռայլեն շվայտության մեջ։ Փոխանակ արդարության ու բարոյականության ծառայելու, թունավոր օձեր ես սնուցանում, որպեսզի նրանք զորանան, թույն պատրաստեն և աղուեն աղքատ ու անճար աշխատավորներին։ Եթե դու խելքդ կորցրած չլինեիր, պատժել կտայիր չարագործ որդիներիդ և կապահովեիր բյուրավոր և միլիոնավոր հայրերի վիճակը իրենց ընտանիքում։ Քեզ ո՞վ ասաց, որ խելագարվես, եղած֊չեղածը որդիներիդ բաժանես և ինքդ այսօր դատարանների դռները չափչփելու պարտավորվիս։

Ես սխալվեցա։ Իսկ եթե դու Իրանի զարգացման նախանձախնդիր պաշտոնակալ ես, պատուհասիր անզգամ զավակներին, որպեսզի հայրենիքի կործանման առաջն առնես։

Բայց եթե երկրի ամբողջ ազգաբնակությունը իր կառավարության հետ դեպի անդունդ է վազում, ասաց Ամիրը ծիծաղելով, ես ո՞ր մեկի առաջն առնեմ։ Դու գնացել շառով ու կապալագրով ամեն բան տվել ես որդիներիդ։ Այսօր նրանք քեզ վռնդել են քո շինած տնից, դատավորն ի՞նչ անե, երբ օրենքը նրա ճանապարհը կապկպել է քու կամքով։

Ո՛չ, դու սխալվում ես. ոչ թե որդիներս են ինձ իմ տանից վռնդել, այլ ես նրանցից փախել եմ, որ կյանքս չկարճեն։ Երբեք ես նրանցից ապրուստ կամ փող չեմ պահանջել կամ բաշխածս չեմ ետ ուզել, այլ կյանքիս դեմ դավաճանողներին, Բազարչան այրողներին, վալիահթին կաշառողներին պատիժ եմ պահանջում, հասկանո՞ւմ ես, աղա Ամիր…

Որ խելքդ թռցրած չլինես, մի՞թե կարող ես հանդգնել և պահանջել, որ ես իմ իշխանավորիս կամքի հակառակ գանգատ ընդունեմ։ Եթե ես կաշառատու որդիներիդ պատմեմ, չէ՞ որ կաշառ վերցնողին էլ դատաստանի պիտի մատնեմ… Հետո՜,., Չէ՞ որ այդ պարագային դահիճը աղիքներս կթափե։ Ավելի լավ չէ՜, որ ես բարեկամ մնամ թե՛ մեծավորիս և թե՛ որդիներիդ, նրանց բերած փեշքեշներն ու կաշառքները ստանամ ու կրքերիս բավականություն տամ, քան թե քեզ լսելով՝ գլուխս փորձանքի մատնեմ։

Ուրեմն չարագործը անսանձ պիտի տանջե՞ քաղաքի խաղաղ ազգաբնակությանը, և պաշտոնակալներդ պիտի համակերպի՞ք, որպեսզի նրանց լավ կողոպտեք և ձեր ապարանքներում արծարծեք ու զարգացնեք շվայտությունն ու անբարոյականությունը։

Եթե խելագար չլինեիր, չէիր հանդգնիլ այդ խնդիրը շոշափել։ Ո՞ւմ հայտնի չէ, որ քեզ նման էշերի դիզածը պետք է քո սնուցած օձերից խլեն արժանավորները և իրենց վայելչության համար ծախսեն։ Չե՞ս իմացել, որ կան ճշմարտություններ, որոնք խոսողի լեզուն են կտրում։ Բայց որովհետև ես ութսուն տարիս անցկացրել եմ, էլ չեմ ուզում ոչ թե ծառայել, այլ նույնիսկ ապրել, քանի որ կենսական բոլոր ուժերս սպառվել են և վայելելու ընդունակությունից զրկվել եմ, ուստի սրտիս մաղձը թափում եմ և զվարճանում եմ քեզ նման ապուշի աչքերը բանալուց։ Իսկ դու թեև 60 տարվան ես, բայց կողոպտված ես և կենսական բարիքներից զրկված։ Այդ պատճառով կյանքը քեզ համար դժոխք է դարձել և այս բոլորը լավ ես անում, որ քեզ սպանեն ու ազատվես հոգեկան տանջանքներից։ Միայն թե ես էլ այնքան ապուշներից չեմ, որ քեզ հավիտյան լռեցնեմ և ինձ զրկեմ այս մեծ բավականությունից՝ քո տանջանքներին ականատես լինելու հաճույքից։ Ուստի, բարեկամս, ցնորած ու գազազված Հաջի Աբդուլ-Հյուսեյն, որքան որ շատ բորբոքվիս, այնքան խիստ պիտի զվարճացնես ինձ։ Այս պատճառով լիազոր ես խոսելու, հայհոյելու և անարգելու անսահման չափերով։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը հանկարծ սթափվեց և զգաց, որզառանցող Ամիրը իրեն ապուշի տեղ է ընդունել և իր վշտերի արտահայտություններով միմիայն զվարճացել է։ Այս հիասթափությունը նրան ստիպեց նույնիսկ առանց մնաք բարև ասելու թողնել ու հեռանալ Ատրպատականի վարչապետ ատյանից։ Ճանապարհին նա սկսեց մտորալ, թե արդյոք իսկապե՞ս ինքը դատողությունն ու ողջամտությունը կորցրել է։

Որքան խորն էր մտածում, այնքան ավելի համոզիչ փաստերը Հաջիին ասլացուցանում էին, որ նա չէ խելագարված, որ նա միայն միջավայրի զոհն է։ Նա թեև դարձավ տուն, տեսավ իր Քյուլսունին, որը ընթրիքի պատրաստություն էր տեսել և ուրբաթ իրիկուն ամուսնու ու որդու հետ մտադիր էր սեղան նստելու և քիչ շաղակրատելու։

Քյուլսունը նրա այլայլությունը հեռացնելու, զվարթացնելու համար ասաց․

Հաջի, այսօր մի այնպիսի փայծաղի տոլմա եմ պատրաստել, որ հոգուդ պատած տխրությունները ամբողջապես կքաշե ու կտանե։

Հաջին չըմբռնեց Քյուլսունի հանաքի միտքը։ Նա մի կողմը քաշված դեռ մտմտում էր, երբ կինը գնաց կոնքով տաք ջուր բերեց և կրկնեց․ Դու այսօր շատ ես հոգնել, բեր ոտքերդ լվանամ հանգըստացիր և ապա ընթրենք։

Ծերունին ակամա հնազանդվեց և երբ կինը ոտքերը մաքրեց ու չորացուց, ասաց․

Ա՛յ կին, «բան-ման» նկատո՞ւմ ես։

Ինչպես չէ, ասաց Քյուլսունը, դու այսօր առավոտ գնացիր մի փոքրիկ նախաճաշով միայն, ահա ճրագ վառելու ժամանակ է, նոր ես վերադառնում տանջված ու սոված։ Գնամ սեղան պատրաստեմ, ընթրենք և ամեն ինչ կարգի կընկնի։

Ա՛յ կին, խո խելքիս բան չի՞ եկել։ Ինչպես չէ, քեզ ասել էի, որ ձմերուկ առնես, իսկ դու կամապաշտ, քո սիրած խաղողն ես բերել։ Ողորմածիկս էլ այդպես էր, միշտ խաղող էր բերում և ինձ ասում էր․ «Ձմերուկը ջուր է, խաղողը տեղն ու տեղը միս ու արյուն»։ Դեռ գնամ ճաշը բերեմ, այդ մասին հետո, ասաց ու գնաց թոնրից դուրս հանեց փայծաղի տոլման, բերեց, սեղանը զարդարեց, և ընթրեցին։

Աբդուլ-Թաղին Թեհրան հասնելուն պես, երբ ներկայացավ սադրազամին, վերջինս Ամիր-Նիզամի զեկուցման համեմատ սկսեց նրան ճնշել, որպեսզի կողոպտե։ Թավրիզում վալիահթը արգելք էր հանդիսացել Ամիր–Նիզամին անարգել շահագործելուն, այս պատճառով էլ Ատրպատականի կառավարչապետը հեռագրով սադրազամին խորհուրդ էր տվել մաշկելու երիտասարդ փախստականին։ Սադրազամն ասաց.

- Եղբայրդ Բազարչան շինել է տվել, այրված ապրանքի տերերին գոհացրել է, այնպես որ այդ մասին գանգատավոր չունեք։ Բայց Սադըգը խորովվել է հրդեհի բոցերում, պետք է նրա արյան գինը վճարել։ Հրձիգության համար յոթ տարի զնդանում ապաշխարել, որպեսզի ուրիշները սարսափեն և իրենց հորը կրակի բոցերին մատնելու ծրագիր չկազմեն։ Աբդուլ-Թազիի շունչը կտրվեց, երբ սադրազամը խիստ կերպով նրանից բացատրություն պահանջեց և սպառնաց կալանավորել։

Երկար սարսափների մատնելուց հետո սադրազամը քսան հազար թուման ստացավ Աբդուլ-Թազիից և ազատ թողեց։ Այս ծանր վճարը, Թավրիզի կաշառներն ու տուգանքները խախտեցին նուխեցիների ֆինանսականը։ Աբդուլ-Ալին կատաղությունից չէր իմանում ինչ անել։ Մանավանդ որ Աբդուլ-Մեհթին էլ Ամերիկայից գործարան ուղարկվելիք տասը հազար ֆունտ ստեռլինգի գումարն ստացել և վատնել էր Նյու-Յորքի ու Չիկագոյի անառականոցներում։ Այս տնտեսական հարվածներն այնպես քայքայեցին նուխեցիներին, որ Աբդու-Ալին ժամանակին վճարումները չկարողանալով հասցնել, Թավրիզի շուկայի մեջ խայտառակվեց։

Աբդուլ-Ռզան չկարողանալով տանել սնանկության անարգ վիճակը, թողեց տուն-տեղ, ընտանիք, կայք և ուղղակի երկու հազար թուման վերցնելով, գաղտնի փախավ Ռուսաստան, որպեսզի այնտեղ մի գործ սկսե, կարողանա ապագային օգնել իր ընտանիքին։ Բայց որովհետև նուխեցիների պահանջատերերի մեջ ռուսահպատակներ էլ կային, և հյուպատոսարանը պաշտպանում էր նրանց գանգատը, ուստի Ստավրոպոլի ոստիկանապետը իրենց տրված հրահանգի համեմատ կալանավերվեց և ետ դարձուց Աբդուլ-Ռզային Թավրիզ։

Ամեն օր նորանոր գանգատվողներ էին հրապարակ դուրս գալիս, ամեն օր նորանոր բողոքներ էին ներկայացնում քարդուղարին, իրենց այլևայլ պահանջներով։ Կ․ Պոլսից, Ամերիկայից, Օդեսայից, Թիֆլիսից ու Բաքվից պահանջատերերը եկել կուտակվել էին Թավրիզ անգլիական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսարանները, որոնք խիստ կերպով բավարարություն էին պահանջում։ Թեև պարսիկ պաշտոնականները ստացած փեշքեշների պատճառով ձևացնում էին, թե օգնում են նուխեցիներին, բայց նրանք միայն պարբերաբար կողոպտում և սննկացնողների վերջին հյութն էին ծծում։

Աբդուլ-Ռզան այս բոլոր անարգանքները չկարողանալով տանել ու տոկալ, մի օր հուսահատված և բորբոքված ուղղակի դիմեց նոր կրպակը, իրենց դժբախտությունների «աղբարկղը» և ատրճանակից մի գնդակ արձակելով, ուզեց վերջ տալ թե՛ հոր կյանքին և թե՛ գլխին։ Բայց գնդակը վրիպեց։ Անզգամ որդին անշուշտ հերը կսպաներ եթե որդու բորբոքից թևը չդողար և ֆարրաշներն ու անցորդները չմիջամտեին։ Այս պարագան այնքան խիստ ներգործություն ունեցավ քաղաքացիների վրա, որ նրանք դիմեցին մյուջթեհիդին և պահանջեցին խիստ պատժել չարագործ որդուն։

Այլևս անհնար էր հովանավորել ոճրագործին, վալիահթը իր գնդանը գլորեց Աբդուլ-Ռզային։ Քարդուղար կալանավորեց Աբդուլ-Ալիին և նրանց կայքերի մնացորդը բաժանեց պահանջատերերի մեջ՝ արանց սնանկ հրատարակելով։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը անընդհատ շարունակում էր իր առուտուրը։ Անզգամ զավակներին պատժելուց հետո նրա հարգանքը ավելի բարձրացավ։ Առավոտ-իրիկուն շուկա գնացող և վերադարձողները մի քանի րոպե կանգնում էին նրա կրպակի առաջ՝ մի բան առնելու պատրվակով, խոսակցում և ծերուկին մխիթարում էին։

Մի տարվան ընթացքում ոչ միայն բոլոր պարտքերը վճարել էչ, այլև կարողացել էր կրպակի ամբողջ ապրանքի գինը վաստակել։ Քյուլսունը ոչ միայն անխափան իր ամսական յոթ և կես ղռանը ստանում էր, այլ օրական տասնական շահի ևս (10 կոպեկ) ստանում էր, որ կերակուր պատրաստե ծերունի ամուսնու համար։ Ջաֆերը այնպես առաջ տարավ իր արհեստը, որ նրա հյուսած գորգերը սովորականից հինգ-տասն անգամ թանկ էին ծախվում։ Այս պատճառով էլ նրան այնպես էին վճարում, որ ութ տարեկան հասակում երեսուն տարվան վարպետներից ավելի էր ստանում։

Դժվարացավ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի հարսների և թոռների ապրուստն ու կյանքը։ Հարսները ոչ միայն ծախսել էին իրենց գաղածն ու կարասիքը, այլ մինչև անգամ կերել էին իրենց հագուստի և փոխնորդի վաճառքից ստացած գումարը։ Սովը մաշում էր մեծից մինչև ծծկերներին։ Թեև պատանիներին տարել աշակերտ էին տվել զանազան արհեստանոցներ, բայց մանուկներն ու աղջիկները տանջվում էին կարիքից։ Քաղցը նրանց այլանդակել էր. գունատվել, լղարել և ջղայնացել էին։

Մի օր Աբդուլ-Մեհթիի կինը հուսահատ, պատառոտած սավանի մեջ փաթաթված մոտեցավ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի կրպակին և արտասվալի աչքերով ասաց.

Աղա, ալլահի սիրուն, թոռներդ քաղցից կոտորվում են, մի հացի փող և մի կտոր թեյ-շաքար։

Դու ո՞վ ես, հարցրեց ծերուկը կասկածելով աղքատի ձայնից։

Աղա, մի՞թե չես ճանաչում։

Դու իմ ձեռքից վառելափայտը քաշող Այիշեն չե՞ս։

Աղա, ես արի, գտա պատիժս, դու խնայիր, կոտորվեցին երեխաներս։

Առ ու տար, ասաց ծերուկը նրան երկնցնելով հացի, մսի, պանրի, կանաչի և մրգի այն կապոցը, որ պատրաստել էր Քյուլսունին տանելու։

Տարեք ու կերեք։ Այս էլ քեզ չայ֊շաքար։ Կերեք, ուռճացեք ու զորացեք, որ այժմս գնաք ու Մեհթիին ծեծեք։

Աղա, Մեհթիին աստված ծեծեց։ Ահա տարին անցավ, նա Ամերկայից չի կարողանում վերադառնալ, խաբար էլ չկա։ Գլուխը փշրվեր, ազատվեի։ Ամերիկա կին ու երեխաներ չկա՞ն։ Էլ ինչի՞ պիտի վերադառնա։ Թող զառամյալ պապը տանջվի, որ թոռներին պահե։

Աղա, դու գիտես. մնացել ենք օտարի դռանք, սոված ու անճար։

- Ո՛չ, ո՛չ, էլ չգաս, չեմ կարող այլևս ևս բեռ շալակել Քյուլսունի ութ տարվան որդին օրական մի ղռան է բերում իր մորը, դու երեք որդի ունիս՝ 15, 12 և 10 տարվան։ Գնացեք, աշխատեցեք և ապրեցեք։

Նրանք իրենց գլուխը չեն կարողանում պահել, ես աղջիկներին և մանրերին ի՞նչ անեմ։

Չաշխատողը իրավունք չունի ուրիշի վաստակն ուտելու, ասաց ծերուկը հառաչելով։

Դու տվիր և սովորեցրիր ձրիակերության․ ես այժմ նրանց ինչպե՞ս վարժեցնեմ ջանասիրության։ Չեն աշխատում, չեն ծառայում արհեստի։

Որ քաղցած մնան, ցրտից մրսեն, խոնավությունից տանջվեն, այն ժամանակ կարիքը նրանց գործի կմղե։ Գնա ե նրանց տար գորգագործարան, թող բանեն և ապրեն։

Երբ Այիշեն գնաց, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ընկավ մտատանջության մեջ։ Նա մի քանի անգամ ծանր-ծանր մտքում կրկնեց հարսի ասածները. «Դու տվիր և սովորեցրիր ձրիակերության, ես այժմ ինչպե՞ս վարժեցնեմ ջանասիրության»։

«Այո, ասաց մտովի Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, ես տվի, ես վաստակեցի նրանց համար, ես պատրաստեցի, ես հավաքեցի, ես զրկեցի նախ ինձ, ապա կնոջս և ապա բանվորներիս և այդ բոլորի ատամների ավելվածից, հագուստից ու կապուստից ետ գցածս, սրանց շահն ու տոկոսը ես բարդեցի և հասցրի տասնյակ հազարների, որ նրանց ապագան բարվոքեմ։ Ես երբեք չմտածեցի, իմ մտքովս երբեք չէր անցել, որ նրանք այդ առատության, այդ անբավ կարողության մեջ պիտի այն աստիճանի անառականանային, որ իրենց հոր դեմ զինվեին։ Միթե ես նրանց սովորեցրի շռայլություն, զեխություն ամբարտավանություն, լրբություն։ Մի՞թե ես նրանց սովորեցրի հայր ծեծել, հոր բնակարանը հրդեհել, հոր վրա գնդակ արձակել, հոր կնոջը հայհոյել և հոր կնոջ պատիվը անարգելու համար, սրիկաներ ուղարկել նրա տան վրա և իրենց եղբորը բալուլի մեջ փաթաթված մանուկի կյանքի դեմ անգամ դավ սարքել, որ չլինի, թե մահիցս հետո երեխան մեծանա և նրանցից ժառանգություն պահանջե։

«Ո՜չ, ո՜չ մի հայր չի կարող մեղավոր լինել, եթե խնամում է իր զավակներին, մեծացնում է, կրթում է, տքնում է նրանց բարիքի համար և արյուն-քրտինքով դադածը նրանց ժառանգություն է թողնում, որպեսզի ապահովե իր սերնդի, իրենից ծնված որդունքի ապագան։ Զավակներին խնամելը, մեծացնելը, կրթելը սրբազան պարտականություն է. ամեն մի մարդ կարողության չափով պարտավոր է կատարել… Բայց զավակների ապագան ապահովելու համար թողնված կարողությունը… աշխարհը կողոպտելով դիզած գանձը զավակներին հանձնելը… Այո, դա, այդ հրեշային սովորությունը, օրենքը… Այո, եթե ես նրանց ամեն մեկին մի քանի բյուր թուման չթողնեի, նրանք այդ աստիճանի չէին լրբանալ… Հարսը ճիշտ ասաց, տվիր, առատ-առատ հանձնեցիր, կերան, պատառեցին ու ձրիակերության վարժվեցան։ Այո, այդ կարողությունը եթե նրանք չստանային, այսօր փոխանակ բանտում նստելու, ներկատանը, ջուլհականոցում, կամ կրպակում կծառայեին և իրենց գլուխը կպահեին։ Այո, որդիներին անբավ կայք տալուց, թողնելուց մեծ ոճիր չկա։ Ինչի՞ ես նրանց այնքան հանձնեի, որ նրանք այդպես անբարտավանային։ Իմ ոճիրս նրանց մեղքից ավելի դաժան է… տվի և վարժեցրի…

«Ո՜չ, ես չեմ կարող ոճրագործ լինել, ես հանցանք չեմ գործել, ես հետևել եմ միմիայն աշխարհի օրենքներին։ Մի՞թե ալլահի շերիաթն էլ այդ չի հրամայում։ Ծնողների ժառանգությունը պիտի արվի որդիներին։ Ես ի՞նչ մեղք ունիմ, որ թողի, ես ի՞նչ մեղք ունիմ, որ ալլահն է ինձ այդ հրամայել և օրենք կարգել, որ իմ գույքս ժառանգեն զավակներս։ Ես իրավունք չունեի ղրկելու զավակներիս… Շերիաթի համաձայն ես իրենց հալալ բաժինները տվել եմ. աղջիկներիս առանց խնայելու խնայելու, առանց կտրելու։ Ես hաջ գնալուց առաջ գույքիս մի երկրորդ մասը դրամի վերածեցի և հանձնեցի աղքատներին, իսկ մնացյալի մասին ես պարտավոր էի հնազանդել շերիաթին և հատկացնել նրանց… էլ այստեղ ի՞նչ մեղք ունիմ։ Չեմ զրկել, չեմ քաշել, չեմ կողոպտել…

«Այո՛, զրկել եմ, կողոպտել եմ… այո՛, այդ բոլորը… թեև իմս էր շերիաթի համաձայն, բայց դրա մեջ մտել են և այնպիսի գումարներ, որ… քրտնողների մսից, արյունից, ջղերից ու ոլոքներից քաշված հյութեր էին… Ես, ես առուտուրով ծախել, վաստակել եմ, բայց… գնորդներից ավելի քաշելու համար որքան հազար անգամ ալլահի շերիաթի ներհակ եմ վարվել, կեղծել եմ, նենգել եմ, վստահացրել եմ, հավատացրել եմ… Պետության մաքսավորին կաշառել, մաքսն եմ կուլ տվել…

«Ո՛չ, Ռզան, Թաղին փուչ որդիներ չէին։ Նրանք շատ անգամ ինձ անկեղծության դաս են տվել, ես նրանց… ես նրանց վարժեցրել էի շահամոլության… Ես նրանց ստիպում էի թեթևացնել մետաքսը, գործը, ներկը և ավելացնել գինը… Այո, այն հարստությունը թեև շերիաթով իմս էր, բայց խղճով այնտեղ ուրիշի էլ քրտինք կար, ուրիշի էլ աշխատանք կար… Ի՞նչպես ապրանքը կեղծ էր, այնպես էլ արարքս նենգավոր և շերիաթի հարմարեցնումը խարդախ… Ոչ, շերիաթը երբեք նենգ չի աշխարհ եկել, այլ մենք միջոցներ ենք հնարել շերիաթը նենգելու… Եթե ես այն հարստությունը թողած չլինեի որդիներիս, նրանք ոչ միայն այդ աստիճանի պիտի չամբարտավանային, որ այսօր տանջվեին մեկը Ամերիկայում, մյուսը՝ Հնդկաստանում, մեծերն էլ՝ վալիահթի բանտերում.․.

«Եթե ես այն ահավոր գանձը չհավաքեի, այսօր ամենքն էլ մեր մյուս գործավորների նման պիտի աշխատեին, օրականը պիտի ձեռք բերեին և քաղցած չպիտի թողնեին իրենց ընտանիքները, երեխաները… Եթե ես չկողոպտեի շրջապատիս բանվորներին, չարչիներին ու վաճառականներին, Ամիր֊Նիզամն ու վալիահթն էլ չպիտի կարողանային կեղեքել ու կողոպտել Ալիին ու Ռզային… «Ո՛չ, ես մեղք չունիմ, ես հետևեցի աշխարհի սովորությանը։ Օ՛հ, որքա՜ն խորն են խրվել մեր հոգու ներսը կեղծիքն ու խարդախությունը, որ նույնիսկ առանձնությանս մեջ, խղճիս առաջ տքնում եմ ինձ արդարացնել, ոճիրներս մեղմացնել և շերիաթին հարմարեցնել… Օ՛հ, մեծ ոճրագործը ես եմ. նախ ինձ պետք Էր կալանավորել» … ասաց և սրտի պայթումից ընկավ ծերունի Հաջի Աբդուլ-Հյուսեյնը։

1911 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Still-life with bottles
Still-life with bottles
Play Online