Atrpet

Ծոմաբացին

Ծոմապահության (Ռամազան) ամսի 15-ին Հաջի Ալի Հարիրֆրուշը (բեհեզավաճառ) խոսք էր առել Քեր-Բելայից եկած դենպետից յուր տունը այցելելու և միասին ծոմաբացին ընթրելու: Վաճառականը անչափ ուրախացել էր, որ շիաների երկրպագության արժանացած մյուջթեհիդը խոստացել էր նրա տանը ընթրիքի բազմելով բախտավորեցնել։

Ահա այս պատճառով հաջին լավ պատրաստություն էր տեսել և իր աչքի ընկնող դրացիներին, մրցակիցներին և բարեկամներին հրավիրել էր նույն իրիկուն ներկա գտնվելու իր տանը և սրբակրոն հոր օրհնություններին ու բարոյական վսեմ հորդորներին մասնակցելու։

Արևը մայր մտնելուց մի ժամ առաջ բոլոր հրավիրյալները ներկայացել էին հարգևորի տունը և անհամբեր սպասում էին դենպետի գալուն, որի տանից ճանապարհ ընկնելու լուրը արդեն հասցրել էին արագավազ լրաբերները։ Եկավ վերջապես դենպետն էլ, հրավիրյալները պարտեզի ծաղկանոցից անցան թենեբին (մեծ սրահը) և ծնկների վրա կարգով չոքեցին սրահի չորս կողմը փռված մինդարների վրա, որոնք ծածկված էին ընտիր գորգերով։

Երբ սկսեց չորս բոլորի հրավիրյալների վիճակից հարցուփորձ անել մեծ դենպետը, սենյակի մեջ այնպիսի լռություն տիրեց, որ օդի մեջ թռչկոտող ճանճերի ձայնն անգամ այնպես աղմկալի էր թվում, որ տանտերը մտորում էր մի կերպ դուրս վանել դրանց, որ չխանգարեն բարձրագույն հյուրին։ Բայց ճանճերը խո չէի՞ն կարող մտնել տանտիրոջ հոգեկան աշխարհը, չվրդովել հյուրընկալին և նրա բարեկամներին:

Այդ միջոցին մոտի ընդարձակ սրահում պատրաստում էին սեղանը, որտեղ սպասավորները ամենայն զգուշությամբ և ճաշակով դասավորում էին կերակուրները։ Սուփրի ծայրերին ութ սինի փլավ ու չլավ էր դրած, բոլորն էլ զանազան համեմունքներով, իսկ մեջտեղը շարած էին որսի, գառի, հավի մսերից, կաթնեղեն, քաղցրեղեն և ուրիշ կերակուրներ: Խոշոր, հախճապակե բադիաներով շարած էր օշարակը, որոնց մեջ լցրած էր շիմշատից շինած գեղեցիկ շերեփներ։ Մրգերը իրենց վառվռուն գույնով հրապուրում էին աչքերը, կերակուրները իրենց քաղցր բույրով գրգռում ախորժակը։

Երբ արևը մտավ հորիզոնից, դենպետը, արևամուտի աղոթքի ժամանակը հասած համարելով, զննեց կողմնացույցը և կամենում էր աղոթքի կանգնել։ Հանկարծ պարտեզի դռնից աղմկելով ներս մտավ մի պառավ թրքուհի, ոտից մինչև գլուխ չարսավում փաթաթված, ձեռքում աղերսագիր և ուղղվեց դեպի Թենեբիի լայն բաց լուսամուտը։

Թեև տանտիրոջ ծառաները շատ աշխատեցին, որ արգելեն պառավին խնդիրը ներկայացնելու, բայց մեծ մյուջթեհիդի հավատարիմը նրանց առաջը կտրեց ասելով.

Արդարադատության դուռը ոչ մի րոպե չի կարելի փակել։ Խնդրատուի առաջ միշտ բաց են դատարանի դռները։

Կինը ներկայացրեց խնդիրը, որը Թենեբիից դենպետն առավ ասելով.

Աղոթելուց առաջ անհրաժեշտ է հուզվածների ու բորբոքվածների բողոքը լսել:

Հանդիսականները անմռունչ լսում ու զննում էին իրենց դենպետի խոսքն ու արարքը, որը ակնոցն ուղղեց և սկսեց կարդալ խնդիրը։

Ի՞նչով ես հաստատում, որ այս տունը քոնն է, խանում, հարցրեց դենպետը։

Թեև մարդու չեմ հավատացել իմ կապալես, բայց ձեզ վրա լիովին վստահ եմ, կարդացեք, սահաբ,– ասաց ու ծոցից դուրս հանելով կալվածագիրը, հանձնեց դենպետին:

Մյուջթեհիդը կարդաց կալվածագիրը, զննեց կնիքները և հարցրեց մոտը նստած մյուջթեհիդից, թե կնիքն ու ստորագրությունը ծանոթ են նրան։

Ծանոթ է. Հաջի Միրզա-Բաղր աղայի ձեռագիրն է, պատասխանեց կղերականը։

Հաջի-Ալի, առաջ արի տեսնենք, թե ինչ է ասում այս կինը, որ տեր է կանգնել քո այս բնակարանիդ և ինձ զգուշացնում է չաղոթել իր տան մեջ առանց իր համաձայնության։

Սահաբ, ասաց դենպետի առաջը չոքելով տանտերը, ահա երեսուն տարի է, որ իմ ձեռքին է այս տունը, և ես գնել եմ Դալալ-Բաշուց։

Ուրեմն այս տները շինել է Դալալ-Բաշի՞ն։

Այո, բայց ես նրանից գնել եմ և թղթերս վավերացրել են բոլոր հայտնի մյուջթեհիդները։

Տեսնեմ թղթերդ, ասաց դենպետը։

Հաջի-Ալին երբ ներս գնաց թղթերը բերելու, թրքուհին ասաց.

Սահաբ, երբ ամուսինս վալիահթը կանչել էր, նա վախենալով, որ իրեն կարող են կողոպտել, անմիջապես գնացինք մյուջթեհիդի մոտ, և ինձ ծախեց տները, որ ապահովե վտանգից։ Բանտում Դալալ-Բաշուն այնքան տանջել տվեց վալիահթը, մինչև ստիպեց տունը ծախել և յոթ հազար թուման տուգանք վճարել։ Թեև ամուսինս շատ դիմադրեց, բայց տանջանքի տակ անճարացած զիջավ և յոթ ամիս հետո մի երկրորդ կապալե տվեց Հաջի-Ալիին, իսկ այս անիրավը բռնության ենթարկվածից հափշտակողի նման գրավեց կայքը և տիրացավ։

Բանտից դուրս եկա՞վ Դալալ-Բաշին։

Ո՛չ, այնտեղ նրան թունավորեցին։

Այս ժամանակ ներս եկավ Հաջի-Ալին և իր կալվածագիրը ներկայացրեց դենպետին։

Սահաբ, բացի այս կապալագիրը, ինքը վալիահթը և շահը հաստատել են իմ դոկումենտներս։ Աղբ են կերել շահը և վալիահթը․ նրանց ի՞նչ գործն է արդարադատությունը։ Այս կինը այս տունը քեզանից յոթն ամիս առաջ գնել է իր ամուսնուց, սիզան կարդացվել է, նրա սեփականությունն է։

Սահաբ, ես ի՞նչ մեղք ունիմ, երբ ինձ խաբել են․ երկրորդ կապալե են տվել, ես վալիահթի ստիպմամբ եմ գնել այս տունը, Դալալ-Բաշու խնդիրքով նրան ազատել եմ քսան հազար թումանի պարտքից։

Լսի՛ր, բռնակալների մասին խոսելն ավելորդ է։ Տունը այս կնոջն է, և երեսուն տարվա ընթացքում այս տան մեջ կատարած աղոթքներդ, տված ողորմությունդ, բաժանածդ բարիքները, բոլորը զուր են անցել, քանի որ տանտիրոջ կամքի հակառակ նստել ես այս տանը և նրան հոգեպես տանջել։ Այս տան մեջ կատարված բոլոր ամուսնությունները պոռնկության է փոխարկվել և ծնվածները պոռնկորդի են դարձել։ Այստեղ ոչ միայն աղոթելը, ընթրելը հարամ է, այլ նստելն ու խոսելն էլ հանցանք։ Ես այլևս չեմ կարող մնալ հափշտակիչի տանը։

Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես, ասաց գունատված Հաջի-Ալին։

Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները մինչև չդարձնես, չես կարող փրկվել։

Պատրաստ եմ, սահաբ, միայն թե իմ հարկս մի խայտառակեք։

Երբ բոլոր խոստացածդ կկատարես, այն ժամանակ կմտնեմ քո հարկը քեզ մխիթարելու, իսկ այսօր առանց այս կնոջ հաճության չեմ կարող մնալ այս տանը, ասաց, վեր կացավ դենպետը և ուղղվեց դեպի փողոց։

Բոլոր հանդիսականները նրան հետևեցին։ Հաջի-Ալին կաթվածահար ընկավ և դարձրեց տները Դալալ-Բաշու կնոջը։

1909 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

August, dated 1963
August, dated 1963
Play Online