Ashken Keshishyan
Երբեմն հրեշտակն ընկնում է իմ ուսերից
***
Երբեմն հրեշտակն ընկնում է իմ ուսերից,
երբեմն ուղղակի թեթև
քերծում է մարմինը,
երբեմն կոտրում է թևերը,
երբեմն ես մոռանում եմ
նրան ու
քայլում միայնակ։
Երբեմն ետ եմ վերադառնում,
օգնում եմ բարձրանա,
մաքրում եմ վերքերը,
մաքրում արցունքները,
նստեցնում եմ ուսերիս
ու գնում առաջ։
***
Քայլում եմ նախաստեղծ
ջրերից թաց հողի վրա,
դեպի քեզ`
բացելով առաջին արահետը
Երկրի վրա։
Մարմինս ջուր
ու հող է բուրում.
Երկրում
դեռ ոչ ոք չէր երազել
մեզնից բացի։
***
Ձմեռվա հետ կաթնագույն մշուշն էլ
արդեն հեռացավ։
Ես սպասման օրերն այս
կում-կում խմում եմ՝
ամենեևին առանց տխրության,
այլ՝ լուռ վայելելով։
Մազերցս մաքրում եմ
մշուշի վերջին փշուրները։
Քամում եմ մազերս մշուշից,
քայլում եմ գարնանն ընդառաջ։
***
Մի օր,
երբ փակես տանդ դուռը,
ու դուրս գաս փնտրելու․․․
կանգնի՛ր աշխարհի ցանկացած
գետի առջև,
երկար կանգնիր
կխաղաղվես։
***
Երբ դու և դուռը
երկար
նայեք ու լռեք
միասին
փակ մնալու,
կամ բացելու
իմաստը կկորի։
***
Գետը
որ իմ
երազի շարունակությունն է.
Հպվիր ձեռքերով ջրերին նրա,
լվա երեսդ երազով
իմ։
նայիր գետի հայելուն։
ժպտա։
գնա առաջ։