Arshak Chopanyan

Որբուկը

Այնպես մութ էր այն գիշերն,
Որ իրարու ականջեն
Կփոփոային հրեշտակներն`
“Ինչպես՞ իջնենք երկնքեն”:

Այնպես ցուրտ էր այն գիշերն,
Որ սուր ձաղկին տակ հովուն
Կդողային մերկ ծառերն`
Արձըկելով ողբ մ’անհուն:

Երջանիկներն իրենց տան
Մեկ, շուրջ շողուն սեղանին,
Կաղանդին տոնն աննման
Կտոնեին ցնծագին:

Փողոցի մը մեջեն լայն
Որբ տղա մը, միս-մինակ,
Ստվերի մը պես անձայն,
Կ’անցներ, խոհուն, գլխահակ:

Ծանր թախիծ մ’իր դեմքին
Վրա, մռայլ, կփըռվեր.
Գիշերն աղվոր Կաղանդին
Իրեն մահվան էր գիշեր:

Վերցուց աչքերն ու տեսավ
Տուներուն մեջ լուսավառ
Զվարթություն այն անբավ,
Զոր Կաղանդն հոն կտեղար:

Եվ իր փոքրիկ խեղճ հոգին
Այնպես խորունկ հուզվեցավ,
Որ աչքն հառած երկնքին,
Լալով աղոթք մը ըրավ:

Հանկարծ թանձր մութին մեջ,
Շուշանի պես սպիտակ,
Բացած թևեր լայն ու պերճ
Երևցավ վեհ մեկ հրեշտակ:

Գութն էր, պաշտպան խեղճերուն,
Զոր կասեցնել չեն կարող
Ցուրտն ու հովն ու մթություն
Եվ Մա՛հն իսկ, Մա՛հը լափող:

“Ըսե՛ ինձ, ո՜վ հեք մանկիկ,
Որ դառնորեն կ’արտասվես,
Ի՞նչ կբաղձա քու սրտիկ,
Ըսե, կարող եմ տալ քեզ,

Աղվոր հագո՞ւստ կամ պատկեր,
Շաքա՞ր և կամ խաղալի՞ք,
Կ’ուզե՞ս անուշ խորտիկներ
Կամ հյութալից համեղ միրգ”:

– Երբ իմ մայրիկս ողջ էր դեռ,–
Ըսավ որբուկն հրեշտակին,–
Զիս կգրկեր կպագներ,
Գիշերն երբ գար Կաղանդին:

Բարի՛ հրեշտակ, չեմ ուզեր
Խաղալիք կամ զգեստ մաքուր,
Չեմ ուզեր միրգ կամ պատկեր,
Մորս համբո՛ւյրն ինծի տուր:

Be the first who will comment on this
Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

The forsaken
The forsaken
Play Online