Anna Davtian

Մարկոյի համար

Երկիրը՝ չռված սպասում,

պառկած է հաջորդ քարտեզին,

Ինձ կուլ է տալիս միայնության կոկորդը։

Պարում եմ Բրյուսել քաղաքի ապակիների մեջ՝

բազմակի թեւերով,

Անցյալը տարել է նրան, ինձ խաբող սեր, անցյալ մեծ պայթյունը

տարել է նրան, ով կարող էր դեռ գալ,

Ամերիկան Հայաստանի կեսը կարմիր է ներկել՝ որպես հնարավոր նոր պատերազմի զոնա,

ու պետք չէ մարգարե լինել՝ հասկանալու աղետի

սույետան,

Ու պետք չէր զգայուն-շրթունք-բալասան լինել,

իսկ Թագավորական հրապարակում տագնապի համար

չափում են զարկերակը։

Իմ խոնարհություն, ետ վերադարձիր,

Ետ վերադարձիր, պոռնկության իմ ցավ։

Իմ նորածնի բարակ ոտքերը՝

սնարից կախ,

Ու աստված իմ մեջ՝ քաղված տղաների ձեռքերով, որի կեսն արդեն մեռած էր ու թաղված նույն երկնքում։

Կմեռնես, թե ինձ չլսես, լսո՞ւմ ես։

Մի սիրիր նրան, այս պատերազմի մեջ

մի սիրիր նրան։

Մի մերկացրու ներսի բաց ցավը։

Իմ ջախջախված ձեռքերը նվերներ են առնում՝

մտքով,

որ դրանք դիմանան ռմբակոծության լոթի սահանքներին։

Համբուրվել է մի կույս,

որը չի իմացել պատերազմը բղջախոհության մեջ։

Սպանողի նշանի։

Իսկ ես գետիններն եմ պատռել։

Կանայք գետիններն են պատռում,

Ու հետո նրանց պատռված փորի մեջ լցնում են մատներ, թաթեր, ականջներ ու կոկորդը նրանց։

Մարմին մինոր

Իմ թագ

Բարակ ապակիների մեջ

Վիշտ իմ

Ամպեր-ու-արցունքներ-իմ-ցավ

Աստծուն մոտ կանգնած սրբերից մեկը կրակել է մեր բախտի վրա։

Կեղտոտ ձեռքերով մարմինս է ափլփում

մնացորդը կյանքի։

Այս պարը տխրություն անգամ չէ։

Շռայլությունը չէ դրա։

Չե՞ս տեսնում հողն ինձ վրա։

Մեկն ինձ ասաց՝ պետք է երջանիկ լինել։

Եւ այդպես էր ասում նաեւ գերմանացի

մի ոստիկան,

Որ կունիի տեսաբան էր ու սիրում էր եբրայերեն։

Ինձ այստեղ գցել են մեկի հետ, որի հայրը թուրք է, մայրը՝ հրեա,

բայց նա ուզում է զոհը լինել,

ոչ թե դահիճը,

ու ընտրել է իր ինքնությունը.

նարինջների վրա թանաք է քսում ու տպում թղթի վրա,

Այդպես նա հարաբերվում է արվեստային աշխարհի հետ,

Այդպես նա հանգիստ է ու կարտոնի վրա նկարած

վերադարձնում է Երուսաղեմը։

Կարսի անունը թեւերիս մեջ։

Թանաքը կարմիր չէ։

Իսկ Մարկոն նկարում է ամպեր ու արցունքներ, ամպեր ու արցունքներ, ամպեր ու ջուր,

Մարկո, դա բավարար չէ,

Նկարիր որդան կարմիր արյունով։

Խնդրելու բան անգամ չէ։

Երկիրը վերադարձը չէ իմ։

Ես չգիտեմ այլեւս ինչը կարող է վերադառնալ։

Ընդունո՞ւմ եմ արդյոք համակ տապալումս։

Տապանաքարը աստծո վրա։ Տապանաքարը ինձ վրա։

Դագաղը, մարմին մինոր, դագաղը։ Ամեն հաջորդ պահի։

Մտիր՝ թեկուզ պարելով։

Քո հոգուց թռածը քեզ հետ է։

Բայց մխիթարել չէ, որ ուզում եմ։

Երկրի կեսը կարմիր է` ինչպես ամբողջ երկրի սիրտը։

Ո՞ւր ես դու քշելու քո սիրտը նրա սրտից։

Ո՞վ է քո բանագնացը։

Երբեւէ չունեցած երջանկության ժամի։

Այնպես որ՝

խաղաղվիր,

խոնարհվիր հետ։

Մխա։ Մեռիր։ Մոռացվիր։

Ու մի ողբա։

Ամեն դեպքում՝

Քանի դեռ ողջ ես,

Քանի դեռ քո սերն ու հուսահատությունը

Ողջ են։




(Մարկո, հիմա հուզիչ մի բան Եւրոպայի համար
Ամպերը՝ արցունքների բանակատեղին,
Ճոճում են իրենց բրեզենտե կողերը
Ու ցած են թափում կաթիլներ.
ինչքա՜ն գեղեցիկ է աշնանային տաք ձմեռը,
Օ՜, սպեղանի քույր իմ)։
Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

Saint Malo
Saint Malo
Play Online