Anna Davtian

Ինչպես ամառ

Խշշում է ամառը տաքով: Օդի մեջ ամեն ինչ չոր ու տաք խոտ է: Դաշտերը բեռնատարներով տուն են գալիս: Ամառվան ուղեկցում է ուժը: Որ հաստ մարմնի մեջ չէ: Այլ ուժեղ է՝ ինչպես ծառի միջին չափի ճյուղը՝ ոչ բարակ, ոչ հաստ: Գյուղը վարում է այն կյանքից, որն իր համար ամենասովորականն է: Տաք արեւի տակ ընդարմացած մարմիններ՝ փայլուն ու ձիգ: Չի կարող զսպել իր մեջ աճող հիացումը: Տղամարդիկ հասկանու՞մ են:

Նայելը՝ նայում է: Հեռավոր բարեկամ Մխո քեռուն ասել էր՝ ուզում է խոսել հետը, ու քեռին գիտեր, որ խոսքն իր խմելու, տնից հեռացած կնոջ ու երեխաների մասին է: Բայց Մխո քեռին տարօրինակ արտահայտություն էր օգտագործում, ասում էր՝ ես հասկացա քո կանչը: Որտեղի՞ց էր ասում: Քեռին չգիտեր, թե ինչ է կանչ բառն արթնացնում Խաննայի մեջ:

Երբ մեքենայով անցնում էին, ու դիմացի ոլորանից հայտնվեց խոտի հսկայական հակերով բեռնատարը, վարորդի կողքին, դրսի ոտնակի վրա մթան մեջ երեւաց մեկի ուրվագիծը ու մարմին դարձավ Խաննայի մտքում: Միտքը տակնուվրա էր: Շրջվեց ու քեռու տղային ասաց, որ սեռական ամենախոլ բաները գյուղում է զգում: Խոլ ի՞նչ է, ասաց նա: Խելառ, ասաց: Բարձր միացրած երաժշտությամբ քշում էին գյուղի փողոցներով՝ մթան մեջ, իրարից տեղյակ, իրար հետ հասած ընկալման այնպիսի աստիճանի, որտեղ չի կարելին դատարկ բառ էր: Խաննան գիտեր, որ կա նրա երկար վիզը, ինչ-որ տեղ, կողքանց տեսնում էր դրա ցոլացրած լույսը, որ մեքենան էր գցում դիմացի փոսավոր ճանապարհին: Խաննան գիտեր ատամների շարվածքը, շրթունքի ջահելագույն բեղն ու մորուքը, խալը, զգում էր երկար, մկանե թեւերը, տեսել էր բարակ փորը՝ մազերի գծով, ու կոնքի փոսիկը՝ վարտիքի մեջ մտնող: Նրա մարմնի ամբողջ տեղեկությունը:

Գլուխը հետ գցեց:

Երգեց:

Մութ էր: Ճանապարհի կողքին տանձի այգին էր, որտեղից գալիս էր բվի ձայնը: Մեքենան խթանված սահում էր փոսերի կողքով՝ լուսավորելով դիմացի գյուղի այսուայն խութը, որտեղ մարդիկ էին քնած ինչ-որ բանի ծոցում:

Ձախ թեւի վրա բլուրն էր, որի փշերի ու տատասկների գլխին էր կանգնած Աբգարի մորաքրոջ տունը ու ամբողջ հոգով նայում էր տանձուտին: Այստեղ էր ապրում Գոռը՝ սարքված մկաններից ու ջղերից: Երբ գնում էին Ղարաբաղ՝ Աբգարի զինվորական երդման արարողությանը, Խաննան դիմացն էր նստել, որ թույլ չտա վարորդը քնի: Բայց դիմացն էր նստել, քանի որ դիմացն էր Գոռը՝ ամաչկոտ ու հզոր: Մութ ծառերի մեջ էին քշում, որտեղ երբեւէ մարդ էին սպանել, ու մեքենան գերի էր անտառներին ու սպանության պատմություններին, ինչքան գնում էին, անտառե բլուրներն ավելի էին շատանում, պատմությունները դառնում էին ավելի զարհուրելի, ու ամեն ոլորանի վրա Խաննան բռնում էր Գոռի թեւը՝ մտքին այս ամբողջը ու մի բան: Բռնելու վրա՝ Գոռը պրկում էր թեւը, Խաննայի բռան մեջ ծավալվում ու ուռում էր մկանի գունդը, որի վրա դողում էր կաշին: Խաննան ուզում էր հակվել այդ թեւի վրա, թեթեւ հպվել լեզվով, Խաննայի գլխում մթության մեջ հազար լեզուներ էին պտտվում: Երբ ոլորանն անցնում էին, մկանը հետ էր սահում իր տեղը, Խաննան բաց էր թողնում ձեռքը, թուլացած դնում էր գոգին՝ ափը թեթեւ քրտնած: Նայում էր դիմացը՝ վազող ծառերին ու Ղարաբաղի ճանապարհին, ու մտքի մեջ տեսնում էր Գոռի համար գնված ամուսնական մահճակալը: Նրանց՝ փշերի ու տատասկների վրա կանգնած տան ետեւի սենյակում, որտեղ միշտ քամու ոռնոց կար: Գոռն հուժկու թեւերով պաշտպանելու էր կնոջը:

Քամուց:

Ու փշերից:

Գոռի սենյակում կար թղթե կարապ՝ խոնարհված գլխով:

Դաշտերում մեկական մեծ հակ՝ արեւի ամեն մի շողի տակ: Պատված են խոզանով: Ի՞նչ կարող ես անել, եթե ոչ նկարագրել բնությունը: Կանչը: Խոտերը կառչում են Խաննայի պարանոցից:

Երբ գյուղում որոտ է լինում, կրակում են ամպերի վրա:

Հասկերից դուրս է թափվել հատիկը, բակում շեղջված է ցորենը: Աբգարը բոբիկ ոտքերով մեջն է: Կոճերի մոտ սրունքները բարակ են, մատների արանքում է մնում ցորենի մղեղը: Քանի որ գիտի, որ տղամարդ է, ցավ չի զգում: Խոտերը կառչում են Խաննայի պարանոցից:

Աբգարը վրան է ցանում մոր դուխին:

Ամբողջ տունը լցված է նրա վզի հոտով:

Ընկերոջ ծնունդն է, գնացել են Գյումրի՝ բոզի: Ընկերը հյուրասիրել է: Մթան մեջ քշել են երկու ընկերով, բուֆերով երաժշտություն են լսել, անցել են Հոռոմի կամուրջը, գնացել են ուղիղ, հետո էլի ուղիղ՝ ճամփի կարկատանների վրայով, մեքենայի թսթսան լույսի հետեւից դեպի աղջիկների կանչող կանչը: Խաննան ուզում է ամբողջը պատկերացնել: Գգվե՞լ են արդյոք իրար, համբուրվե՞լ են, մատները տարե՞լ է արդյոք նախ վզի վրայով, հետո բարակ արանքներով, հետո մտե՞լ է արդյոք խոռոչը, սիրե՞լ է, որ թաց է, թե՞ միեւնույնն է եղել: Ինչպես են մկանները թրթռացել, ինչպես է շնչել-հեւացել, ինչպես է բախել պատերը, ինչպես է զսպել, ինչպես է սպառել իրեն: Քանի՞ անգամ է կարողացել: Սրանք չխոսովող հարցեր չեն իրենց մեջ, բայց Աբգարը երբեմն ասում է՝ իի՜յ, ու Խաննան փակում է թեման: Խաննան է փակում: Հետո ծխում են:

Գյումրիի մութ ճանապարհը հանգիստ չի տալիս: Աղջիկների փոքրիկ բոզանոցը՝ նեոնային լույսերի մեջ: Ցանկության զգացումը՝ ճանապարհի խճին ու ասֆալտին:

Եւ կա հարսը՝ իր հարսնությունն անող: Աբգարի եղբոր նշանածը: Եղբոր սիրածը: Լուռ սուրճ է վերցնում, վեր դնում՝ սպասելով իր ամուսնական գիշերվան: Արանքից սահում են օրերը, սահում են դաշտերը, ցորենները, ակնարկները, միայն սուրճն է հաստատ ու մնայուն, ինչպես սպասումը: Հինգ տարի սպասել, մինչեւ առաջին թառաչները զարկվեն կանաչ սենյակի պատերին ու դուրս գան լուսամուտից, որ նայում է կողքի տան կարմիր պատին: Վարագույրն էլ է կանաչ: Վարագույրն էլ է սպասում: Սպասում է, որ քեռին խոպանից բերի հարսանիքի փողը: Առայժմ այդ սենյակը տրամադրված է Խաննային: Խաննան քնում է նրանց համար թափված փափկագույն դոշակի վրա: Լսում է նրանց հեծեծանքները: Խաննան նրանց աչքերով նայում է առաստաղին, ու հարսի բերանից հնչածը փաթաթվում է տարօրինակ, ճենապակե ջահին: Հարսը միշտ ներքեւից է: Հատակը տախտակներով ճռռում է: Կողքի տան պատը մի մետրի վրա է, արանքում՝ բաղեղի փոքր քոլ ու անպետք երկաթեղեն: Տան հետեւում գետնից դուրս եկող ժայռերի գլուխներ են, որ քեռին տաշել է ինչով պատահի: Ժայռերի կողքին թեթեւ հող կա, ու մի երկու բան-ման է աճել՝ դեղնած ծաղիկ, լաթի կտոր: Հետո Լուսիկենց տունն է, Սեդրակենց: Այստեղ նույնպես սպասում են: Խաննան չգիտի, թե հատկապես ինչի:

– Տղա ջան, լոմը տարար, ծռեցիր, բերեցիր:

Լոմը դեմ էին տվել բեռնատարի ակերի արանքը մտած մեծ քարին ու մեքենան հետ էին քշել: Լոմը աղեղվել էր: Հետո պիտի ուժ դնեն, պողպատը տաքացնեն, վառեն, այրեն, խփեն, որ ուղղվի: Այն բեռնատարն էր, որի վրա տղամարդու ուրվագիծ կար: Խոտի հակերը բարձած էին մինչեւ ամպերը: Ինչ-որ ձեռքեր ու թեւեր:

Խաննան որ եկավ, տան հետեւի բակում նույնքան խոտ կար: Մղեղները ծվեն-ծվեն արեւի մեջ, Աբգարի շապիկից ներս: Նա ամբողջը մենակ ներս լցրեց: Գոմի տանիքը: Եղանը խրում էր հակի մեջ, սվվոցով հանում էր վեր ու նշան բռնում տանիքի փոքրիկ դռանը: Խոտն ուժի տակ ինքնիրեն պարելով ներս էր լցվում: Խաննան այդ ուժի գերին էր, ինչպես Ղարաբաղի անտառների: Խաննան ուրախ էր, որ իր տրամադրության տակ եղած մի կյանքի հարցերն էր միայն պարտակելու, որ չկային ավելի կյանքեր: Ավելին չէր կարողանալու ապրել, եղածն արդեն լիուլի էր: Խաննայի պարանոցից միշտ ինչ-որ բան էր կառչած:

Գյուղում տղաները ծխում են: Ճարում են խոտ-մոտ, բարձր միացնում են մագը ու քշում են մինչեւ գյուղի աշխարհի ծայրը: Աբգարը ցույց էր տալիս գյուղի հաճույքները, որից Խաննայի աչքում խամրում էին դիսկոներն ու պարի տաղավարները:

Ու հետեւից մեջքը կլլվում էր սիգարետի ծխով:

Աբգարի երազը: Հավնոցում չորս աղջիկ էր պահում, նրանցից մեկն ամենասիրունն էր ու ամենաշատն էր փախնում իրենից: Բայց Աբգարը կարողանում էր չորս ոտքերով կենդանի դառնալ, որի ինչ լինելն ինքը չէր տեսնում, միայն զգում էր, որ վազում է չորս ծանր ոտքերի վրա՝ կարտոֆիլի մարգերի միջով, ու հասնում էր աղջկան, ու հենց հասնելու պահին նրա կենդանական վազքը դառնում էր մարդկային գիրկ ու գրկում էր աղջկան: Մյուս երեքը կամացուկ մոտենում էին:

Լվացարանի տակ ջրի ծանրացած կաթիլներ կային:

Խաննայի երազը: Փոքր համբույր վզին, հետո լեզվով, թուք է քսվում փշաքաղված մաշկին, մատները եղունգներով սահում են ողնաշարի ձորակով ներքեւ, բռնում է կոնքի մսից, ձեռքը դնում է վրան, դիմադրություն,- թող,- ձեռքի ափը վերուվար է անում, զգում է վարտիքի թաց կետը, բերանով ուղղակի բերանում, լեզուն զգում է բոլոր ատամները, վահանձեւ գեղձը ինչ-որ բան է արտադրում, որը կանգնում է կոկորդում՝ լցնելով ներքեւի ատամնաշարի արմատները: Ատամները ձգվում են դեպի կոկորդը՝ սահելով ներքեւ՝ փորը: Շնչափող է լցվում քամին ու հետ է վերադարձնում հեւոցներ: Երազը չի դիմանում:

Երբ փոքր էին, Աբգարը բարուրված պառկած էր կարմիր բազմոցին, տատի սարքած կլոր բարձի վրա: Խաննային դրել էին խնամակալ: Տասներկու տարեկան էր: Օրորեց, չէր քնում, հետո կռացավ ու համբուրեց բարուրի թաց բերանը: Միշտ հիշեց:

Ղարաբաղի անտառներում են, դիվերսանտներ են փնտրում դասակով: Աբգարը պատմում է՝ աչքերը պատշգամբից հառած դիմացի տան ընկուզենու մութ կողերին: Ադրբեջանցիները հարձակվել էին ճամփով գնացող Նիվայի վրա, ամուսնուն սպանել էին, կնոջ աչքն էին հանել: Դասակն հրաման ստացավ փնտրել դիվերսանտներին: Քայլում էին գիշերից գիշեր, պլաշ-պալատկեքով քնում էին հորդառատ անձրեւի տակ: Օժանդակող ուժեր չկային, հաց բերող չկար: Օձեր էին քերթում, շարում հրացանի սվին դանակին, խորովում: Մամուռով ջուր էին քամում, խմում: Աբգարը դիպուկահար է, ու Խաննան դիտանցքի մեջ տեսնում է նրա անհագիստ շարժվող աչքը, որի մեջ մթից խոշորացած բիբն է՝ կաղինի չափ: Հիմա, երբ պատմում է, աչքերն էլի չռված են, ընդհանրապես նրա աչքերի բացվածքը մեծ է, ակնագնդերը տեղադրված են իրենցից մեծ ակնակապիճների մեջ, որոնց երկու եզրերին մանրամասն երեւում են մանր մազանոթները: Այդ աչքով նայել է նրան, ում թշնամի է համարել: Ղարաբաղի անտառներում, ինչ-որ բլուրների գագաթին, որոնց անուններն հա տալիս է: Ինչու՞ է այս պատմությունը այդքան դուր գալիս Խաննային, նրան, ով ատում է պատերազմները: Եւ տեսել է նրա լուսանկարը քողարկող համազգեստի մեջ, որով ձուլվել են ծառերին, թփերին: Աբգարը պատմում է, որ իրենք էլ սարքում էին համազգեստը՝ հնացած զինվորական շորերից: Կապ է տվել համակարգող կենտրոնին, որ տեսնում են դիվերսանտներին, որ էսինչ ձորակում են: Պատմում է ու սիգարետի մնացուկը երկրորդ հարկից երկու մատով շպրտում է տան պարսպից այնկողմ, դեպի հողե ճանապարհը: Նրա մարմինն աճում է գիշերվա մեջ՝ նրա պատմած պատմության ընթացքին: Խաննան նրա մարմինը տեղադրում է էսինչ ձորակում, էսինչ բլրի լանջին, տեսնում է նրան անձրեւի տակ, տեսնում է նրա վախն ու համարձակությունը, տեսնում է մատը ձգանին, քթից չռռացող անձրեւի միջից կամաց դուրս է գալիս շունչը, թուքն անգամ կուլ չի տալիս, որ հրացանը թիրախից չգցի, լսում է կրծքի զարկը, որի տակ մի ամբողջ սիրտ է խփում: Ինչ էլ սրա տակ դնես, գեղեցիկ կթվա, անգամ սպանելը: Խաննան չի սարսափում իր մտքից: Նայում է նրա սպորտային սպիտակ բաճկոնին, որի տակից ոչինչ չի հագել: Համեմատում է պատերազմներն ու մերկ իրանը, որի մեջ հեշտորեն մխրճվում է զենքից դուրս պրծած փամփուշտը: Տեսնում է այդ իրանը արյան մեջ ճապաղված: Տեսնում է ինքն իրեն գժված: Տեսնում է ելքի բացակայությունը: Նա անընդհատ մարմինները կապում է մահվանը: Ինչ-որ ձեռքեր ու թեւեր:

Տանձուտում են: Մութ է: Եկան մեքենայով, հետո հուշիկ քայլերով: Մտան իրար քայլերի մեջ, իրար քայլերը կոխեցին: Կանգնեցին գիշերվա երկնքի դեմ, նայեցին՝ ծառերը, դեռ ամառվա վերջը չէր, բայց արդեն: Բները կանգնած էին ավելի մութ: Հյուղակը՝ խավարի աչքի մեջ: Բարձր խլրտում էին ծղրիդները: Երկնքում լուսինն՝ ինչպես լուսին: Տանձի տերեւը փայլում էր լույսի տակ: Ճյուղերը տերեւների մեջ քամի էին բռնում: Մի ամբողջ ցանկապատ բարդիներ՝ բարձր ու ծանր: Մի դաշտ այնկողմ դիմացի գյուղն էր: Անվարժ ցանկապատ էր քաշված՝ ոստերից ու լարերից: Խճավոր փողոցից բաժանում էր մացառների աղեղը: Խոտը ծծել էր թացությունը, պառկած էր խուլ: Ոտքերի տակ գետնի սավանն էր: Չէին դադարում շնչել, մեկն՝ ավելի բարձր:

Be the first who will comment on this
Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower

Sunflowers, 1960
Sunflowers, 1960
Play Online