Alexander Tsaturyan

Նավավար

― Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,
Ո՞ւր ես նստում դու նավակ,
Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,
Դեպի երկինք կապուտակ:

Հորիզոնն էլ մութով պատած,
Հեռվում ամպն է որոտում,
Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց
Պարզ երեսն է կնճռոտում․․․

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա,
Ծովափին եմ ես ծնվել
Մեծացել եմ ծովի վրա,
Ծովի ջըրով միշտ սնվել:

Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,
Ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,
Ծովն է ինձ միշտ օրոր ասել,
Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ:

Հայր ունեի – ծովում կորավ,
Որսի ելած մութ գիշեր,
Նրան ալիք լափեց, կերավ,
Նա ձկնորս էր անվեհեր:

Ծովում կորցրի երկու եղբայր,
Նավավարներ ինձ նման,
Որ իմացա-երկինք, աշխարհ,
Ասես, գլխիս փո՜ւլ եկան․․․

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,
Թե ծովն ինձ էլ կուլ կըտա,
«Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»․․․
Ամեն բանի վե՜րջը կա․․․

Կյանքը լավ է․․․ բայց ի՞նչ արած,
Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ․․․
Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց,
Ծովի տակ էլ կըհանգչեմ․․․»:

Ասաց, շարժեց նա թիակներ
Եվ բարձրաձայն երգելով,
Քաջ սլացավ ծովի խորքեր,
Սև ալիքներ ճեղքելով․․․

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria