Alexander Tsaturyan

Մայր

(Որբի հիշատակարանից)

1


Մայր ունեի, մայր նազելի
Մի փափկասիրտ արարած.
Բուռն սիրով նորան էի
Սիրտս ու հոգիս նվիրած։

Նա էր միակ իմ պաշտելին,
Միակ ծաղիկն իմ հոգույս.
Նա էր իմ թույլ, մանուկ կյանքին
Միակ նեցուկ, միակ հույս...

Նա էր աղբյուր իմ խնդության,
Աղբյուր առատ, անսպառ.
Նորա կրծքին երջանկության
Վարդ էր ծաղկում ինձ համար։

Եվ ես ուրախ, ես երջանիկ,
Որպես անհոգ մի թռչնակ,
Նետվում էի միշտ մորս գիրկ,
Վայելում սեր ու գգվանք։

Նրա գրկում, փափո՜ւկ գրկում
Հոգիս խաղաղ ու հանգիստ.
Չէի տանջվում, չէի զգում
Կյանքի հոգսեր, կյանքի վիշտ։

Եվ թվում էր ինձ՝ երջանկիս,
Թե այդպես մի՜շտ, հարատև՜
Ինձ կըժպտի մայր-նազելիս,
Որպես կյանքիս վառ արև։

Սակայն, ավա՜ղ, մահն անիրավ.
Մահն անողոք ու դաժան
Ազիզ մորըս խլեց, տարավ,
Տարավ անդարձ, հավիտյան...

Ո՜հ, էլ չունիմ ես մայր անգին,
Որ ինձ սիրե՜ր, փայփայե՜ր...
Որ իմ խղճուկ, անտեր կյանքին
Թև ու թիկունք նա լիներ...
1890, 15 հունիսի

II


<poem>Զգացե՞լ եք դուք անգին կորուստի
Սիրտը կեղեքող խորին դառնություն.
Կամ ճաշակե՞լ եք դառն հրաժեշտի
Վերջին վայրկյանի վիշտ ու թախծություն։

Պատահե՞լ է ձեզ արդյոք գեթ մի ժամ
Տեսնել ձեր շուրջը լուռ ամայություն.
Զգալ ձեզ մենակ, անտեր, անխընամ,
Լացի մեջ միայն գտնել փրկություն…

Օ՜հ, որքան ծանր են, որքա՜ն դառնագին
Այդ ցնցումները հոգու տառապման…
Եվ այդ ամենը զգաց իմ հոգին,
Երբ խղճուկ մորըս դրի գերեզման…
1890, 16 հունիսի

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Landscape - Tsakhatskar
Landscape - Tsakhatskar
Play Online