Alexander Tsaturyan
Լռած քնարիս
Ո՛չ, քեզ չեմ ձըգած, իմ սիրա՜ծ քընար,
Հեղհեղուկ կյանքիս ընկե՜րն անմեկին.
Որպես հարատարփ, խանդոտ սիրահար,
Մի՛շտ քո կարոտն է քաշել իմ հոգին:
Կյանքի պայքարում հոգսը դըժնդակ,
Որպես ապառաժ, ծանրացած վերաս,
Փակե՜լ էր լեզուս... Բայց էլի միակ
Դո՛ւ էիր հոգուս տենչանքն ու երազ...
Լուռ էիր, ընկեր... վաղուց չէր հնչում
Խոսուն լարերից ոգիչ ելևէջ.
Բայց սերըդ կյանքի ժըխորի միջում
Ես պահում Էի միշտ վա՜ռ ու անշեջ...
Եվ տանջվում էի անլո՜ւր. անապատո՛ւմ,
Որ չէիր խոսում դու էլ հոգուս հետ.
Կյանքըս անիծում... Բայց և՛ հավատում.
Որ չե՛մ կորուսել քեզ անդա՜րձ, հավետ...
Եվ ահա՛ նորից, իմ լըռա՛ծ քընար,
Քեզ ձե՛ռք եմ առնում, սեղմում իմ կըրծքին.
Թո՛ղ հնչե, ընկե՛ր, քո ամեն մի լար,
Ու քեզ հետ մեռնե՜ իմ սիրող հոգին...
1908
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          George Gurdjieff
Song of the Aisors
 
      Armenia
        
          Play Online