Alexander Tsaturyan
Գնա, ցուրտ ձմեռ
Գնա՛, ցուրտ ձմեռ,
Խստասի՛րտ ծերուկ,
Քո մեջ չկա՛ սեր,
Չկա՛ զգացմունք.
Քո մեջ չկա կյանք,
Կյանքի հրապույր,
Ցնծություն, տարփանք,
Ծիծաղ ու համբույր։
Աշխարհ ես մտնում
Դու արհավիրքով,
Աշխարհ կաշկանդում
Քո ցուրտ կապանքով.
Նայվածքդ դաժան,
Շունչըդ մահաբեր,
Մարդկանց, բնության
Բերում են ավեր…
Լռում է գետակ
Անտառի խորքում,
Մարում սեր, փափագ
Ե՛վ մարդու սրտում.
Ծաղիկն է թոշնում
Բըլուրի կրծքին,
Ժըպիտը սառչում
Մարդու շրթունքին…
Գնա՛, ցուրտ ձմեռ,
Արի՛, ջերմ գարուն,
Բե՛ր մեզ կյանք ու սեր,
Լույս, եռանդ, ավյուն.
Բե՛ր մեզ դու պայծառ
Արև ու աստղեր,
Հույսերի աշխարհ,
Գարնա՜ն երազներ…
Բե՛ր ծիծաղ անհոգ.
Անհոգ րոպեներ,
Խանդ. հույզ ու բորբոք,
Սիրաշունչ երգեր.
Բե՛ր անուշ զեփյուռ,
Անձրև զովարար,
Կարկաչուն աղբյուր,
Սար ու դաշտ դալար…
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Aram Khachatryan
Gayane - Lullaby
 
      Indian Princess
        
          Play Online