Alexander Shirvanzadeh

Համբերիր

Անցնում է կառքերի և օտոմոբիլների շարքը, պատերազմի առաջին զոհերին տեղափոխելով երկաթուղու կայարանից հիվանդանոցները։ Ուժասպառ, արյունաքամ, վիրավորների գունատ ու մռայլ դեմքերի վրա կարդացվում են նրանց մարմնավոր տանջանքներն ու հոգեկան տառապանքները։ Ոմանց աչքերը փակ են, և մահը, կարծես արդեն դրել է իր դրոշմը նրանց հողագույն ճակատների վրա։

Ամբոխը, մայթերի վրա շարեշար կանգնած, դիտում է հայրենիքի պաշտպաններին լուռ ու մունջ։ Կանայք տխուր հառաչում են և իրենց տպավորությունները հաղորդում իրարու կիսաձայն։ Կարծես երկնչում են խանգարել րոպեիս սրբազան խորհրդավորությունը։ Ոմանք լալիս են անձայն։

Անցնում եմ մի հարուստ կազմակերպված հիվանդանոցի մոտով, որ գտնվում է քաղաքի ամենակուշտ արվարձանում։ Հոյակապ շենքի առջև ժողովվել են մի քանի տասնյակ երիտասարդ և ծեր կանայք։ Մի քանիսը եկել են իրենց փոքրիկ երեխաների հետ։ Կանգնած են նրանք գլխակոր, անխոս, վշտահար՝ ինչպես սգավորներ։ Եկել են տեսնելու իրենց մերձավորներին։

Փառահեղ դռների առջև ցցվել են մի քանի հաղթանդամ ոստիկաններ ինչպես դրակոններ, սակայն տխուր, մտազբաղ։ Նրանք ոչ ոքի չեն թողնում. մեկին հրում են, մյուսին համոզում սպասելու, վասնզի «դեռ հրամայված չէ» ներս թողնելու:

Մոտենում է դռներին մի օտոմոբիլ և կանգ առնում։ Դուրս են գալիս նրա միջից շքեղ հագնված երկու տիկիններ, թե օրիորդներ, չգիտեմ։ Ոստիկաններն իրենց մեծի նշանով բաց են անում դռները և պատկառանքով ճանապարհ տալիս եկածներին։ Ուրախ-ուրախ խոսելով, նրանք բարձրանում են ընդարձակ մարմարյա սանդուղքով վեր, տանելով իրենց հետ ինչ-որ կապոցներ ու տուփեր։

Թողե՛ք, թողե՛ք, գոչեց մի նիհար, երիտասարդ կին, վաղաժամ թառամած։

Մի ձեռով նա գրկած է ծծկեր մանկան, մյուս կռան տակ բռնած է մի կապոց։

Թողե՛ք, կրկնում է նա, ես պետք է տեսնեմ նրան։ Ես նրան ճանաչեցի, իմ մարդուն, երբ կառքով բերում էին։ Նա թույլ էր, շատ թույլ։ Ո՞վ գիտե, կարելի է... մեռնում է... թողե՛ք...

Քույրիկ, հրամայված չէ, սպասիր, պնդում է ոստիկանը, աշխատելով իր բիրտ ձայնին տալ կարողացածին չափ մեղմություն։

Եվ դռները աղմուկով փակում է նրա առջև։

«Քույրիկն» արտասվում է, մի ձեռից մյուսն անցկացնելով ծծկեր երեխային, որ վիրավորի զավակն է։ Եվ արտասուքը սրբում է իր գլխի հնամաշ շալի ծայրով։

Գալիս են դարձյալ կառքեր և օտոմոբիլներ և բերում են ինչ-որ առողջ ու կուշտ դեմքերով կանանց ու տղամարդկանց: Ամենքի առջև բացվում են դռները և ամենքը մարմարյա սանդուղքով բարձրանում են վեր։

Մի կառքից իջնում են երկու տակավին երիտասարդ պարոններ, մեկը կարմիր-կապտագույն ուռած դեմքով, մյուսը նիհար և այնպիսի հոգատար դեմքով, որ, կարծես, վիրավորներին խնամելու ամբողջ ծանրությունը նրա ուսերի վրա է։ Նրանք ցույց են տալիս ոստիկանին մի-մի թղթի կեղտոտ կտոր այնպիսի ձևով, որ թվում է, թե առանց իրենց ներկայության աշխարհի երեսին չէ կարող կատարվել և ոչ մի մարդկային գործ և եթե կատարվի, անմիջապես կխորտակվի։

Դռներն իսկույն բացվում են նրանց առջև։ Ինչո՞ւ նրանց թողիք, հարցնում է ծծկեր մանկան մայրը։

Նրանք թղթակիցներ են, պատասխանում է ոստիկաններից մեկը։

Երկու ժամ անցած՝ նորից անցնում են նույն հիվանդանոցի մոտով։ Կողմնակի մարդիկ ցրվել են, մնացել են միայն վիրավորների մերձավորները։

Դռներից դուրս են գալիս և օտոմոբիլ նստում շքեղ հագնված տիկինները և օրիորդները։ Մեկը մյուսին ասում է.

Ես պարտքս կատարեցի, կարող եմ հանգիստ ճաշել:

Ես ևս, պատասխանում է մյուսը։

Դռներից դուրս են գալիս թղթակիցները։ Մեկը նրանցից, ծոցը դնելով հուշատետրն ու մատիտը, ասում է մյուսին.

Եթե խմբագիրը չկրճատի, այսօրվա վաստակս կլինի տասնուհինգ ռուբլի։

Իմն էլ այդչափ, պատասխանում է մյուսը։

Ծծկեր մանկան նիհար մայրը, արտասուքը աչքերին, հարյուրերորդ անգամ մոտենում է ոստիկանին ու հարցնում.

Հիմա թույլ կտա՞ք, որ նրան տեսնեմ։

Համբերիր...

Նույն պահին դռները նորից բացվում են, և հիվանդանոցի ծառաները պատգարակի վրա դուրս են բերում վիրավորներից մեկին։ Նրա աչքերը փակ են, դեմքը հանգիստ։

Մեռավ, արտասանում է պատգարակը տանողներրից մեկը թույլ ձայնով։

Ծծկեր մանկան նիհար մայրը նայում է պատգարակի վրա տարվողի երեսին։ Լսվում է մի սուր, երկարատև ճիչ, և նա թուլացած ընկնում է երեխայի հոր դիակի վրա՝ երեխայի հետ միասին:

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy